Աստանայում սեպտեմբերի 10-ին իր աշխատանքային գործունեությունն ավարտեց «ԷՔՍՊՈ-2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսին, որի հիմնական թեման «Ապագայի էներգետիկան» էր, մասնակցեցին 115 պետություններ և 22 միջազգային կազմակերպություններ: Իսկ երեք ամիսների ընթացքում ցուցահանդես այցելեցին ավելի քան 3,860 մլն. մարդ:

Միջոցառումը հիմնականում կոչ էր ծանոթացնելու համաշխարհային հասարակությանը Ղազախստանի հետ: Իսկ թե ինչ տեղ է զբաղեցնում երկիրը աշխարհի քաղաքական քարտեզին, այդ մասին խոսում էին քաղաքական խոշոր միջոցառումների ցուցադրությունները, որոնք տեղի ունեցան ցուցահանդեսի բացման ու փակման արարողության ժամանակ: Տասնյակ պետությունների ղեկավարներ ու տարբեր երկրների կառավարություններ այցելեցին «Էքսպո-2017»: Եվ այսպես, տոնական բացման արարողությանը մեկնարկեց Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ), իսկ փակմանը՝ Իսլամական համագործակցության կազմակերպությունը:

Фото: Казинформ/Холдорбеков Мухтар
Фото: Казинформ/Холдорбеков Мухтар

Պետք է նշել, որ ղազախական իշխանությունները նախապես հոգացել էին թանկարժեք օբյեկտների ու սարքավորումների հետագա ճակատագրի մասին, որոնք կառուցվել ու տեղադրվել էին «Էքսպո»-ի առթիվ: Ցուցահանդեսից հետո դրանք եռանդուն կերպով օգտագործվելու են: «Нұр Әлем» (ղազախական տաղավար- հեղ.) ու մի շարք այլ տաղավարներ պահպանվելու են որպես «Էքսպո»-ի ժառանգություն: Ցուցահանդեսի ավարտը մի քանի նոր, մասշտաբային ծրագրերի սկիզբ կդառնա: Նախ դա լինելու է «Աստանա» Միջազգային ֆինանսական կենտրոնի բացումը: Այն պետք է դառնա ֆինանսական, ներդրումների ներգրավման կենտրոն ու միջազգային ֆինանսական համակարգում պատկառելի տեղ զբաղեցնի: Այս մասին միջոցառման փակման արարողության ընթացքում հայտնեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Երևանն արդյունքներից գոհ է

«Էքսպո-2017» -ին Հայաստանի մասնակցության, դրանից նրա սպասումների, վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների հոսքի ու Հայաստան զբոսաշրջիկների ներգրավման մասին Dalma News-ն արդեն գրել է:

«Էքսպո -2017»-ի հայկական տաղավարի աշխատանքներին մասնակցություն ունեցող հայ պաշտոնյաների հայտարարություններից դատելով՝ նրանք գոհ են արդյունքներից: Ղազախստանում Հայաստանի դեսպանատան առաջին քարտուղար Մհեր Բադալյանը հայտարարեց, որ փառատոնի բացման առաջին օրվանից սկսած հայկական տաղավարի հանդեպ հետաքրքրությունը շատ բարձր էր:

«Եվ հենց ղազախները շատ հաճախ էին հետաքրքրվում ինչպես էներգետիկայի ոլորտի նորամուծություններով, այնպես էլ զբոսաշրջության ոլորտով: Քանի որ «Էքսպո»-ից 10 օր առաջ, մայիսի 30-ին բացվել է Աստանա- Երևան ուղիղ չվերթը, ու ղազախների կողմից մեծ հետաքրքրություն կա դեպի Հայաստան ճանապարհորդության, զբոսաշրջության նկատմամբ: Ես անցած ցուցահանդեսը համարում եմ բավական հաջողված հայկական կողմի համար, իհարկե հաշվի առնելով տաղավարի ոչ մեծ չափերը»,- հայ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց նա՝ լուսաբանելով ԷՔՍՊՈ-ի փակումը:

Միևնույն ժամանակ հարցին, թե կա՞ն արդյոք ինչ-որ համաձայնագրեր, որոնք ձեռք են բերվել ԷՔՍՊՈ-ի ժամանակ, Բադալյանը պատասխանեց, որ մի քանի նախնական պայմանագրեր կան, սակայն կնքվածներ դեռևս՝ոչ:

Իր հերթին Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հայկական ֆոնդի տնօրեն Արմեն Մելկիկյանը գտնում է, որ Աստանայի ԷՔՍՊՈ-ն հնարավորություն է տվել ցույց տալու էներգետիկայի ոլորտի վերջին տարիների զարգացումն ու ձեռքբերումները:

«Ցուցահանդեսը, որպես համակարգված միջոցառում, միանշանակ մեծ հետաքրքրվածություն առաջացրեց ինչպես հասարակության, այնպես էլ տարբեր երկրների էներգետիկ ոլորտի մասնագետների միջև: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը ցուցահանդեսին լայնածավալ մասնակցություն չունեցավ, նրա տաղավարը հագեցած էր ամեն անհրաժեշտով, որպեսզի կարողանա հնարավորինս լիարժեք տեղեկատվություն տրամադրել հյուրերին, հատկապես Հայաստանի այլընտրանքային էներգետիկայի ոլորտի ներդրումային հնարավորությունների մասին: Համոզված եմ, որ նման ներկայացուցչական միջոցառումը, ինչպիսին ԷՔՍՊՈ-2017-ն էր Աստանայում, դեռ երկար ժամանակ մեծ հետաքրքրություն կապահովի Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտի նկատմամբ»,- հայտնեց նա Dalma News-ին:

Մելկիկյանն ավելացրեց, որ չնայած ցուցահանդեսի արդյունքները ներկա պահին հստակ գնահատել հնարավոր չէ, սակայն նրա դրական ազդեցությունն արդեն ակնհայտ է, վերջին ժամանակներս նկատելի է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտի նկատմամբ հետաքրքրության զգալի աճ: Սրա հետ կապված՝ նա նկատեց, որ ֆոնդն արդեն հանդիպումներ է անցկացրել Գերմանիայի, Ճապոնիայի ու ԱՄՆ-ի ներդրողների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանի քամու, երկրաջերմային և արևային էներգիայով:

Ւնչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա «Էքսպո- 2017»-ին այս ոլորտում Հայաստանի ձեռքբերումների մասին Dalma News-ին պատմեց Հայաստանի զբոսաշրջության ֆոնդի գործադիր տնօրեն Արա Խզմալյանը:

«Ես գոհ եմ մեր կազմակերպած Ազգային օրվանից (Հայաստանը ԷՔՍՊՈ-2017-ին, 16 օգոստոս,- հեղ): Քանի որ շատ մարդ կար և սրահը լիքն էր, «Միքայել Ոսկանյանն ու ընկերներ» աննկարագրելի տպավորություն թողեցին: Այնքան, որ տարբեր երկրների դեսպաններ բառիս բուն իմաստով ինձ հետևում էին ու նրանց սկավառակները խնդրում: Շատ լավ անցավ երեկոյան ընդունելությունը, մեր մասնագետները նաև անցկացրեցին Հայաստանի զբոսաշրջության ուղիների մասին ցուցադրություն»,- ասաց նա, ավելացնելով, որ ղազախական շուկան այնքան մեծ է, որ Ղազախստանից զբոսաշրջիկներ ներգրավելու աշխատանքը միայն «Աստանայի ԷՔՍՊՈ»-ով չի սահմանափակվում, այդ երկրից զբոսաշրջիկներ ներգրավելու այլ աշխատանքներ էլ կան:

ԷՔՍՊՈ-ի արդյունքների մասին իր տեսակետով Dalma News -ի հետ կիսվեց «Լոկատոր»-ի տնօրեն ու համասեփականատեր Արման Խաչատրյանը, հայկական միակ մասնավոր ընկերությունը, ով մասնակցել էր ցուցահանդեսին: Հենց նա էր ներկայացնում ոչ թե ներդրումային ծրագրեր, այլ ապրանքներ, որոնք անմիջական կապ ունեն էներգետիկայի հետ, իսկ ավելի հստակ՝ ծրագրային ապահովում:

«Աստանան օգնեց մեզ հասկանալու, թե ինչպես է պետք անցկացնել ցուցահանդեսները և ինչպես պետք չէ… Նման ցուցահանդեսները երբեք բիզնես-կոնտակտի չեն հանգեցնում, այլ ցույց են տալիս, թե ուր է գնում աշխարհն ու ուր են գնում տեխնոլոգիաները»,- ասաց նա:

Խաչատրյանն ավելացրեց, որ մոտ ապագայում Երևանում կանցկացվի ցուցահանդես, որի ընթացքում իրենք կօգտագործեն Աստանայում հավաքած փորձը, շեշտը դնելով ոչ թե ներկայացվող որևէ հստակ ապրանքի, այլ ոճի ու հնարավորությունների վրա:

Թե ինչպես քոսոտ մոզին գցեց նախրի անունը

Չնայած հայ պաշտոնյաների նման լավատեսական տրամադրվածությանը, հասարակ այցելուին հայկական տաղավարը ոչ մի կերպ չէր տպավորում: Ու հարցը նույնիսկ նրանում չէ, որ այն Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների մեջ ամենահամեստն ու ամենափոքրն էր, այլ այն, որ շեշտն ավելի շատ դրվում էր ոչ թե էներգետիկայի ոլորտի ձեռքբերումների, այլ զբոսաշրջության վրա: Այդ մեղքը ԷՔՍՊՈ-ի շատ մասնակիցներ գործեցին (աֆրիկյան տաղավարն առհասարակ տոնավաճառի տեսք ուներ, այդտեղ միայն հուշանվերներ էին վաճառում):

Տաղավար տանող ճանապարհը գտնելն առհասարակ ինքնատիպ մի բան էր՝ «Գտիր հայկական տաղավարը»: Այն երջանիկները, ում հաջողվում էր լուծել հանելուկը, նույնիսկ իրենց «ԷՔՍՊՈ-ի այցելուի անձնագրում» կնիք չէին ձեռք բերում, ինչպես դա անում էին այլ երկրների տաղավարներ:

Фото: Казинформ/Холдорбеков Мухтар
Фото: Казинформ/Холдорбеков Мухтар

Նույնիսկ հայկական տաղավարի ղազախ աշխատողները, որոնց վրա էր դրված շարքային այցելուների հետ աշխատանքի մեծ մասը, Հայաստանի մասին տեղեկատվությանն այնքան էլ չէին տիրապետում, ինչը բնական է: Օրինակ՝ գերմանական տաղավարում, որը «ԷՔՍՊՈ»-ի լավագույններից էր համարվում, ղազախ աշխատողներ ընտրվել էին Գերմանիայում սովորող ուսանողներից, որոնք շատ լավ ծանոթ էին այն երկրին, որին պետք է ներկայացնեին: Եվ հայկական կողմի համար էլ որոշ չափով խելամիտ կլիներ աշխատանքին կցել տեղական հայ համայնքի ներկայացուցիչների, որոնք այնուամենայնիվ Հայաստանի ու նրա տեսարժան վայրերի մասին ավելի շատ են տեղյակ, քան Ղազախստանում ապրող այլ ազգեր:

Նման մասշտաբի հաջորդ ցուցահանդեսը կկայանա Դուբայում՝ 2020 թվականին, և ուզում ենք հուսալ, որ հայ պաշտոնյաները կանեն որոշակի քայլեր՝ ապագայում ավելի շատ ուշադրություն դարձնելով ցուցահանդեսի շարքային այցելուների հետ աշխատանքին:

Իսկ եթե մասնակցության նպատակը միայն մասնակցությունն է, ապա ավելի լավ է խնայեն պետական միջոցներն ու ռեսուրսները նման թանկարժեք միջոցառումների վրա չվատնեն:

Պատրաստեց Հայկ Խալաթյանը