Հայաստան օգնության շտապող ռուս բժիշկների առաջին խումբը արդեն Երևանում է: Մոսկվա-Երևան չարտերային չվերթը վայրէջք է կատարել կիրակի ուշ երեկոյան: Արդեն հաջորդ օրը կեսօրին բժիշկ կամավորները ուղևորվեցին իրենց վեհանձն առաքելության կատարման վայր:
«Առողջապահության նախարարության նախաձեռնությանը արձագանքել են մոտ 50 ռուս բժիշկներ: Նրանք կժամանեն առանձին խմբերով: Հաջորդ խմբի ժամանումը նախատեսված է հուլիսի սկզբին», – ասվում է ազգային Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:
Արդար կլիներ ասել, որ այս նախաձեռնությանը աջակցել և, ինչպես ասում են, կյանքի է կոչել մեր հայրենակից, Մոսկվայի Պավլովսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գեորգի Մելքոնյանը: Նա դեռ հունիսի 11-ին իր գործընկերներին միանալու կոչ արեց.
«Հարգելի՛ ընկերներ: Այսօր Հայաստանում ծայրահեղ իրավիճակ է ստեղծվել՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ: Ըստ էության, առկա է դեպքերի պայթյունավտանգ աճ: Առողջապահական համակարգի ռեսուրսները սպառվում են: Բռնկումը տեղայնացնելու և մարելու համար անհրաժեշտ են արագ գործողություններ: Այս կապակցությամբ կոչ եմ անում բոլոր բժիշկ գործընկերներիս` նրանք, ովքեր ինձ նման անտարբեր չեն Ռուսաստանին բարեկամ հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ և ներկայումս հնարավորություն ունեն արձակուրդ վերցնել և թռչել Երևան` անմիջապես տեղում օգնություն կազմակերպելու համար»:
Անձնանվեր բժիշկները քիչ չէին. կոչի հրապարակման առաջին իսկ ժամերից «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի էջում, որի հոգաբարձուն է հանդիսանում Մելքոնյանը, արձագանքներ ստացվեցին մոտ երկու տասնյակ բժիշկներից, որոնք պատրաստ էին թռչել մեր հանրապետություն: Նախապատրաստական բոլոր տասը օրերի ընթացքում ցուցակում 50 մարդ կար, որոնք որոշել էին օգնել հայ ժողովրդին: Նրանց թվում էին ինչպես Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայ բժիշկներ, այնպես էլ ռուս մասնագետներ: Այսպիսով, մեզ օգնության եկած հինգ բժիշկներից երկուսը ռուսներ էին, որոնք նախկինում երբևէ չէին եղել Հայաստանում:
«ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի նախագահ Տատյանա Հովհաննիսյանը, որը շատ արագ իրականացրեց կազմակերպչական բոլոր միջոցառումները, չի թաքցնում հիացմունքը.
«Շատերը զարմացած են, որ բուժսարքավորումներ, անհատական պաշտպանության միջոցներ, բժշկական գործիքներ ձեռք բերելու համար մենք օպերատիվ կերպով այդքան գումար հավաքեցինք: Ես զարմացած եմ, որ ռուսները առանց երկար վարանելու՝ որոշեցին արձակուրդ վերցնել, և շատ դեպքերում՝ իրենց հաշվին, և կամավոր մեկնել օտար երկիր: Ինձ համար սա նորմալ է, քանի որ ես հայ եմ, սա իմ հայրենիքն է: Բայց այն, որ ռուս մարդը մեկնում է մի երկիր, որի հետ իրեն ոչինչ չի կապում, պատրաստ է անվճար աշխատել՝ գիտակցելով, որ վտանգում է իր առողջությունը, և, հավանաբար, կյանքը, հիացմունքի է արժանի»:
Հովհաննիսյանը պատմեց, որ ժամանածների թվում էին Անաստասիա Վոլկովան, Դավիթ Սախնովսկին, Զինաիդա Մարությանը, Գայանե Յուրիևնա Մելիք-Օհանջանյանն, Դմիտրի Դույկինը, ինչպես նաև չորս վերակենդանացնող բժիշկներ և պուլմոնոլոգներ: Հիսուն բժիշկների ցանկում ընդգրկված էին տարբեր նեղ մասնագիտությունների ներկայացուցիչներ, սակայն նախընտրելի էին հենց այդ պրոֆիլները, քանի որ նման մասնագետների խիստ պակաս թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ աշխարհում.
«Մենք հույս ունեինք, որ ժամանող առաջին խմբում 10 հոգի կլինեն: Բայց ստանալով էլ կլինիկաների ղեկավարությունների թուլյատվությունը, որոնց դիմել էինք աշխատավայրերում բժիշկների բացակայության խնդրանքով, այնուամենայնիվ, շատերը չկարողացան իրենց համար փոխարինող գտնել: Արդյունքում որոշվեց նրանց, ովքեր ստիպված էին մնալ Մոսկվայում, անհրաժեշտության դեպքում ուղարկել հուլիսին: Եվ վերջապես, մայրաքաղաքի բժիշկները ֆիզիկապես ուժասպառ են եղել, իսկ վերակենդանացնող բժիշկների դերը անգնահատելի է: Անձնակազմը կարելի է վերապրոֆիլավորել, սակայն, անձամբ ես բժշկական գիտությունների թեկնածու եմ, լավ թերապևտ, բայց չեմ կարող վերակենդանացնել: Ծանր հիվանդները մեկ այլ բարդ պատմություն է … Այնպես որ, առանց չափազանցության՝ դեֆիցիտ կադրեր ուղևորվեցին Հայաստան», – ասաց Հովհաննիսյանը:
Նա նաև հավելեց, որ բոլոր հինգը ոչ միայն լավն են, այլև կլինիկաների շատ փորձառու բժիշկներ են, որոնք վերջին 3 ամիսներին բուժում են COVID-19-ով հիվանդներին: Ըստ մեր զրուցակցի՝ կորոնավիրուսի բուժման փորձի առկայությունը ընտրության հիմնական չափանիշն էր:
Երևանում ռուս բժիշկների խմբին դիմավորեցին և հյուրընկալեցին բժիշկներ Արամ Բադալյանը (հյուրանոցը ապահովում էին «Բժիշկ կամավորները») և Վահե Տեր-Մինասյանը: Dalma News-ի հետ հարցազրույցում Վահե Տեր-Մինասյանն ասաց, որ բոլոր բժիշկները, ինչպես նաև սարքավորումները հաջողությամբ ժամանել են: Երևանում նրանց դիմավորեցին կեսգիշերին, և մոտ տասներկու ժամ անց բժիշկները ուղևորվեցին «առաջնագիծ». մեկ խումբը «գործուղվեց» ՆԳՆ հիվանդանոց, երկրորդը՝ Արտաշատի բժշկական կենտրոն՝ վերապրոֆիլավորված «COVID»-ով հիվանդներին ընդունելու համար: Սարքավորումները, ներառյալ 12 թթվածնի կոնցենտրատոր (10լ) և 7 մոնիտոր հիվանդների վիճակը վերահսկելու համար, ուղարկվել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Տեղական կլինիկաների մասնագետները շատ ուրախ են նաև այն պատճառով, որ նրանց հետ շփվելու մեջ լեզվական խոչընդոտ չկա: Ակնհայտ է, որ Արտաշատի կլինիկայում դժվար է գտնել էսկուլապ, որը սահուն խոսում է ֆրանսերեն կամ լիտվերեն. ավելի վաղ ժամանած կամավոր բժիշկների թվում, ինչպես գիտենք, կային ֆրանսիացիներ և մերձբալթյան երկրների ներկայացուցիչներ: Իսկ ռուսերենին տիրապետում է մեր հայրենակիցների մեծամասնությունը, ուստի ռուսների հետ շփումը հաճելի է մեր բժիշկների համար:
«Այսօր նրանք մեծ փորձ ունեն` կարող են կիսվել իրենց բուժման սխեմաներով, դիտարկումներով` ինչ պայմաններում, ինչն ինչպես է օգնում: Բնական է, որ սա նոր հիվանդությունը է, և բոլորս ամեն օր սովորում ենք, տեղեկատվությունը հասնում է, և ստացման ընթացքում փոխվում են նաև բուժման մոտեցումները: Եվ պատահական չէ, որ նախարարությունը օտարերկրյա բժիշկներին տեղավորում է տարբեր կլինիկաներում՝ ֆրանսիացի բժիշկներին առանձնացնելով ռուսներից և լիտվացիներից: Ի վերջո, ոմանք մեկ արձանագրություն ունեն, մյուսները՝ բոլորովին այլ…», – նշեց զրուցակիցը: Նա նաև ավելացնում է.
«Այս դեպքում ռուս բժիշկների ժամանումը ևս մեկ կարևոր առավելություն ունի՝ դա նրանց ֆիզիկական ներկայությունն է, որը գոնե ժամանակավորապես կթեթևացնի մեր բժիշկներից ոմանց: Ընդամենը երկու շաբաթով, բայց վերջապես կունենան կարճատև ընդմիջման և պարզապես քնելու հնարավորություն…»:
Ռուսաստանից ժամանած բժիշկները եկել են «պայքարելու» «COVID»-ի դեմ ոչ դատարկ ձեռքերով, այլ «զինված» գերդեֆիցիտ թթվածնային կոնցենտրատորներով: Ընդհանուր առմամբ, ուղեբեռի երկար ցուցակը, որը խնամքով փաթեթավորված և բեռնավորված էր չարտերային թռիչքի ժամանակ, պարունակում էր տարբեր բժշկական պարագաների շուրջ տասը անուն ապրանք՝ մոնիտորներից մինչև զարկերակային օքսիմետրեր, պաշտպանիչ կոստյումներ, դիմակներ և ռացիաներ՝ բժիշկների հետ կապ պահելու համար: Հումանիտար օգնության ընդհանուր գումարը կազմում է 3 միլիոն 200 հազար ռուբլի:
«2 միլիոն 200 հազար ռուբլիով ձեռք բերեցինք այն ամենը, ինչ մեզ հարկավոր էր, և մեզ նվիրեցին 1 միլիոն ռուբլու մի շարք պաշտպանիչ միջոցներ՝ դիմակներ, ռեսպիրատորներ, կոստյումներ և այլն», – հպարտությամբ և երախտագիտությամբ նշում է Տատյանա Հովհաննիսյանը:
Անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման ընթացքում ամենաէականը, թերևս, 12 բարձր հոսքային թթվածնային կոնցենտրատորների գնումն էր: «Այն, որ մենք ընդհանրապես դրանք գտանք, ֆանտաստիկա է: Ամբողջ աշխարհն այժմ գնում է թոքերի արհեստական օդափոխման սարքեր և կոնցենտրատորներ, և արտադրողները պարզապես ժամանակ չունեն նման մեծ պահանջարկը բավարարելու համար: Ասել, որ աշխարհում կոնցենտրատորների պակաս կա, նշանակում է ոչինչ չասել: Այնուամենայնիվ, առանց հույսս կորցնելու՝ զանգահարեցի բազմաթիվ ֆոնդեր: Ապարդյուն:
Պատկերացրեք իմ զարմանքը, երբ շաբաթ օրը երեկոյան հաղորդագրություն ստացա, որ պահեստներից մեկում կա 12 սարքավորում, և որ վճարով պատրաստ են սպասել մինչև երկուշաբթի: Ընդամենը երկու հանգստյան օրերի ընթացքում Հիմնադրամը հավաքեց 1,5 միլիոն ռուբլի: Այսինքն՝ սարքերը արդեն մերն էին, և մենք չափազանց ուրախ էինք: Ի վերջո, ցանկացած «covid»-կլինիկայի խնդիրն այն է, որ հիվանդը չհասնի վերակենդանացման բաժանմունք: Եվ այս կոնցենտրատորներն իսկապես օգտակար են դրա համար` շատ հզոր են, ի վիճակի են կանգնեցնել թոքերի արհեստական օդափոխման սարքերի «ճանապարհին» գտնվող 12 մարդու: Հետևաբար, շատ շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս ծանր պահին աջակցեցին Հիմնադրամին այդպիսի լուրջ ձեռքբերման մեջ», – ասաց «ՎԻՎԱ»-ի նախագահը:
Ըստ նրա, կարևոր է նաև, որ ֆինանսական աջակցությունը տրամադրվել է ոչ թե հաջողակ գործարարների կամ խոշոր կազմակերպությունների, այլ շարքային ռուսների կողմից, որոնք, ինչպես ասում են, ապրում են աշխատավարձով.
«Մեր հաշվեհամարին փոխանցված գումարների թվում, որոնք ներկայացված են մեր ֆեյսբուքյան էջում, կա և՛ 50 հազար ռուբլի, և՛ 250 ռուբլի: Մենք անչափ երախտապարտ ենք բոլորին աջակցության համար, քանի որ ակնհայտ է՝ օգնությունը բխում է մարդկանց սրտերի խորքից, և դա է գլխավորը»:
Անցյալ գիշերվանից մշտական կապի մեջ գտնվելով բժիշկների հետ՝ առաջին բանը, որ լսել էր նրանցից Տատյանա Հովհաննիսյանը Հայաստան ժամանելուց հետո, հետևյալն է. «Մեզ դիմավորեցին շատ հյուրընկալ կերպով: Կարևորը՝ նույն կերպ ճանապարհեն»: «Ես դրան պատասխանեցի՝ նույն կերպ կճանապարհեն: Մենք այն ազգն ենք, որը գնահատում է բարին և ունակ է դժվարին պահերին օգնության ձեռք մեկնել», – եզրափակեց բարերարը, որը արժանի է ամենադրվատելի խոսքերին:
«ՎԻՎԱ» էջի հրապարակված գրության տակ սոցցանցի օգտատերերից մեկը, արտահայտելով յուրաքանչյուրիս մտքերը, բժիշկների անվտանգ հեռանալու մասին գրել է. «Ապրե՛ք: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ, քանի որ ասում են. «Սիրի՛ր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ», և ասում են. «Չկա ավելի մեծ սեր, քան սեփական կյանքը ընկերների համար զոհաբերելը»: Թող յուրաքանչյուրդ ստանա արժանին»:
Իրինա Գրիգորյան