Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է այն տեղեկատվությունը, որ երկու նախկին դատախազներ Զաքարիա Օզը և Ջալալ Կարան ձերբակալությունից խուսափելու համար փախել են Հայաստան:

«Նրանք Վրաստանով փախել են Հայաստան: Իհարկե, նրանք այդտեղի ևս կփախչեն չգիտես որտեղ: Դա առանձին թեմա է: Այս պահին Թուրքիան հետևում է նրանց: Անկասկած, նրանք ձերբակալվելու են և տեղափոխվելու են Թուրքիա, որպեսզի պատասխան տան իրենց արարքների համար»,-փոխանցում է Էրդողանի խոսքերը Ermenihaber՝հղում անելով թուրքական Radikal թերթին:

Մինչ այդ Dalma News-ը հայտնել էր, որ Զաքարիա Օզը և Ջալալ Կարան զբաղվում էին խոշոր կոռուպցիոն սկանդալի հետաքննությամբ, որը տեղի է ունեցել Թուրքիայում 2013թ.-ի դեկտեմբերին, երբ կոռուպցիա, մաքսանենգության և թմրանյութերի վաճառքի մեղադրանքներով ձերբակալվել են տասնյակ մարդիկ, այդ թվում գործարարներ և որոշ նախարարների երեխաներ: Դատախաղները մեղադրվել էին ԱՄՆ-ում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի շարժմանը աջակցելու և անօրինական զինված խմբավորումների ձևավորման մեջ:

Anadolu գործակալությունը հղում անելով թուրքական Արտվին նահանգի նահանգապետ Քեմալ Ջիրիտին նշել էր դատախազների Հայաստան փախչելու մասին: ՀՀ ԱԱԾ-ը չի հաստատել Հայաստան աշխատանքից ազատված դատախազների փախուստի մասին տեղեկատվությունը: «Մենք չենք տիրապետում նմանատիպ տեղեկատվությանը»,-նշել են ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից: