Դեկտեմբերի 20-ը երջանիկ օր էր վեց հայ ընտանիքի համար. վեց զինծառայող գտնվեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում և տեղափոխվեց Ստեփանակերտ: Ժամկետային զինծառայողները՝ Արսեն Այվազյանը, Դավիթ Սահակյանը, Նիկոլայ Ստեփանյանը, Արթուր Հարությունյանը, Արման Արղամանյանը և Ռուսլան Թումանյանը, որոնցից շուրջ 70 օր ոչ մի լուր չէր եղել, հայտնաբերվել են ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ:   

Զինվորների վերադարձի մասին հրաշալի լուրը առաջինը հայտնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում. «Այսօր թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքներում որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ ​​արտակարգ իրավիճակների պետական ծառայության, ռուս խաղաղապահների, ինչպես նաև Կարմիր խաչի ջանքերով վեց ժամկետային զինծառայողներ, որոնք 70 օր հերոսաբար դիմադրելուց հետո վերադարձան հայրենիք՝ ուրախություն պարգևելով մեզ այս դժվար օրերին»:

Զինծառայողների փրկության համար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որի անմիջական ջանքերի շնորհիվ շարունակվում են ինտենսիվ որոնողական աշխատանքները, ինչպես նաև զոհվածների աճյունները վերադարձնելու աշխատանքները: Բացի այդ, Արցախի ղեկավարը իր երախտագիտությունը հայտնեց խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովին, Արթուր Ավագյանին, որը ցույց է տվել զինծառայողներին գտնելու ճանապարհը, ինչպես նաև Արցախի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության աշխատակիցներին:

Զինծառայողների վերադարձի լուրը հայրենակիցների շրջանում ուրախության փոթորիկ առաջացրեց սոցցանցերում. օգտատերերը շնորհավորում էին հարազատներին և մտերիմներին՝ ցանկանալով, որ ավելի շատ անհայտ կորածներ գտնվեն:

Մինչդեռ տղաները, ավելի քան երկու ամիս անտառներում և ձյունապատ լեռներում թափառելուց հետո ուժասպառ էին և շտապ տեղափոխվեցին Ստեփանակերտ՝ Արցախի Հանրապետական ​​բժշկական կենտրոն: Հոսպիտալացումից հետո պարզվել է, որ լուրջ խնդիրներ չկան, սակայն բոլոր վեցի ոտքերն էլ ուժեղ ցրտահարված են: Տղաներից մեկը՝ Դավիթ Սահակյանը, վիրավոր ուսով հաղթահարել է 14 կմ ոլորաններով լեռնային ճանապարհը: Կլինիկա տղաներին այցելած Արայիկ Հարությունյանը խոստացավ աջակցություն ցուցաբերել բոլոր հարցերում, այդ թվում`արտերկրում բուժուման կարիքի դեպքում:

Բարեբախտաբար, դրա անհրաժեշտությունը չի առաջացել: Ինչպես հայտնեց Արցախի հանրապետական ​​բժշկական կենտրոնի ղեկավար Մհեր Մուսայելյանը, տղաները շուտով ոտքի կկանգնեն: Գուցե իրականություն կդառնա մինչև ամանոր տուն վերադառնալու նրանց երազանքը:

Իսկ ինչպե՞ս համարձակ երիտասարդներին հաջողվեց երկու ամսից ավելի դիմադրել թշնամու շրջափակման մեջ, ապա դուրս գալ այնտեղից: Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նրանք ասացին, որ դեռևս հոկտեմբերի 12-ին են հայտնվել թշնամու թիկունքում: Սակայն, վճռականորեն որոշելով ոչ մի դեպքում չհանձնվել, սկզբում թաքնվել են լքված տներում և շինություններում, իսկ հետո տեղափոխվել են անտառներ: Ըստ ամենայնի, լքված շենքերում թաքնվելը ապահով չէր. ըստ զինծառայողների պատմությունների՝ ադրբեջանցի զինվորները մտել տներից մեկը, որտեղ իրենք թաքնված են եղել որոշ ժամանակ: Տղաները իրենց չեն կորցրել՝ բարձրացել են վերին հարկ և շունչները պահած սպասել, մինչև «անկոչ հյուրերը» կհեռանան: Այդպես հնարավոր է եղել խուսափել գերությունից:

«Լսեցինք, թե ինչպես մտան այդ տուն: Սակայն այնքան զգույշ էինք, որ մեզ ընդհանրապես չնկատեցին», – պատմում է Ռուսլան Թումանյանը:

 

ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հետաքրքրվեց, թե ինչով են սնվել: Պարզվեց, որ գյուղերից մեկում տղաները բրինձ և 5 լիտր արևածաղկի ձեթ են գտել. 15 օր միայն դրանով են սնվել: Իսկ հետո սկսել են պարտիզանությամբ զբաղվել՝ գնալ հետախուզության, սնունդ փնտրել…

19-ամյա երիտասարդները հաճախ էին ընկճվում: Ճակատագիրը նրանց համար պատրաստել էր մեկ այլ լուրջ փորձություն ևս. խմբում կային նաև ծանր վիրավորներ, որոնցից երկուսին, ավաղ, չհաջողվեց ողջ մնալ: Զինակիցներին տղաները իրենք են հողին հանձնել՝ նախապես անունները փոքր թղթի վրա գրելով և նրանց գրպանները դնելով: Ավելի ուշ հայտնի դարձավ՝ ծնողներին հաջողվել է գտնել իրենց հանգուցյալ զավակներին:

Ամեն դեպքում հաջողվում էր հաղթահարել հուսահատությունը: Արսեն Այվազյանը տեսախցիկի առաջ պատմում է, որ վստահությունն իր ու իր ընկերների հանդեպ օգնեց արագ հաղթահարել հուսահատությունն ու պայքարելու ուժ գտնել: «Մենք կարողացանք հաղթահարել ցավը, քանի որ ապրելու ցանկությունն այդ ցավից ուժեղ էր», – ասում է Դավիթ Սահակյանը:

 

Դավիթի մայրը՝ Ալինա Եգորովան, ամբողջ ընթացքում համոզված է եղել, որ որդին ողջ է. «Երազներ էի տեսնում: Մեկ տեսնում էի, որ Դավիթը քաղցած է, և ես նրան կերակրում եմ, հետո տեսնում էի, որ ծարավ է, և նրան ջուր եմ տալիս: Իսկ լավ լուրի նախորդ օրը երազումս տեսա, որ վերադարձել է: Երեկոյան ծանոթներս զանգահարեցին և ուրախ ասացին՝ տեսա՞ր, Դավիթը վերադարձել է: Անմիջապես սկսեցի փնտրել Արայիկ Հարությունյանի գրառումը Ֆեյսբուքում: Ուրախությունս սահմաններ չուներ»:

Ալինա Եգորովան և Դավիթը

Ալինայի խոսքով՝ ընտանիքը վերջերս է Ռուսաստանից տեղափոխվել Հայաստան: Որդին նույնիսկ չգիտեր, թե որտեղ է Արցախը: Սակայն ճակատագրի բերումով հանձնարարեցին ծառայել այնտեղ. սկզբում կարանտինում էր Ասկերանում, իսկ մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 19-ին, հայտնվեց Ջաբրայիլում: Երբ սկսվեցին ռազմական գործողությունները, զորակոչված լինելով ութ օր առաջ և զենքին փաստացի դեռևս չտիրապետելով՝ մեկնեց առաջնագիծ:

«Նա ծառայում էր Ջաբրայիլում, ապա զինակիցների հետ հայտնվեցին Հադրութի անտառներում: Դրանից առաջ թաքնվում էին Վանք գյուղի տներից մեկի նկուղում: Տան տիրոջ անունը Ապրես էր: Նկուղում տղաները գտել և կերել են ղավուրմա, պանիր և պահածոներ: Նկուղից դուրս գալիս իրենց հետ սնունդ են վերցրել, իսկ հետո՝ թաքնվել անտառում: Չգիտեմ, թե հետո ինչ են կերել և ինչպես ապրել: Մանրամասն չեմ հարցրել…», – Panorama.am-ի հետ հարցազրույցում պատմեց Եգորովան որդու վերադարձից անմիջապես հետո:

Այն փաստը, որ գտել են իր Դավիթին, Եգորովան համարում է աստվածային նախախնամություն: Եվ, իհարկե, նա ընդգծում է դրանում ռուս խաղաղապահների մեծ ներդրումը: «Այդ թվում՝ Մուրադովի, խաղաղապահների շնորհիվ, գուցե ռադարներ օգտագործելով՝ մեր տղաները գտնվեցին», – ասում է երախտապարտ մայրը «Ա1+»-ի հետ հարցազրույցում: Տղաները կապ են հաստատել հեռահաղորդակցման օպերատորներից մեկի հետ, ասել ծածկագիր բառ, որպեսզի իրենց գտնեն հայերը, ոչ թե ադրբեջանցիները: Դա նոյեմբեր ամսվա վերջն էր: Հավանաբար ամեն բան հաջողությամբ պսակվեց այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները միացան անհայտ կորածների որոնողական աշխատանքներին:

Կնոջ դեմքը փայլում է Դավիթի մասին յուրաքանչյուր հիշատակման ժամանակ: Առաջին բանը, որ որդին խնդրեց բերել, մանդարին էր և սեփական կիթառը: Մոր համար դժվար է Արցախ հասնելը՝ թե՛ ֆինանսական, թե՛ անվտանգության նկատառումներից ելնելով: Սակայն ո՛չ Դավիթը, ո՛չ ընկերները չմնացին առանց ցիտրուսային մրգերի և համեղ ուտեստների. «Մանդարիններ նրան տարել է Արցախի «Ռադիոյի տունը»: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ստանձնել են նախաձեռնությունը: Նաև կլինիկայի անձնակազմին՝ բուժքույրերից մինչև բոլորովին անծանոթ մարդիկ, որոնք նույնպես շատ բաներ տարան տղաներին, ինչի համար երախտապարտ եմ: Դե, իսկ կիթառը ինքս կտանեմ»:

«Դավիթը երեկ գտնված վեց զինծառայողներից մեկն է: Երեկ մանդարին էր ուզում: Ծնողները Երևանից չկարողացան գալ: Մենք տարանք: Դա նվազագույնն է, որ կարող ենք անել նրանց համար», – լրատվամիջոցներին ասաց Արցախի հանրային ռադիոյի տնօրեն Անի Մինասյանը:

Նա նաև զրուցեց տղաների հետ, լուսանկարեց և ուղարկեց նրանց ծնողներին: Ի վերջո, սոցիալական ցանցերում պտտվող առաջին լուսանկարները և հոլովակները, մեղմ ասած, տագնապալի էին. տղաները հյուծված էին և հազիվ էին քայլում: Ալինա Եգորովայի խոսքով՝ որդին ասել է, որ կորցրել է մոտ 20 կիլոգրամ, բայց միևնույն ժամանակ կատակել է. «Մայրիկ, ցանկացած հագուստ, որ կբերես, իսկը իմ վրայով կլինի»:

Եգորովայի հարցին, թե ինչպե՞ս է որդին այդքան երկար թափառումներից հետո, պատասխանում է. «Ձայնը առույգ է, կարծես ոչինչ էլ չի պատահել: Իմ Դավիթն է՝ հումորով, կենսուրախ: Առաջին բանը, որ կեսկատակ ասաց՝ ի՞նչ է, մեզ այլևս չէի՞ք սպասում: Մայրը արտասվում է ու դադարից հետո շարունակում. «Ինչին ես պատասխանեցի՝ ոչ, ոչ, մենք մինչև վերջ հավատացել ենք, և դուք տեղ հասաք»: Դավիթի համար քայլելը դժվար է: Երբ մայրը հարցրեց, թե ինչպես է հաղթահարել լեռնային ճանապարհը այդքան կիլոմետր, այն էլ վիրավորվ լինելով, տղան կարծես իմիջիայլոց պատասխանեց. «Ուժեղ ցավ զգալով…»:

«Մա՛մ, բարև»: Ալինան, անկասկած, երբեք չի մոռանա որդու առաջին խոսքերը վերադարձից հետո: Մյուս հինգ տղաների ծնողները ևս կհիշեն այս ուրախ օրը: Իսկ տղաներն իրենք հայտարարում են՝ այժմ վեց հոգով միասին նշելու են դեկտեմբերի 20-ը՝ որպես իրենց երկրորդ ծննդյան օր:

«Ճիշտն ասած, հույս ունեինք, որ զինվորների մի մեծ խումբ կվերադառնար: Սակայն ուրախ ենք նաև նրանց համար, ում ամեն դեպքում հաջողվեց տուն հասնել: Աստված թող բոլոր նրանց, ովքեր անհայտ կորած են համարվում, պարգևի այն հրաշքը, որ պատահեց մեր որդիների հետ»: – ասում է երջանիկ մայրը:

Հրաշքը՝ հրաշք, իսկ ցանկությունը կյանքի կոչելու ուղղությամբ կոնկրետ մարդիկ ու ծառայությունները են աշխատում: Բարեբախտաբար, վեց ժամկետային զինծառայողների ժամանումից հետո Արցախի ​​արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետ, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը հավաստիացրեց, որ որոնողական աշխատանքները շարունակվում և իրականացվում են ամեն օր, և բոլոր հնարավոր ջանքերն ու մեխանիզմներն օգտագործվում են անհայտ կորած զինծառայողներին և քաղաքացիներին գտնելու համար: Որպես դրա ապացույց, բառացիորեն մեկ օր անց՝ դեկտեմբերի 21-ին, հաջորդեց մեկ այլ լավ լուր. խաղաղապահները Կարմիր խաչի օգնությամբ հայտնաբերեցին ու մայրաքաղաք տեղափոխեցին նաև երկու քաղաքացիական անձի: Հայր և որդի՝ Միքայել և Գեղամ Պետրոսյանները 61 օր համարվում էին անհայտ կորած:

«Դեկտեմբերի 21-ին Հադրութի շրջանում անհայտ կորած զինծառայողների որոնման համատեղ խումբը հայտնաբերեց երկու ՀՀ քաղաքացու, որոնք խմբի հետ աշխատանքներին մասնակցող ադրբեջանական կողմի համաձայնությամբ տեղափոխվեցին Լեռնային Ղարաբաղի ադմինիստրացիա», – նշեց ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Իրինա Գրիգորյան