Վրաստանի նախկին Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ակտիվորեն իրականացնում է իր նախընտրական արշավը: Ակտիվիստներն ու խորհրդարանի գործող պատգամավորները ամեն օր հանդիպում են ընտրողների հետ, իսկ նախընտրական արշավից հետո՝ հուլիսի 16-ին, հայտարարվեցին կուսակցությունների առաջնորդների անունները և հասարակությանը ներկայացվեցին կուսակցական ցուցակի առաջին 20 պատգամավորի թեկնածուները, որոնք ընթացիկ տարվա հոկտեմբերի 8-ին կայանալիք ընտրությունների ժամանակ կպայքարեն խորհրդարանում իրենց տեղն ունենալու համար:
Ալասանիայի կուսակցությունն առաջինն էր, ով լքեց «Վրացական երազանք» դաշինքի շարքերը՝ կորցնելով խորհրդարանում որոշ կարևոր կառավարական պաշտոններ: Վարկածներից մեկի համաձայն՝ դաշինքից դուրս գալուց հետո՝ «Ազատ դեմոկրատները» հնարավոր է պատսպարվեին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու թևերի տակ, սակայն նրանք որոշել են դառնալ ընդդիմություն ու աշխատել ինքնուրույն՝ միաժամանակ կախում չունենալով որևէ այլ կուսակցությունից:
Այդ դեպքում՝ ինչպիսի՞ն է «Ազատ դեմոկրատների» նախընտրական հարթակը: Ինչիպիսի՞ն են արտաքին քաղաքականության ու հարևան երկրների հետ հարաբերություններում նրանց մոտեցման առանձնահատկությունները: Այս և նման այլ հարցերով, որոնք խիստ արդիական են այսօր, Dalma News-ի թղթակիցը զրուցեց խորհրդարանական ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդներից մեկի՝ խորհրդարանի նախկին փոխխոսնակ Զուրաբ Աբաշիձեի հետ:
Պատմեք մի փոքր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական հարթակի մասին:
Մեր հիմնական դեվիզն է՝ «Լավագույն կյանքը լավագույն տնտեսությունն է», ինչը ենթադրում է մի շարք ոլորտներում տիրող ներկա իրավիճակի բարելավում: Մենք պարբերաբար հանդիպել ենք երկրի բնակչությանը՝ ինչպես իշխանությունում եղած ժամանակ, այնպես էլ հիմա, երբ գտնվում ենք ընդդիմադիր թևում: Պետք է նշեմ, որ երկրում իրականացող գործառույթների ընդհանուր վիճակը վերջին ժամանակներում բոլորովին չի փոխվել, հակառակը՝ դեռ մի բան էլ վատացել է: Եվ մեր հիմնական նպատակն է խնդիրների լուծման համար ավելի մոտ կանգնել ժողովրդին: Ներկայիս իշխանությունը որպես ժառանգություն մի շարք չլուծված հարցեր է թողնում: Բացի այն, որ քաղաքացիները հուսահատված են տիրող գործազրկությունից, նրանք նաև չափազանց հոգնել են անընդհատ աճող գներից ու անվերջ տրվող խոստումներից: Մարդիկ հստակ գործողություններ են պահանջում: Օրինակ՝ այսօրվա դրությամբ, թոշակառուների թոշակները պետք է կազմեին ոչ թե 160 (մոտ. 70 $), այլ 300 (մոտ 135 $) լարի, քանի որ այսօր Վրաստանում նվազագույն զամբյուղը կազմում է 200 լարի (մոտ 90 $): Բնական է, որ հուլիս ամսից ավելացվող 20 լարին (մոտ 9 $) ավելորդ չի լինի, սակայն նման նվազ գումարը հիմնականում չի փոխում պատկերը:
Ցավոք, Միխայիլ Սահակաշվիլու կառավարությունը չհասցրեց թոշակային բարեփոխումներ իրականացնել՝ երկրին հասցնելով կուտակային թոշակի համակարգին: Այդ ժամանակահատվածում ընդունված թոշակային բարեփոխումները «Վրացական երազանքին» հնարավորություն կտային շարունակելու նախկինների սկսած գործը, և այսօր մեր թոշակառուներն արդեն իրականացած խոստումների ականատեսը կլինեին:
Կուտակային թոշակի մասին խոսակցությունները դեռևս Էդուարդ Շեվարդնաձեի իշխանության օրոք էին շրջանառվում, Ձեր կարծիքով ինչո՞ւ այդ ռեֆորմը չեղարկվեց:
Հավանաբար այն պատճառով, որ յուրաքանչյուր կառավարություն ցանկանում է արագ արդյունքներ տեսնել՝ հենվելով բնակչության աջակցության վրա ու որքան հնարավոր է ավելի երկար պահել իշխանությունն իր ձեռքում: Մեր գլխավոր նպատակը կայանում է հասարակության վստահությունը՝ երկրի քաղաքական գործընթացների նկատմամբ վերականգնելու մեջ, այլ ոչ թե պարզապես իշխանության գալը: Երբ մենք խոսում ենք այն մասին, որ Վրաստանում նվազագույն աշխատավարձը պետք է կազմի 500 լարի (մոտ.215 $), դրանք ոչ թե փուչ խոսակցություններ են, այլ լուրջ մտադրություններ:
Ըստ եվրոպական չափանիշների՝ քաղաքացուն տրվելիք աշխատավարձը չի կարող ժամում 8 եվրոից պակաս լինել: Վրաստանում նվազագույն աշխատավարձային միավորը 3 լարիից (1,3 $) պակաս չպետք է լինի: Մարդիկ աշխատում են, որպեսզի կարողանան կյանքի պայմաններ ստեղծել իրենց համար, սակայն վերջին 25 տարվա ընթացքում մենք միայն նույն պատկերն ենք տեսնում՝ նա, ով հարուստ էր այն ժամանակ, հարուստ է նաև հիմա: Հասարակության մնացած մասը լավ ապրելու մասին նույնիսկ չի էլ երազում: Սոցիալական հավասարության սկզբունքը ուղղված է միջին դասի ստեղծմանը, որի համար անհրաժեշտ է նախ երկրի տնտեսության բարելավում:
Երկրի տնտեսության 7-8 % աճի պայմաններում հնարավոր կլինի ավելացնել բյուջեն մինչև 4 մլրդ լարիի: Եվ դա իրական է: Մեզ մոտ եղել են դեպքեր, երբ երկրի տնտեսական աճը կազմել է նույնիսկ 10-12 %: Դա, անշուշտ, թոշակները բարձրացնելու հնարավորություն կտա: Ներկայումս գործող բյուրոկրատական ապարատը պետք է մանրազնին ուսումնասիրվի ու կրճատվի, որովհետև երկրում կան այնպիսի գերատեսչություններ, որոնց գոյությունը բոլորովին արդարացված չէ, դրանք առհասարակ չպետք է գոյություն ունենային: Ինչպես նաև՝ կառավարական թանկարժեք ավտոմեքենաները, որոնց թիվը պետք է իջեցնել, քանի որ միայն դրանց խնամքն արդեն պետբյուջեի համար մեծ բեռ է:
Խորհրդարանը հիբրիդային տրանսպորտամիջոցների համար մաքսային տուրքերի վերացման մասին օրենք է ընդունել:Ես կարծում եմ, որ այդ որոշումը ճիշտ է: Ես նույնպես երթևեկում եմ նման ավտոմեքենայով, որը, նախ և առաջ, էկոլոգիապես մաքուր ապրանք է համարվում, երկրորդը՝ ունի վառելանյութի նվազագույն ծախս: Նման մեքենաները հաստատ ավելի թանկ չեն լինի այն ամենագնացներից, որոնցով հագեցած է մեր կառավարական ավտոկայանատեղին: Նմանատիպ օրենքների ընդունումը անպայման կխթանի կառավարչական մի շարք ծախսերի տնտեսումը:
Բնականաբար՝ մարդիկ սկսում են ընդդիմանալ, քանի որ ընտրություններից ընտրություն ոչինչ չի փոխվում: Եվ այդ ներքին բողոքը ի վերջո հանգեցնում է նրան, որ մարդիկ չեն ցանկանում մասնակցել ընտրություններին:
Ազգային փոքրամասնությունների հետ համագործակցո՞ւմ եք: Եվ մի՞թե նրանց խնդիրների լուծումը Ձեր նախընտրական ծրագրի շրջանակներում ներառված է:
Խորհրդարանական մեր ցուցակներում կան նաև հայկական ու ադրբեջանական ծագում ունեցող թեկնածուներ, որոնք հայտնի են Սամցխե-Ջավախեթիում և Շիդա Կարտլիում, և որոնք ազգային փոքրամասնությունների խնդիրներին ծանոթ են ոչ միայն խոսակցությունների մակարդակում: Սակայն մենք այս մարդկանց չենք պատրաստվում օգտագործել ձայներ հավաքելու համար, ինչպես սովորաբար անում են իշխանությունները: Այդ մարդիկ հանդիսանում են մեր երկրի քաղաքացիները և պետք է իրենց զգան որպես երկրի իրական զավակներ:
Ձեր կուսակցությունը «Վրացական երազանք» դաշինքը կազմողներից մեկն էր: Ինչպե՞ս է այդ փաստն ազդում կուսակցության նախընտրական իմիջի վրա:
Դաշինքին անդամակցությունն իրականում մեզ համար բավական լուրջ փորձություն դարձավ: 2012 թ. հոկտեմբերի 1-ը Վրաստանի նորագույն պատմության ամենակարևոր թվականներից մեկն է: Այդ օրը տապալվեց Սահակաշվիլու ռեժիմն ու մենք մի նոր պետություն սկսեցինք կառուցել: Եվ մեր կուսակցությունն էլ քիչ դերակատարություն չուներ դաշինքի ստեղծման մեջ: Մեր առաջնորդը Պաշտպանության նախարարն էր, իսկ մենք ինքներս գտնվում էինք կառավարչական պատասխանատու պաշտոններում:
Պաշտոնյաներին տրվելիք աթոռները հարմարավետ լինելուց բացի նրանց ծանրագույն աշխատանք կատարելու պարտավորություն են տալիս: Մի շարք ոլորտների հետ կապված՝ «Վրացական երազանքը» ետ կանգնեց իր տված խոստումներից: Դեռ ինչ-որ տեղ կարելի է խոստումը չպահել, բայց առավել վատն այդ խոստումը հերքելն է: Իմ կարծիքով դա շատ վատ երևույթ էր, որը վրաց հասարակությանը հասցրեց հուսահատության:
Մեր նպատակը կայանում է մարդկանց վստահությունը վերականգնելու մեջ: Խոստումը չպետք է մնա որպես խոստում: Կոալիցիայում մի շարք մարդիկ կան, ում ես դաշնակից եմ համարում, որոնց հետ մենք քրտնաջան պայքար են մղել «Ազգային շարժում» ռեժիմի դեմ: Եվ առավել հիասթափեցնում է փաստը, որ նախկին կառավարությունն էլ իր տված խոստումները չի կատարել:
Ասում եք, որ ձեր կուսակցության ներկայացուցիչները «Վրացական երազանք» կոալիցիայում կարևոր պաշտոններ են զբաղեցրել: Ինչպե՞ս կգնահատեք անցած 4 տարիները: Ինչը՞ չի հաջողվել իրականացնել:
Ես չեմ ցանկանում ստեղծել մտապատրանք, բայց ընտրողների կողմից մեր կուսակցության նկատմամբ դրական վերաբերմունք եմ տեսնում: Միգուցե և դա կապված է այն երևույթի հետ, որ դաշինքից դուրս գալով՝ մենք լքեցինք մեր համապատասխան պաշտոնները: Բնակչության հետ հանդիպելիս՝ ես բացասական տրամադրվածություն չեմ զգում, ինչը հանդիսանում է այն բանի երաշխիքը, որ «Ազատ դեմոկրատները» նոր խորհրդարան կմտնեն ու կառավարության անդամներ կհանդիսանան:
Մեր կուսակցությունը արևմտամետ ուղղվածություն ունի, կազմված է վրացի հայրենասերներից ու իրենց գործն իմացող մասնագետներից: Իսկ դա հասարակական վստահությունը շահելու համար քիչ բան չէ:
Անհրաժեշտության դեպքում՝ հնարավոր տեսնո՞ւմ եք «Վրացական երազանքին» միավորումը:
Իհարկե, միայն եթե դա պետք է լինի պետության օգտին ու նպաստի նրա բարգավաճմանը: Իշխանությունը չպետք է կենտրոնացած լինի միայն մեկ քաղաքական ուժի կամ մեկ մարդու ձեռքում: Անկախ նրանից՝ դա ինչ-որ մեկին դուր է գալիս, թե դուր չի գալիս, կոալիցիոն միությունները հիմնված են եվրոպական փորձի վրա:
Գաղափարախոսական նմանության հիման վրա կուսակցությունների միավորումը, որի նպատակը պետության արտաքին կամ ներքին քաղաքականության հիմնական հարցերի լուծման ուղիների որոնումն է, առհասարակ բնական երևույթ է: Նույնիսկ միևնույն կուսակցության տարբեր անդամների տեսակետներն են երբեմն հակասում միմյանց, էլ ինչ խոսք դաշինքի մասին: Խորհրդարան կամ կառավարություն մուտք գործելիս՝ նեղ կուսակցական շահերը չպետք է պետական ընդհանուր շահերից վեր դասվեն:
Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքն այլ քաղաքական ուժերի նկատմամբ:
Մարդիկ «Ազգային շարժումը» գնահատելու հնարավորություն են ունեցել: Եվ չնայած այն բանին, որ այսօր կուսակցությունների առաջնորդները հասարակության առաջ փորձում են երևալ այլ լույսի տակ, անձամբ ես նման վերափոխման չեմ հավատում, չեմ կարծում, թե այս ընթացքում նրանց կուսակցություններում զգալի փոփոխություններ են կատարվել և քաղաքական գործիչներն իրենց գործունեությունից դասեր են քաղել: Եվ քչերն են այսօր կարոտում Միխայիլ Սահակաշվիլուն: Որոշ մարդիկ «Ազգային շարժման» քարոզի ջատագովներն են հանդիսանում նույնիսկ այսօր, բայց անձամբ ես չեմ պատկերացնում նրանց վերադարձը:
Ինչ վերաբերում է «Վրացական երազանքին», ապա նրանք էլ իրենց հիմնական խոստումները չկատարեցին: Սակայն ամեն դեպքում խոստովանեցին իրենց կողմից կատարված լուրջ սխալները: Օրինակի համար խոսեմ «մալուխների գործի» մասին (Վրաստանի զինված ուժերում կոռուպցիոն մեծ սկանդալը), որը, կարելի է ասել դաշինքից հեռանալու «Ազատ դեմոկրատների» որոշման ամենակարևոր խթանն էր: 5 զինծառայողի, առանց որևէ մեղքի ապացուցման, հենց այնպես, փակեցին բանտերում: Դա, եթե նույնիսկ իր նախորդների արարքների հետ համեմատելի էլ չէ, ամեն դեպքում լուրջ բիծ էր «Վրացական երազանք» կուսակցության հեղինակության համար:
Նախկին իշխանության օրոք մարդիկ նույնիսկ վախենում էին իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտելու համար: Բայց այդ ժամանակաշրջանն այլևս անցյալ է, այսօր քաղաքական ճնշումից ազատված են բոլոր քաղաքացիներ, տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցները: Իշխող դաշինքում մեր ներկայությունը բավական համոզիչ էր: Չեմ ուզում չափազանցնել, սակայն «Ազատ դեմոկրատները» «Վրացական երազանքից» տարանջատվեց այն ժամանակ, երբ դաշինքի աշխատանքն այլևս արդյունավետ չէր:
«Վրացական երազանքից» «Դեմոկրատների» հեռանալուց հետո հնչեցին կարծիքներ, որ ձեր կուսակցությունը կմիանա «Ազգային շարժմանը»:
Բացառված է: Միգուցե դա ցանկանում էին «Վրացական երազանքն» ու «Ազգային շարժումը»… ի դեպ՝ վերջինիս սրտով չէր քաղաքական տեսադաշտում որևէ այլ ուժի գոյությունը, քանի որ նրանք միանձնյա իշխանության հավակնություններ ունեին: «Վրացական երազանքին» նույնպես ձեռնտու էր մեր միությունը՝ «Ազգային շարժման» հետ: Բայց մենք գերադասեցինք ընթանալ քաղաքական մեր ուղղով՝ չմիավորվելով ոչ նրա, ոչ էլ մյուսի հետ:
Ո՞րն է Ձեր կուսակցության ներքաղաքական ուղղվածությունը:
Երբ մենք խոսում ենք լավագույն տնտեսության ու լավագույն կյանքի մասին, դա նշանակում է, որ Վրաստանը պետք է մտնի ՆԱՏՕ-ի կազմի մեջ ու ԵՄ անդամ դառնա, ինչը երկրին կապահովի անվտանգությամբ ու կներգրավի ներդրողներին: Ինչո՞ւ մինչև հիմա մեզ մոտ ֆաբրիկաներ ու գործարաններ չեն կառուցվում: Այսօր Վրաստանը պետք է լավագույն տնտեսությունն ունենար: Իսկ ԵՄ անդամակցությունը ենթադրում է ընդհանուր շուկա՝ միևնույն հարթակի վրա:
Ես համոզված եմ, որ արդեն սեպտեմբերին մենք կնշենք ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցը: Դա ոչ միայն կառավարության, այլ մեր ողջ հասարակության ձեռքբերումը կլինի: Չնայած կան որոշ ուժեր, որոնք ՆԱՏՕ-ին անդամակցության հանդեպ սկեպտիկ վերաբերմունք են ցուցաբերում ու նույնն էլ փորձում են մարդկանց գիտակցությունների մեջ արթնացնել, բայց այդ գործընթացն այլևս անշրջելի է: Եվրոինտեգրումը նույնպես մեր երկրի ապագայի զարգացման համար պակաս նշանակություն չունի, քանի որ մենք պետք է պաշտպանված լինենք ոչ միայն արտաքին սպառնալիքից, այլ նաև ներքինից՝ թե սոցիալական, թե տնտեսական տեսանկյունից: Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ արդեն անցել են այդ ճանապարհով, և մենք էլ պատրաստ ենք հետևելու նրանց: Ես չեմ կասկածում, որ Վրաստանը մի օր կդառնա իսկապես հզոր երկիր:
Ինչպե՞ս եք վերաբերվում ռուս-վրացական համագործակցությանը՝ հումանիտար ու առևտրի ոլորտում:
Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում մենք «Վրացական երազանքի» հետ տարաձայնություններ չենք ունեցել: Երբ 2012 թ. ես և Բիձինա Իվանիշվիլին իշխանության եկանք, մեր բնակչության կարիքներից ելնելով՝ Ռուսաստանի հետ առևտուր իրականացնելու հարցում մեր կարծիքները համընկան միանգամից: Բացի այդ՝ մենք առանց մուտքի արտոնագրերի Ռուսաստանի հետ հարաբերությունների կողմնակիցներն ենք, քանի որ դրա շնորհիվ մեր երկրի տնտեսությունը միայն կբարելավվի: Սակայն մենք չենք կարող ամբողջովին կախում ունենալ միայն ռուսական շուկայից: Վրաստանի համար սկզբունքորեն կարևոր է ինչպես Եվրոմիության, այնպես էլ Ասիական շուկան, այնպիսի երկրների օրինակով, ինչպիսին է Չինաստանը: Մենք մտադիր ենք իհարկե կարգավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ տարածքային ամբողջականության խախտման հաշվին:
Ինչպե՞ս է ձեր կուսակցությունը վերաբերվում տարածաշրջանի այլ երկրների՝ Հայաստանի, Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ համագործակցությանը:
Մենք գտնում ենք, որ մեր երկրի տնտեսության զարգացման համար կարևոր է համագործակցությունը հարևան երկրների հետ, դրա համար էլ Վրաստանը պետք է կարողանա հասնել նրան, որ Եվրոպայի հետ լինեն առանց մուտքային վիզաների հարաբերություններ: Այդ դեպքում եվրոպացի մեր գործընկերները կկարողանան օգտագործել մեր տարածաշրջանային պոտենցիալը: Եվրոպան պետք է զգա, որ Ասիայի հետ հարաբերություններում Վրաստանը վստահելի գործընկեր է:
Վրաց ընտրազանգվածի գլխավոր ակնկալիքները կապված են տարածքային ամբողջականության հետ: Այդ խնդրի հանդեպ ի՞նչ վերաբերմունք ունի ձեր կուսակցությունը՝ Աբաշիձե-Կարասին ձևաչափում:
Մենք երբեք Աբաշիձե-Կարասին ձևաչափին դեմ չենք եղել: Պարզապես այս հարաբերություններում հիմնական նախընտրությունը տալիս ենք Ժնևյան գործընթացին, որում մասնակցություն են ցուցաբերում մի շարք միջազգային կառույցներ, ինչպես նաև՝ ԱՄՆ-ն: Բնականաբար՝ այս հարցի լուծման հետ կապված է նաև փախստականների վերադարձը՝ դեպի իրենց բնակավայր: Դրա համար էլ Աբաշիձե-Կարասին ձևաչափը նաև կարևոր ուղի է համարվում՝ Մոսկվայի հետ հարաբերություններում: Մեր կուսակցությունը համարվում է նման ձևաչափի ընդարձակողը, ինչպես նաև՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման կողմնակիցը, ինչը, բնականաբար կրկին պետք է բխի Վրաստանի շահերից:
Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքային ամբողջականացման հարցին, ապա դրանում շատ բարդ է ժամանակների հստակեցումը, ինչպես նաև՝ կանխագուշակելը, թե երբ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Ահա դա իսկապես կախված է այն բանից, թե ինչպես կզարգանան մեր երկրի ներսում տիրող իրադարձությունները: Որքան շուտ մենք ունենանք ԵՄ անդամ երկրների հետ առանց մուտքի վիզային հարաբերություններ, այնքան շուտ դեպի մեզ կձգենք Աբխազիան ու Հարավային Օսեթիան: Վրաստանը պատրաստվում է մեծ առաջընթացի, իսկ դա էլ իր հերթին ձեռնտու է նաև Ռուսաստանին:
Շորենա Պապաշվիլի, հատուկ Dalma News-ի համար: