Երեւանում սեպտեմբերի 24-26 կկայանա «Ապացուցողական բժշկություն.գիտությունից պրակտիկա» թեմայով գիտաբժշկական համաժողով: Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնել է Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցացիայի նախագահի տեղակալ Ալբերտ Մարտիրոսյանը, սա ապացուցողական բժշկության թեմայով թվով երկրորդ գիտաժողովն է, որը կազմակերպվել է Ասոցացիայի կողմից, առաջինը կայացել էր 2012 թ: Ասոցացիայի ու նրա կազմակերպած գիտաժողովների նպատակն է Հայաստանում զարգացնել ապացուցողական բժշկության հիմքերը:

Նրա խոսքով՝ մոտավորապես 20 արտասահմանցի մանսագետներ են հրավիրված Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից ու Բահրեյնից, որոնք դասընթացներ կվարեն ուսանողների ու բժիշկների համար: Կկայանա նաեւ Workshop, որը նվիրված կլինի կլինիկական ուղեցույցների մշակմանը: Այն վարելու են Կոկրեյնյան համագործակցության առաջատար մասնագետները ՝ Մարք Ուիլսոնը ու Զբիշ Ֆեդորովիչը: Գիտաժողովին հրավիրված են նաեւ ԱՀԿ ներկայացուցիչ Սյուզան Նորիսը ու Ապացուցողական բժշկության ռուսական ասոցացիայի հիմնադիր Վասիլի Վլասովը:

Սեպտեմբերի 27-28 որպես գիտաժողովի շարունակություն, Հանրապետական գիտաբժշկական գրադարանում կկայանա երիտասարդ գիտնականների դասընթաց՝ այնպիսի դիսցիպլինայով, ինչպիսին է բիոստատիստիկան, որը Ալբերտ Մարտիրոսյանի խոսքով այսօր Հայաստանում շատ ցածր մակարդակի վրա է: Դասընթացը կվարի Ռուսաստանից ժամանած հյուրը՝ Վասիլի Լեոնովը:

Բուն գիտաժողովի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին՝ Երեւանի բժշկական համալսարանում, սեպտեմբերի 25-ին դարձյալ այնտեղ կկայանա նաեւ սեմինար, իսկ սեպտեմբերի 26-ին կլոր սեղան կկազմակերպվի Առողջապահության ազգային ինստիտուտում:

Գիտաժողովի կազմակերպիչներն են Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցացիան, Երեւանի բժշկական համալսարանը, Առողջապահության ազգային ինստիտուտը ու Հանրապետական գիտաբժշկական գրադարանը: