Արմենը (անունը փոխված է), նոր է վերադարձել Հայաստան: Վերջին 22 օրը նա անցկացրել է Ռուսաստանի Դաշնության քաղաքներից մեկի միգրացիոն ժամանակավոր ճամբարում, որտեղ հայտնվել էր, քանի որ ՌԴ-ում բնակվելու և աշխատելու համար անհրաժեշտ փաստաթղթեր չուներ: Արմենը ՌԴ-ում ապրում ու աշխատում էր շուրջ երեք տարի. ասում է՝ «չհասցրեցի թղթերս սարքել, հիմա էլ, թերևս, ուշ է»:

Բայց, իր խոսքով, խնդիրը միայն իր անձին չի վերաբերում, այլ ավելի գլոբալ է. այն, ինչ տեսել է, ստիպում է ևս մեկ անգամ համոզվել, որ ՀՀ իշխանությունները «թքած ունեն» իրենց քաղաքացիների վրա և հնարքներ մտածել, որպեսզի նորից վերադառնա Ռուսաստան.

«Իմ բախտը բերեց, որ և՛ այնտեղ լավ ընկերություն ու բարեկամություն ունեի, և՛ Հայաստանում, ու ինձ տեր կանգնեցին: Իմ փաստաթղթերին Երևանում հետևողական եղան, արագ պատասխան ուղարկեցին ու իմ ճամբարում գտնվելը տևեց ընդամենը 22 օր, որից հետո եկա Հայաստան: Բայց այս պահին էլ ճամբարում մի հայ կա, ով արդեն 4 ամիս է սպասում է, որ իր անձի վերաբերյալ հարցմանը Հայաստանից պատասխանեն ու իր ճակատագիրը որոշվի: Միգրացիոն ճամբարում առավել քան ակտուալ է դառնում հայտնի ասացվածքը՝ տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»,- Dalma-ի հետ զրույցում նշեց նա:

Արմենի խոսքով, ընթացակարգը հետևյալն է. երբ ՌԴ իրավապահները հայտնաբերում են երկրի տարածքում ապօրինի բնակվող կամ միգրացիոն քաղաքականության դրույթներից որևէ մեկը խախտած օտարերկրյա քաղաքացու, ապա տեղափոխում են միգրացիոն ժամանակավոր ճամբար, դատարանը արագացված կարգով նրա վերաբերյալ կայացնում է վճիռ, որը իրավունք ունես բողոքարկել 10-օրյա ժամկետում, որից հետո էլ վճռի հիման վրա հարցում է ուղարկվում արդեն այն երկիր, որը ներկայացնում է քաղաքացին: Միգրացիոն ճամբարում, որտեղ պահվում էր Արմենը շուրջ մեկ ամիս, բացի հայերից կային նաև տաջիկներ ու ուզբեկներ, բայց, նրա խոսքով, տաջիկների հարցը, չգիտես ինչպես, շատ արագ էր լուծվում և ամենաշատը, որ նրանք մնում էին ճամբարում, դա մեկ շաբաթն էր: Ի տարբերություն տաջիկների, հայերն ու ուզբեկները կարող են այդ տարածքում անցկացնել մի քանի ամիս.

«Սնունդով լավ-վատ՝ ապահովում են, առավոտից մինչ երեկո մենք ճամբարի տարածքում, այսպես ասած, ազատ ենք, բայց այն լքել չենք կարող: Ամենից շատ տանջվում են ծխողները, որովհետև, եթե դու միգրանտ ես, ապա մոտիդ եղած գումարը շատ արագ սպառվում է ու եթե ծանոթ-բարեկամ էլ չունես, որ «պերեդաչի» բերեն, ապա ծխախոտ գնելու խնդիրը օրվա ցավոտ հարց է դառնում: Նույնը նաև մի շարք այլ հարցերում. եթե, օրինակ, առողջական խնդիրներ ունես, ապա տարրական անալգին-ասկոֆենից բացի այլ օգնություն ստանալը բարդ է: Ու դրան գումարվում է իրավապահների անտարբերությունը, որոնք ամեն անգամ հնչող հարցին՝ դեռ ինչքա՞ն եմ այստեղ մնալու, ուսերն են թափ տալիս կամ կոպտում, թե ձեր երկրի իշխանությունները որ ձեզ վրա թքած ունեն, մենք՝ առավել ևս»,- պատմեց նա:

Палаточный лагерь в Москве
Палаточный лагерь в Москве

Ասում է, որ ըստ ներքին խոսակցությունների՝ մեղքի բաժին այս ամենում ունի նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը: Խնդիրը նրանում է, որ ՌԴ ոչ բոլոր քաղաքներում կա հայկական հյուպատոսարան, որն անմիջապես իր քաղաքացու հետագա ճակատագրի վերաբերյալ հարցումը կուղարկեր Հայաստան: Արմենի ծանոթներից մեկը Նովոսիբիրսկի միգրացիոն ճամբարում ավելի քան երեք ամիս է անցկացրել միայն այն պատճառով, որ Նովոսիբիրսկում գործող ՀՀ հյուպատոսարանը փակվել է և ստիպված հարցումն ուղարկվել է հայրենիք ՌԴ-ում ՀՀ դեսպանատան միջոցով: Հետդարձի ճանապարհն էլ նույնն է՝ ՀՀ-ից Մոսկվա մեր դեսպանատուն ու նոր այն քաղաք, որտեղ կարող են ամիսներով անտարբերության ու անտերության մատնված դրան սպասել Հայաստանի քաղաքացիները: Ու, ըստ ներքին խոսակցությունների, հենց դեսպանատունն էլ «քնացնում է» փաստաթղթերը:

Մեր զրուցակիցը նշում է, որ ոչ բոլոր դեպքերում, բայց մեծամասամբ խնդիրը հաջողվում է լուծել հենց տեղում, եթե գումար ունես: Կոռուպցիոն մեխանիզմները հատկապես ակտուալ են Ռուսաստանի հեռավոր քաղաքներում, բայց մյուս կողմից էլ՝ աշխատանքի մեկնած միգրանտների մոտ որտեղի՞ց այդքան գումար, որ կարողանան շրջանցել օրենքները և շարունակել անօրինական աշխատել մի երկրում, որը նրանց կարիքը և՛ ունի, բայց և՛ մշտապես ճնշում է: Կոնկրետ իր պարագայում հաջողվեց համեմատաբար արագ ստանալ հարցման պատասխանը, քանի որ գործեց ծանոթ-բարեկամի գործոնը և Երևանում առանց հապաղումների սեղմվեցին բոլոր այն կոճակները, որ այլ դեպքերում սեղմվելը մինչև մի քանի ամիս է պահանջում:

«Մարդիկ ամիսներով կարող են մնալ այդ ճամբարներում, որոշ դեպքերում՝ մինչև անգամ տարի, եթե ՀՀ քաղաքացիություն չունեն, իսկ ՌԴ քաղաքացիություն ստանալը, այսպես թե այնպես, բարդ ու ժամանակատար գործընթաց է: Բայց ոչ մեկին դա չի հուզում՝ ո՛չ մեր իշխանություններին, ո՛չ էլ, առավել ևս, Ռուսաստանի: Բայց մի բան կարող եմ ասել՝ այս ամենից հետո, մեկը ես, ամեն ինչ կանեմ նորից ՌԴ գնալու համար, որովհետև այն գոնե օտար երկիր է ու իր անտարբերությունն արդարացնում ես օտարությամբ, բայց երբ անտարբեր է հայրենիքդ…ցավ ես ապրում, ու հեռանում»,- հավելեց նա:

Ի՞նչ փոխեց ԵԱՏՄ-ն ապօրինի միգրանտների ճակատագրում

Ապօրինի միգրանտների խնդիրը Ռուսաստանում մշտապես բարդ լուծվող խնդիրների շարքին է դասվել: Հատկապես հարևան երկրներում ֆինանսական ու տնտեսական ճգնաժամերի ֆոնին ավելացող միգրացիոն հոսքերը բերեցին նրան, որ վերջին տարիներին բավականին խստացվեց միգրացիոն օրենսդրությունը: Թվում էր, որ դա չի վերաբերի այն երկրների քաղաքացիներին, որոնք ՌԴ հետ միասին Եվրասիական տնտեսական միության կազմում են: Բայց միայն Բելառուսի քաղաքացիների համար է միգրացիոն օրենսդրությունը  մեղմ, մնացած երկրների քաղաքացիների համար օրենսդրությունը բավականին խստացվել է: Խոսքը ապօրինի միգրանտների մասին է: Իսկ ահա օրինական միգրանտների համար գործում են որոշակի արտոնյալ պայմաններ, օրինակ, անվճար բուժսպասարկում ՌԴ և այլն: Բայց թե որքանո՞վ է դա իրատեսական, ինչպիսի՞ն է դրա որակը, կամ արդյոք այդ արտոնությունները պարզապես չեն մնացել սևով սպիտակին գրված՝ այլ հարց է:

Օրենսդրությունն ընդդեմ, թե՞ հօգուտ միգրանտների շահերի

Տարվա սկզբին ՌԴ ՆԳՆ-ն հայտարարեց, որ մշակում է օրենսդրական նախագիծ, որը զգալիորեն կհեշտացնի ռուսաստանյան օրենսդրությունը խախտած միգրանտների արտաքսման գործընթացը: Հեղինակները, մասնավորապես, առաջարկում էին հնարավորություն ընձեռել խախտումն իրականացրած օտարերկրյա քաղաքացիներին անձամբ վճարել դեպի հայրենիք տոմսը, որից հետո իրավապահները նրան կուղեկցեին կայարան կամ օդանավակայան և վերջ: Այսպիսով անձը ամիսներով չէր պահվի միգրացիոն ժամանակավոր ճամբարներում, պետությունն էլ նրանց օրապահիկի մասով կթեթևացներ բյուջեն: Սակայն, ինչպես տեսնում ենք մեր հերոսի օրինակից, օրենսդրությունը դեռ չի փոխվել ու մարդիկ շարունակում են պահվել նման պայմաններում:

Ոստիկանություն, ՀՀ դեսպանատուն՝ ո՞վ է մեղավորը 

Ի վերջո, ո՞ր օղակն է, որ դանդաղեցնում է հարցման պատասխան ստանալու գործընթացը և ստիպում ՀՀ քաղաքացիներին ամիսներով ապրել անվայել պայմաններում: ՀՀ ոստիկանությանն ուղղված մեր այս հարցմանը մեկ շաբաթ անց եկավ պատասխան այն մասին, թե՝ «Ձեր կողմից հայցվող տեղեկությունը պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով՝ տեղեկությունը կտրամադրվի 30-օրյա ժամկետում»:

Այսպիսով, պատասխան մեր հարցադրումներին ու Արմենի գլխավոր հարցին՝ ինչո՞ւ ՀՀ քաղաքացիները պետք է նման անտարբերության մատնվեն, չտրվեց և կտրվի, գուցե, միայն մեկ ամսից… գրեթե այնպես, ինչպես ճամբարներում մեր քաղաքացիներն են սպասում իրենց մասին հարցման պատասխանին ամիսներով:

Ինչ վերաբերում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը, որը, ըստ մեր զրուցակցի, տեխնոլոգիաների այս դարում տեղեկատվության փոխանցման անթույլատրելի հապաղման մեջ մեղքի մեծ բաժինն ունի, ապա միայն դեսպանատան աշխատանքային ժամերին ծանոթանալով հասկանալի է դառնում, թե ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիները ուզբեկների և տաջիկների հետ միասին ամիսներով մնում միգրացիոն ճամբարներում: Դեսպանատան պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ աշխատանքային ժամերն են 8-12-ը, շաբաթ-կիրակի՝ հանգստյան, իսկ բացի այդ, մեր դեսպանատունը փակ է նաև Ռուսաստանում պաշտոնապես ոչ աշխատանքային հայտարարված օրերին: Հաշվի առնելով այս «ծանր» աշխատանքային գրաֆիկը, ավելորդ է ենթադրել, թե ինչու են ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում նման անտարբերության մատնվում:

Դիմեցինք նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ հասկանալու, ունեցե՞լ են դիմումներ անօրինական միգրանտներից, ում իրավունքները ոտնահատրվել են: Պարզվեց, որ մինչ օրս որևէ քաղաքացի իրենց նման խնդրով չի դիմել, թեև արտագնա աշխատանքի և միգրացիայի հետ կապված խորհրդատվություն ստանալու դիմումներ եղել են:

Այս ամենը ապացուցում է ոչ թե այն, որ խնդիր չկա, այլ այն, որ խնդիրը շատ գլոբալ է, բայց անգամ այդ մակարդակում մեր քաղաքացիները, որ բռնում են արտագաղթի ճամփան, թերևս հայաստանյան և ոչ մի կառույցի հանդեպ վստահություն չունեն՝ իրենց հետագա լավ-վատ ճակատագիրը կապելով դրսի հետ:

Պատրաստեց Լիա Խոջոյանը