Հուլիսի 28-ին Ռուսաստանում նշվում է PR մասնագետի օրը։ Սա երիտասարդ տոներից մեկն է. այն առաջին անգամ նշվել է 2004 թվականին։ PR մասնագետները պատասխանատու են ընկերության, ապրանքանիշի կամ ապրանքի արտաքին հաղորդակցության համար. նրանք շփվում են լրատվամիջոցների հետ, հետեւում են հաճախորդների արձագանքներին եւ վերահսկում ընկերության ներկայությունը սոցիալական ցանցերում:

Այս երիտասարդ տոնի կապակցությամբ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքում գործող «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնում իրականացվող ռուսաց լեզվի անվճար դասընթացների սաները կազկակերպել էին միջոցառում, որն առանձնանում էր իր յուրահատուկ մոտեցմամբ։

Միջոցառման ընթացքում կենտրոնի սաները հյուրերին ներկայացրին երիտասարդ տոնի պատմությունը, ավանդույթները, կիսվեցին մասնագիտության մասին իրենց գիտելիքներով, նշեցին PR-ի կարևորությունը, ինչպես նաեւ ցուցադրեցին իրենց իսկ պատրաստած ռեպորտաժները։

«Երբ քննարկում էինք տոնի վերաբերյալ միջոցառման մանրամասները, մեր կենտրոնի աշակերտներն իրենք առաջարկեցին ներկայացնել իրենց ռեպորտաժները։ Ես սիրով համաձայնեցի, քանզի գտնում եմ, որ սա կարևոր քայլ է։ Չէ՞ որ հետաքրքրությունն ու նախաձեռնությունն արդեն ոգևորող են։ Նրանք արդեն այն տարիքում են, երբ պետք է ընտրեն մասնագիտություն։ Մեր սաներն ինքնուրույն գրել են սցենարներ, պատրաստել են համապատասխան հարցեր, նկարահանել են տեսանյութեր, մոնտաժել և ինչպես տեսնում եք այսօր ներկայացրել։ Գոհացուցիչ է նաև այն փաստը, որ նրանք այս ամենն իրականացրել են ռուսերեն լեզվով։ Կա առաջընթաց, որն անզեն աչքով երևում է, – մեզ հետ զրույցում ասաց ուսուցչուհի Ծաղիկ Մանուկյանը։

Dalma News-ը հիշեցնում է, որ Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնի բացումը նպատակ ունի երեխաներին ոչ միայն անվճար սովորեցնելու ռուսաց լեզուն, այլև նրանց ծանոթացնել հայ-ռուսական ընդհանուր պատմությանը, մշակույթին և ժառանգությանը։

Նշենք, որ Կենտրոններց յուրաքանչյուրն ունի իր անվանումը՝«Տիեզերք», «Գրականություն» և «Արվեստ», որոնք կորոշեն սաների ակտիվության, ինչպես նաև գործունեության ուղղությունը։

Երեխաների ուսումնական ծրագիրը հարուստ է՝ ներառյալ լեզվի ուսուցում, ընթերցանություն, հանդիպումներ փորձագետների հետ, էքսկուրսիաներ, ինչպես նաև ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ, քննարկումներ։ Նախաձեռնությունը կարևոր է փոքր գյուղերի համար։ Ապագայում նախատեսվում է կենտրոնների գործունեության ընդլայնում։