Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում Վենետիկի հանձնաժողովի անդամները օգոստոսի 25-ին կհանդիպեն ԱԺ խորհրդարանական խմբակցությունների հետ` քննարկելու սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը։
«Որքանով տեղյակ եմ` հանդիպումը բաց է և կարող են դրան մասնակցել բոլոր ցանկացողները»,-ասաց նա ի պատասխան հարցի, թե բաց է նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերի համար:
Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը ՀՀ Նախագահի գրասենյակը պաշտոնապես ԱԺ ուղարկվեց օգոստոսի 21-ին։ Tert.am-ի տեղեկություններով` Վենետիկի հանձնաժողովի անդամներն արդեն Երևանում են։
ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Tert.am-ին հայտնեց, որը ԱԺ «Հանրապետական» խմբակցությունը շուրջ 200 առաջարկություն է ներկայացրել ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, և Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպումից հետո, խմբակցությունը մասնագիտական հանձնաժողովի հետ առանձին պետք է քննարկի այդ առաջարկությունները: