Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի և Հայաստանում ռուսաստանյան բուհերի մասնաճյուղերի ուսանողական ասոցացիայի աջակցությամբ Երևանում՝ Մոսկվայի տանը, կայացավ ուսանողների միջազգային օրվան (Տատյանայի օր) նվիրված տոնական միջոցառում:

Հայաստանում Ռուսաստանի բուհերի մասնաճյուղերի ուսանողների ասոցացիան հիմնադրվել է 2011 թվականին՝ Երևանում գործող Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնին կից: Այս տարի՝ հունվարի 25-ին, ոչ մեծ ընդմիջումից հետո ասոցացիան վերսկսեց իր գործունեությունը:

«Ասոցացիայի համար սա շատ կարևոր միջոցառում է, քանի որ այն առաջինն է՝ գործունեության վերականգնումից հետո: Ահա թե ինչու մենք որոշեցինք այն նշել հենց հունվարի 25-ին՝ ուսանողների միջազգային օրը»,- դիմելով հավաքվածներին ասաց Հայաստանում Ռուսաստանի բուհերի մասնաճյուղերի ուսանողական ասոցացիայի նախագահ Տիգրան Մալխասյանը:

«Ասոցացիայի համար սա շատ կարևոր միջոցառում է, քանի որ այն առաջինն է՝ գործունեության վերականգնումից հետո: Ահա թե ինչու մենք որոշեցինք այն նշել հենց հունվարի 25-ին՝ ուսանողների միջազգային օրը»,- դիմելով հավաքվածներին ասաց Հայաստանում Ռուսաստանի բուհերի մասնաճյուղերի ուսանողական ասոցացիայի նախագահ Տիգրան Մալխասյանը:

Ասոցացիայի նախագահը նաև հայտնեց, որ Հայաստանում Ռուսաստանի բուհերի մասնաճյուղերի 5 լավագույն ուսանողներին տրամադրվելու են հատուկ խրախուսական հավաստագրեր:

Ավելի ուշ տեղի ունեցավ հավաստագրերի հանձնումը: Լավագույններից լավագույններն էին՝ Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Գեորգի Հակոբյանը, Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի Մարիամ Պապոյանը, Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի ուսանողուհի Լուսինե Հովհաննիսյանը, Մոսկվայի ֆինանսա-արդյունաբերական «Սիներգիա» համալսարանի Երևանյան մասնաճյուղի ուսանողուհի Ֆլորա Բաբաջանյանը, ինչպես նաև Արտաքին տնտեսական կապերի տնտեսագիտության ու իրավունքի ինստիտուտի ուսանող Վիգեն Բաբայանը: Բոլոր ուսանողները առաջադրված են եղել իրենց բուհերի կողմից:

Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի ինստիտուտի մասնաճյուղի տնօրեն Նինա Եսայանը ողջույնի իր խոսքում նշեց, որ լավագույն ուսանողներն իրականում ավելի շատ են:

«Ես ուրախ եմ, որ կա այսպիսի անվանակարգ, և որ լավագույն ուսանողին կհանձնվի հավաստագիր, սակայն կարծում եմ, որ այդ ուսանողները թվով ավելի շատ են: Ես ուզում եմ ձեզ մաղթել առողջություն ու ասել, որ ձեր ապագան հենց ձեր ձեռքերում է, կյանքում ձեզ կօգնեն միայն գիտելիքները: Սա հիանալի միջոցառում է: Այն հատուկ գեղեցկություն ունի, այլապես «Տատյանայի օր» չէր կոչվի»,- ասաց Նինա Եսայանը՝ միաժամանակ նաևշնորհակալություն հայտնելով Ռուսաստանի դեսպանատանն ու Ռուսաստանի կրթության նախարարությանը՝ տարիների տրամադրված օգնության համար:

«Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ռուսաստանի դեսպանատանը: Մեր բոլոր մասնաճյուղերը 18-25 տարվա գործունեության պատմություն ունեն, և այս ողջ ընթացքում մենք զգացել ենք թե Ռուսաստանի կրթության նախարարության, թե Ռուսական դեսպանատան աջակցությունը: Նրանց շնորհիվ է, որ մենք այսօր ռուսական չափանիշներին համապատասխան կրթություն տալու, և Հայաստանում ու արտասահմանում աշխատող մեր շրջանավարտներով հպարտանալու հնարավորություն ունենք»:

Միջոցառմանը մասնակցեցին նաև Պետական գործիչների երիտասարդական դպրոցի տնօրեն, Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության ներկայացուցիչ Գևորգ Մանուկյանը, Հայաստանում Ռուսաստանի դեսպանի խորհրդական Օլեգ Շապովալովը, և Երևանում Կրթության և գիտության ռուսական կենտրոնի տնօերն Մարկ Կալինինը:

Իր խոսքում պարոն Կալինինը նշեց, որ այսօրվա դրությամբ արտասահմանում գործում են ռուսական տարբեր համալսարանների ավելի քան 35 մասնաճյուղեր, որոնցից 6-ը Հայաստանում են: Ռուսական ու հայկական բուհերի միջև համագործակցությունը ակտիվ կերպով զարգանում է, ինչն էլ նպաստում է մնացած բոլոր ուղղությունների համագործակցությանը:

«Գիտության ուղղությամբ մենք տեսնում ենք այս համագործակցության աշխուժացումը, և ջանում ենք, որ Ռուսաստանի մեր երիտասարդությունը  հանդիպի, շփվի ու ընկերություն անի Հայաստանյան իր հասակակիցների հետ: Սա թերևս ամենակարևորն է: Հունվարի 25-ը ՄՊՀ-ի (Մոսկվայի պետական համալսարան) հիմնադրման օրն է, և այդ օրը պետական տոն է Ռուսաստանի դաշնությունում, ինչն արդեն մի քանի տարի շարունակ նշվում է ավանդաբար բարձր մակարդակով: Այս տարի Հայաստանում Ռուսաստանի բուհերի մասնաճյուղերի ուսանողական ասոցացիան որոշեց միավորել Հայաստանում գործող ռուսական բուհերի բոլոր մասնաճյուղերի ուսանողներին և միասին նշել այս տոնը»:

Պաշտոնական արարողությունից հետո Հայաստանում ռուսական բուհերի մասնաճյուղերի ուսանողները միջոցառման հյուրերին ուրախացրեցին իրենց ներկայացումներով:

Պատրաստեց՝ Արմինե Ահարոնյանը

Լուսանկարները՝ Maram Ava-ի