Gallup International
Gallup International

Նախօրերին Հայաստանում հրապարակվեցին ապրիլին կայանալիք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վերաբերյալ անցկացված սոցհարցումների ռեյտինգային առաջին տվյալները:

Հրապարակումը նվիրված էր նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկին, ու, չնայած նմանատիպ հետազոտությունների նկատմամբ մեր սկեպտիկ վերաբերմունքին, ինչպես և նրանց օբյեկտիվության մեջ ունեցած կասկածներին, դրանք այնուամենայնիվ մտածելու տեղիք տվեցին:

Նախընտրական վազքի ֆավորիտներն ու այդ վազքից դուրս մնացածները

Այսպես, դատելով Gallup International Association-ի Հայաստանյան ներկայացուցչի անցկացրած հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներից, նախընտրական քարոզարշավում առավել աչքի են ընկնում երկու առաջնորդներ՝ «Ծառուկյան» բլոկն ու Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Ծառուկյանի բլոկի օգտին պատրաստ են քվեարկել ընտրողների 26,4 %-ը, իսկ ՀՀԿ-ի օգտին՝ 22,8%-ը:

Եթե դատենք այդ հարցումների արդյունքներով, ապա ընտրություններին մասնակցող ուրիշ ոչ մի քաղաքական ուժ նախընտրական շեմը հաղթահարել չի կարողանալու: Այսպես օրինակ, «Ելք» բլոկի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 4,3 %-ը, ՀՅԴ Դաշնակցության օգտին՝ 3,9%-ը, «Ազատ Դեմոկրատների» օգտին՝ 3,4%-ը, «Հայկական վերածնունդի» օգտին՝ 2,7 %-ը, «Կոնգրես- ՀԺԿ» բլոկի օգտին՝ 2,6%-ը, «Օհանյան- Րաֆֆի-Օսկանյան» բլոկի օգտին՝1.8 %-ը, իսկ Կոմունիստական կուսակցության օգտին՝ ընտրողների ընդամենը 1%-ը: Եվս 14 % ընտրող հրաժարվեց մասնակցել հարցմանը, իսկ 17%-ը պատասխանի մեջ դժվարանում էր:

Ընդ որում՝ Gallup International Association ընկերության Հայաստանյան պաշտոնական ներկայացուցչի տնօրեն Արամ Նավասարդյանը գտնում է, որ ապագա խորհրդարան մտնելու պոտենցիալ հնարավորություն ունեն ևս մի քանի քաղաքական ուժեր:

Арам Навасардян
Արամ Նավասարդյան

«Փորձագիտական մեր կարծիքների համաձայն՝ խորհրդարան մուտք գործել կարող են 4-5 կուսակցություն: Դրանք են՝ «Ծառուկյան» բլոկը, ՀՀԿ-ն, «Ելքը», ՀՅԴ Դաշնակցությունը և «Ազատ Դեմոկրատները»,- ասաց Նավասարդյանը:

Հարկ է նշել, որ նույն՝ Gallup International Association ընկերության Հայաստանյան պաշտոնական ներկայացուցչի կողմից նոյեմբերին անցկացված ու հրապարակված հետազոտությունների համաձայն՝ վերջին 4 ամիսների ընթացքում «Բարգավաճ Հայաստանի» (այժմ այն «Ծառուկյան» բլոկի միջուկն է) 18,4%-ից մինչև 26,4 % աճի կողքին բավական լավ աճ են արձանագրել նաև մի շարք այլ կուսակցություններ: Այսպես, ՀՅԴ Դաշնակցությունն «աճել է» 3,4%-ից մինչև 3,9 %, իսկ «Հայկական վերածնունդի» այդ ցուցանիշն էլ ավելի տպավորիչ է՝ 1,2 %-ից՝ 2,7 %:

Տարօրինակ զուգադիպությամբ հենց այս երկու կուսակցություններն են հանդիսանում իշխող ՀՀԿ կուսակցության կամ գործող, կամ նախկին կոալիցիոն դաշնակիցները, ինչպես որ «Հայկական վերածնունդն» էր (անցյալում՝ «Օրինաց Երկիր»): Եվ ամենայն հավանականությամբ երկու կուսակցություններն էլ ընտրություններից հետո կրկին կձևավորեն ՀՀԿ-ի հետ կոալիցիա, կամ էլ «կառուցողական» ընդդիմության դեր կկատարեն:

Վարչապետը մեր բարեկամն է, իսկ ՀՀԿ-ն՝ ոչ այդքան

Բավական հետաքրքիր են գործող վարչապետ Կարեն Կարապետյանի մասին պատմող հասարակական կարծիքի սոցհարցումների տվյալները: Ամենաշատը ապշեցնում են վարչապետի, որպես անձի, վարչապետի, որպես քաղաքական գործչի, և վարչապետի ներկայացրած քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ին տրվելիք գնահատականների տարբերությունները:

ՀՀԿ-ի շարքեր Կարապետյանի ընդգրկվելն ու մի քանի ամիս կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելը էականորեն չազդեցին նրա անձնական ռեյտինգի վրա: Միևնույն՝  Gallup International Association ընկերության տվյալներով, վարչապետի գործունեությանը դրական գնահատական են տվել ընտրողների 81 %-ը, ինչը մի որոշ ցածր է նոյեմբերյան արդյունքների հետ համեմատած (85,1%), բայց ծայրահեղ չէ: Ընդ որում՝ հարցվողների 22,4 %-ը Կարապետյանի գործունեությունը գնահատում են լրիվ դրական, 58,6 %-ը՝ ավելի շուտ դրական, 9,9%-ը՝ ավելի շուտ բացասական, և միայն 5,1 %-ը՝ բացարձակ բացասական:

Հարցվողների 82,2 %-ը համաձայն են, որ ընտրություններից հետո Կարապետյանը կրկին գլխավորի կառավարությունը: Այս կարծիքին միանշանակորեն հարում են հարցվողների 34,5 %-ը, ավելի շուտ հարում են 47,6 %-ը, ավելի շուտ ոչ՝ 6,2 %-ը, միանշանակ ոչ՝ 2,7%-ը, իսկ հարցվողների 8,8 %-ը դժվարացավ պատասխանել հարցին:

Ի՞նչն է հետաքրքիր. չնայած վերջին մի քանի ամիսներին կառավարության ընդհանուր գործունեության դրական գնահատականին (62,4%), վարչապետի անձնական ռեյտինգը միևնույն է, ավելի բարձր է, քան նրա գլխավորած խորհրդարանինը: Հարցվածների 9,9 %-ը խորհրդարանի գործունեությունը գնահատում է բացարձակ դրական, 19,8%-ը՝ խորհրդարանի գործունեության հանդեպ ունի ավելի շուտ բացասական վերաբերմունք, 9%-ը՝ բացարձակ բացասական արտահայտվեց, իսկ 8,9%-ը դժվարացավ պատասխանել:

Карен Карапетян
Կարեն Կարապետյան

Այն հարցին, թե որքանով արդարացան վերջին 6 ամիսների ընթացքում կառավարության գործունեության նկատմամբ լավատեսական ակնկալիքները, դրական պատասխանեցին հարցվողների 64,5 %-ը: Նրանցից 8,8 %-ը պատասխանեցին, որ իրենց սպասումները լիովին արդարացել են, 55,7 %-ը՝ մասնակի են արդարացել, 16,7 %-ը՝ մասնակի չեն արդարացել, և 11,4 %-ը պատասխանեց, որ ընդհանրապես չեն արդարացել իրենց սպասումները, իսկ 7,4%-ը դժվարացավ պատասխանել:

Բնականաբար համակուսակիցները չկարողացան բաց թողնել կառավարության գլխավորի՝ անձնական նման բարձր ռեյտինգն օգտագործելու հնարավորությունը՝ նրան դարձնելով իրենց նախընտրական քարոզարշավի գլխավոր դեմքը՝ չնայած որակական կարգավորումների պատճառով ընտրական ցուցակներում նրա բացակայությանը:

Հայ հայտնի քաղաքագետ- տեխնոլոգ Կարեն Քոչարյանը այդքան էլ պատահական չի համարում այն փաստը, որ ՀՀԿ-ի նախընտրական տեսահոլովակում ներկայացվող կուսակցությունից «աչքի է ընկնում» միայն Կարապետյանը: Նրա կարծիքով՝ դա կոչված է հասարակությանը համոզելու, որ ՀՀԿ-ն կշարունակի կուսակցության վերափոխման ու գարշելի կերպարներից ազատվելու վերջին ամիսների իր քաղաքականությունը:

Ինչպես նաև բացառված չէ, որ իր նպատակների համար օգտագործելով Կարապետյանի համբավը, նրան 2018 թվականին այնուամենայնիվ կզրկեն զբաղեցրած պաշտոնից: Այդ թվին վերջանում է Սերժ Սարգսյանի նախագահական իրավասությունների ժամկետը, և պետության գործող ղեկավարը անշուշտ կարող է ցանկանալ նախագահական աթոռը փոխել վարչապետականի հետ:

Չի կարելի բացառել նաև Կարեն Կարապետյանի նկատմամբ հասարակական աջակցության անկումը, եթե իհարկե առաջիկա ամիսների ընթացքում նա չկարողանա երկրում արմատական բարեփոխումներ իրականացնել, ինչպես և չկարողանա ներգրավել արտասահմանյան խոստացված ներդրումները՝ երկրի տնտեսությունը բարելավելու նպատակով:

Եվ իհարկե ՀՀԿ համամասնական ցուցակներում «Կարապետյանի մարդկանց» նվազագույն ներկայացուցչությունը վկայում է այն, որ նրա դիրքերը կուսակցության ներսում դեռ այդքան էլ ամուր հողի վրա չեն: Մյուս կողմից էլ՝ հայկական քաղաքական գործելակերպը ցույց է տալիս, որ եթե ՀՀԿ խմբակցությունը հասկանա, որ իրական իշխանությունը երկրում  կենտրոնացել է Կարապետյանի ձեռքերում, ապա ՀՀԿ-ի պատգամավորների մեծ մասն անմիջապես կմտնի նրա թևի տակ:

Պատրաստեց՝ Հայկ Խալաթյանը