Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում չկան տարածքներ, որտեղ կարելի կլիներ հյուրանոցներ կամ այլ մեծ կառույցներ ստեղծել:Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Մինչ այդ, Dalma News-ը հայտարարել էր, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, որը մինչ այդ պատկանում էր Հայաստանի պաշտպանության նախարարությանը, վաճառվելու է 30 միլիոն դոլարով մասնավոր ընկերությանը: Ըստ հայտարարված ծրագրի, մարզահամերգային համալիրին կից տարածքներում կառուցվելու են հյուրանոցներ, փակ ակվապարկ, համերգասրահներ և կոնֆերանս-դահլիճներ:
Մկրտիչ Մինասյանը անդրադառնալով մարզահամերգային համալիրի վաճառքին նշել է, որ հարգելով կառավարությունը, չի ցանկանում քննադատաբար վերաբերվել նրա գործունեությանը, սակայն գոյություն ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն:
«Ինքանով մենք ընկերներով նայեցինք, այնտեղ չկան այնպիսի տարածքներ, որտեղ հնարավոր կլիներ կառուցել հյուրանոցներ և մեծ կառույցներ: Դա իրատեսական չէ: Համալիրի տարածքը պետք է իրականացնի իր գործառույցները և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը՝ անձեռնմխելի է: Այն հանդիսանում է ազգային արժեքներից մեկը: Չեմ պատկերացնում, թե որտեղ կարող են լինել այդ կառույցները»,-նշել է Մկրտիչ Մինասյանը հավելելով, որ Հայաստանում կան բազմաթիվ հիանալի վայրեր օգտագործման համար ցանկացած նպատակով: Մարզահամերգային համալիրի համանախագծող, Արմպրոեկտ ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանը անդրադառնալով այդ խնդրին նշել է, որ կառավարության այդ որոշումը, իր կարծիքով, խորությամբ ուսումնասիրված է, ուղղակի շատ հապճեպ որոշում է կայացվել, այնքան հապճեպ, որ որոշ պահեր անհասկանալի են մնացել:
«Այսօր մեզ կազմակերպություն են ներկայացնում, որ անցյալ չունի, իսկ ապագայի մասին մեզ ոչինչ հայտնի չէ, այստեղ մեկ հարց է ծագում՝ ում ենք հանձնում այդ կառույցը: Պարզ է մեկ բան, որ մարզահամերգային համալիրը մեր կառավարությունը չի կարող պահել: Այն պետք է մասնավորեցվի, այդ պատճառով մենք այն ժամանակ ողջունել ենք, երբ համալիրը մասնավորացվել էր լուրջ ընկերության կողմից»,-նշել է Գրիգոր Ազիզյանը: Նրա խոսքով, համալիրում առկա են վեց մեծ դահլիճներ, որոնք ճիշտ կառավարման արդյունքում կարող են ճիշտ օգտագործվել: Բացի այդ, ըստ նրա, այս պահին համալիրի տարածքում առկա են գործող ռեստորաններ: