Տուբերկուլյոզ` մարդկության պատմության հնագույն հիվանդություններից մեկը: Հին Հունաստանում այն անվանում էին «phtisis»` «հյուծվածություն»: Այդ բառից է առաջացել տուբերկուլյոզի խնդիրներն ուսումնասիրող բժշկական ճյուղի ժամանակակից անվանումը` ֆթիզիատրիա:

Չնայած ժամանակակից բժշկության դիագնոստիկ միջոցների և լուրջ վարակների բուժման բնագավառում գրանցած լուրջ հաջողություններին` այս հիվանդությունը հաղթել դեռևս չի հաջողվում: Իսկ որոշ երկրներում տուբերկուլյոզով հիվանդացիության խնդիրը գնալով ավելի ակտուալ է դառնում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայկական գրասենյակի տվյալներով` 2014թ-ին գրանցվել է տուբերկուլյոզով հիվանդացիության շուրջ 380հզ. նոր դեպք: Հիմնական դեպքերը բաժանված են տարածաշրջանի 18 պետությունների միջև` Հայաստանը, ցավոք, նրանց մեջ է:

Իրավիճակն ավելի լավ հասկանալու համար` մեզ օգնեց ընտանեկան բժիշկ, հասարակական առողջապահության մագիստրոս Մարիաննա Կոշկակարյանը:

 

Եվ այսպես` որքանո՞վ է տուբերկուլյոզի խնդիրը ակտուալ Հայաստանում:

Տուբերկուլյոզը համարվում է միջազգային առողջապահական կազմակերպությունների կողմից դիտարկվող հիմնական խնդիրներից մեկը: Այն դեպքում, երբ այս հարցը ոչ միայն բժշկական բնույթ ունի, այն նաև տվյալ երկրի սոցիալ-տնտեսական մակարդակի ցուցանիշն է: Սնունդը, կենսական պայմանները, նյութական վիճակը…այս բոլոր գործոնները կարող են օրգանիզմը դարձնել տուբերկուլյոզի նկատմամբ ավելի զգայուն:

Ցավոք` տուբերկուլյոզը դեռևս զգալի խնդիր է մնում Հայաստանի առողջապահության համար, որն ունի այս հիվանդության տարածման ամենամեծ ցուցանիշներից մեկը` դեղերի նկատմամբ ձեռք բերված դիմադրողականությամբ ամբողջ աշխարհում: Խնդիրը նրանում է, որ ներկայումս գոյություն ունեցող ամենաքիչը երկու հակատուբերկուլյոզային դեղերի դեմ արդեն ձևավորվել է որոշակի դիմադրողականություն, և այդ պատճառով անհրաժեշտ է նոր դեղեր օգտագործել, որպեսզի հակազդեն բազմադեղակայուն տուբերկուլյոզին:

Հայաստանի առողջապահության նախարարության «Հակատուբերկուլյոզային պետական տեսչությունում» բուժում են անցնում միաժամանակ մի քանի հարյուր հիվանդ:  Այս հիվանդության բուժումը Հայաստանում իրականցվում է անվճար, իսկ հիվանդանոցից դուրս գրված հիվանդը ևս 4 ամիս բուժում է ստանում տնային պայմաններում և հաշմանդամության նպաստ է ստանում:

Կա՞ն բնակչության կոնկրետ շերտեր, որոնք ավելի շատ են հակված տուբերկուլյոզ հիվանդությանը:

Առաջին հերթին տուբերկուլյոզով վարակվելուն հակված են երեխաները և ցածր դիմադրողականություն ունեցող մարդիկ, հաճախ դրանք հասարակության անապահով խավի ներկայացուցիչներն են, ովքեր ապրում են կենցաղային վատ պայմաններում (սնունդ, բնակելի տարածք և այլն): Բացի դա` ռիսկային խմբում են նաև ծխողները, ալկոհոլը չարաշահող մարդիկ, թմրամոլները: Տուբերկուլյոզը տարածված է ուղղիչ հաստատություններում կալանավորների շրջանում: Վարակի պատճառ կարող է լինել նաև այլ հիվանդությունների պատճառով նվազած դիմադրողականությունը, օրինակ ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքում: ԱՀԿ-ի տվյալներով` ամեն տարի տուբերկուլյոզով հիվանդանում են շուրջ 8մլն. մարդ, որից 3-ից 4 մլն. մարդ մահանում է:

Ինչպե՞ս է տարածվում տուբերկուլյոզը: Որքան է վարակվելու հավանականությունը, եթե, ասենք, հասարակական տրանսպորտում քո կողքին հազում է տուբերկուլյոզով հիվանդ մեկը: Կամ քեզ հետ նույն սենյակում աշխատում է վարակակիր:

Վարակվելու վտանգ կա, այն դեպքում երբ մշտական, երկարատև շփման մեջ ես վարակակրի հետ: Դա հասարակական տրանսպորտի հետ կապված: Վտանգը մեծանում է, եթե ձեզ հետ է աշխատում տուբերկուլյոզով հիվանդ մարդ: Այնուամենայնիվ ամեն ինչ կախված է նրանից, արդյոք հիվանդը գտնվում է հիվանդության ակտիվ, վարակիչ շրջանում, թե ոչ, և այն բանից, թե որքան ամուր է ձեր դիմադրողականությունը: Ամեն դեպքում` դա չի նշանակում, որ այդ մարդուց պետք է խուսափել և նրան դարձնել հալածանքների և ատելության օբյետ: Հաճախ` հիվանդի հանդեպ նման վերաբերմունքը նրա մահվան պատճառն է դառնում: Նա սկսում է խուսափել հետազոտությունից` վախենալով, որ իր հիվանդությունը կբացահայտվի և նա կենթարկվի հալածանքների: Նման դեպքերը հատուկ են փոքր քաղաքներին և բնակավայրերին, որտեղ ամեն քայլափոխի ծանոթ է հանդիպում: Ի դեպ` տուբերկուլյոզով վարակված լինելը, դեռ չի նշանակում հիվանդ լինել: Վարակակիրների ոչ մեծ մասն է հիվանդանում:

Հնարավո՞ր է միայն արտաքնապես տարբերել տուբերկուլյոզով հիվանդ և պարզապես հարբուխ ունեցող մարդկանց:

Մեծամասամբ դա անհնար է: Հաշվի առնելով Հայաստանի բնակչության մեծ մասի վիճակը` նիհարությունը, աչքերի հիվանդագին փայլը, գունատությունը այլևս չեն կարող տուբերկուլյոզով հիվանդներին տարբերակող նշաններ լինել: Ի դեպ` բոլորովին պարտադիր չէ, որ մարդը ուժեղ հազ ունենա: Երբեմն տուբերկուլյոզը կարող է թաքնված ընթացք ունենալ և բացահայտնվել միայն պրոֆիլակտիկ ստուգումների ժամանակ:

Որքա՞ն հաճախ են Հայաստանում կատարվում նման ստուգումներ, և ո՞վ պետք է պարտադիր կերպով անցնի դրանք:

Պարտադիր հետազոտություն պետք է անցնեն, օրինակ, զորակոչիկները, մանկավարժները, նախակրթական մանկական հաստատություներում, սննդի ոլորտի աշխատակիցները և այլն, այսինքն նրան, ովքեր իրենց աշխատանքից ելնելով, շփվում են մեծ թվով մարդկանց հետ: Ինչ վերաբերվում է մյուսներին` մնում է միայն հուսալ, որ մասնագետին դիմելու որոշում կայացրած հիվանդը գիտակից կգտնվի, և բժիշկը կլինի այնքան փորձառու, որ ճիշտ պահը բաց չի թողնի:

Որքա՞ն է տուբերկուլյոզի բուժման հավանականությունը:

Տուբերկուլյոզը բուժվում է: Կարևորը` բաց չթողնել ճիշտ պահը և հիվանդությունը բարձիթողի վիճակի չհասցնել, ժամանակին անցնել անհրաժեշտ ստուգումները և համապատասխան բուժում ստանալ: Ցավոք` կան տուբերկուլյոզի տեսակներ, որոնց դեպքում հիվանդությունը հնարավոր չէ բուժել` դեղերի նկատմամբ դիմադրողականություն ունենալու պատճառով: Հիմնականում հիվանդությունը ռեզիստենտ փուլ է մտնում բժշկի սխալ մոտեցման, կամ հիվանդի կողմից բուժման ռեժիմը խախտելու պատճառով: Թեև հիմա ԱՀԿ-ի կողմից իրականացվում է նոր ազգային ծրագիր, որի համաձայն հիվանդը պարտավոր է ամեն օր ընդունել անհրաժեշտ դեղերը բուժաշխատողի ներկայությամբ: Բայցևայնպես` չկա լիարժեք հավաստիացում, որ այդ գործընթացը իրականացվում է…

Հիվանդները խախտում են բուժման ռեժիմը դեղերի անհասանելիության, թե՞ դրանց թանկարժեքության պատճառով:

Տուբերկուլյոզի ախտորոշումը և բուժումը անվճար է: Կարող եմ վստահաբար ասել, որ չեն լինում անգամ ոչ պաշտոնական վճարումներ բժշկին: Սա այդ դեպքը չէ:

Ցավոք` մեր երկրում այս խնդրի վերաբերյալ հասարակության տեղեկացվածությունը շատ ցածր մակարդակի վրա է, և դա բերում է սխալ նախապաշարմունքների և շահարկումների պատճառ:

Դրա պատճառը այն է, որ մեր մեջ դեռ չկա՞ լայն մասսաներին ինֆորմացիա տրամադրելու մշակույթը:

Ոչ: Դա, ավելի շուտ, անհատապես մեկ մարդու անպատասխանատու վերաբերմունքն է սեփական առողջության նկատմամբ: Բացի դա` սա ներքին մշակույթի բացակայությունն է, երբ անտեսվում է մերձավորիդ մասին հոգ տանելու անհրաժեշտությունը, ինքդ վարակվելու վտանգի պատճառով: Ի դեպ` սեփական անձի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունք ասելով` ես նկատի ունեմ նաև ժամանակակից կանանց հետաքրքրվածությունը տարբեր տեսակի դիետաներով, ինչը բերում է օրգանիզմի պաշտպանողական ուժերի թուլացմանը:

Դժվար թե տուբերկուլյոզով հիվանդանալու վտանգը կարող է հետ պահել կանանց գեղեցիկ լինելու ցանկությունից:

Կարևորը, որ աչքերի տուբերկուլյոզային փայը չդառնա գեղեցկության չափանիշներից մեկը…

Պատրաստեց Ի. Աղամիրյանը