Քանի որ մոտենում է Բրյուսելում կայանալիք «Արևելյան գործընկերություն» գագաթաժողովի անցկացման օրը, որի շրջանակներում նախատեսվում է ստորագրել Հայաստանի ու Եվրոմիության միջև համապարփակ ու ընդլայնված համաձայնագիր, հայկական ԶԼՄ-ներում ու սոցիալական կայքերում ակտիվանում են այս հարցի հետ կապված քննարկումները:

Ստորագրման շուրջ տարածված խոսակցությունները

Հատկանշականն այն է, որ այդ խոսակցությունների ուշադրության կիզակետում գտնվում է ոչ այնքան այն, թե ինչ դրական ու բացասական արդյունքներ կստանա Հայաստանն այդ համաձայնագրից, այլ այն, թե կստորագրվի՞ այն առհասարակ, թե ոչ, ու դրան ինչպես կարձագանքի Հայաստանի գործընկեր Ռուսաստանը:

Արևմտամետ տրամադրվածություն ունեցող «հոռետեսների» հիմնական փաստարկն այն է, որ 2013թ. սեպտեմբեր ամսին ԵՄ-ի հետ ասոցացիայի մասին համաձայնագրի ստորագրման նախօրեին պաշտոնական Երևանը անսպասելի փոխեց իր որոշումը, ու իբր թե հնարավոր է, որ այդ համաձայնագրի վրա ազդել է  Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա գործադրած ճնշումն ու նույն Ռուսաստանի նյարդային արձագանքը, ով լուրջ հակասություններ ունի արևմուտքի հետ՝ Ուկրաինայի պատճառով:

Ավելի չեզոք դիրքորոշում ունեցող փորձագետները նշում են, որ համաձայնագրի ստորագրմանը կարող են խանգարել միայն հենց ԵՄ-ի ներսում եղող բյուրոկրատական մեխանիզմները, ինչի պատճառով Բրյուսելում կայանալիք գագաթաժողովին գուցե բոլոր 28 երկրները չհասցնեն հաստատել համաձայնագիրը:

Հետաքրքիր է նաև այն, որ մեծ խուճապ են բարձրացնում ավելի շատ ոչ թե համաձայնագրին դեմ կանգնածները, այլ նրա նախանձախնդիր կողմնակիցները՝ հայտնի իրենց հակառուսական դիրքորոշումներով:

Եվ այսպես, ԶԼՄ-ներում մեծ աղմուկ բարձրացրեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի կոորդինատոր Դանիել Իոնիսյանի հայտարարությունն այն մասին, որ համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել: Ըստ Իոնիսյանի, այդ մասին իբր Տալլինում «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության ֆորումի ժամանակ հայտարարել է  ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը՝ պատասխանելով Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին: Ընդ որում Հանը չի բացատրել, թե ինչով կարող է պայմանավորված լինել գագաթաժողովի ժամանակ համաձայնագրի ստորագրման հետաձգումը:

Йоханнес Хан
Йоханнес Хан

Սակայն այդուհետ (հավանաբար եվրոպական կառույցների կողմից կշտամբանք ստանալուց հետո) «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ելույթ ունեցավ հատուկ հայտարարությամբ, ճշտում մտցնելով Հանի ասածների մեջ: Արդեն միանշանակորեն հայտարարվում է, որ համաձայնագիրն անպայման ստորագրվելու է կամ գագաթաժողովի ընթացքում կամ դրա շրջանակներում: Իսկ անճշտությունը բացատրեցին թարգմանչի սխալով:

Երևանի դիրքորոշումը

Իրենց հերթին էլ հայկական իշխանությունները հավաստիացնում են, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրն անպայման ստորագրվելու է, և այն ոչ մի կերպ չի ազդելու ԵԱՏՄ-ի առջև ունեցած Հայաստանի պարտականությունների վրա:

Իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խմբակցությունից Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Միհրան Հակոբյանը Dalma News-ին մեկնաբանեց համաձայնագիրը, ընդգծելով, որ Հայաստանի համար ռիսկի գործոն չկա, ու դրանում արտացոլվում են ինչպես Եվրոմիության, այնպես էլ Հայաստանի շահերը:

Ինչպես նշեց Հակոբյանը, փաստաթղթի պատրաստման ու բանակցությունների ողջ ընթացքում Հայաստանը հաշվի է առել այն փաստը, որ ինքը հանդիսանում է ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ, ինչպես նաև Ռուսաստանի ռազմա-քաղաքական գործընկեր: Հետևաբար այդ համաձայնագիրը ոչ մի կերպ չի կարող հակասել հայ-ռուսական ռազմա-քաղաքական հարաբերությունների տառին ու ոգուն, ինչպես նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը:

«Չեմ կարծում, թե կարող է ինչ-որ խնդիր լինել, որովհետև հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են այնպիսի բարձր մակարդակում, որ Հայաստանի ղեկավարությունը չի անի այնպիսի քայլեր, որոնք կարող են հակասել հայ-ռուսական միության հարաբերությունների տառին և ոգուն: Կարծում եմ, որ Ռուսաստանը բավական դրական վերաբերմունք պետք է ցուցաբերի այդ փաստաթղթին: Եվ ենթադրում եմ, որ ռուս գործընկերները ծանոթ են այդ գործընթացին, ու այստեղ որևէ առարկում լինել չի կարող»,- ասաց Հակոբյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ այդ փաստաթղթով ԵՄ-ն փաստացի համաձայնել է հայկական իշխանությունների առաջարկների հետ, որոնք արվել էին 2013թ. աշնանը, այն է, թե ստորագրել ասոցացիայի մասին համաձայնագիր, առանց տնտեսական մասի, ինչի հետ չէր համաձայնում Եվրոհանձնաժողովի նախկին կազմը:

«Այն ժամանակ Հայաստանի կառավարությունը առաջարկեց ստորագրել միայն համաձայնագրի քաղաքական հատվածը, եթե տնտեսականի հետ կա խնդիր: Եվ ստացավ մերժում: Բացատրեցին, որ փաստաթուղթը համապարփակ է, հետևաբար այն մաս առ մաս ստորագրել չի կարելի: Հիմա մեր եվրոպացի գործընկերները փաստացի համաձայնել են այդ առաջարկի հետ, որը նրանց արվեց այն ժամանակ: Եվ կյանքը ցույց տվեց, որ Հայաստանի «և-և» քաղաքականությունն իրեն լրիվ արդարացրել է»,- նշեց Հակոբյանը:

Պատգամավորը կարծում է, որ ԵՄ-ում գիտակցել են, որ կարգավորման ձգտումների միասնական չափորոշիչների իրենց փորձերը «Արևելյան գործընկերության» բոլոր երկրների հանդեպ կիրառելը չափազանց անարդյունավետ են: Եվ որ նման քաղաքականության արդյունքում Ուկրաինայում ձևավորվեց անկայունության օջախ, ինչի արդյունքը եղավ պատերազմը՝ հազարավոր զոհերով:

Ինչ վերաբերում է «Արևելյան գործընկերության» հակառուսական ուղղվածություն ունեցող ծրագրերին, ապա, ինչպես գտնում է Հակոբյանը, հակառուսական ենթատեքստեր Հայաստանի դեպքում գտնելն անհնար է:

«Արևելյան գործընկերության» մեկնարկի պահից սկսած՝ հայկական կողմը հասկացրել է, որ եթե այդ քաղաքականությունը կրելու է հակառուսական բնույթ, ապա մենք հենց սկզբից հայտարարում ենք, որ մենք սրան մասնակցություն ունենալ չենք կարող: Հայաստանն ու Ռուսաստանը շատ թելերով են կապված, նրանք ռազմա-քաղաքական գործընկերներ են, որոնք համագործակցում են ամենաբարձր մակարդակով: Ու այդ հարաբերություններն այս պահին ոչ միայն չունեն այլընտրանք, այլ նաև այն որոնելն է անիմաստ»,- այսպես հայտարարեց Հակոբյանը:

Մոսկվայի դիրքորոշումը

Ինչ վերաբերում է կայանալիք համաձայնագրի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքին, ապա ռուսական բարձր ղեկավարության կողմից որևէ բացասական մեկնաբանությունների բացակայությունն արդեն իսկ խոսում է իր մասին: «Վալդայ» ակումբային ֆոնդի ծրագրային տնօրեն, հայտնի ռուս փորձագետ Իվան Տիմոֆեևը Dalma News-ի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում կոչ արեց չչափազանցնել Ռուսաստանի արձագանքների վերաբերյալ խոսակցությունները, նշելով, որ երկու երկրների հարաբերությունները չեն սահմանափակվում միայն տնտեսությամբ, այլ հանդիսանում են համապարփակ ռազմա-քաղաքական միություն: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և ընթանում է երկկողմանի ռազմա-տեխնիկական շատ ակտիվ համագործակցություն:

Серж Саргсян, Дональд Туск
Серж Саргсян, Дональд Туск

Նրա խոսքերով՝ Ռուսաստանի համար, որպես ԵԱՏՄ անդամ, կարևոր է, թե ԵՄ-ի հետ ունեցած համաձայնագիրը որքանով համատեղելի կլինի ԵԱՏՄ-ի առաջ ունեցած Հայաստանի պարտականությունների հետ:

«Վստահ եմ, որ հայկական կողմն այդ հարցը մանրակրկին կուսումնասիրի ու այդ երկու ձևաչափերը կլինեն համատեղելի: Իսկ քանի որ Հայաստանն ինքնավար հանրապետություն է, լրիվ օրինական է, որ նա ձգտում է փոխադարձ կապեր պահպանել այնպիսի խոշոր խաղացողի հետ, ինչպիսին է Եվրոպական միությունը, միաժամանակ բարեկամական հարաբերություններ պահպանելով Ռուսաստանի հետ: Ես առհասարակ այդ հարցը չէի դիտի որպես զրոյական գումարով սկսվող խաղ, որպես իրարամերժ մի երևույթ:

Հետևաբար ես այստեղ որևէ հիմնարար խնդիր չեմ տեսնում: Այլ հարց է, որ հարկավոր է ուշադիր ուսումնասիրել համաձայնագրի բովանդակությունը: Հայկական դիվանագիտությունը մասնագիտական տեսանկյունից իրեն արդեն բնութագրել է, և կարծում եմ, որ այն վիճահարույց հարցերը, որոնք կծագեն, ռուս կոլեգաների հետ աշխատանքային օրակարգի ընթացքում կլուծվեն»,- հայտնեց Տիմոֆեևը:

Նա նաև ավելացրեց, որ Ռուսաստանը միշտ էլ վատ է վերաբերվել իր հարևաններին «կամ Ռուսաստան կամ Արևմուտք» երկընտրանքի առաջ կանգնեցնելու Եվրոմիության փորձերին:

«Հիմա եկել է ժամանակը ապացուցելու, որ մենք հավատարիմ ենք մեր այդ դիրքորոշմանը»,- նկատեց նա:

Ինչպես է Հայաստանը ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու

Փորձագետի կարծիքով տվյալ համաձայնագիրը կարող է վկայել ինչպես ետխորհրդային երկրներին «կամ ԵՄ, կամ Ռուսաստան» երկընտրանքի առաջ կանգնեցնելու Եվրոմիության փորձերից հրաժարում, ինչն ի վերջո հանգեցրեց ուկրանական ճգնաժամի, այնպես էլ շարունակելու նախկին հակառուսական քաղաքականությունը, բայց արդեն այլ մեթոդներով:

«Իհարկե, ուկրանական ճգնաժամից դասեր քաղվել են: Թեպետ ԵՄ-ում այդ մասին հաճույքով չեն խոստովանում, սակայն նրանք շատ լուրջ սխալներ են արել և մի շարք դեպքերում ոչ դիտավորյալ խթանել են այդ ճգնաժամը: Այնտեղ ոչ-ոք չէր սպասում, որ նման շրջադարձ կլինի: Ուշադրություն չի դարձվել այն հանգամանքի վրա, որ շտապել հարկավոր չէ, հարկավոր չէ պարտադրել, ձեռքերը մեջքին ոլորել, ինչ գնով էլ լինի երկրում մի ռեժիմ մտցնել, այն դեպքում, երբ Ռուսաստանում կան լիովին  հիմնավոր, օրինական, նույնիսկ ոչ այնքան քաղաքական, որքան տնտեսական հարցեր: Իսկ մյուս կողմից իհարկե ԵՄ-ում ուժեղ է հակառուսական տրամադրվածությունը, և որոշները նույնիսկ կարող են դա դիտել որպես զրոյական գումարով խաղի հաղթանակ, որպես սեպը քաշելու, պոկելու հնարավորություն և այլն»,- ասաց նա:

Սրա հետ կապված՝ Տիմոֆեևը ընդգծեց, որ շատ բան կախված է լինելու Հայաստանից, թե որքանով նա կկարողանա պրոֆեսիոնալ ու արդյունավետ մոտենալ այդ հարցին:

«Չէ՞ որ այն կարող են ներկայացնել Երևանի համար շատ շահավետ լույսի ներքո, ինչպես ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի համագործակցության խնդիր, որպես ապագայի հարց, թե սկզբունքորեն ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն շահագրգռված են նրանում, որ երկու տնտեսական բլոկներ համագործակցեն միմյանց հետ, իսկ Հայաստանը փորձում է ԵՄ-ի հետ գործընկերության և ԵԱՏՄ-ի հետ անդամակցության կոնվերգենցիայի ուղիներ գտնել:

Ուկրաինայի հետ խնդիրը նրանում էր, որ այնտեղ շատերը բացեիբաց խոսում էին այն մասին, որ ԵՄ-ի հետ ասոցացիան հակառուսական միջոցառում է: Հայաստանում այդ հարցի հետ կապված փորձագիտական ու պրոֆեսիոնալիզմի բոլորովին այլ մակարդակ է, և այդտեղ ոչ-ոք այդպես չի խոսալու»,- եզրափակեց փորձագետը:

Պատրաստեց Հայկ Խալաթյանը