Վերջին մի քանի ամիսներում Հայաստանի էներգետիկ ոլորտում տեղի են ունեցել երկու կարևոր իրադարձություններ, որոնք լիովին փոխում են ընդհանուր պատկերը: Նախ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն փոխեց սեփականատիրոջը: Երկրորդ՝ Որոտանի ՀԷԿ-ը վաճառվեց ամերիկացիներին: Արդյունքում՝ Հայաստանի էներգետիկան այլևս այն չէ, ինչ մայիսին էր: Արդեն նոր խաղացողներ են, նոր խաղդրույքներ և ուժերի նոր բաշխում: Բայց ամեն ինչի մասին՝ հերթով:

Թե ինչ կատարվեց Էլեկտրոցանցերի հետ, համառոտ՝ ՀԷՑ, բոլորը գիտեն: Անհասկանալի է, թե որտեղից է մենաշնորհային ընկերությունը, որը հանդիսանում է ռուսական Ինտեր ՌԱՕ ընկերության դուստր, կուտակել հարյուրավոր միլիոն դոլարների պարտք և հայտ է ներկայացրել սակագների բարձրացման համար, ինչն էլ բուռն բողոքների պատճառ հանդիսացավ: Այս ամենը դեռ ամռանն էր, իսկ հոկտեմբերի մեկին հայտնի դարձավ, որ ՀԷՑ-ը գնել է ռուսաստանաբնակ հայ միլիարդեր Սամվել Կարապետյանը՝ Tashir Group ընկերության սեփականատեր: Մի կողմից մի քանի ամիս շարունակ շրջանառվում էին ՀԷՑ-ը ձեռք բերելու վերաբերյալ նախատեսվող գործարքի մասին լուրերը (և հերքվում նույն արագությամբ) և նորությունն այլևս անսպասելի չէր: Մյուս կողմից ՝ էլեկտրաէներգիայի համակարգի անցումը Tashir Group-ի վերահսկողության տակ, ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս:

Օրինակ՝ այդ ի՞նչն էր վիճարկում Tashir Group-ը այսքան ժամանակ: Դեռ գարնանը հայաստանյան և ռուսական ԶԼՄ-ները տարածեցին ինֆորմացիայի հոսքը՝ ՀԷՑ-ը գնելու է Սամվել Կարապետյանը: Սակայն Tashir Group ընկերությունից հայտնեցին, որ դրանք պարզապես անհիմն լուրեր են: Այնուամենյնիվ լուրերը ճիշտ էին, և ահա, ողջ Հայաստանի էլեկտրաէներգիայի բաշխումը այժմ ռուսաստանաբնակ հայի ձեռքերում է: Ճիշտ է նաև այն, որ այդ հայն ունի եղբայր Հայաստանում՝ Կարեն Կարապետյանը, ով հանդիսանում է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ և Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է: Համաձայնեք՝ դժվար է հաշվի չառնել այդ փաստը, երբ խոսում ենք օտարերկրացի ներդրողի մասին, ով իր վերահսկողության տակ է վերցնում երկրի էլեկտրական հոսանքի ողջ համակարգը:

Բայցևայնպես՝ ի՞նչ էր վիճարկում Tashir Group-ը: Hetq.am հետաքննական լրագրության կայքը հետաքրքրաշարժ հոդված է հրատարակել այս մասին, որտեղ հղում անելով Սամվել Կարապետյանին մոտ գտնվող իրենց աղբյուրներին, ահա թե ինչ է գրում. գործարարը համաձայնել է փակել ՀԷՑ-ի կուտական պարտքերի միայն $30 միլիոնը: Հաշվի առնելով, որ ընկերության պարտքը կազմում է $250 մլն՝ ստացվում է, որ Ինտեր ՌԱՕ ընկերության փոխարինումը Tashir Group ընկերությամբ սկզբունքորեն որևէ խնդրի լուծում չէ, բացի այն, որ պարտքը կնվազի 12 տոկոսով: Չոր հաշվարկով՝ նոր համակարգողը խոստանում է բարելավված կառավարում, ծախսերի գրագետ բաշխում և այլ «քաղցրեղեն», բայց առայժմ դրանք միայն խոստումներ են:

Այսպես, եթե վիճարկման առարկան եղել է 30 մլն դոլարից առաջ դրվող ±-ը, ուրեմն ամեն ինչ փոքրիշատե պարզ է: Բայց դա միայ ենթադրություն է, այն էլ բավական թույլ: Հարցն այն է, որ մեզ հայտնի չեն այս վիճիելի հարցի ահյլ մասնակիցները: Ձևականորեն ամեն ինչ գեղեցիկ է՝ «Հայաստանի կառավարությունը դիմել է մեր հայրենակցին՝ Սամվել Կարապետյանին, համապատասխան ակտիվներ ձեռք բերելու խնդրանքով…»: Սակայ մի նրբություն կա՝ լուրն այն մասին, որ Tashir Group-ը գնում է ՀԷՑ-ը նախ հրատարկեց ԻՆտեր ՌԱՕ-ի մամուլի ծառայությունը, ապա Tashir Group-ը, և միայն հաջորդ օրը Հայաստանի կառավարությունը «թույլ տվեց» կատարել գործարքը: Պարզ է դառնում, որ Հայաստանի կառավարությանը ոչ ոք չէր էլ հարցրել, այս գործարքը կնքվել է Tashir Group ընկերույան և ինչ-որ X մասնակցի միջև:

Ով է թաքնված իքսի տակ, դեռ պարզ չէ, ինչպես պարզ չէ այն, թե քանի թաքնված մասնակից կա, բայց այդ դերի համար հավակնորդներ այնքան էլ շատ չեն: Դա կարող է լինել նույն Ինտեր ՌԱՕ-ն, որը դեմ չէր ազատվել իրեն նեղություն պատճառող ակտիվներից, հնարավոր է որևէ դեռ անհայտ ներդրող, ով կգնի Սամվել Կարապետյանից ՀԷՑ-ը, տարբերակները շատ են:

Եթե հենվենք Hetq.am-ի աղբյուրի հավաստիության վրա, ուրեմն չլուծված է մնում միայն պարտքի մյուս հատվածի՝ 220 մլն դոլարի մարման խնդիրը: Չէ՞ որ ինչ-որ մեկը պետք է վճարի այդ պարտը՝ ո՞վ:

Հայաստանի կառավարության վերընշված նիստի ժամանակ, հայտնի դարձան ՀԷՑ-ի աուդիտի առաջին փուլի տվյալները: Հետևությունն այսպիսին է՝ սակագների 17 տոկոսով բարձրացումը արդարացված միջոց է, հաշվի առնելով ընկերության դրությունը: Սա առաջին գիծն է «Մոտ ապագայում սակագնի անխուսափելի թանկացում» կոչվող նկարում, որի տակ կստորագրվի ՝ «Անկախ աուդիտ»- ը, 2015թ: Իսկ սա, իր հերթին, նշանակում է, որ այդ 220 մլն դոլարը կվճարի էլեկտրաէներգիան սպառողը: Դա կվերաբերվի ինչպես հասարակ քաղաքացիներին, ովքեր ունեն հեռուստացույցներ, համակարգիչներ, հարդարիչներ և արդուկներ, այնպես էլ խոշոր հարկատուներին, ովքեր ծանր արդյունաբերությամբ են զբաղվում, ունեն հազարավոր աշխատատեղեր, արտահանում… Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ նշանակություն ունի լեռնային արդյունաբերությամբ զբաղվող ընկերության համար էլեկտրականության յուրաքանչյուր կլիովատի գնի թանկացումը երկու տասնյակ տոկոսով: Դա հարված է գոտկատեղից ներքև, հետո նորից հարված նույն տեղում, ապա նորից…

Եվ այսպես, հարցի այսպիսի դրությունը վերադարձնում է մեզ վերըասվածին՝ եթե արդյունքում էլեկտրական հոսանքի սպառողն է վճարելու պարտը, էլ ի՞նչ կարիք կար ներգրավել Սամվել Կարապետյանին իր 30 մլն դոլարով և կես տարի գլուխ ցավեցնել՝ ՀԷՑ-ի գնման վերաբերյալ բանակցություններ վարելով: Սա միայն հաստատում է այն կասկածը, որ Tashir Group-ը վերջնական շահառուն չէ, այլ մի օղակ այն շղթայում, որը մեզ անհայտ ուղղությամբ է տանում:

Այս ֆոնի վրա, ի դեպ, ստիպված եմ արձանագրել, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաները ավարտվեցին անարդյունք: Պարզապես՝ անարդյունք: Ազգայնացում չկա, ՀԷՑ-ը մնում է, Բիբինին, ով կառավրվում էր Ինտեր ՌԱՕ-ից, կփոխարինի Վասյա Պուպկինը, ով արդեն չի կառավարվի Ինտեր ՌԱՕ-ից, բայց էլի նմանատիպ մի «տեղից»: Պարտքը մնում է, սակագները բարձրանում են, և՞:  Կարևորն այն է, որ յուրաքանչյուր պարապ մարդ գնում է Բաղրամյանի պողոտա և իր քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտում ինչ-որ «մի բանի» դեմ պայքարի համար: Լրագրողները (այդ թվում և ձեր խոնարհ ծառան) պարզապես ալարում են լուսաբանել անիմաստ այս վազքը: Բաղրամյանի ցույցերի կրկնությունն այլևս չի լինի, հատկապես՝ առջևում ցրտեր են:

Կա նաև երկրորդ իրադարձությունը՝ Որոտանի համալիրի անցումը ամերիկացիներին: Չէ որ Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել բոլոր երեք հիդրոկայանների (Տաթևի, Շամբի, Սպանդարյանի)  վաճառքը ամերիկյան Contour Global ընկերությանը: Հայաստանում, չգիտես ինչու, առաջացել և հաստատվել է կարծիք, որ այս գործարքի գումարով ($180 մլն) պետք է մարվի ՀԷՑ-ի պարտքի մի մասը: Իդեալական աշխարհի իդեալական երկրում գուցե այդպես պետք է լինի, բայց այդ ենթադրությունը հաստատով ոչ մի փաստ դեռ չկա: Երևի, պարզապես, բոլորը դա շատ են ուզում:

Ինչևէ, այստեղ առաջանում է մի պասիվ խնդիր՝ ստացվում է, որ Ռուսատանից Սամվել Կարապետյանը Tashir Group-ի միջոցով պետք է գնի Հայաստանի համար էլեկտաէներգիա ամերիկացիներից: ՀԷՑ-ը իր բաղադրիչներով հանդերձ, չի արտադրում էլեկտրական հոսանք, այն գնում է պատրաստի «արտադրանքը» տեղի ընկերություններից և հասցնում է այն բնակարաններ՝ բաշխիչ է: Իսկ ամերիկացիները գնել են Հայաստանում ամենաէժան էլեկտաէներգիա արտադրող ընկերության ակտիվները: Կարիք կա ասելու, թե որքան են միմյանց սիրում ամերիկացիները և ռուսները՝ հատկապես վերջին ժամանակներում:

Այստեղ, ակնհայտ է շահերի բախումը՝ դանդաղեցրաց ռումբ: Եվ թեև $180 մլն արժողությամբ Որոտանի կասկադը ԱՄՆ-ի համար մեծ գին չունի, բայցևայնպես ռուսական կողմը կարող է հարցին այլ տեսանկյունից նայել: Եվ կնայի, հատկապես, որ ունի եղբայր Հայաստանի ազգային ժողովում՝ Կարեն Կարապետյանը, և ով (իհարկե) կառավարող կուսակցության անդամ է:

Մի խոսքով՝ այս պարագայում վստահությամբ կարելի է ասել միայ մի բան՝ հարցերը կային և ավելացան: Այստեղից ոչ էներգետիկայի, ոչ կառավարման,ոչ էլ էլեկտրականության հոտ է գալիս, այլ՝ քաղաքականության և տվյալ տարածաշրջանի համար բավական մեծ գումարների:

Պատկերն այնքան խառն ու աղոտ է, որ թույլ չի տալիս տեսնել, թե ինչ կլինի վաղը: Եվ հնարավորություն էլ չկա իմանալ, քանի որ արտասահմանյան մասնավոր ընկերությունը և պետական ներդրողը գիտեն ամեն ինչ նախապես, իսկ Հայաստանի կառավարությունը «որոշում է» արդեն որոշված իրողությունը հաջորդ առավոտ:

Մնում է միայն ադի-բուդի գնել մեծ քանակությամբ, քանի դեռ չի թանկացել, և սպասել՝ ինչ կլինի հետագայում՝ ըստ սյուժեի: Իսկ եթե կինո չեք սիրում, կարելի է սուրճի բաժակով գուշակություններ անել՝ արդյունքը նույնն է:

Պատրաստեց Էմիլ Բաբայանը