Գրքի երևանյան 5-րդ փառատոնի շրջանակներում Երևանում Ռուսական տունը ռուս հայտնի գրողներ Նինա Դաշևսկայան և Անաստասիա Ստրոկինան հանդիպել են 21 դպրոցների երեխաների հետ։

Նինա Դաշևսկայան երեխաների և դեռահասների համար գրքերի հեղինակ է, որոնք թարգմանվել են բազմաթիվ օտար լեզուներով, «Կենգուրու» և Վլադիսլավ Կրապիվինի անվան մրցանակների դափնեկիր է: Գրողը ծագումով Տվերից է, վեց տարեկանից ջութակ է նվագում։ Դաշևսկայայի ստեղծագործությունների սյուժեներն ու կերպարները գրեթե միշտ կապված են երաժշտության հետ՝ «Երաժշտությանը մոտ» պատմվածքների ժողովածուն, «Անհայտ վարպետի ջութակը», «Ես արգելակ չեմ» վիպակները և այլն:

Անաստասիա Ստրոկինան մանկական գրող է, բանաստեղծուհի, թարգմանիչ, «Կենգուրու» մրցույթի և Վ.Կ. Արսենտիևի անվան «Հեռավոր Արևելք» մրցանակի դափնեկիր: Գրողի գրքերը թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով։

Հանդիպման ընթացքում երեխաները ստեղծագործություններից հատվածներ են լսել հենց հեղինակների կատարմամբ, հարցեր ուղղել գրքերի ստեղծման վերաբերյալ, ինչպես նաև խոսել են այն մասին, թե ապագայում ինչի մասին կցանկանան ընթերցել։

Իսկ անցյալ շաբաթ Նինա Դաշևսկայան հանդիպել է Երևանի Ա. Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի դպրոցականների հետ։ «Շատ եմ կարևորում երեխաների հետ շփումը, ավելի կոնկրետ՝ 7-ից 14 տարեկան երեխաների հետ։ Սա այն տարիքն է, երբ երեխան սկսում է ընկալել իր շրջապատը և ավելի գիտակցաբար մոտենալ իր ձևավորած նախասիրություններին, – նշել է Նինա Դաշևսկայան։ – Շփվելու ընթացքում կարող ես հասկանալ, թե դու՝ որպես գրող, ինչ կարող ես ներկայացնել նրանց, ինչ կարող ես առաջարկել գրականության ոլորտում: Ամեն ինչ կախված է ունկնդիրների նախասիրություններից»։

Փառատոնի շրջանակներում Երևանում Ռուսական տանը հոկտեմբերի 3-ին (Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը Հայաստանում) նախատեսված է նաև հանդիպում ռուս ժամանակակից գրող Ալեքսանդր Սնեգիրևի հետ։