Միջոցառումների շարքը, որը հայտնի է «շաբաթօրյակ» անվամբ և կոչված է սիրելի քաղաքի բարեկարգմանը, ասոցացվում է ձանձրալի, ստիպողական և ընդհանուր առմամբ ոչ հաճելի գործողությունների հետ: Այս պատկերացումը գալիս է դեռ դպրոցական տարիքից: Այդպես է ձևավորվել պատմականորեն, քանի որ մեր ազգը, որը հայտնի է սեփական տան մաքրության նկատմամբ հիվանդագին ուշադրությամբ, այնքան էլ հետևողական չէ, թե ինչպիսին է իրավիճակը իրենց տաքուկ տան պատերից դուրս: Անկեղծ ասած` նման խտրականությունն անհասկանալի է, բայց մենք ունենք այն, ինչ ունենք և… եկեք տխուր բաներից չխոսենք…

Գրեթե ոչ ոք չի համարել և չի համարում շաբաթօրյակը ընտանեկան հանգստի այլընտրանք, որը կարելի է հետաքրքիր կազմակերպել բնության գրկում` համատեղելով օգտակարը հաճելիի հետ: Բայց ժամանակն առաջ է գնում և ինչ-որ բաներ, ի ուրախություն մեզ, այնուամենայնիվ փոխվում են: Շրջակա միջավայրի և բնության մաքրության և խնամքի մասին սկսում են մտածել շարքային քաղաքացիները: Ճիշտ կլինի ասել ոչ թե շարքային, այլ նրանց միջի էնտուզիաստները: Նրանք, ում հոգնեցրել է անխնամ բակերի, մանկական այգիների, պողոտաների և մայթերի տեսքը: Նրանք մարդիկ են, ովքեր գտնում են, որ քաղաքի մաքրությունը ոչ միայն քաղաքապետարանի գործն է, այլև յուրաքանչյուրինը, ով ապրում է այս քաղաքում: Նրանք ինքնուրույն են լուծում բակերի աղտոտվածության և աղբի հարցերը:

Այդպես` ապրիլի 30-ի վաղ առավոտյան Համահայկական շաբաթօրյակի շրջանակներում, Երևանի բնակիչների նախաձեռնող խումբը դուրս եկավ քաղաքի փողոցներ, որպեսզի ազատի Երևանը քաղաքի տեսքը փչացնող տարատեսակ աղբից: «Համահայկական շաբաթօրյակ անցկացնելու գաղափարը սոցիալական կայքերից մեկում հայտնեց Վլադիմիր Ղուլյանը: Ես նկատեցի նրա հեղինակած ցուցանակը (որը հետագայում դարձավ միջոցառման գլխավոր նկար), կապվեցի նրա հետ, քանի որ ինքս պատրաստվում էի այս թեմայով առանձին գրառում կատարել: Քիչ ժամանակ անց մեր խոսքը գործ դարձավ: Ի դեպ, նախքան միջոցառումը ես և Վադիմը ծանոթ չենք եղել»,- մեզ հետ զրույցում պատմեց շաբաթօրյա ակցիայի ակզմակերպիչներից մեկը` Հայկ Զալիբեկյանը:

6

«Կարելի է ապրել` ես չեմ գցել այս դատարկ շիշը, ով գցել է, թող նա էլ հավաքի» կարգախոսով, բայց չէ որ այդ ողջ քաոսի մեջ ապրում ենք մենք բոլորս: Նա, ով աղբը թափում է աղբանի կողքին, հավանաբար չի էլ նկատում, բայց մենք ստիպված ենք հանդուրժել դա և դրա հետևանքները: Միայն մի տարբերակ կա աղբից ազատվելու համար` հավաքել այն սեփական ձեռքերով: Մաքրել գոնե սեփական բակը, սեփական շքամուտքի տարածքը: Մեր տունը չի սահմանափակվում բնակարանի շեմքով: Մերն է նաև այն, ինչ մեր տան պատերից դուրս է»,- գրում է շաբաթօրյակի նախաձեռնողներից մեկը` Հայկ Զալիբեկյանը ֆեյսբուքյան իր իջում:

Ըստ նախնական պայմանավորվածության Համահայկական շաբաթօրյակի յուրաքանչյուր մասնակից ինքը պետք է ընտրեր այն տարածքը, որը պատրաստվում էր մաքրել, ինչպես նաև կատարվելիք աշխատանքի ծավալները: Կարող էին միանալ ինչպես արդեն կազմակերպված և որոշված տեղանքի մաքրմանը, այնպես էլ պարզապես մաքրել սեփական բակը:

«Մենք չենք կարծում, որ սա օտարի պարտքն է: Մենք գտնում ենք, որ մեր հողի կարգուկանոնով զբաղվելը մեր գործն է: Մենք շատ գեղեցիկ երկիր ունենք և ուզում ենք այն մեր երեխաներին և հյուրերին ցույց տալ հիանալի տեսքով` խոտով և ծաղիկներով ծածկված: Մենք ուզում ենք մեր ընկրների և հարևանների համար օրինակ լինել: Ուզում ենք ցույց տալ քաղաքապետարանի ծառայություններին և մաքրման աշխատանքներով զբաղվող կազմակերպություններին, թե ինչպիսի արդյունք ենք ակնկալում իրենց մասնագիտական աշխատանքից»,- այսպես նշեցին իրենց նպատակները Համահայկական շաբաթօրյակի կազմակերպիչները, – «Բացի օգուտը մենք նաև ուզում ենք ցույց տալ, որ քաղաքի մաքրությունը ոչ միայն քաղաքապետարանի և կոմունալ ծառայությունների գործն է, այլև յուրաքանչյուրինս` դա մեզ համար շատ կարևոր է: Մենք կարծում ենք, որ շաբաթօրյակը նաև լավ միջոց է փոքրերին (ինչու ոչ` նաև մեծերին) ճիշտ վերաբերմունք սովորեցնել շրջակա միջավայրի նկատմամբ»:

Քաղաքացիական նախաձեռնությունը և պատասխանատվությունը, դա իհարկե հրաշալի է, բայց որտե՞ղ են քաղաքային կառույցները` ի դեմս քաղաքապետարանի: Չէ որ քաղաքի փողցների մաքրությունը և կարգուկանոնը պահպանելը նրա պարտականությունն է, որի համար մենք` հասարակ հարկատուներս, նույնպես գումար ենք տալիս: «Մեր օրերի հերոսները», հավանաբար, նույնպես մտածեցին ճիշտ այսպես և դիմեցին հարգարժան քաղաքային ադմինիստրացիային: Ինչպես Հայկ Զալիբեկյանն է պատմում, իսկզբանե քղաքապետարանը օգնության պատրաստակամություն հայտնեց` խոստանալով օգնել աղբի տեղահանման և անհրաժեշտ աշխատանքային գործիքներ տրամադրելով: Սակայն փաստացի մեր հերոսներին օգնություն հասավ միայն խոսքով և հինգ փոցխով: Միգուցե մինչև հիմա քաղաքապետարանը Երևանի մաքրության հարցերը այդ հինգ փոցխով է լուծել: Այդ դեպքում կեցցեն քաղաքային կառույցի աշխատակիցները, որ նման սուղ միջոցներով մի ողջ քաղաքի կարգուկանոն են ապահովում: Իսկ եթե ավելի լուրջ` «Մի քիչ վիրավորական է, քանի որ եթե նրանք իրենց «հնարավորությունների» մասին հայտնեին նախքան շաբաթօրյակը, մենք կարող էինք ժամանակին գործիքներ ձեռք բերել` սեփական միջոցներով: Իսկ հետո կնվիրեինք քաղաքապետարանին»,- կատակում է Հայկը և ավելացնում, որ ամեն ինչ հարթվեց և քաղաքային անբարեխիղճ պաշտոնյաների անտարբերույթունը ոչ մի կերպ չանդրադարձավ աշխատանքի որակի վրա: «Օրինակ Հաղթանակի Զբոսայգում մենք տեղում պայմանավորվեցինք այգու աշխատակիցների հետ և նրանք ուրախությամբ մեզ տրամադրեցին, պարկեր և գործիքներ»: Ահա այսպիսին են մեր օրերի հերոսները: Քանի որ գիտեն հայտնի ժողովրդական խոսքը` եղունգ ունես` գլուխդ քորիր:

Դե իսկ քաղաքապետարանը… իսկ քաղաքապետարանը ի՞նչ…«անհարգարժան» կառույցը հերթական անգամ ցույց տվեց սեփական անկարողությունը և անտարբերությունը: Եվ դա հասկանալի է, ախր դա ցուցադրական «քիմքարդաշյանական» երգ ու պար կազմակերպելը չէ… և հարգարժան Տարոն Մարգարյանին շնորհակալություն հայտնելը: Մեզ համար բարդ չէ շնորհակալություն հայտնել, միայն թե առիթ լինի… գոնե միայն մեզ չխանգարելու համար` շնորհակալություն:

Բայց հավատարիմ մնանք մեր կարգախոսին` չխոսենք տխուր բաներից: Եկեք հաճելի բաներից խոսենք: Շաբաթօրյակին մենք հանդիպեցինք ռուս գրող «Ստեղծում» բարեգործական ֆոնդի հոգեբարձուների խորհրդի անդամ, «Մանունյա» համառուսական հիթի հեղինակ Նարինե Աբգարյանին: Խոսքի վարպետ և պարզապես հաշալի այս մարդը ոչ մի աշխատանքից չի խուսափում:

4

«Ես Բերդեյում եմ ծնվել, մեր ընտանիքում այդպիսի սովորույթ կա` յուրաքանչյուր շաբաթ մեկնել պիկնիկի: Ամեն անգամ ծնողներիս հետ քաղաքից դուրս որևէ տեղ գնալիս առաջինը մաքրությամբ էինք զբաղվում հետո միայն գործը խորովածին էր հասնում: Ինձ թվում է, որ կեղտոտելը համամարդկային փորձանք է: Մի քանի տարի առաջ Հայաստան եկան մի խումբ մանկագիրներ, մենք քայլում էինք Երևանով և ամենուրեք թափված վառված ծխախոտների տեսքից ես ինձ վատ էի զգում, եթե կարելի է այդպես մեղմ արտահայտվել: Մենք մաքրասեր ժողովուրդ ենք, բոլորի տանը մաքրություն է, բայց փողոցների տեսքից այդպես չես ասի: Ինձ թվում է, որ եթե երեխաներին առաջին դասարանից անընդհատ շաբաթօրյակների տանել, սովորեցնել, որ յուրաքանչյուրը պատասխանատու է քղաքի մաքրության համար, ապա նրանք նախապես հարյուր անգամ կմտածեն, մինչև ինչ-որ բան գետնին գցեն»,- ասում է Նարինե Աբգարյանը:

Սակայն թույլ տվեք չհամաձայնել մեր կողմից շատ-շատ սիրված գրողի հետ: Չէ որ, այդ տրամաբանությամբ ստիպողաբար շաբաթօրյակի մասնակցելու խորհրդային ավանդույթը պետք է դաստիարակեր պատասխանատու քաղաքացիներ, ովքեր եթե չմաքրեին, գոնե չէին աղտոտի և կհետևեին հիգիենայի էլեմենտար նոռմերին: Բայց այսօրվա դրությունը ցույց է տալիս, որ այդպես չեղավ:Միևնույն ժամանակ Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում նույն խորհրդային ժամանկաշրջանում փողոցում թղթի կտոր, կամ Աստված մի արասցե, ծխախոտ գցելը անկրթության գագաթնկետն էր:

23

Բայց եկեք, նորից թողնենք տխուր թեմաները: Խոսենք հաճելիից: Շաբաթօրյակի մասնակիցների մեջ էին նաև այլ հասրակական դեմքեր, ինչպես նաև խոշոր ընկերությունների աշխատակիցներ, Հայաստանում ամերիկացի ուսանողների ասոցացիայի անդամեները և երեխաներ, ինչը չափազանց հաճելի էր: Հնգամյա Դավիթը մյուս փոքրիկներին հավասար մեծերին օգնում էր` գործադրելով բոլոր ուժերը: «Դավիթ, իսկ ինչու՞ ես անում սա»: «Որպեսզի բնություն մաքուր լինի4,- պատասխանում է Դավիթը: Եվ ոչ միայն պատասխանում է, նա հասկանում է, թե ինչ է ասում: Նման բաները հնարավոր չէ կեղծել:

Շաբաթօրյակի կազմակերպիչների խոսքերով` միջոցառմանը մասնակցել է շուրջ 200 մարդ: Այսքանն էլ դժվարույթամբ է հավաքվել, եթե անկեղծ, միայն մի շարք ազդեցիկ մարդկանց կոչերից հետո, որոնց թվում էր հայտնի բլոգեր և տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

Մեզանում կա նման նախաձեռնությունների կարիք և այդ դեպքում միգուցե առանց քաղաքապետարանի էլ գլուխ հանենք, միգուցե հազարից ավել մարդ էլ հավաքվի: Ահա հինգամյա Դավիթը, հետո կգա նաև մի պատանի իր ընկերուհու հետ ու բահ և պարկեր կխնդրի: Կսկսեն այս ու այն կողմ վազվզել և նրանց ամեն ինչը հետաքրքիր կլինի: Նրանք կհասկանան, ինչպես փոքրիկ Դավիթը, որ մեր քաղաքը մաքրելը դժվարություն չէ, դա ուրախ է, հաճելի և օգտակար: Այս ամենը մեզ կփոխհատուցվի, երբ կսկսի առատ կանաչ դուրս գալ, երբ մեկ տարի անց բողբոջներով կուրախացնի արդեն ամրացած նորատունկ ծառը և դու կհասկանաս, որ այդ ամենը դու սեփական ձեռքերով ես արել: Մի օր էլ որդուդ ցույց կտաս` տես տղա ունեցա, ծառ տնկեցի: Մենք հայ ենք…և այսպիսին ենք մենք: Հետո հարևաններն էլ կմիանան` տեսնելով քո խնամած բակը, գոնե նախանձելով: ՈՒրեմն եկեք սիրենք մեր հայրենիքը ոչ թե խոսերով, այլ գործով:

Հ.Գ. Իսկ քաղաքապետարա՞նը: Քաղաքապետարանը ի՞նչ: Մենք չենք զլանա շնորհակալություն հայտնել, պարոնայք պաշտոնյաներ, մեզ համար դժվար չէ: Եվ Տարոն Մարգարյանին և անգամ նրա` բոլոր իմաստներով թանկագին մեքենային: Պարզապես տհաճ է, երբ հայրենիքդ սիրում ես անելանելիությունից: Բայց մենք միևնույնն է տխուր բաներից չենք խոսելու, որովհետև ամեն դեպքում տոնը հաջողվեց: Եվ քաղաքը ավելի մաքուր դարձավ 200 մարդկանց շնորհիվ և նրանց հավաքած բազմաթիվ պարկերի, որոնց վերամշակումը քաղաքապետարանի ձեռքով չիրականացվեց:

Շնորհակալություն Հայկին և նրա թմին: Բոլոր լուսավոր մարդկանց, հուզիչ փոքրիկներին և նրանց ծնողներին, ովքեր դաստիարակում են ոչ միայն մտածող, այլև «իրական» մարդիկ:

Պատրաստեցին Անահիտ Բալասանյանը և Արմինե Ահարոնյանը

Լուսանկարները` Lina Levine