Վրացական քաղաքական կյանքի գունեղ ներկապնակը հարստացել է ևս մի երանգով` ուսանողական բողոքի ակցիաներով`դասադուլներով և հացադուլներով:
Այն, որ ուսանողությունը իր անհատնում էներգիայի, կենսափորձի բացակայության և պատանեկան մաքսիմալիզմի շնորհիվ հանդիսանում է ամենապայթյունավտանգ և շուտ բռնկվող մասսան` վաղուց է հայտնի: Բավական է հիշել 1968թ-ի գարնանային Փարիզը, երբ ուսանողական ցույցերը գրեթե հեղափոխության էին հասել: Երիտասարդները միշտ էլ հեշտ են արձագանքում քաղաքական իրավիճակներին և, ցավոք, հենց կենսափորձի բացակայությունն է պատճառը, որ հեշտությամբ դառնում են քաղաքական խարդավանքների օբյեկտ: Հավանաբար աշխարհը երբեք չի մոռանա հունվեյբիններին և կարմիր քմերներին` երիտասարդ տղաների և աղջիկների, ովքեր արյուն են թափել:
Վրաստանի համար ուսանողական բողոքի հոսանքները նորություն չեն: 1977թ-ին ԽՍՀՄ նոր Սահմանադրության ընդունման ժամանակ հենց ուսանողներն էին, ովքեր դասախոների հետ միասին պահանջեցին վրացերենին պետական լեզվի կարգավիճակ տալ: 1988թ-ի աշնանը և 1989թ-ի գարնանը ուսանողները մասսայական ակցիաներ էին անցկացնում Ռուստավելիի պողոտայի վրա և այդպիսով հետագա քաղաքական զարգացումների վրա մեծ ազդեցություն ունեցան:
Եղել են նաև կուրիոզային բնույթի ուսանողական ակցիաներ: Այդպես 2000թ-ին կայացավ ուսանողական ցույց, որով նրանք պահանջում էի միլենիումի կապակցությամբ չեղյալ հայտարարել բոլոր քննությունները և ստուգարքները: Այս իրավիճակի աբսուրդայինությունը և զավեշտալիությունը կարելի է համեմատել միայն հղի կանանց ցույցի հետ, ովքեր պահանջում էին չեղարկել ծննդաբերությունը, դրա ժամանակ հնարավոր վատ զգացողությունների պատճառով:
Սակայն ուսանողությունը միշտ էլ ավելի լուրջ քայլերի է ընդունակ եղել և առաջատարը միշտ հանդիսացել է պետական համալսարանը: Ինչպես հայտնի է` «գունավոր հեղափոխության» սցենարը տարբեր երկրներում միշտ ենթադրել է երիտասարդական մարտական թևի ստեղծում, ինչը գոյություն է ունեցել տարբեր երկրներում տարբեր անվանումներով` «Հակահարված», «Ժամանակն է» և այլ: Վրաստանում նմանատիպ կազմակերպությունը ստացավ «Կմարան» անվանումը: Այդ երիտասարդական կազմակերպությունները կարող էին շատ հանգիստ հաշվի չառնել օրենքը, անել իրենց գործը առանց խնդիրներ ստեղծելու «գունավոր հեղափոխության» իսկական կազմակերպիչների համար:
Միխայիլ Սահակաշվիլիի «Ազգային միասնական շարժման» կողմից իշխանության գրավումից հետո կմարականների այդ «հիտլերյուգենդը» անխոչնդոտ մտնում էին նախարարների աշխատասենյակներ և դուրս շպրտում նրանց այնտեղից: Թեև այդպիսով խաթարվում էին դեմոկրատիայի սկզբունքներրը, բայցևայնպես ինչ կարող էին պահանջել երիտասարդներից, ովքեր իրենց գործն անելուց հետո պետք է լուռ անհետանային: Այդ ժամանակ ՆԳՆ նախարարը լքեց իր աշխատասենյակն առաջին իսկ պահանջով, բայց երբ «Կմարանի» ներկայացուցիչները նույն խահանջով մտան Թբիլիսիի Պետական համալսարան` ռեկտորի աշխատասենյակ, ապա հանդիպեցին ուսանողների հակահարվածին և նահանջեցին երկար ժամանակով: Հենց ԹՊՀ-ն դարձավ «վարդերի հեղափոխության» այն կետը, որտեղ պետք է կոտրվեին բոլոր փշերը:
Եվ ահա բուհը նորից անհանգիստ է: Ջավախաշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում երկարատև հուզումները վերջապես հանգեցրին ռեկտոր Լադո Պապավայի հրաժարականին և ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունների: Այդ պաշտոնը զբաղեցրեց Դարեժան Տվալտվաձեն: Լադո Պապավան հայտարարեց, որ չի պատարաստվում հրաժարական տալ: Ի նշան աջակցության դասախոսական կազմի մի մասը հացադուլ հայտարարեց: Արդեն նախկին ռեկտորը գտնում է, որ երկրում այնպիսի իրավիճակ է, երբ հնարավոր չէ հասկանալ, թե ով է իշխանության գլխին` «Վրացական երազանքը», թե՞ «Ազգային շարժումը»:
Կատարվածը հանդիսանում է վնասակար քաղաքական կոաբիտացիա, երբ նրանք, ովքեր պետք է իրենց արարքների համար խիստ պատժի արժանանային, շարունակում են նստել իրենց հարմարավետ տեղերում կառավարական կառույցներում և հենց սրանով են բացատրվում «Վրացական երազանքի» շատ անհաջողություններ:
«Այո, ԹՊՀ-ի ցույցը կառավարում են այն ուժերը, որոնք մինչ օրս նստած են կառավարական կառույցներում, սակայն դա այն տեղեկատվությունն է, որը ես դեռևս չեմ ցանկանում բարձրաձայնել: Կգա ժամանակը, և ես ամեն ինչ կասեմ: 2013թ-ին համալսարանում պատմական նշանակության ընտրություններ կայացան: Թեև այն ժամանակ նախագահը դեռ Սահակաշվիլին էր, բայց որոշ ենթակառույցներ արդեն չէին ենթարկվում նրան: Միևույն ժամանակ «Վրացական երազանքում» բոլորը էյֆորիայի մեջ էին, իսկ ավելի ցածր նստած մարմինները նոր տերեր էին փնտրում և չէին կարողանում ազդել գործընթացների վրա»,- հայտնեց Լադո Պապավան:
Նա իրեն համեմատեց ԹՊՀ-ի լեգենդար ռեկտորներ Պետրե Մելիկիշվիլիի և Իվանե Ջավախաշվիլիի հետ, քանի որ միայն իրենք են ընտրվել, որպես ռեկտոր և ինքնուրույն են գործել` չենթարկվելով կողմնակի ազդեցություններին:
Մնացած 25 ռեկտորները իրենց պաշտոններին նշանակվել են նախապես և միայն հետո ֆոռմալ կերպով ընտրվել և գործել են տվյալ ժամանակաշրջանում իշխող քաղաքական ուժերի օգտին:
Ռեկտոր Պապավայի կոնֆլիկտը իշխանությունների հետ սկսեց գազալցակայանի դեմ իր պայքարից: Վերջինիս տերը տնտեսական նախարարություններից և քաղաքապետարանից համալսարանի տարածքում գազալցսկայան կառուցելու իրավունք էր ստացել: Այդ բիզնեսը լուրջ աջակցություն էր ստանում: Բայց շինարարության դեմ հանդես եկան ուսանողները և դադարեցրին այն:
Ճնշման հերթական փորձը կատարվեց կանցլեր ընտրելու ժամանակ, երբ ուժային կառույցները, ըստ Պապավայի, սկսեցին կեղտոտ խաղ խաղալ:
Ուսանողական բողոքների հիմքում կանգնեց մի խումբ, որն իրեն անվանեց «Լսարան 115»: Ուսանողական ցույցը բերեց համալսարանի որոշ կորպուսներում դասերի դադարեցման: Երիտասարդները այսպես ձևակերպեցին իրենց պահանջները` նրանք պահանջում էին ուսանողներին հանձնել ներկայացուցչական գործառույթները, ովքեր կընտրվեն ակադեմիական խորհրդի կազմի մեջ ուղիղ ճանապարհով: Ուսանողները պահանջում են անհապաղ փոխել ռեկտոր և ակադեմիական խորհուրդ ընտրելու ընթացակարգը: «Լսարան 115»-ի պահանջներից մեկը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումն էր, որի ընթացքում կառավարության ղեկավարից սպասվում էին կոնկրետ պատասխաններ կոնկրետ առաջադրված հարցերին: Պատրա՞ստ է արդյոք իշխող կոալիցիան անհապաղ իրականացնել նշված փոփոխությունները, կիրկանացվե՞ն արդյոք բարեփոխումներ գիտության և կրթության ոլորտում` համաձայն 2013թ-ին ընդունված ձևաչափի, ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում համալսարաններում կրթության որակի բարձրացման համար և կավելանա՞ ֆինանսավորումը, թե ոչ: «Լսարան 115»-ի կողմից բարձրացված հարցերից մեկը վերաբերվում էր Ակտիվ պահեստազորի սպաների ներդրմանը համալսարաններում: Դրանք գաղտնի գործակալներ են, ովքեր աշխատում են տարատեսակ կազմակերպություններում` անվտանգության ապահովման համար: Ուսանողները կտրականապես դեմ են և պահանջեցին լիկվիդացնել նման կառույցների աշխատանքները կրթական հաստատություններում: Նրանք նաև հայտարարեցին, որ իրենց ընտանիքների անդամները ճնշման են ենթարկվում ուժային կառույցների կողմից, ովքեր սպառնում են ձերբակալություններով, աշխատանքից հեռացնելով, եթե ուսանողները չդադարեն պայքարը հատուկ գործակալության դեմ:
Վարչապետը արձագանքեց ուսանողների կոչերին: Նա անձամբ եկավ ԹՊՀ-ի շենք` ուսանողների հետ հանդիպման: Ծանոթացավ նրանց պահանջներին, համաձայնեց նրանց հետ և պատրաստակամություն հայտնեց համագործակցելու «Լսարան 115»-ի հետ: Կվիրիկաշվիլին աշխատանքային խումբ ստեղծեց, որը պետք է զբաղվի այս հարցերով: Իր կողմից վարչապետը ուսանողներին խնդրեց դադարեցնել բողոքի ակցիաները, քանի որ դասապարապումների խափանումը անթույլատրելի է:
Համալսարանում դասերը վերականգնվել են, իսկ թե ինչ կկատարվի միչև աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները, դժվար է կանխորոշել: Բայց մի բան հաստատ է` հասարակության մեջ ցանկացած բողոքի հոսանքներ բացասաբար են խոսում գործող իշխանության մասին, ինչը վերջինս պետք է հաշվի առնի:
Իրակլի Չխեիձե` հատուկ Dalma News-ի համար: