«Վրացական երազանք» իշխող կոալիցիայի պառակտումից հետո և հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների շեմին, իշխող «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» քաղաքական կուսակցությունը  սկսեց ակտիվորեն պատրաստվել և կողմնորոշվեց կուսակցության նախագահի պաշտոնի թեկնածության հարցում: Այդ պաշտոնին հավակնում է գործող վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Օրերս Վրաստանի նախկին վարչապետ և իշխող կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին բաց նամակ հրապարակեց, որն ուղղված էր երկրի բնակչությանը: Նամակում նախկին վարչապետը գնահատում է կառավարության աշխատանքը վերջին 4,5 տարիների ընթացքում` հայտնելով նաև, որ չի պատրաստվում ակտիվ մասնակցություն ունենալ կայանալիք նախընտրական արշավներին և որևէ պաշտոնի հավակնություն չունի: Բացի դա` Իվանիշվիլին նշեց, որ համակրանքով է մոտենում Վրաստանի կառավարության ղեկավարին, ով, նրա խոսքերով, աչքի է ընկնում աշխատասիրությամբ և բարոյականությամբ` միևնույն ժամանակ լինելով ժամանակի պահանջներին համապատասխան ղեկավար: Այնուամենայնիվ Իվանիշվիլին կոչ արեց բոլոր ընտրողներին վերլուծել վերջին տարիների իրավիճակը և միայն դրանից հետո որոշել, թե ում կտան իրենց ձայները:

Ինչո՞ւ պետք է Վրաստանի բնակչությունը աջակցի «Վրացական երազանքին»

Իր բաց նամակում Բիձինա Իվանիշվիլին քաղաքական գնահատական է տվել 2011 թվականից սկսած իրադարձություններին: Նախկին վարչապետը հայտարարեց, որ իր պարտքն է համարում հաշվետու լինել Վրաստանի ժողովրդի առաջ՝ քաղաքական գործունեության համար:

«Չնայած ես կառավարությունում պաշտոն չունեմ, բայց այսօր ինձ վրա մեծ պատասխանատվություն եմ զգում»,- գրում է Իվանիշվիլին:

Իր նամակում Բիձինա Իվանիշվիլին խոսում է նաև «Ազգային միասնական շարժման» կառավարման տարիների մասին:

«Վրաստանը վերածվել էր մի մեծ բանտի՝ իր բանտարկյալներով ու զանցառուներով: Թաքնված տեսախցիկների ձայնագրությունները, քննությունները, սպառնալիքներն այլևս չէին զարմացնում: Կառավարությունը լիովին կառավարում էր ԶԼՄ-ների գործունեությունը: Մարդկանց, որոնք համարձակվում էին քննադատություն հնչեցնել կառավարության հասցեին, ազատում էին պաշտոնից, զրկում ունեցվածքից, ձերբակալում, նետում բանտերը, որտեղ տիրում էր բռնություն, կամ էլ պարզապես սպանում էին»,- ասում է Իվանիշվիլին:

Նրա կարծիքով ողջ իշխանությունն այդ ժամանակ հիմնված էր կաշառակերության, դավաճանության և բռնությունների վրա: Իվանիշվիլիի խոսքերի համաձայն՝ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կառավարման ոճը ամբողջովին հակաեվրոպական էր, և տանում էր դեպի ստրկացման քաղաքականության: Հենց այդ կեղծ ժողովրդավարությունն էր նպաստում հասարակության մեջ հակաարևմտյան և հակալիբերալ տրամադրությունների ստեղծմանը, որոնք, նախկին վարչապետի խոսքերով, շատ վտանգավոր են Վրաստանի համար:

Ի՞նչն ստիպեց Իվանիշվիլիին մտնել քաղաքականության մեջ

Ինչպես ասում է ինքը՝ Բիձինա Իվանիշվիլին, 2011 թվականին վրացական քաղաքական դաշտում տիրում էր լիակատար խառնաշփոթ: Առանց առաջնորդ մնացած ժողովուրդը սարսափ էր զգում և ընդդիմադիրների ձայներն էլ լռել էին: Հենց այդ ժամանակ էլ Իվանիշվիլին որոշեց երկիրը հանել այդ արատավոր շրջանակից:

Իմ առջև բարդ ընտրություն էր. Կամ համակերպվել, որ իմ ժողովուրդը դեռ մի քանի տասնամյակ էլ կապրի այդ սարսափի մեջ, և այդ ամենի վրա ձեռք թափ տալով լքել Վրաստանն ու մեկնել արտասահման, կամ էլ մնալ հայրենիքում ու պայքարել մինչև վերջ:

Իրադարձությունների հետագա ընթացքը հայտնի է:

Բացի այդ՝ իր նամակում Բիձինա Իվանիշվիլին, խոսելով սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին, հույս հայտնեց, որ դրանք կանցնեն ժողովրդավարական սկզբունքներով ՝ համաշխարհային ստանդարտներին համապատասխան:

«Չնայած տիրող ծայրահեղ հարաբերություններին, իշխանությունները  կայացրեցին միակ ճիշտ որոշումը, և այսօր դատարանը կառավարության կողմից ոչ մի ճնշման չի ենթարկվում: Դատավորներից ոմանց գուցե դա դուր չի գալիս, սակայն դրա իմաստն այն է, որ դատական համակարգը անկախ լինի: Շարքային քաղաքացիները հնարավորություն  ստացան  օրինական ճանապարհով հասնել արդարության: Այլ խոսքերով՝ դատապաշտպանների գործունեությունը իմաստավորվել է:

Մենք ապաքաղաքականացրել ենք ոստիկանությունը, և այլևս ոչ-ոք այն չի կարող օգտագործել որպես միջոց՝ քաղաքական հակառակորդների հետ կոնֆլիկտ լուծելու, կամ քաղաքացիներին սպառնալու համար: Պետական անվտանգության ծառայությունը  հեռու է մնացել Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից:

Պետական կառավարումից բոլորովին ազատ են նաև լրատվամիջոցները: Երկրում նախկինում երբեք այդքան հեռուստաընկերություն չի եղել: Բացի դրանից՝ առաջին անգամ Վրաստանի անկախ պատմության մեջ կառավարությունը չունի իր սեփական հեռուստաալիքը,»- գրում է Վրաստանի նախկին վարչապետը:

Իվանիշվիլիի խոսքերով՝ այսօրվա Վրաստանում այլևս գոյություն չունի «Դոմոկլյան սուրը», որը սպառնում էր բիզնեսին: Նոր կառավարության առաջնահերթությունը դարձավ տնտեսական աճի ապահովումը, իսկ ֆերմերներին տրվելու է երկարաժամկետ ու առանց տոկոս վարկեր՝ խոշոր եղջերավոր անասունների հոտ, սերմեր, տնկիներ, վառելիք ու պարարտանյութեր ձեռք բերելու համար:

Այդ ծրագրի շրջանակներում ֆինանսական օգնություն ստացավ  ավելի քան 26 հազար բիզնես-ծրագիր: Գյուղատնտեսական ոլորտում իրականացվող միջոցառումների արդյունքում ոռոգվող տարածությունների մակերեսն ավելացավ 133 %-ով: Գյուղատնտեսությունում ներդրումների ընդհանուր ծավալը կազմեց 1 մլրդ. լարի (մոտ 500 մլն. $):

Իր նամակով Իվանիշվիլին նաև երկրի էներգետիկ ոլորտում կատարված ներդրումների ցուցանիշներ է նշում: Նրա խոսքերով՝ 2013-2015 թթ. այս ոլորտ ներդրվել է 2,506 մլրդ. $, որն անհամեմատ բարձրացրել է էներգետիկ հզորությունը: Բերված տվյալների համաձայն՝ շահագործման է հանձնվել 14 ՀԷԿ և 1 ՋԷԿ, որի վրա ծախսվել է 523 մլն. $, իսկ մոտ ապագայում կաշխատի էլի 6 ՀԷԿ: Բացի դրանից՝ սկսվել է մի նոր ՀԷԿ-ի շինարարություն, որի ներդրումային արժեքը կազմում է 1 մլրդ. $:

«Ստորագրվել է էներգիայի վերականգնման 104 ծրագրի հուշագիր, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 2800 Մվտ, իսկ ներդրումային արժեքը կազմում է 6 մլրդ. $»,- ասել է վարչապետը:

Իր նամակում Իվանիշվիլին շոշափում է նաև ենթակառուցվածքների զարգացման թեման: Նրա կարծիքով դրանց շինարարությունը զգալիորեն զարգացել է: Ավտոճանապարհների շինարարությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է 2,5 անգամ, և դա, ինչպես նշեց նախկին վարչապետը, բոլոր տարածաշրջաններում տիրող տնտեսական ճգնաժամի պայմաններում: Նման վատ տնտեսական պայմանների բացակայության դեպքում կարելի էր հասնել ավելիին:

2004-2012 թթ. Վրաստանն իր տնտեսական աճով Հայաստանի, Բելոռուսիայի և Ադրբեջանի հետ համեմատած՝ առաջատար չէր: Իսկ 2013-2015 թթ. Վրաստանում նկատվել է տնտեսական աճ՝ վերը նշված երկրների համեմատությամբ:

«Ավարտին է հասնում Տեխնոլոգիական համալսարանի ստեղծման ծրագրի վերջնական փուլը: Մի քանի օր առաջ Վրաստան են այցելել աշխարհի լավագույն գիտնականներ, որոնք այցելեցին ապագա բարձրտեխնոլոգիական գիտական կենտրոնի շինհրապարակ, իսկ սեպտեմբերին պլանավորվում է համալսարանային կոմպլեքսի շինարարություն՝ Քութայիսիում»,- ասում է Բիձինա Իվանիշվիլին:

Իր նամակում նախկին վարչապետը շոշափում է նաև ներքաղաքական կյանքը, ասելով, որ Վրաստանի արևմտամետ ուղղվածությունը չի նշանակում իր հարևանների շահերի անտեսում: Նրա կարծիքով, անհրաժեշտ է բոլոր հարևան երկրների հետ բարեկամական կապերի վերականգնման ռազմավարություն մշակել:

«Վրացական երազանքի» գլխավոր հանձնարարականը արտաքին քաղաքականության մեջ կմնա Ռուսաստանի դաշնության հետ հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև համագործակցական խորը հարաբերությունները Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի հետ:

Վրաստանը պլանավորում է խորացված համագործակցություն Իրանի իսլամական հանրապետության հետ և ակտիվ մասնակցություն ցուցաբերել Մետաքսի ճանապարհով տնտեսական մեծ գոտու ստեղծման ծրագրում, որն իր տնտեսական ու քաղաքական պոտենցիալով ամենամեծն է ներկայումս:

Մի քանի օր առաջ ստորագրվել է համաձայնագիր, որի համաձայն Գերմանիան կապ կհաստատի Չինաստանի հետ՝ Վրաստանի տարածքով անցնող երկաթգծային ճանապարհի ստեղծման համար: Դրանով նաև մեծանում են երկրի աշխարհաքաղաքական ու տնտեսական ֆունկցիաները, որը հիմա որպես միջանցք կծառայի նաև Արևմուտքի ու Արևելքի միջև:

Չնայած նրան, որ Վրաստանում տնտեսության զարգացումը ետ է մնում եվրոպական երկրների տնտեսական զարգացումից՝ 6 անգամ, Իվանիշվիլիի խոսքերով՝ 10-15 տարի անց այդ ցուցանիշները կհավասարվեն:

«Այդ պատճառով կողմնորոշման համար ես ընտրել եմ 2030 թվականը, և դրա համար էլ ստեղծել եմ «2030 թվականի հասարակությունը» կազմակերպությունը: Այդ ժամանակ Վրաստանը կմտնի զարգացած երկրների ցանկ: Երբ մենք հաղթահարենք այդ բոլոր դժվարությունները, Վրաստանում կտիրի «Ոսկե դարը» և մեր երկիրը բոլորին կգայթակղի իր  գեղեցկությամբ ու տաղանդավոր անձանցով»,- կանխատեսում է Իվանիշվիլին:

Նախկին վարչապետը նաև նշում է, որ երկրների միավորման առաջխաղացումները լուրջ են դառնում միայն ուժեղ տնտեսություն ունեցող բարձր զարգացած երկրների համար, որն առաջին հերթին կգայթակղի աբխազական ու օսեթական եղբայրությանը:

Իվանիշվիլիի գնահատականով 2012 թ. վրաց հասարակությունը ճիշտ ընտրություն է կատարել, որի արդյունքում ժողովուրդը վերականգնել է իր ազատությունը: Ընտրություններից առաջ Իվանիշվիլին պլանավորում է այցեր՝ դեպի շրջաններ ու ելույթներ՝ հեռուստատեսությամբ՝ խոստանալով պատասխանել լրագրողների բոլոր արդիական հարցերին:

Քաղաքագետների ռեակցիան՝ ուղղված Իվանիշվիլիի նամակին

Մեկնաբանելով երկրում Բիձինա Իվանիշվիլիի նամակի քննարկումներին, երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նշեց, որ ամենագլխավոր եզրակացությունը, որ կարելի է անել այն է, որ «Վրաստանը ճիշտ ուղղություն է վերցրել և վերջին տարիների արդյունքները դրա վառ ապացույցն են»:

«Նման նամակներն անհրաժեշտ են, քանի որ գործընթացների վերլուծությունն ու դրանում նշված արդյունքները ընթերցողին հնարավորություն են տալիս պատկերացնել իրական վիճակը, երազել այն ամենի մասին, ինչը 4 տարի առաջ  անիրականանալի էր: «Ազգայինների» դեմ կատարված ընտրությունը, որը վրաց ժողովուրդն արեց 2012 թ. կարդարացվի և 2016 թ.»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Նախկին Հանրային պաշտպան, իսկ ներկայումս Վրաստանում փախստականների և բնակեցման հարցերով զբաղվող նախարար Սոզար Սուբարին Իվանիշվիլիի նամակը դիտարկել է որպես կարևոր հղում՝ հոկտեմբերյան ընտրությունների նախաշեմին, քանի որ նրա կարծիքով, նրանում տրված է այն մարդու գնահատականը, որը վերջին տարիներին հանդիսացել է երկրի քաղաքական իրավիճակի կառուցողը:

Խորհրդարանի փոխխոսնակ և իշխող թիմի անդամ Մանանա Կոբախիձեին Իվանիշվիլիի նամակը հիշեցրել է հայտնի վրաց գրող և հասարակական գործիչ Իլյա Չավչավաձեի, որին Վրաստանում անվանում են «ազգի հայր», ժողովրդին ուղղված հրապարակախոսական ուղղերձը:

Սակայն վերջում փոխխոսնակը հայտարարել է, որ նման համեմատությունը կարող է Իվանիշվիլիին դուր չգալ, դրա համար էլ Կոբախիձեն գերադասեց հետևող մեկնաբանություններից զերծ մնալ, հավելելով միայն, որ երկրի համար Բիձինա Իվանիշվիլին արել է ավելին, քան որևէ այլ բարերար:

Ամփոփելով «Վրացական երազանք» կուսակցության անդամների հայտարարությունները, կարելի է նշել, որ խորհրդարանական մեծամասնությունը գոհ է իրենց կուսակցության հիմնադրի տված գնահատականներից ու եզրակացություններից, ի տարբերություն ընդդիմության, որը նամակը համարում է իրականության հետ կապ չունեցող:

Փորձագիտական գնահատական

Վրաց փորձագետ Ռամազ Սակվարելիձեն հաստատում է, որ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին  մինչև այժմ էլ համարվում է ամենակարևոր կերպարներից մեկը Վրաստանի քաղաքական կյանքում: Չնայած այդ փաստին՝ նա որպես փորձագետ շարունակելու է քննադատել «Վրացական երազանքին»:

«Ընտրողները Իվանիշվիլիից պահանջում էին «Վրացական երազանքի» կողմից կատարված սխալների պատասխանը, և բնականաբար նա պետք է այդ վրիպակներն ուղղի, այդ պատճառով նախկին վարչապետը պետք է հասարակության կարծիքը լսելու հմտություններ զարգացնի, որն իհարկե նրան ապագայում անպայման պետք կգա: Դա նույնն է, ինչ-որ անձամբ գրես ապագայում քեզ սպասվող հիվանդության կանխման դեղատոմսը»,- գտնում է Սակվարելիձեն:

Հ.Գ. Ամփոփելով վերը նշվածը, կարելի է ենթադրել, որ այսպես թե այնպես այսօր Իվանիշվիլին «Վրացական երազանք»-ի համար անփոխարինելի առաջնորդ է և ֆինանսների անվերջ աղբյուր: Այն դեպքում, երբ «Ազգային միասնական շարժումը» հավերժական թշնամի է: Մի բան պարզ է՝ լիակատար ապաքինման համար Վրաստանի քաղաքական կյանքը նոր փուլ պետք է մտնի, որոնց համար էլ հիմք կծառայեն սպասվող խորհրդարանական ընտրությունները:

Շորենա Պապաշվիլի` հատուկ Dalma News-ի համար