Թբիլիսիի Զաքարիա Պալիաշվիլիի անվան օպերայի և բալետի թատրոնը արդեն երրորդ անգամն է բացում իր դռները հանդիսատեսի առաջ: Տոնական բացումը տեղի ունեցավ վեցամյա դադարից հետո և նշանավորվեց Զաքարիա Պալիաշվիլիի անմոռանալի «Աբեսալոմ և Էթերի» ներկայացումով: Ռեժիսոր Գիզո Ժորդանիայի և նկարիչ Գիգի Ալեքսի-Մեսխիշվիլիի համատեղ աշխատանքը հիացրեց վրացի հասարակությանը, թեև եղան նաև քննադատություններ: Բայց ամեն ինչի մասին խոսենք հերթով: Իսկ հիմա Dalma News-ի ընթերցողներին կպատմենք Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի հարյուրամյա պատմությունը:

Նշենք, որ շենքի վերականգնողական աշխատանքների համար նախկին վարչապետ Բիձինա Իվանաշվիլիի «Կարտու» ֆոնդից տրամադրվել էր 40 մլն. դոլար: Այդ գումարով ամբողջովին վերանորոգվել է թատրոնի շենքը` սկսած հիմքի ամրեցումից, միչև տանիքի ծածկը: Շենքի սկզբնական ճակատային մասը անփոփոխ է մնացել, ոսկեզօծվել է դահլիճը և նվագախմբի բացահանքը: Բացի դա` տեղադրվել են նորագույն վիդեո և աուդիո համակարգեր և լուսավորություն, իսկ հարյուրմոմանոց ճենապակյա ջահի վերականգնման աշխատանքները կատարել է Նոդար Էգրեմլիձեն Ավստրիայում: Թատրոնն ամբողջովին կահավորվել է նոր կահույքով, ինչպես նաև նոր ժամանակակից դետալներ են ավելացել` բաց վերանդաներ, ցուցասրահ և ճաշարան: Վերանորոգվել են հանդերձարանները, հանգստի սրահը, ինչպես նաև լայնացվել է օպերայի շենքին կից հրապարակը:

«Կարտու» ֆոնդի տնօրեն Նիկոլազ Չխետիանիի խոսքերով` Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի դահլիճն իր տեխնիկական մակարդակով ոչնչով չի զիջում աշխարհի լավագույն դահլիճներին: Հունվարի 30-ին թատրոնի դռները մեծ տոնակատարությամբ բացվեցին առաջին հանդիսատեսների առաջ: Կարմիր և կապույտ սրահներում ցուցադրված էին «Գոռդա» և «Աբեսալոմ և Էթերի» ներկայացումների զգեստները և պարտիտուրան: Թատրոնի շաբաթի շրջանակներում այցելուներին ներկայացվեցին օպերայի պատմությանը վերաբերվող լուսանկարներ, որտեղ պատկերված էին թատրոնի ինչպես ուրախ, անպես էլ դժվարին պահեր:

42 տարի անց վերականգնվեց նկարիչ Սերգո Կոբուլաձեի կողմից պատրաստված թատրոնի գլխավոր բեմի վարագույրը` տարբեր գեղագիտական ոճերով ձևավորված: 1973թ-ի հրդեհն ամբողջովին ոչնչացրել էր այն: Հայտնի վարագույրի էսքիզները մնացել էին միայն լուսանկարներում և ականատեսների հուշերում: Թատերական մասունքը երաժիշտները դիմավորեցին երգերով և ծափահարություններով, իսկ ոմանց աչքերում հույզերի կուտակումից և անցյալի հուշերից արցուքներ հայտնվեցին: «Միայն մոտենալուց հետո հասկացանք, որ ամեն ինչ նկարված է կտավի վրա»,- խոստովանեցին ներկաները:

 

Մզիյա Ջապարիձե

«Կոբուլաձեի հանճարեղ ստեղծագործությունն է: Թատրոնի վարագույրը յուրատեսակ այցեքարտ է: Ես երջանիկ եմ, որ այսօր վերածնվել է հին վարագույրը: Իհարկե, սա այնքան էլ այն չէ ինչ ես եմ հիշում, բայց, ի վերջո, անցյալը կենդանացել է բոլոր նրանց համար, ովքեր հիշում էին, ինչպես նաև նրանց համար, ովքեր նոր տեսան»,- նշեց «Երաժշտություն» ամսագրի խմբագիր, երաժշտագետ Մզիյա  Ջապարիձեն:

 

 

 

 

 

 

 

 

Փոքրիկ էսքսկուրսիա դեպի անցյալ

Անդրկովկասի առաջին օպերայի և բալետի թատրոնը ավելի քան 160 տարվա պատմություն ունի: Թատրոնը նախատեսված է 800 հանդիսականների համար: Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնը բացվել է 1851թ-ի ապրիլի 12-ին` աննախադեպ շքահանդեսով, որին ներկա էր ողջ մայրաքաղաքի բարձր հասարակությունը: Այսպես կոչված «Քարավան-թատրոնի» շենքի շինարարությունը ընթացել է 4 տարի, որը ղեկավարել է իտալացի ճարտարապետ Ջովաննի Սկուդիերին: Օպերային առաջին սեզոնը Թբիլիսում բացվեց Գայտանո Դոնիցենտիի «Լյուչիա դի Լամերմուր»-ով, ինչը իսկական ազգային տոն դարձավ: 1857թ-ին Թբիլիսիի օպերային թատրոնի բեմում կայացավ ողջ Եվրոպայում հայտնի երգչուհի Թերեզա Շտոլցի դեբյուտը: Ի դեպ, իր յուրահատուկ սոպրանոյի շնորհիվ երգչուհին դարձավ Ջուզեպե Վերդիի ամենասիրելի երգչուհին:

12713989_10205978066354033_1772302904_n

Փարիզյան «Իլյուստրասիոն» թերթը իր հոդվածներից մեկում գրել է հետևյալը` «Դա քաղաքի միակ թատրոնն է, որի ինտերիերը ձևավորված է մարրական ոճով: Անկասկած այդ շենքը ամենագեղեցիկ, էլեգենատ և հետաքրքրական թատերական կառույցներից մեկն է, որը հնարավոր է պատկերացնել»:

Ֆրանսիական գրականության դասական Ալեկսանդր Դյուման իր «Կովկաս» գրքում մի ամբողջ գլուխ է նվիրել Թբիլիսիի օպերային թատրոնին: «Առանց կասկածների կարելի է ասել, որ թբիլիսյան օպերայի դահլիճը ողջ կյանքիս ընթացքում իմ տեսած ամենաչքնաղ դահլիճներից մեկն է»:

Թբիլիսիի օպերային թատրոնը երկրորդ սեզոնի բացման ժամանակ հրավիրեց Սանկտ Պետերբուգից բալետի թատերախումբ (Ֆ. Մանոխինի և Ե. Պանովայի): Վրացի մելոմանների մոտ մեծ հեղինակություն էին վայելում այնպիսի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Բելինին, Դոնիցետին, Ռոսինին, Վերդին:

Ավելի ուշ վրաց հանդիսատեսը սկսեց հետաքրքրվել նաև գերմանական օպերայով: Եվրոպական բեմերում ներկայացված ստեղծագործությունների մեծ մասը շուտով ցուցադրվեցին նաև Թբիլիսիի թատրոնի բեմում: Այդպես օպերան դարձավ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի սիրելի վայրերից մեկը: Սակայն 1874թ-ի հոկտեմբերի 11-ին օպերայի թատրոնի հայտնի շենքը այրվեց: Այնուամենայնիվ դա չխանգարեց, որպեսզի արվեստը զարգանա և շարունակի իր կյանքով ապրել: 1896թ-ից սկսեց Թբիլիսիի օպերայի և բալետի երկրորդ (և բավական հաջող) կյանքը` Ռուստավելիի հրամապարակի շենքում, որը գործում է մինչ օրս:

Վիկտորիա Շրետերի պրոեկտը նախատեսված էր 1200 նստատեղերի համար: Ավելի քան մեկ դար առաջ թատրոնի բացումը նշանավորվեց Միխայիլ Գլինկաի «Կյանքը հանուն թագավորի» օպերայի առաջնախաղով: 19-րդ դարի 80-90-ականներին Թբիլիսիի օպերայի բեմում ցուցադրվում էին Պետերբուրգի կայսերական թատրոնի բեմադրությունները: Տարբեր ժամանակներում հանդիսատեսին են ներկայացել լավագույն օպերային երգիչներն ու բալետի խմբերը: Սակայն, առաջին վրացական բեմադրությունը եղավ միայն1918թ-ին: Դա Ռևազ Գոգնիաշվիլիի «Կրիստինա» օպերան էր: Դրան հաջորդեցին Դմիտրի Արակիշվիլիի «Ասք Շոթա Ռուստավելիի մասին», Զախար Պալիաշվիլիի «Աբեսալոմ և Էթերի», Վիկտոր Դոլիձեի «Կետոն և Կոտեն»:

1973թ-ին Թբիլիսիի Օպերայի և բալետի թատրոնի հետ ևս մի դժբախտություն կատարվեց: Թատրոնը հերթական ագամ տուժեց հրդեհից: Այս անգամ շենքը չէր ոչնչացել, սակայն, հրդեհում այրվել էին բեմական հագուստները, ռեկվիզիտները, թատերական վարագույրը և արխիվային նյութերի մեծ մասը: 1978թ-ին ճարտարապետներ Լերի Մեձմարաշվիլին և Մուրթազ Չաչանիձեն շենքին վերադարձրեցին սկզբնական տեսքը: Տասնամյակներ անց երկրում դժվար ժամանակներ սկսեցին: Նախորդ դարի 90-ականներին թատրոնը մոռացության էր մատնված:

«Հիշում եմ, թե ինչպես 1973թ-ի մայիսի 9-ին հրդեհվող թատրոնի շենքի մոտ էին վազում մեծ ու փոքր, նայում ու արտասվում էին: Երբ բոլորի աչքի առաջ ավերակի էր վերածվում ազգային մշակույթի թանկարժեք գոհարը, վրացական իսկական «լեգենդը»: 1973թ-ի հրդեհը երկրի ողջ հասարակության համար ողբերգություն էր: Օպերայի թատրոնը հանդիսանում էր վրաստանի թատերական արվեստի հայտնի ներկայացուցիչների յուրատեսակ դարբնոց: Այն տաղանդների մի քանի սերունդ էր մեծացրել, նրանց թվում էին նաև համաշխարհային մասշտաբի մեծության աստղեր»,- իր հիշողություններով կիսվեց Dalma News-ի հետ Մզիյա Ջապարիձեն:

Օպերայի և բալետի թատրոնի հետ կատարված այդ ցավալի դեպքից հետո երկարատև ընդմուջում եղավ: Սակայն հանդիաստեսի սերն ու հետաքրությունը չանհետացավ հրդեհի կրակներում: Բեմադրություններ էին արվում այլ թատրոնների բեմերում և մեծ հաջություն ունեին: Իսկ 90-ականներին` քաղաքական անկայունության և անհեռանկարային ապագայի պատճառով երիտասարդ և տաղանդավոր կատարողները ստիպված լքեցին Վրաստանը: Այօրվա դրությամբ վրացի լավագույն վոկալիստները զարդարում են իրենց ձայնով աշխարհի առաջատար թատրոնների բեմերը:

Վերադառնալով ներկային` նշենք, որ հունվարի 30-ին` Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի բացմանը ներկա էին Վրաստանի կառավարության բոլոր անդամենը: Միջոցառմանը ներկա չէին միայն նախկին վարչապետ Բիձինա Իվանաշվիլին և գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրապարակավ դիմեց Բիձինա Իվանաշվիլիին` շնորհակալական խոսքով,- «Օպերայի և Բալետի մեր թատրոնը ամենագեղեցիկներից մեկն է դարձել: Շնորհավորում եմ բոլոր նրանց, ում համար թանկ են այս պատերը: Շարքային քաղաքացիների անունից ուզում եմ շնորհավորել Բիձինա Իվանաշվիլիին այս նշանակալից օրվա առթիվ: Նա իրապես մեծ գործ է կատարել` մեր երկրին նվիրելով նորացված թատրոնը»,- ասաց Կվիրիկաշվիլին:

Վրացի վարչապետը նաև ներում հայցեց բոլոր նրանցից, ովքեր չեն կարողացել ներկա գտնվել հունվարի 30-ի արարողությանը` նշելով, որ պատրաստ էր իր տոմսը նվիրել յուրաքանչյուր ցանկացողի: Թե ում էր հասցեագրված վարչապետի առաջարկը, հանելուկ է մնում: Սակայն չար լեզուները ասում են, որ Գեորգի Մարգվելաշվիլիի բացակայությունը կապված է օպերայում նախագահական օթյակի բացակայության հետ:

Իսկապես, Օպերայի և բալետի թատրոնի տոնական բացման ժամանակ տեղերը բավարար չէին: Երաժշտագետ Մզիյա Ջապարիձեն իր դժգոհությունը հայտնեց կազմակերպիչներին: «Ես հասկանում եմ, որ ողջ «Կարտու բանկը» պետք է ներկա լիներ օպերայի թատրոնի բացմանը, քանի որ մեծ միջոցներ են տրամադրել դրա վերականգնման համար, սակայն, 1065 տեղերից գոնե 65-ը, կարծում եմ, հնարավոր էր տրամադրել Զախարիյա Պալիաշվիլիի անվան թանգարանի աշխատակիցներին, Վրաստանի կոմպոզիտորների և վրացական կոնսերվատորիայի միությանը, առանց ում հնարավոր չէ երկրի երաժշտական կյանքի գոյությունը: Բնականաբար, բեմադրությունը կարելի է նաև այլ օր դիտել, բայց այս հանդիսավոր պահին անթույլատրելի էր մոռանալ Պալիաշվիլիի սերունդների մասին և վրացական օպերային արվեստի այնպիսի ներկայացուցիչների, ինչպիսիք են Լամարա Չկոնիան, Անզոր Շոմախան, ովքեր մեր երկրին միջազգային ճանաչում և փառք են բերել»,- կիսվեց իր մտահոգությամբ տիկին Մզիան:

Нино Сургуладзе
Նինո Սուրգուլաձե

Մի բան է թատրոնի վերականգնողական աշխատանքը և բացումը, մեկ այլ` կլինի՞ արդյոք թատրոնը հասանելի շարքային հանդիսատեսին: Արտերկրում ապրող և աշխատող ազգությամբ վրացի օպերային երգչուհի Նինո Սուրգուլաձեի (մեցցո-սոպրանո) խոսքերով`  օպերան շքեղություն է: «Այսօրվա դրությամբ աշխարհի շատ երկրներ չեն կարող պարծենալ դրանով: Սակայն դա չի խանգարում այդ երկրների բնակիչներին սիրել և հիանալ արվեստի այդ ճյուղով: Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում կգործի բաժանորդագրություն, ինչը հասանելի կդարձնի շարքային քաղաքացիների ներկայությունը թատրոնում, ինչպես ընդունված է «Լա Սկալայում»: Ներկայացումներին պետք է ներկա լինեն նաև քննադատներ»,- ասաց Նինո Սուրգուլաձեն` միևնույն ժամանակ մաղթելով Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնին բազմաթիվ հետաքրքիր պրեմիերաներ:

 

Հանդիպում «ջինսի» սերնդի հետ

Այլ ժամանակներ` այլ արժեքներ: Բայց հանճարեղ ստեղծագործությունների դեմ, ինչպես հայտնի է, ժամանակն անզոր է: Զախարիա Պալիաշվիլիի «Աբեսալոմ և Էթերի» անմահ օպերան ներկայացվեց ժամանակակից հանդիսատեսին` նոր տեսությամբ: Գլխավոր պարտիաները կատարեցին համաշխարհային մեծության վրացի աստղեր Լադո Աթանելին և Թամար Իվերին, ովքեր հատուկ հրավիրվել էին «Աբեսալոմ և Էթերի» բեմադրության համար: Բեմական յուրաքանչյուր հանդերձանքը ստեղծվել է արագացված ռեժիմով: Քննադատությունը նույնպես երկար սպասեցնել չտվեց: Սակայն քննադատվեցին ոչ թե դերասանական խաղը, այլ բեմական կոստյումները և դեկորացիաները: Ոմանք համարեցին, որ իսկապես վրացական էին միայն սյուժեն և երաժշտությունը, մնացածը գտան ոչ այնքան ժամանակակից, որքան իրականացված ասիական և եգիպտական ոճերով:

«Վրացական մեղեդու վրա հիմնված մեր ազգային օպերան, որը Վրաստանի այցեքարտն է դարձել ողջ աշխարհում, չպետք է իր մեջ վերցնի այլ մշակույթների երփներանգ ներկապնակները: Մենք հիշում ենք այս օպերայի նախկին հզոր բեմադրությունները և չենք պահանջում, որ նմանակեն, սակայն, ցանկալի է, որ նոր տարբերակը կտրված չլինի վրացական իրականությունից»,- համարում է կարտվելոգիստ Մանանա Սոտկիլավան:

Վրացական ոգուն օտար ոչինչ չգտավ այս բեմականության մեջ երաժշտագետ Մզիյա Ջապարիձեն, հայտնելով, որ փիրուզագույնը, ոսկեգույնը և նռան գույնը բոլորովին օտար չեն վրացիներին: Նրա կարծիքով` նկարիչ Գիգի Ալեկսի-Մեսխիշվիլին հրաշալի է օգտագործում հենց վրացական ներկապնակը, չէ որ յուրաքանչյուր գույն հատուկ իմաստ ունի:

Լադո Աթանելի և Թամար Իվեր
Զաքարիա Պալիաշվիլիի «Աբեսալոմ և Էթերի» ներկայացուը

«Գունային յուրաքանչյուր աստիճանավորումը «Աբեսալոմ և Էթերի» ներկայացման մեջ ունի իր սիմվոլիկան: Իսկ նրանց, ովքեր քննադատում են կոստյումները ասիական, եգիպտական ոճի համար, խորհուրդ եմ տալիս հիշել մեր հնագույն տաճարները զարդարող զարդաքանդակները: Ասում են, իբր, բեմադրությունը պետք է պակաս ստատիկ լիներ և ավելի ժամանակակից: Ուրեմն ի՞նչ, բոլորը պետք է ջինս հագնեն և դուրս գան բե՞մ»,- հարցադրում է Մզիյա Ջապարիձեն, ում խոսքերով գոյություն ունեն օպերաներ, որոնք կարող են լինել ոչ ժամանակակից: Հենվելով բովանդակության և էսթետիկայի վրա` դրանց թվին կարելի է դասել «Աբեսալոմը…»: Բացի դա, գտնում է երաժշտագետը, կարելի է իրականացնել այս օպերայի ուլտրաժամանակակից բեմադրություն:

Գիգի Ալեկսի-Մեսխիշվիլիի դեկորացիաները քննարկման առիթ դարձան դեռևս 1986թ-ին, բայց, ասում է տիկին Մզիյան` ժամանակն ամեն ինչ իր տեղը դրեց:

«Աբեսալոմ և Էթերի»` էպիկական օպերա, օպերա-օրատորիա, որը իր էությամբ արդեն ստատիկ է: Իմ կարծիքով` երփներանգ ներկապնակը, հարուստ կոստյումները և հրաշալի խորեոգրաֆիան օգնեցին այս բեմադրությանը դինամիկա ստանալ: Ինչ վերաբերվում է ռեժիսորին, ապա նա կարողացել է ցույց տալ ստեղծագործության սկզբնական միտքը` հավերժական սիրո գաղափարը»,- ավարտեց Մզիյա Ջապարաձեն:

«Աբեսալոմ և Էթերի»` վրացական երաժշտական արվեստի հիմնային ստեղծագործություններից մեկն է, որն իր երգչախմբային և անհատական պարտիաներով չի զիջում դասական երաժշտության համաշխարհային նմուշներին: «Ինչ-որ մեկին կարող է դուր չգալ Վագները և Վերդին, դա ճաշակի հարց է,- զրույցի ավարտին ասաց տիկին Մզիյան,- բայց պետության վերաբերմունքը ազգային արժեքների նկատմամաբ` պետք է ճիշտ լինի»:

Իսկ «Աբեսալոմ և Էթերի» օպերան հանդիսատեսին է սպասում փետրվարի 21-ին` Թբիլիսիի օպերայի և Բալետի թատրոնի բեմում:

Պատրաստեց Շորենա Պապաշվիլին