Այս տարի Վրաստանում տաք աշուն է: Ճիշտ է՝ գարնանը և ամռան սկզբում բավականին անձրևոտ և ցուրտ էր, բայց սեպտեմբերը ուրախացրեց մեզ ջերմությամբ և, օդերևութաբանների կանխատեսումներով՝ հոկտեմբերին տենդենցը կպահպանվի: Վերջին տարիներին երկրագնդի տաքացման գլոբալ վտանգի վերաբերյալ խոսակցությունները հաճախակի են դարձել: Գիտնականների կարծիքով՝ ջերմաստիճանը երկրագնդի վրա ամեն 40 տարին մեկ 1 աստիճանով բարձրանում է: Ածխի, բնական գազի և նավթային ապրանքների օգտագործման ոլորտներում մարդկային գործունեությունը ազդում է բնության բնական գործընթացների վրա:

Մեր մոլորակը շատ սառը և անմարդաբնակ կլիներ, եթե չլիներ բնական ջերմոցային էֆեկտը: Խնդիրը կայանում է նրանում, որ մարդկությունը աղտոտում է երկրագնդի մթնոլորտը լրացուցիչ «ջերմոցային գազերով»: Մեր քաղաքակրթության առաջընթացին համընթաց՝ մեզ մոտ մեծանում է էներգիայի օգտագործման պահանջարկը, ինչն էլ հանդիսանում է գլոբալ տաքացման հիմնական պատճառ: Ֆիզիկայի օրենքների համաձայն՝ բոլոր մարմինները՝ այդ թվում ջուրը, բարձր ջերմաստիճանի ներգործության տակ ընդարձակվում է, ինչը վերջնական արդյունքում բերում է օվկիանոսներում ջրի մակարդակի բարձրացմանը: Գիտնականները կարծում են, որ փոքրիկ կղզիատիպ պետություններին սպառնում է այդ տաքացումը: Վրաստանը, անշուշտ, չի մտնում այդ երկրների թվի մեջ, բայց նույնպես հարուստ է քաղցրահամ ջրի աղբյուրներով:

Վերջին շրջանում անձրևները Վրաստանում հաճախակիացել են: Երկիրը բազմիցս նյութական վնասներ է կրել և սգացել արհավիրքի պատճառով զոհվածների համար: Մեծ ողբերգություն տեղի ունեցավ այս տարվա հունիսի 14-ին, երբ «Վերե» գետի հեղեղման զոհ դարձավ 20 մարդ: Այս թեմային վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձավ ՄԱԿ-ի՝ կայուն զարգացման գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցած «Մեր երկրագնդի պաշտպանությունը և պայքար կլիմայական փոփոխությունների դեմ» 4-րդ ինտերակտիվ երկխոսության ժամանակ:

Վարչապետը հայտարարեց, որ իր աշխարհագրական առանձնահատկությունների և կլիմայական բազմազանության պայմաններում պատճառով Վրաստանը բավականին չպաշտպանված է: Ղարիբաշվիլիի խոսքերով՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը հանդիսանում է 21-րդ դարի կարևորագույն մարտահրավերներից: Նա հերթական անգամ ընդգծեց Վրաստանի պատրաստակամությունը և հավատարմությունը այսպես կոչված «Կանաչ զարգացման» ուղուն, հայտարարելով, որ երկրի իշխանությունները պայքարում են ցածրակարգ ածխածնի դեպի մթնոլորտ արտանետումների խնդրի հետ:

Վրաստանը պատրաստվում է միանալ ՄԱԿ-ի 1994թ.-ի կլիմայական փոփոխությունների շրջանակային կոնվենցիային: ԱՄՆ կառավարության աջակցությամբ պատրաստվել է փաստաթուղթ, որտեղ ձևակերպված են 2015թ.ին ձեռնարկվելիք քայլերը՝ միտված մինչ 2020թ. կլիմայական բացասական փոփոխությունների նվազեցմանը:

Մասնագետները կարծում են, որ այս կապակցությամբ պետք է ստեղծել մի մեխանիզմ, որը կնվազեցնի վնասակար արտանետումների մակարդակը (որոնք առաջանում են անտառահատման և անտառների դեգրադացիայի հետևանքով) և կապահովի տրանսպորտային ոլորտում մաքրության զարգացումը:

Մինչ 2030թ.-ը Վրաստանը նախատեսում է նվազեցնel ջերմոցային գազերի արտանետումները 15%-ով: «Մեր երկրագունդը ապագա սերունդների համար պահպանելու համար՝ այսօր արդեն պետք է ձեռնարկել համապատասխան քայլեր», – հայտարարել է Ղարիբաշվիլին:

Երկրագնդի վրա կա 195 երկիր, որ փորձում է նվազեցնել «ջերմոցային գազերի» արտանետումների մակարդակը: Վրաստանին բաժին է ընկնում համաշխարհային արտանետումների մեկ երեք հարյուրերորդ մասը: Այստեղ չկան հսկայական ձեռնարկություններ: «Ջերմոցային գազերի» կուտակման հիմնական աղբյուր են հանդիսանում ավտոտրանսպորտը, էլեկտրաէներգիայի արտադրությունը և բնական գազով աշխատող ջեռուցման վառարանները:

Եվ այսպես՝ ի՞նչ վտանգ է իր մեջ պարունակում գլոբալ տաքացումը Վրաստանի համար

Ինչպես Dalma news-ին բացատրեց Վրաստանի բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի պահպանման նախարարությանն առընթեր կլիմայական փոփոխությունների ծառայության բաժնի ղեկավար Գրիգոլ Լազրիեվը՝ խոնավության անբավարարության պատճառով Կվեմո Քարթլի և Դեդոպլիցկարո շրջաններին անապատացում է սպառնում, իսկ Սև ծովի ափերի մոտ ջրի մակարդակի բարձրացումը Աջարիայի վրա ողբերգական հետևանք կթողնի: Ադլիի տարածքում ջուրը տաշում է ժայռերն, իսկ ծովի մակարդակի բարձրացումը ակնհայտ է: Ավելի լուրջ և ռեալ վտանգներ են սպասվում մինչ 2050թ.-ը:

Ըստ փորձագետի՝ անսփոփելի է իրավիճակը կապված Գրիգոլետիի բացառիկ լողափերի հետ, որոնք, հավանաբար, մոտակա տարիներին կանցնեն ջրի տակ: Փոթին կանգնած է նույն վտանգի առջև: Այդ նույն ժամանակ պակաս կործանարար չեն գլոբալ տաքացմամբ պայմանավորված ջրհեղեղները, որոնք հաճախակի են Վրաստանում: Իսկ երաշտը մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը:

Գրիգոլ Լազրիեվը պատմում է, որ այսօր փոխվել է նաև տեղումների բնույթը: Եթե տարիներ առաջ 100մմ ամսում ընկնում էր 4- 5 օրում, այսօր նման քանակությամբ տեղումեր կարող են լինել մեկ օրում: Փոխվել է շրջանառությունը՝ մի տեղ ջերմաստիճանը ընկնում է, մեկ այլ տեղ բարձրանում: Կլիմայի փոփոխությունը բացասաբար է ազդում մարդու առողջության վրա: Բարձր ջերմաստիճանը (եթե երկար ժամանակ պահպանվում է) դժվար տանելի է սրտանոթային հիվանդություններ ունեցողների, տարեցների և խրոնիկ հիվանդություններ ունեցողների համար:

Գրիգոլ Լազրիեվի ունեցած տեղեկությունների համաձայն՝ շարունակվում է սառցադաշտերի ակտիվ հալքը: Վրաստանում նվազեցված է սառցային մասսաների բյուրեղացման մակարդակը: Սառույցները վարարեցնում են գետերը, և եթե դրանք ինտենսիվորեն հալչեն, գետերը կսկսեն աստիճանաբար ցամաքել: Նման փոփոխությունները բացասաբար կազդեն ջրամատակարարման և էներգիայի արտադրության վրա:

«Սառցադաշտը քարերի և սառույցի ամբողջություն է, և եթե այդ մասսան տեղաշարժվի, լեռնային շրջանների բնակչության համար լուրջ խնդիրներ կծագեն, որոնք կարող են առավել վտանգավոր դառնալ 2015-20 թթ.-ին», – նշում է մասնագետը: