Անցած տարին հայկական սպորտի համար բավական հագեցած էր: Մեր մարզիկները հաջողությունների հասան տարբեր հեղինակավոր մրցություններում, ինչը, իհարկե, հրաշալի հիմք է երկրում սպորտի հետագա զարգացման համար: Սակայն` հայաստանյան սպորտի բոլոր հաջողությունները գրանցվել են այսպես կոչված` «ամառային» սպորտաձևերում, մասնավորապես` ուժային: Իսկ ահա ձմեռային մարզաձևերի հետ Հայաստանը այնքան էլ բարեկամացած չէ: Դեռևս առիթ չկա խոսել այս մարզաձևերում ոչ միայն վառ, այլև համեստ ձեռքբերումներից:  Որպես օրենքը հաստատող բացառություն` կարելի է նշել միայն դահուկային սպորտը, որտեղ որոշակի հաջողություններ այնուամենայնիվ գրանցվեցին: Սակայն` ընդհանուր առմամաբ պատկերը ցավալի է: Դրա համար մի շարք օյեկտիվ պատճառներ կան` հարթակների, սպորտային բազաների, պետական աջակցության, մասնավոր ներդրումների բացակայությունը և այլն: Այնուամենայնիվ` ձմեռային սպորտաձևերի մասսայականացման համար փոքր քայլեր արվում են: Այսօր մենք կներկայացնենք մի քանի իրադարձություններ, որոնք  «փակեցին» 2015թ.-ի սպորտային պատմությունը: Մեր պատմությունը գեղասահքի երևանյան դպրոցի վերածնունդի մասին է, որը տարիներ շարունակ սահադաշտ չի ունեցել:

Ամեն ինչ փոխվեց 2014թ.-ի հունիսի 5-ին, երբ դրվեց դպրոցի վերակառուցման հիմնաքարը: «Հեռավոր 1973.թ-ին Մոսկվայից մասնագետներ եկան Հայաստան, ռուս մարզիչներ, ում աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ հիմնվեց գեղասահքի և հոկեյի դպրոցը, որ աշխատել է առանց ընդհատումների` չնայած սառցապատման հետ կապված խդիրների»,- պատմում է Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի տնօրեն Մելինե Ավագյանը:

Մելինե Ավագյան

«94թ.-ին, երբ փակվեց «Նաիրիտ» գործարանը, որն ապահովում էր դպրոցը կալցիումի քլորիդով (որը կանխում է սառույցի կարծրացումը` խմբ.), մենք ստիպված եղանք աշխատանքները կանգնեցնել մեկ տարով, միչև մեր ուժերով կառուցեցինք էլեկտրամատակարարման սեփական համակարգը: Ժամանակի ընթացքում խողովակների և կոմպրեսների համակարգը այնքան հնացավ, որ այլևս անհնար էր մարզումների համար պիտանի սառույց ստանալ: Բայց չնայած դժվարություններին` դպրոցը շարունակում էր գործել` մենք անց էինք կացնում ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության և խորեոգրաֆիայի դասընթացներ, իսկ ձմռան ամիսներին մարզահամերգային համալիրի և Կարապի լճի սահադաշտերի բացման ժամանակ երեխաները մարզում էին իրենց հմտությունները այդտեղ»:

Դպրոցի երկրորդ ծննունդը` 7820 մետր տարածքով, եղավ 2015թ.-ին: Երևանյան սահադաշտի կառուցողական աշխատանքները սկսեցին դեռևս 2014թ.-ին, իսկ 2015թ.-ի դեկտեմբերին կայացավ հանդիսավոր բացումը, որին ներկա էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՌԴ նախագահի` մշակութային համագործակցության հարցերով ներկայացուցիչ և հատուկ հանձնարարությունների դեսպան Միխայիլ Շվիդկոն, Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը և «Մոնարխ» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն, «Բարեկեցություն» ֆոնդի նախագահ Սերգեյ Համբարձումյանը, ում միջոցներով էլ կառուցվել է դպրոցը: Բացման արարողությանը նեկա էր նաև գեղասահքի աշխարհի երկակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Իրինա Սլուցկայան: Միջոցառման գլխավոր հյուրն էր խորհրդային սպորտի անկրկնելի և փայլուն աստղ, օլիպիական խաղերի եռակի և աշխարհի տասնակի չեմպիոն, ռուս հասարակական և պետական գորիչ, Պետական Դումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան, ում պատվին էլ անվանվեց Երևանի նոր դպրոցը:

Իրինա Կոնստանտինովնան խոստովանեց,- «Սա այն դեպքն է, երբ էմոցիաները դժվար է բառերով արտահայտել: Այն, որ դպրոցն իմ անունն է կրում, դա առաջին հերթին հայ-ռուսական բարեկամության արդյունքն է և մեր երկրի ժառանգությունը գեղասահքի ոլորտում: Հետաքրքիր է, որ իմ անվամբ կոչված գեղասահքի առաջին դպրոցը բացվել է ոչ թե Ռուսաստանում, այլ Հայաստանում և ես շնորհակալ եմ նախաձեռնողներին: Ռուս գեղասահորդները և հոկեիստները դպրոցում կանցկացնեն մաստեր-կլասներ: Ես ինքս պարապունքներ կվարեմ»:

Ռոդնինան գտնում է, որ սխալ է պնդել, թե Հայաստանում արդեն վաղը չեմպիոններ կհայտնվեն, բայց վստահ է, որ բոլորը շուտով կհամոզվեն, որ այստեղ տաղանդավոր երեխաներ կան և նպատակասլաց մարզիչներ: Իհարկե, Իրինա Կոնստանտինովնան երկար ժամանկ չի կարող անցկացնել Հայաստանում, բայց հաճախակի մաստեր-կլասներ կազմակերպելու հույս կա: Ինչպես համոզված է Մելինե Ավագյանը` «մենք պոտենցիալ ունենք»:

Ներկայումս դպրոց են հաճախում 180 երեխաներ` տարիքային 15 ենթաբաժիններում` պատմում է տիկին Ավագյանը: Նոր սահադաշտի չափը 30×60 մ է, ինչը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին և թույլ է տալիս մի քանի մարզիչների միաժամանակ պարապունքներ վարել` միմյանց չխանգարելով: Ամեն ինչ մտածված է այնպես, որ պարապմունքները մաքսիմալ արդյունավետ լինեն: Բացի դա դպրոցում երկու հոկեյի թմեր են պարապում` փոքր և ավագ խմբերում: Սահադաշտը գեղասահորդների և հոկեիստների համար նույնն է: «Եթե ուշադիր նայեք սառույցի մակերեսին կարելի է նկատել հոկեիստների համար հատուկ չափագրումներ: Երեխաները պարապուն են ըստ գրաֆիկի: Հոկեիստների պարապունքների ժամանակ դաշտի գլխավոր ինժեները սառույցը ավելի է կարծրացնում»,- բացատրում է գեղասահքի դպրոցի տնօրենը:

Մարզիչ Մհեր Հովհաննիսյանը Dalma News-ի հետ հոկեյի զարգաման մասին խոսելիս ասաց, որ հոկեյի գործող դաշտ չունենալու պատճառով ժամանակին ամեն ինչ առաջ էր գնում միայն մարզիչների լավատեսության շնորհիվ: «Մենք փորձում էինք երիտասարդ խաղացողներ հավաքել` պարապելով ժամանակավոր սահադաշտերում, հոկեյ էինք խաղում անվաչմուշկներով: 10 տարի առաջ մենք հոկեյի թիմ ունեինք, բայց խաղացողներն արդեն մեծ են: Հիմա մենք նոր դպրոց ունենք, որտեղ սահադաշտը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին, այնպես որ ներկայումս մեր առաջնային խնդիրը նոր երիտասարդների ներգրավելն է: Բացումից երկու ամիս առաջ ես ինքս դպրոցներ էի գնում և տեղակացնում աշակերտներին և ծնողներին նոր սառցե դաշտի մասին, որտեղ նաև հոկեյի խմբակ է լինելու:

Սակայն միայն սահադաշտն ու մարզիչների ոգևորությունը բավական չեն»: Հոկեյն այն մարզաձևն է, որտեղ շատ մեծ նշանակություն ունի մարզիկի հանդերձանքը: Այն պետք է հարմարեցված լինի յուրաքանչյուր մարզիկի համար առանձնահատուկ:

«Հայաստանում, ցավոք, չկան մասնագիտացված խանութներ, և մարզահագուստ ձեռք բերելու ողջ բեռը ընկնում է ծնողների ուսերին,- բացատրում է Մհեր Հովհաննիսյանը,- «Դպրոցի տրմադրության տակ կան որոշ սարքավորումներ, որոնք մենք տրամադրում ենք երեխաներին պարապմունքների ժամանակ, սակայն դա հարցի ժամանակավոր լուծում է»:

Մարզիչը գտնում է, որ հոկեյը մեր երկրի համար բավական հեռանկարային մարզաձև է: «Այն իր մեջ ունի տարատեսակ սպորտային առարկաներ: Այսպես ասած` հոկեյը մարտի ձև է, բայց չմուշկների վրա»:

Վերադառնալով գեղասահքի թեմային` տնօրեն Մելինե Ավագյանը ուշադրություն է դարձնում նաև վերջի շրջանում հայ երիտասարդ գեղասահորդների հաջողություններին: «Վերջերս Լեհաստանում կյացած մրցության ժամանակ մենասահորդներ Անաստասիա Գալստյանը և Սլավիկ Հայրապետյանը զբաղեցրին երկրորդ հորզոնականները: Սլավիկը, ի դեպ, հենց երևանյան դպրոցի սան էր և իր մարզումները շարունակեց Մոսկվայում, երբ սառույցի հետ խնդիրներ առաջացան: Անաստասիան թեև մեր դպրոցի սան չի եղել, բայց դա չի խանգարում, որ նա ներկայացնի Հայաստանի հավաքականը:

2014թ-ից Հայաստանը միջազգային հարթակում ներկայացնում է նաև Կանադայում մարզվող Թինա Կարապետյան և Սայմոն Սենեկալ զույգը: Զագրեբում կայացած Golden Spin of Zagreb 2015 մրցության ժամանակ , որը ներառված է Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի ավանդական մրցությունների կազմի մեջ, նրանք ներկայացնում էին Հայաստանի հավաքականը և զբաղեցրին երրորդ հորիզոնականը` հավաքելով 127,92 բալ: Սա լավ արդյունք է, լավ հիմք` Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ներկայանալու համար: Այս պարային զույգի հավակնությունները, ի դեպ, տարածվում են միչև Օլիմպիական խաղեր, որոնք կանցնեն 2018թ.-ին Հարավային Կորեայում:

Եվս մի հայուհի` 16-ամյա ռուս գեղասահորդ Եվգենիա Մեդվեդևա-Բաբասյանը գրան-պրի հաղթեց Բարսելոնայում կայացած գեղասահքի առաջնության եզրափակչում` ցույց տալով կանանց գեղասահքի երրոդ լավագույն արդյունքը (147,96 բալ)` ազատ և կարճ ծրագրերում` միասին հավաքելով 222,54 բալ:

Բացի վերը նշվածներից` այսօր գեղասահքի աշխարհում երևում են լավ հեռանկար ունեցող այլ մարզիկներ` հայկական ազգանուններով: Դա 10-ամյա Էդուարդ Տեր-Ղազարյանն է և 12-ամյա Արթուր Դանիելյանը: Կան նաև տեղի մարզիկներ` Անաստասիա Գրեբենկինա, Սամվել Գյոզալյան, Գեղամ Վարդանյան, Վազգեն Ազրոյան, Պիեր Բալյան: Եվ չնայած, որ հայ ազգանուն ունեցող գեղասահորնդերի ցանկն այնքան էլ մեծ չէ, կարծում ենք և հույս ունենք, որ ամեն ինչ դեռ առջևում է և այն կհամալրվի նաև մեր դպրոցի աշակերտներով»,- ասում է Մելինե Ավագյանը:

 

Դե ինչ, մենք էլ կսպասենք հույսով, որ Հայաստանում կվառվի այնպիսի վառ աստղիկ, որով կհպարտանա անձամբ Իրինա Ռոդնինան: Այս մարզուհու անունը ոչ միայն պատիվ է, այլև մեծ պատասխանատվություն: Պետք է արդարացնել այդ կոչումը:

Հ.Գ. Ցավոք` դպրոցը դեռևս հարմարեցված չէ սահմանափակ հնարավորությունների տեր մարդկանց հետ մարզումներ անցկացնելու համար, բայց ղեկավարությունը հավաստիացնում է, որ աշխատանքներ են տարվում նաև այդ ուղղությամբ:

Պատրաստեց Արմինե Ահարոնյանը

Լուսանկարները  Lina Levine