Հայաստանում բուռն քննարկումներ են ընթանում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հայտարարությունից հետո այն մասին, որ ԱՄՆ Կոնգրեսում Երևանին սպառազինություն մատակարարելու հարցի շուրջ քննարկումներ են սկսվելու։ Այս հայտարարությունը շատերը ոգևորությամբ ընդունեցին՝ պնդելով, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից ԱՄՆ-ի հետ համագործակցության մասշտաբներն ընդլայնելու համար։ Մյուսները թերահավատորեն են մոտենում դրան՝ ուղղակիորեն հայտարարելով, որ ամերիկյան ռազմական օգնությունը Հայաստանին չի կարող իրականություն դառնալ, քանի որ Հայաստանը Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է և ընդգրկված է վերջինիս կողմից վերահսկվող գրեթե բոլոր դաշինքներում՝ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում։ Մինչ ԱՄՆ կառավարությունը ձեռնպահ է մնում մեկնաբանություններից, կոնգրեսականները ուղիղ հայտարարում են այն գինը, որը Հայաստանը պետք է վճարի ԱՄՆ ռազմական աջակցությունը ստանալու համար։ Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփեյերի կարծիքով՝ Հայաստանը պետք է գնա «Ուկրաինայի ճանապարհով» և «հետ մղի Ռուսաստանին»:
Որքանո՞վ են իրատեսական Հայաստանին ԱՄՆ-ի առաջիկա ռազմական օգնության վերաբերյալ ակնկալիքները, ո՞ր դեպքում Վաշինգտոնը կգնա այդ քայլին, ինչպե՞ս է ԱՄՆ-ը վերաբերվում Հայաստանի՝ Իրանից սպառազինությունների հնարավոր գնմանը, և, ընդհանրապես, ի՞նչ նպատակներ է հետապնդում Ամերիկան Հարավային Կովկասում, Dalma News-ի այս և այլ հարցերի պատասխանել է ամերիկագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ Սուրեն Սարգսյանը։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտարարել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին սպառազինության վաճառքի հարցի շուրջ Կոնգրեսում սպասվող քննարկումների մասին։ Ի՞նչ եք կարծում, գործը այս քննարկումից ավելի հեռուն կգնա՞, թե՞ ամեն բան այդքանով կավարտվի։
Կարծում եմ՝ Կոնգրեսում իսկապես նման քննարկումներ կլինեն, սակայն դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ-ը ի վերջո զենք մատակարարի Հայաստան։ Այժմ դժվար է ասել, թե ԱՄՆ-ը հակամարտող կողմերից մեկին սպառազինություն մատակարարելու ինչ հնարավորություններ ունի, քանի որ Վաշինգտոնը հանդես է գալիս որպես միջնորդ։ Սա անմիջապես կդիտարկվի որպես կողմնակալություն Միացյալ Նահանգների կողմից։ Մենք գործ ունենք շատ բարդ գործընթացի հետ. այն նախաձեռնելու համար պետք է լայնածավալ աշխատանք տանել ԱՄՆ-ի հետ կարևոր իրավական փաստաթղթերի ընդունման ուղղությամբ։ Խոսքը հսկայածավալ աշխատանքի և դժվարին ճանապարհի մասին է, որը բավականին երկար ժամանակ կպահանջի։ Այս առումով Հայաստանին ամերիկյան սպառազինության տրամադրման հարցը չափազանց բարդ խնդիր է։
Ի՞նչ հանգամանքներում ԱՄՆ-ը իսկապես կարող է ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին պաշտպանական ներուժի վերականգնման համար։ Ի՞նչ պետք է անեն այստեղ Հայաստանի կառավարությունն ու հայկական լոբբիստական կազմակերպությունները։
ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազմակերպությունները շատ ակտիվ են աշխատում, սակայն ոչ թե Հայաստանին ամերիկյան ռազմական աջակցություն տրամադրելու, այլ Ադրբեջանին ցանկացած օգնության տրամադրումն արգելելու ուղղությամբ։ Այս նպատակին հասնելն ավելի հեշտ է, քան Հայաստանին ամերիկյան սպառազինություն տրամադրելու թույլտվություն ստանալը։ Կա «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը, որով արգելում է ԱՄՆ-ի աջակցությունը Ադրբեջանին, սակայն նախագահը շրջանցում է այն՝ ուղղակի ռազմական օգնություն ցուցաբերելով Ադրբեջանին: Մյուս կողմից, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքի մեջ է, ինչը մեծապես բարդացնում է այդ խնդիրը։ ԱՄՆ-ը շատ զգայուն է հակառակ ռազմական բլոկի մեջ գտնվող երկրին զենք տրամադրելու հարցում։ Դա անելու համար Միացյալ Նահանգները պետք է մեծ քաղաքական և իրավական աշխատանք կատարի: Այժմ շատ դժվար է սպասել, որ ԱՄՆ-ը զենք կտրամադրի Հայաստանին: Դա գրեթե անհնար է:
Սակայն եթե ԱՄՆ-ում մեկ այլ որոշում կայացվի՝ ուղղված Հայաստանին ամերիկյան սպառազինության որոշ տեսակների տրամադրմանը, ապա մեծ աշխատանք պետք է տարվի Կոնգրեսի, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և Կոնգրեսի հայկական հանձնախմբի բոլոր անդամների հետ։ Սակայն կրկին, նախքան շտապ եզրակացություններ անելը, պետք է պատասխանել երկու հիմնական հարցի. նախ՝ Հայաստանն իսկապե՞ս ցանկանում է ամերիկյան սպառազինություն գնել, երկրորդ՝ ԱՄՆ-ը պատրա՞ստ է այս թեմայով լուրջ քննարկումներ սկսել։
Կարո՞ղ է Հայաստանը տեսականորեն զենք ձեռք բերել Իրանից: Կարո՞ղ է արդյոք ԱՄՆ-ը իսկապես խանգարել դրան, և կարո՞ղ է Հայաստանը հայտնվել ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ: ԱՄՆ-ում չե՞ն հասկանում, որ Հայաստանը գոյաբանական հարց է լուծում:
Կարծում եմ՝ Ամերիկայում հասկանում են, որ Հայաստանը կանգնած է էկզիստենցիալ խնդրի առաջ։ Մինչ այժմ Ռուսաստանը Հայաստանի համար սպառազինության մատակարարման հիմնական աղբյուրն է եղել։ Այժմ նա գտնվում է մոտավորապես նույն պատժամիջոցների բեռի տակ, ինչ Իրանը։ Այս առումով, տեսականորեն, Ռուսաստանից և Իրանից զենքի ձեռքբերումը կարող է ունենալ համարժեք հետևանքներ։ Սրա հետ կապված ԱՄՆ-ը հասկանում է, որ Հայաստանն իր պաշտպանական կարիքների համար պետք է զենք գնի կա՛մ Իրանից, կա՛մ Ռուսաստանից։ Չեմ կարծում, որ Իրանի հետ զենքի մատակարարման հնարավոր գործարքները կարող են ուժեղ դիմադրություն առաջացնել ԱՄՆ-ի կողմից։ Այս ուղղությամբ պարզապես պետք է քրտնաջան ու նպատակասլաց աշխատել։ Ի վերջո, քաղաքականությունը գործընթաց է, ոչ թե ստատիկ երևույթ, որ մեկ անգամ փորձես, չստացվի և փակես թեման։ ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ճիշտ աշխատանքի դեպքում այս խոչընդոտը կարելի է հաղթահարել։
Ինչպե՞ս կբնութագրեք ԱՄՆ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում։ Մեր տարածաշրջանի ո՞ր երկրներն են առավել հետաքրքիր Վաշինգտոնի համար և ինչո՞ւ:
ԱՄՆ քաղաքականությունը մեր տարածաշրջանում ուղղված չէ որևէ երկրի հետ մերձեցմանը: Վաշինգտոնին հետաքրքրում է տարածաշրջանը, այլ ոչ թե առանձին պետություններ։ Իսկ տարածաշրջանն արժեքավոր է նրանով, որ հարևան է ԱՄՆ-ի գլխավոր մրցակցին՝ Ռուսաստանին, գլխավոր տարածաշրջանային թշնամուն՝ Իրանին և ՆԱՏՕ-ի գլխավոր դաշնակցին՝ Թուրքիային։ Այս մոտեցումն ամրապնդվել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանային նոր ստատուս քվոյի հաստատումից հետո։ ԱՄՆ-ը փոխել է ԵԱՀԿ Մինսկի խմբի իր համանախագահի պաշտոնը՝ դրան տալով ավելի տարածաշրջանային բնույթ։ Այսպիսով, դեսպան Ֆիլիպ Ռիկերը նշանակվել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական: Նա ոչ միայն կվերահսկի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին վերաբերող հարցերը, այլև կզբաղվի Վրաստանի հետ կապված հարցերով։ Տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ-ի տարածաշրջանային ողջ քաղաքականությունը վերահսկվելու է մեկ կետից:
Զրուցեց Հայկ Գրիգորյանը