Օգոստոսի 4-ին Հյուսիսային Պողոտան վերածվել էր միջազգային տոնի պողոտայի: Նույնիսկ ամպամած եղանակը չխանգարեց հյուրերին վայելել գունեղությունը, արդեն ավանդական դարձած YerevanTarazFest 2018 ազգային զգեստի չորրորդ փառատոնը: Տվյալ փառատոնն անցկացվում է մայրաքաղաքի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի շրջանակներում, որի նպատակն է Հայաստանում ժամանցային զբոսաշրջության զարգացումը:

Փառատոնի շրջանակներում ներկայացվեցին Հայաստանի և այլ երկրների ազգային զգեստները և զարդերը: Յուրաքանչյուր ցանկացող կարող էր վայելել այնպիսի երկրների ազգային երգերը և պարերը, ինչպիսին են Ռուսաստանը, Ուկրայինան, Լեհաստանը, Գերմանիան, Հնդկաստանը, Ղազախստանը, Իսրայելը, Քուվեյթը և իհարկե Հայաստանը, փորձել փառատոնին ներկայացված զգեստները, լուսանկարվել դրանցով: Կազմակերպիչների խոսքերով, նման միջոցառումներ անհրաժեշտ են, քանի որ դրանք միանշանակ նպաստում են երկրում զբոսաշրջության զարգացմանը:

Փառատոնը սկսվեց տոնավաճառից, ազգային վարպետների մասնակցությամբ, ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան արտադրանքի ներկայացուցիչներից։

Սա բազմակողմանի փառատոն է, որտեղ կարելի է նորը իմանալ այս կամ այն երկրի մշակույթի մասին, ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ, տեսնել, թե ինչպես է «Տարազ»-ը կիրառվում ներկա ժամանակներում, ինչպես են մասնագետները դրան նոր կյանք տալիս, ինչպես են դիզայներները կիրառում Տարազը իրենց աշխատանքներում, ցանկություն են հայտնում կրել ազգային զգեստները կամ զարդերը:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում այսօր նույնիսկ նորաձև է դարձել հարսանիքների ժամանակ Տարազով հանդես գալ: Պատմության թանգարանը ներկայացրել էր հարսնացուի տարազ: Փառատոնին ֆոտոյի երկու արհեստանոց կար, որտեղ հնարավոր էր լուսանկարվել ազգային զգեստով և տանել այդ առանձնահատուկ միջոցառումից մի մասնիկ։

«Այսօր, այս փառատոնին յուրաքանչյուրը ներկայացնում է իր երկիրը, իր մշակույթը: Հայաստանում մենք ունենք ուկրայինական շատ լավ սփյուռք։ Մենք հաճախ ենք մշակութային միջոցառումներ անցկացնում, որոնք միավորում են մարդկանց: Ես կարծում եմ, որ Հյուսիսային Պողոտան՝ ընկերության պողոտա է։ Իզուր չէ, որ այս փառատոնն անց է կացվում հենց այստեղ»,- կիսվում է Լարիսա Սարգսյան-Կորենյուկը՝ Հայաստանում ուկրաինական սփյուռքի ներկայացուցչուհին:

Հատկանշական է, որ մենք կարողացանք ոչ միայն տեսնել ժողովրդական ատրիբուտիկան, այլև փորձեցինք ազգային ուտեստներ: Օրինակ, Ռուսաստանի ներկայացուցիչները հյուրերին թեյ էին հյուրասիրում մուրաբայով և օղաբլիթներով, Ուկրայինայի ներկայացուցիչները՝ ճարպ, իսկ Իսրայելի հյուրերը իսրայելական ազգային ուտեստներ ներկայացրեցին. երկու տեսակի կրեպլախիներ հատուկ սոուսով (որի գաղտնիքը չբացահայտվեց), հրեական քաղցրավենիք, որը կոչվում է «Ուշի Ամանա» երկու տարբեր եղանակներով՝ կիտրոնով ու խնձորով, պիստակով ու շոկոլադով։

«Վերջերս մենք բացեցինք առաջին հրեական ռեստորանը Հայաստանում («Սիոն»): Մենք ունենք բազմաթիվ հրեական դասական ուտեստներ և հատուկ բաղադրատոմսերով պատրաստված ուտեստներ, որոնք ուղարկվել են Մոսկվայի հրեական ռեստորանից: Այդ ռեստորանը նպաստում է Իսրայելից ժամանած զբոսաշրջիկների հարմարավետ հանգստին: Եվ միաժամանակ նույնիսկ տեղացիներին է հետաքրքիր լինել նման ռեստորանում, փորձել որևէ նոր բան, ուտելու համար թույլատրված սնունդ, և գներն էլ բավականին մատչելի են»,- պատմեց իսրայելական պատվիրակության ներկայացուցիչ Գևորգ Խոտիկյանը:

Այսօր ևս շատ պահանջված են ձեռագործ իրերը. թևնոցներ, վզնոցներ, մատանիներ, պայուսակներ, ժամացույցներ և այլն: Սակայն քչերը գիտեն, որ Երևանում մի մարդ է ապրում, ով ձեռքով շարժական նկարներով բացիկներ է պատրաստում, որոնցից մի քանիսը նմանակներ չունեն աշխարհում: Այդպես կարելի է բացել բացիկը և տեսնել, օրինակ, թե ինչպես է թռչում ճայը:

«Սա տեխնոլոգիայի երկարատև մշակման արդյունք է: Տեխնոլոգիական շարքը բաղկացած է տարբեր հարմարանքներց, որոնք հեշտացնում են աշխատանքը, և տեխնոլոգիական գաղտնիքները. բոլորը տեսնում են, սակայն չեն կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս: Որպեսզի այդպիսի մի բացիկ պատրաստեմ, ինձ անհրաժեշտ է 20-30 րոպե, մինչդեռ ինտերնետում դրանք պատրաստվում են 3 ժամում: Դրանք սկսեցին վաճառքի հանվել մեկ տարի առաջ»,- ասում է «Magicprint» տպագրական ընկերության հիմնադիր Միխայիլ Արտյոմովիչը, ով Երևանում հայտնի է Դյադյա Միշա բրենդով:

Փառատոնի եզրափակիչ ակորդը դարձավ նորաձևության անհատական ցուցադրությունը և դիզայներական հավաքածուների դեֆիլեն, որը պարունակում էր մանրանկարչական արվեստի և Տարազի տարրեր՝ «Տերյան» մշակութային կենտրոնի և անհատական դիզայներների մասնակցությամբ:

 

Մարիանա Հակոբյան

Illustration: official Facebook page of Yerevan municipality