Հայկական սփյուռքը աշխարհի թերևս ամենազդեցիկ ու մեծաթիվներից մեկն է: Մեր հայրենակիցներն ապրում են երկրագնդի տարբեր անկյուններում, և եթե որոշ պետություններում նրանք թվով մի երկու հազարից էլ չեն անցնում, ապա որոշ տեղեր է կան այնպիսի խոշոր համայնքներ, որոնց թիվը միլիոնից էլ ավել է: Հայերը միշտ փորձում են պահպանել իրենց ինքնությունը, այդ պատճառով էլ այն երկրներում, որտեղ ապրում են, ստեղծվում ու զարգանում են տարբեր սփյուռքային կառույցներ, գործում են հայկական դպրոցներ ու մշակույթի տներ, կառուցվում հայկական եկեղեցիներ և այլն: Հայ առաքելական եկեղեցին ավանդաբար իր հատուկ տեղն է զբաղեցնում հայկական մշակույթի ու արժեքների պահպանման գործում, և Հայ առաքելական եկեղեցուն կից գործում են տարբեր կազմակերպություններ, որոնք աշխատում են հայերին իրենց ավանդույթների ու պատմական հայրենիքի հետ կապն ամրացնելու ուղղությամբ: Նման կազմակերպություններից մեկն էլ «Նուռ» երիտասարդական միությունն է, որը գործում է Մոսկվայում Հայ առաքելական եկեղեցու Ռուսական ու Նոր-Նախիջևանի թեմերին կից:
Կազմակերպության գործունեության մասին Dalma News-ը զրուցել է «Նուռ» երիտասարդական միության նախագահի տեղակալ Վարդան Պողոսյանի հետ, ով Հայ առաքելական եկեղեցու Ռուսական և Նոր- Նախիջևանի թեմերում երիտասարդների հետ կապված աշխատանքների գծով մասնագետ է, վանքում ծառայում է որպես դպիր, իսկ ազատ ժամանակ եկեղեցում առավոտյան ու երեկոյան ծեսերին ծառայություն է մատուցում:
Պարոն Պողոսյան, պատմեք մի փոքր Ձեր մասին: Ինչպե՞ս եք հայտնվել Մոսկվայում:
Ողջ կյանքում ցանկացել եմ ապրել այնտեղ, որտեղ կա Հայ առաքելական եկեղեցի: Ծնվել եմ Մարի Էլ փոքրիկ հանրապետությունում՝ Վոլժսկ քաղաքում, կրթությունս ստացել եմ Կազանում, զբաղվել եմ քաղաքականությամբ, և ժամանակին, երբ Մոսկվա տեղափոխվելու հնարավորություն եղավ, ես եկա այստեղ՝ կուսակցության Կենտրոնական բյուրո: Շատ էի ուզում այցելել Հայ առաքելական եկեղեցի, ամբողջովին տիրապետել նրա ծեսերին, հասկանալ նրա խորհուրդը, ավելի շատ շփվել սփյուռքի հետ՝ այլ կերպ ասած լրացնել ողջ բաց թողածը, ինչն ինձ տրված չի եղել ի ծնե: Ես երախտապարտ եմ իմ ծնողներին, որ ինձ հայկական ոգով ու ավանդույթներով են դաստիարակել, սակայն այնուամենայնիվ ռուսական կրթությունն ու ռուսական միջավայրը եղել են գերիշխող, դրա համար ուզում էի լինել նաև հայկական միջավայրում, հայ քրիստոնյաների մեջ, որպեսզի ընկղմվեմ իմ ազգային միջավայրում: Աստծո օգնությամբ դա ինձ հաջողվեց: Իսկ 2012թ. Տեր Եզրասը ինձ եկեղեցու ստորին աստիճանի հոգևորական կարգեց, ու դրանից հետո մինչև օրս ես իմ ծառայությունն եմ մատուցում: Այն հատկապես կապված է երիտասարդների հետ փոխհարաբերությունների ու համայնքի և հայկական եկեղեցու միջև երկխոսության ձևավորման հետ:
Պատմեք մի փոքր «Նուռ»-ի մասին:
Հայ առաքելական եկեղեցու Ռուսական ու Նոր- Նախիջևանյան թեմերի «Նուռ» երիտասարդական միությունը ստեղծվել է 2005թ.՝ Եզրաս Ներսիսյան արքեպիսկոպոսի օրհնությամբ: Երիտասարդական միությունն իր մեջ 4 ուղղությունն է ներառում՝ հոգևորա- լուսավորչական, սոցիալ- մշակութային, բարեգործական ու տեղեկատվական: Պատանիները կարող են ցանկացած մեկում փորձել իրենց: Մեր նպատակը ինչ-որ մեծ միջոցառումներ կազմակերպելու մեջ չէ, այլ որպեսզի քայլ առ քայլ միավորենք երիտասարդությանը ոչ անցողիկ, հավերժական արժեքների շուրջ, որոնցից մեկն էլ Հայ առաքելական եկեղեցին է: Մենք մասնակցում ենք մեծ եկեղեցական միջոցառումներին, սովորում հայկական ավանդույթներ ու երգեր: Ամեն հինգշաբթի երգչախմբի դասեր են լինում: Կիրակի օրերը նվիրում ենք Նոր և Հին Կտակարանների, Հայ Առաքելական եկեղեցու Սրբերի կյանքի մասին դասերին: Մենք նաև եկեղեցական գրականություն ենք թարգմանում՝ աշխարհաբարից ու գրաբարից՝ ռուսերեն, ակտիվորեն համագործակցում ենք այլ թեմերի հետ:
Ուրբաթ օրերը նախատեսված են հոգևոր զրույցներ տարբեր թեմաներով՝ ամուսնության ու ընտանիքի, նրա մասին, թե ինչ է պատարագը, խոստովանության թեմայի, հաղորդության, հայրենիքի պաշտպանության, այն մասին, թե որ դեպքերում է անհրաժեշտ ինքնապաշտպանություն կիրառել ու որքանով է դա համարվում հոգևոր, անում ենք հետաքրքիր մեջբերումներ Հայաստանի պատմությունից ու Սուրբ գրքից և այլն:
Ռուսաստանում մեր երիտասարդական միությանը կից արդեն ձևավորվել են Հայ առաքելական եկեղեցու ավելի քան 41 ծուխ: Դրանք լուսավորված ու բաց վանքեր են: Այդ ծուխերի մեջ արդեն կան շուրջ 25 երիտասարդական միություններ: «Նուռ»-ը հանդիսանում է կենտրոնական երիտասարդական ծխական կազմակերպություն:
Մեկուկես, երկու ամիսը մեկ անգամ մենք ուխտագնացություն ենք կազմակերպում: Այս տարի շատ խոշոր ուխտագնացություն ունեցանք դեպի Ղրիմի Հանրապետություն: Այն նվիրված էր Հայ առաքելական եկեղեցու Նոր-Նախիջևանի և Ռուսական թեմերի ձևավորման 300, և ռուս և հայ հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին: Ու այդ առիթով այցելեցինք Հայ առաքելական եկեղեցու Ղրիմի գործող բոլոր ծուխերը, այցելեցինք Եվպատորիա՝ Սուրբ Նիկոլայի վանք, Յալթայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, Սուրբ Սարգսի վանք, որտեղ կնքվել, պսակադրվել ու հուղարկավորվել է Հովհաննես Այվազովսկին: Նրա մասունքները մինչև այժմ էլ գտնվում են այդտեղ:
Ուխտագնացության ընթացքում մենք ամենուր հոգևոր ծառայություններ էինք մատուցում ու տարբեր զրույցներ տանում, հանդիպում տեղի երիտասարդության հետ: Ոխտագնացության ավարտին այցելեցինք Այվազովսկու արվեստի պատկերասրահ, ավելի մանրամասն ծանոթացանք նրա կյանքի պատմության հետ: Ամենահատկանշականն այն է, որ մեր հայրենակիցն իր արմատներից երբեք չի անջատվել: Ավելին, լինելով պալատի գլխավոր ծովանկարիչը, նա օգնել է բոլոր աղքատներին, թե հայերին, թե ռուսներին: Հատկապես, երբ հայերը հարսանիք նշելու կամ հարսնացուին օժիտ տալու գումար չեն ունեցել, միշտ ամբողջությամբ տրամադրել է անհրաժեշտ գումարը, որպեսզի հարսանիքն անպայման կայանա:
Դուք շատ եք շփվում Մոսկվայի հայ երիտասարդության հետ: Ի՞նչ հիմնական խնդիրներ ունի երիտասարդությունը: Ինչո՞վ են մարդիկ կիսվում Ձեզ հետ ու ինչպիսի խնդիրներ են քննարկում:
Քննարկվող հարցերի շրջանակը բավական լայն է: Լինում է, որ երիտասարդները իրենք իրենց գտնել չեն կարողանում, ու մեզ մոտ են գալիս: Լինում են հոգեբանական խնդիրներ, երբ մարդուն հարկավոր է օգնել սոցիալականացման ու ադապտացման հարցով, որպեսզի նա կարողանա ինտեգրվել հասարակության մեջ ու սկսի շփվել մարդկանց հետ: Լինում են նաև դեպքեր, երբ մարդը երկար տարիներ ապրելով պատմական հայրենիքից հեռու (երբեմն նա այդտեղ միայն ծնվել է, բայց գիտակցական ողջ կյանքն ապրել է այստեղ), կորցնում է իր մտերիմների հետ կապն ու ցանկանում է այդ կապը լրացնել ու զգալ իր ազգային ես-ը: Նա մեզ մոտ է գալիս, ու բնականաբար գտնում այդ շփումը: Մեզ մոտ նա լեզուն սովորելու, հայրենակիցների, իր հանրապետության պատմության հետ շփվելու ու հայկական եկեղեցում իրականացվող ծեսերին այցելելու հնարավորություն ունի, ինչը շատ կարևոր է, այսինքն կարևոր է այդ ծեսը լսել հենց հայերենով: Սա նույնպես երիտասարդների համար մեծ նշանակություն ունի: Հազվադեպ չեն նաև այցելում ընտանիք կազմելու հարցով: Մարդիկ հաճախ այստեղ են գալիս իրենց կողակցին գտնելու փնտրտուքներով, քանի որ այստեղ մեծաթիվ համայնք է հավաքված: Երբեմն լինում է, որ գալիս են ժամանցի, կան մարդիկ, ում պարզապես հաճելի է աշխատանքային օրվանից հետո ազատ ժամանակն այստեղ անցկացնել: Միխոսքով, մեզ մոտ ջերմ ու ընկերական մթնոլորտ է իշխում:
12 տարվա մեր գործունեության օրոք մեր կազմակերպությունով հազարավոր մարդիկ են անցել: Այսօրվա դրությամբ կազմակերպության ակտիվներում 250 մարդ կա:
Դեպի պատմական հայրենիք՝ Հայաստան, ուխտագնացություն կատարելու ծրագրեր կա՞ն:
Շատ լավ ու արդիական հարց է: Մեր հաջորդ խոշոր ուխտագնացությունը, որը կայանալու է 2018թ. Ամենայն հայ կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախաձեռնությամբ, լինելու է դեպի Հայաստան: Այդ տարին Հայ առաքելական եկեղեցին հայտարարելու է որպես երիտասարդության տարի, ու բոլոր թեմերից այդտեղ են հավաքվելու հայ երիտասարդության հազարավոր ներկայացուցիչներ: Միխոսքով, մի քանի հազար երիտասարդներ հավաքվելու են իրենց պատմական հայրենիքում, առաջին հերթին միասին աղոթելու, երկրորդը՝ իրենց զեկույցներով համաժողովներին մասնակցելու ու կիսվելու միմյանց հետ իրենց փորձով: Ու այդ ամենը տեղի է ունենալու 2018 թվականին: Դա սփյուռքով մեկ սփռված ողջ հայ երիտասարդության համար լինելու է խոշոր ուխտագնացություն, որը պատմական հայրենիքի հետ կապն ամրապնդելու հիանալի հնարավորություն կտա:
Ձեզ տեղի սփյուռքային կառույցներն ինչ-որ կերպ օգնո՞ւմ են:
Հայկական բոլոր կազմակերպությունների հետ մենք համագործակցում ենք, քանի որ իրար հետ կիսելու ոչինչ չունենք: Նախևառաջ թե հասարակական, թե կրոնական կազմակերպությունների նպատակը մեկն է, որպեսզի ազգային ինքնությունը, մեր դեպքում կրոնա-ազգային ինքնությունը չկորչի մեծ տարածություններում: Դրա համար լինում են նաև համատեղ միջոցառումներ: Մենք բոլորս ջանքեր չենք խնայում մեր ինքնությունը պահպանելու համար: Ինչ վերաբերում է ազգային բարեգործներին, ինչպիսիք են օրինակ Սամվել Կարապետյանը, ինտելեկտուալ- բարեգործ Ռուբեն Վարդանյանը, բարեգործ Հայկ Մաղաքելյանը և այլոք, նրանք իհարկե միավորված են եկեղեցու շուրջ ու հայկական եկեղեցու արժանավոր զավակներ են:
Եվ վանական այս համալիրը նույնպես կառուցված է ինչպես հասարակ մարդկանց, այնպես էլ այս բարեգործների զոհաբերություններով: Մի շարք ծրագրեր, ինչպիսիք են օրինակ «Հայորդաց տուն» կիրակնօրյա դպրոցը (Շեմիլովյան առաջին նրբանցք, մետրո Նովոսլոբոդսկայա), որտեղ անվճար հիմունքներով հայոց պատմություն ու հայոց լեզու է սովորում ավելի քան 1500 երեխա, իրականանում են հայ մեծագույն բարեգործների միջոցներով: Իսկ եկեղեցա-հասարակական կյանքին նրանք անհաղորդ չեն: Իսկ ինչ վերաբերում է առանձին կազմակերպություններին, ինչպիսիք են Ռուսաստանի Հայերի միությունը և Մոսկվայի հայ երիտասարդական ասոցացիան, ահա այս կազմակերպությունների հետ մենք փորձում ենք երկխոսություն իրականացնել: Իսկ իրենց ներգրավվածության աստիճանն արդեն իրենց որոշելիքն է: Մեր դռները բաց են բոլորի համար:
Պատրաստեց Ծովինար Կոստանյանը