Ապրիլին մեր երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին սկսեց ավելի սուր բնույթ ստանալ մեր ներքին քաղաքական գործերին արտասահմանյան հայերի մասնակցության թեման, որոնք, ի դեպ, 2003 թվականից ի վեր զրկված են ՀՀ տարբեր երկրների դեսպանատներում կամ հյուպատոսարաններում ձայնի իրավունք արտահայտելուց: Ինչպե՞ս պետք է լինի Հայաստան- սփյուռք համագործակցությունն ապագայում, և ինչու պատմական հայրենիք մեր արտասահմանյան հայրենակիցների ավանդույթ դարձած այցելությունները անպայման նշանավորվում են միայն կարևոր ամսաթվերով: Ահա այս ամենի մասին Dalma News-ը զրուցեց «Repat Armenia» ֆոնդի տնօրեն Վարդան Մարաշլյանի հետ:

Ընտրությունների  հետ կապված նոր նախագիծ ունեք Դուք, ավելի ճիշտ՝ ընտրություններին սփյուռքի անդամների մասնակցության հետ  կապված: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ նախագիծն ու ի՞նչ նպատակ է հետապնդում:

«Repat Armenia» ֆոնդն այս տարի միավորվեց #CitizenObserver հարթակին, որում մասնակցություն ունեն մի քանի կազմակերպություններ ու նախաձեռնողական խմբեր: Հիմնական նպատակը 4000 անկախ դիտորդ հավաքագրելն է, որոնք Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ներկա կլինեն բոլոր ընտրատեղամասերում: Մեր կարծիքով այս գործընթացում իրենց մասնակցությունը պետք է ունենան ինչպես հայրենադարձները, այնպես էլ հայկական սփյուռքի ներկայացուցիչները: Երկրորդ նպատակը արտասահմանում ապրող հայերին ընտրությունների ժամանակ հայրենիք այցելելն ու իրենց ձայնը տալու կոչն է (ցավոք, 2003 թվականից Հայաստանի քաղաքացիները, որոնք գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս, զրկված են ՀՀ հյուպատոսարաններում ու դեսպանատներում ընտրության իրավունքից):

Ընդ որում մենք չենք ցանկանում մեկ անգամյա նախաձեռնությամբ սահմանափակվել ու գտնում ենք, որ արդյունավետ քաղաքական համակարգով հզոր իրավական պետություն ստեղծելու մեջ սփյուռքի ներգրավումը պետք է կրի շարունակական բնույթ ու դառնա Հայաստան-սփյուռք հարաբերությունների օրակարգի մի մասը: Նման մասնակցությունը պետք է պարբերականորեն կատարվի տարբեր մակարդակի ընտրությունների ժամանակ, իսկ սփյուռքի հայերի համար այդ առիթով Հայաստան այցելությունը պետք է մշակույթի մաս դառնա այնպես, ինչպես արդեն ապրիլի 24-ին (Ցեղասպանության զոհերի հիշատակի օր), մայիսի 28-ին (Առաջին հանրապետության օր), սեպտեմբերի 21-ին (Անկախության օր) կատարվող այցելությունների ձևավորված ավանդույթն է:

Որքանո՞վ է ձեր նախաձեռնությունը համընկնում սփյուռքի հայտնի գործիչների ՝ Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի և այլոց նախաձեռնությունների հետ: Նրանց հետ համագործակցելու մտադրություններ կա՞ն, թե՞ նրանք Ձեզ համար մրցակիցներ են:

Ոչ մի մրցակցություն էլ չկա: Թե նրանք, թե մենք միավորվել ենք #CitizenObserver –ին: Մեզանից յուրաքանչյուրի խումբն իր հետևորդներն ունի և մենք մեր գաղափարները տարածում ենք արտասահմանյան հայության տարբեր հատվածներում՝ դրանով իսկ լրացնելով մեկս մյուսի աշխատանքը: Տեղեկատվական բաղադրիչի կողքին գոյություն ունի նաև Transparency International կազմակերպությունը, որը պատասխանատու է անկախ դիտորդների հավաքման, թրեյնինգների անցկացման, ընտրատեղամասերի տեղաբաշխման, ընտրությունների օրը տրանսպորտի ու տեղափոխման կազմակերպման համար: Ես կարծում եմ, որ որքան շատ նախաձեռնողական խմբեր ու կազմակերպություններ միանան այդ գործընթացին, այնքան ավելի լավ կլինի թե Հայաստանի, թե սփյուռքի համար:

Repart Armenia, Citizen Obzerver
Repart Armenia, Citizen Obzerver

Ընտրություններին սփյուռքի մասնակցությունը շատ բարդ հարց է, և հայ հասարակությունն էլ դրան միանշանակորեն չի վերաբերվում: Մի  մասի կողմից նկատվում է Հայաստանում ընթացող գործընթացների նկատմամբ բացարձակ բացասական վերաբերմունք, ընդ որում, շատ հաճախ հիմնավորված: Իսկ հայ հասարակության մյուս մասի համար, և այստեղ խոսքը միայն իշխանության ներկայացուցիչներին չի վերաբերվում, ինքնին տհաճ է այն փաստը, որ Հայաստանի ու նրա բնակիչների ճակատագիրը կարող են որոշել նրանք, ովքեր ապրում են այլ երկրներում: «Քանի որ մեր խնդիրներից հեռու փախչեցիք, ուրեմն մեր գործերին էլ մի խառնվեք» տիպի արտահայտություններ են հաճախ հնչում: Ինչպե՞ս կմեկնաբանեիք ստեղծված իրավիճակը:

Ինչ խոսք, նման խոսակցություններ կան, բայց լավը նա է, որ դրանք հասարակությունում չեն գերակշռում: Սկսենք նրանից, որ ՀՀ քաղաքացիների համար, անկախ այն բանից, թե նրանք որ երկրում են ապրում, օրենքով սահմանված է ընտրության իրավունք: Ես հակառակը կասեի՝ բացասական վերաբերմունք պետք է առաջանար, եթե փորձեին սահմանափակել նրանց այդ իրավունքը: Այս առումով ամոթալի ոչինչ չկա նրանում, որ մենք  ջատագովն ենք այդ իրավունքի պահպանման, և մասսայական գաղափարներ ենք տարածում այն մասին, որ անհրաժեշտ է գալ ու մասնակցել ընտրությանը:

Չի կարելի օգտագործել երկակի ստանդարտներ հայկական սփյուռքի այն ներկայացուցիչների նկատմամբ, որոնք ՀՀ քաղաքացի չեն համարվում: Օգնեք մեզ, բայց մեր գործերին մի խառնվեք՝ սա չափազանց սխալ ու անհեռատեսական մոտեցում է, առավել ևս, որ ցանկացած ընտրության ժամանակ անկախ դիտորդի կարգավիճակում հանդես են գալիս նաև արտասահմանցիներ ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս դեպքում հայկական սփյուռքի ներկայացուցիչները արտասահմանցիներից ինչո՞վ են վատը:

Միակ բանը, որ իսկապես պետք է հասկացնել տալ ընտրական գործընթացին միացած սփյուռքի ներկայացուցիչներին, դա այն է, որ անկախ դիտորդ լինելը նախևառաջ ծանր աշխատանք է, պրոֆեսիոնալ ու անկողմնակալ մոտեցում, գործընթացների ու նորմերի իմացություն, ընտրությունների օրը քաղաքական ու նմանատիպ այլ հակումներից բացարձակ վերացում: Ընտրական տեղամասում դիտորդը պետք է լինի վարքի դրսևորման չափանիշ: Նա չպետք է մեծացնի լարվածությունը, հակառակը՝ նրա ներկայությունը պետք է փոքրացնի խարդախության, կոնֆլիկտների ու խաբեությունների ռիսկերն ու վստահություն տարածի ընտրությանը մասնակցող քաղաքացիների ազատ կամքի մեջ:

Ձեր կազմակերպությունը մի շարք միջոցառումներ է իրականացնում տարբեր երկրներում: Սփյուռքի մոտ այս գործընթացին իրապես մասնակցություն ունենալու պատրաստակամություն նկատո՞ւմ եք: Սա հարցնում եմ, որովհետև այլ երկրներում ապրողներին Հայաստանում կատարվող ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելը (դեսպանատներում ու հյուպատոսարաններում) նրանց շարքերում որոշակի անտարբերություն առաջացրեց հայրենիքում կատարվելիքի նկատմամբ: Եվ կա՞ն արդյոք այս հարցի ընկալման տարբերություններ՝ տարբեր երկրներում ապրող հայ համայնքների միջև:

Սա դեռ նոր «տենդենց» է, մենք դեռ նոր ենք սկսում նման գործընթացներում սփյուռքի ինստիտուցիոնալ մասնակցության քարոզարշավը: Ավելին, եթե իրավիճակին նայենք 2016 թվականի ճակատագրական իրադարձությունների հարթակից (ապրիլյան պատերազմը, հուլիսյան խռովությունները, սեպտեմբերյան իշխանափոխությունը), ապա պարզ է դառնում, որ սփյուռքի տարբեր համայնքների վրա այդ ամենը բացարձակ տարբեր ազդեցություն է ունեցել: Այո, իրականում սփյուռքի որոշ համայնքներում այսօր անտարբերությունն է գերիշխում, այլերի մոտ՝ հակառակը, որոշ հետաքրքրություն կա, ու թեպետ չափավոր, բայց դրական սպասելիքներ: Մենք  սփյուռքի ակտիվացում առաջինը տեսնում ենք ԱՊՀ երկրներում: Իմ կարծիքով այդ գործընթացներն ու ազդանշաններն ավելի դանդաղ են հասնում Ամերիկայի ու Արևմտյան երկրների հայությանը: Իմ կարծիքով հիմնական պատճառն այն է, որ ապրիլյան պատերազմը նրանց կողմից ընկալվեց այն հարթությունից, որ իրենց հարազատներն ապրում են Հայաստանում, Արցախում, ծառայում են հայկական բանակում:

Repart Armenia, Citizen Obzerver
Repart Armenia, Citizen Obzerver

Իսկ ինչ վերաբերվում է գործընթացին միանալ ցանկացողներին, ապա եկեք պարզ խոսենք: Սփյուռքը միանում է գործընթացին, այո, բայց սփյուռքն այդ գործընթացի նախաձեռնողը չէ: Ընտրությունների անցկացումից մեկ ամիս առաջ արդեն գրանցվել է 3000 մարդ, այն դեպքում, երբ անցյալում ցանկացած ընտրության մասնակցած անկախ դիտորդների առավելագույն քանակը եղել է 1,200 մարդ: Մեծամասնությունը Հայաստանի բնակիչներն են, ներառյալ նաև հայրենադարձները, և միայն 300 հոգի են հանդիսանում սփյուռքի ներկայացուցիչ: Այդ թիվը բավական տպավորիչ ու հուսադրող է, եթե հաշվի առնենք, որ  անհրաժեշտ են ընդհանուր թվով 4000 դիտորդներ, որպեսզի տեղաբաշխվեն երկրի բոլոր ընտրատեղամասերում (ամեն ընտրատեղամասում՝ երկու հոգի):

Այդ 3000 մարդը հենց Ձե՞ր կողմից են ներգրավվել:

3000 հոգի ներգրավվել են #CitizenObservey հարթակի աշխատանքի արդյունքում, որի մեջ է մտնում նաև «Repat Armenia»-ն: Մենք հիմնականում կենտրոնանում ենք հայրենադարձների ու սփյուռքի ներկայացուցիչների տեղաբաշխման վրա:

Տեսնո՞ւմ եք արդյոք Հայաստանի սահմաններից դուրս քվեարկելու իրավունքի վերականգնման նախանշաններ:

Նախանշաններ կան, բայց դեռևս ոչ մի քաղաքական ուժ այդ հարցը չի բարձրաձայնել: Իմ անձնական տեսակետով՝ ՀՀ արտասհամանյան քաղաքացիների ընտրության իրավունքի վերականգնումը դրսում անհրաժեշտ քայլ է, եթե ուզում ենք երկրում հզոր քաղաքական համակարգ, մեծ մրցունակություն ու քաղաքական ուժերի ու կուսակցությունների աշխատանքի պրոֆեսիոնալ մակարդակ ապահովել, ինչպես նաև, եթե ուզում ենք ընդունել այն փաստը, որ Հայաստանից արտագաղթումը հանդիսանում է երկրի առանցքային խնդիրը, ու այդ խնդրի հետ կապված պատրաստ ենք կրել պատասխանատվություն, ընդ որում նաև քաղաքական բնույթի:

2016 թվականը մեր առաջ մի շարք լրջագույն մարտահրավերներ դրեց, որոնց լուծումը կարելի է գտնել միայն արտաքին ու ներքին քաղաքական ստատուս-քվեի խախտմամբ: Եթե ես լինեի իշխանությունների փոխարեն, կընդունեի այդպիսի մի որոշում, անգամ գիտակցելով, որ սփյուռքում հիմա ընդդիմադիր տրամադրություններն են իշխում, քանի որ նրանց մեծամասնությունը լավ կյանքից չէ, որ հեռացել է: Ինչպես օրինակ 2016 թվականի սեպտեմբերին իշխանության արմատական փոփոխումը. նման համարձակ որոշումը զգալիորեն կարող է փոխել սփյուռքի տրամադրվածությունը ու նրա ներգրավումը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդրում:

Գլոբալ առումով, մեր՝ «Repat Armenia» կազմակերպությունը, ոչ պետական ու ոչ առևտրային կազմակերպություն է: Որոշները հանգիստ կարող են ասել՝ ինչո՞ւ եք դուք խառնվում քաղաքականությանը: Բայց այն, ինչ մենք ենք անում, և մեր աշխատանքը #CitizenObservey –ում քաղաքական երանգ չի կրում: Մեր հիմնական հանձնարարականը՝ Հայաստանում ակտիվ քաղաքացիական հասարակության ձևավորումն է, ու այդ գործընթացին սփյուռքի ու հայրենադարձների ներգրավումը: Իսկ այս կոնտեքստում սկզբունքային տարբերություն չեմ տեսնում, օրինակ, Հայաստանի ու սփյուռքի արձագանքի մեջ՝ կապված ապրիլյան իրադարձությունների հետ, երբ մի շարք կազմակերպություններ, ոչ պաշտոնական հասարակություններ ակտիվորեն մասնակցում էին զոհված կամ վիրավորված զինվորների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու գործընթացին, ինչպես նաև աջակցություն էին ցույց տալիս Հայաստանին՝ հումանիտար ու այլ հարցերում: Վերջին հաշվով, ազգային պետականության զարգացման ծայրահեղ կարևոր գործընթացներում սփյուռքի ակտիվ ու համակարգային ներգրավումը միանշանակ խթանում է նաև դեպի Հայաստան կատարվող հայրենադարձությունը:

Պատրաստեց Հայկ Խալաթյանը