Բաքվի փողոցներում և պողոտաներում լուսացույցները սկսել են աշխատել կանաչ ալիքի սկզբունքով: Այդ մասին «Trend»-ին հայտնել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարության Տրանսպորտի մտավոր կառավարման կենտրոնի մամուլի ծառայության ղեկավար Շաֆա Մեհմանգըզըն:Նրա խոսքով շուտով երկրում սկսվելու է նոր ուսումնական տարին և ճանապարհներին մեծանում է տրանսպորտային հոսքը: Այդ պատճառով լուսացույցների աշխատանքը կարգավորվում է ամենածանրաբեռնված ժամերին համահունչ:

«Տրանսպորտային միջոցների անխափան երթևեկության համար ճանապարհի երկայնքով տեղադրված մի քանի լուսացույցների վրա կանաչ լույս է վառվում: Համապատասխան աշխատանքներն արդեն սկսվել են: Որոշվել են մայրաքաղաքի ուսումնական օջախների տարածքները և կանաչ ալիք սկզբունքը ավելի շատ կիրառվում է հենց այդ վայրերում»,-նշել է Մեհմանգըզըն:

Կանաչ ալիքը՝ լուսացույցային կարգավորման ավտոմատ համակարգ է, որն ապահովում է քաղաքային մայրուղիներին տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունը: Կանաչ ալիքը նախատեսված է մեքենաների որոշակի միջին արագության համար: Մի քանի լուսացույցների միջև կապ է հաստատվում, որոնք կանաչ լույս են վառում տրանսպորտային կոմպակտ խմբերի մոտեցման դեպքում: Յուրաքանչյուր խաչմերուկում բարձրացվում է մայրուղում երթևեկության արագությունը, կրճատվում են խաչմերուկներում տրանսպորտային միջոցների կանգառների քանակը, նվազում է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը:

Այն բանից հետո, երբ ստացվեն Բաքվի գլխավոր ճանապարհներին ավտոմոբիլային երթևեկության ինտենսիվության մասին վիճակագրական տվյալները, կավելացվեն կանաչ ալիքի սկզբունքով աշխատող լուսացույցների թիվը: