Հարավային Կովկասում լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսումը աղետալի հետևանքներ կունենա բոլորիս համար, հետևաբար այն պետք է կանխել: ԵԱՀԿ Միսնսկի խմբի ձևաչափը լավագույն հարթակն է ղարաբաղյան հակամարտության շուրջ հարցերի քննարկման համար: Միայն կույրը կարող է հերքել այն, որ Ղարաբաղում մասշտաբային պատերազմական գործողություններ վերսկսելու մեծ հավանակնություն կա:

Այսպիսին են Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի՝ հայաստանյան և տարածաշրջանային մեդիաների համար տրված առցանց ասուլիսի առանցքային դիտարկումները: Էվանսը 2000-ականների կեսերին գլխավորում էր ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը, սակայն 2006թ-ին նա հեռացվեց դեսպանի պաշտոնից, հետագայում նաև՝ ԱՄՆ պետդեպարտամենտից: Պատճառ հանդիսացավ Բերկլիի կալիֆորնիական համալսարանում Էվանսի ելույթը, որի ժամանակ, դիվանագետը Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի մասսայական սպանությունները կոչեց «ցեղասպանություն»:

Էվանսի այդ ելույթը մեծ աղմուկ բարձրացրեց, իսկ մամուլի ասուլիսը ավելի համեստ էր: Էվանսին հաճախ էին հարցնում ղարաբաղյան հակամարտության մասին, նա պատասխանում էր բավական զուսպ՝ նաև հրաժարականից հետո՝ խուսափելով կտրուկ արտահայտություններից և ձևակերպումներից: Ղարաբաղից բացի Ջոն Էվանսին հարցեր ուղղեցին նաև Հայաստանում ներդրումներ անելու, երկրի արտաքին քաղաքականության և այլ թեմաների վերաբերյալ:

Dalma News-ը համառոտ կներկայացնի դիվանագետի դիտարկումները Հայաստանի համար արդիական հարցերի շուրջ:

  • Լեռնային Ղարաբաղի հակամարտություն

Երկար տարիների ընթացքում Մինսկի խմբի երեք համանախագահները սերտորեն համագործակցել են, փորձելով գտնել արդարացի և ամուր որոշում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար, և դա մինչ օրս այդպես է, այդպես նշեց նաև դեսպան Ուորլիքը: Իմ կարծիքով՝ որպես Մինսկի խմբի բանակցական ձևաչափին փոխարինող, լավագույնս համապատասխանում է խնդրի լուծում փնտրելու ֆորմատը, բայց հաջողությունը կախված է ոչ այնքան միջնորդներից, այլ հենց հակամարտության երկու կողմերից: Միջնորդներին հեշտ է մեղադրել:

Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների դանդաղ առաջընթացը հիասթափության առիթ հանդիսացավ գործընթացին հետևողների համար, սակայն դիվանագիտությունը, որպես այդպիսին, շատ ժամանակ է պահանջում: Գործարքի հիմնական բաղադրիչների համաձայնեցումից հետո, տեղաշարժն ավելի արագ կլինի: Երկու կեղմերն էլ պետք է փոխզիջումների գնան, նրանցից ոչ մեկը չի ստանա այն ամենն ինչ ցանկանում է: Որոշակի փուլում Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է ներգրավվեն բանակցային գործընթացին, որպես լիիրավ գործընկեր:

Հուսով եմ, որ հակամարտության երկու կողմերն էլ և հատկապես Բաքուն, զսպվածություն կցուցաբերեն: Ցանկացած միջադեպ կարող է հասունանալով դառնալ լուրջ կոնֆլիկտ և լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսման առիթ հանդիսանալ, ինչը, ներկայիս պայմաններում, կարող է շատ ավելի ավերիչ հետևանքներ ունենալ, քան 1990-ականների սկզբին: Դա ոչ ոքի պետք չէ, հատկապես ղարաբաղցիներին: Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող բանակցությունների կարևորությունը գիտակցելու և դրանց ավելի լուրջ վերաբերվելու պատճառները շատ են: Հարավային Կովկասում լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսումը աղետալի հետևանքներ կունենա բոլորիս համար, հետևաբար այն պետք է կանխել:

Անհանգստացնող է ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտումները, այլև այն փաստը, որ խախտումներ են գրանցվել նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին (Տավուշում և Նախիջևանում):

Կողմերը կարող էին քննարկել հարցը, ավելի քիչ առաջ մղել իրենց լոբբին Ստրասբուրգում և Վիեննայում և այլ վայրերում, նայել իրավիճակին ավելի մոտ տարածությունից՝ այս և այլ խնդիրներ լուծելու համար:

  • Կոռուպցիա

Կոռուպցիա ամենուրեք կա, բայց կարծում եմ, որ Հայաստանում թափանցիկության ընդհանուր բացակայությունը, և այն կարծիքը, որ դատարանները չեն իրականացնում արդար և արագ արդարադատություն, բարդացնում է խնդիրը: Մենք բոլորս ցանկանում ենք տեսնել ավելի շատ ամերիկյան և այլ արտասահմանյան կազմակերպությունների ներդրումները Հայաստանում, բայց ցավոք սրտի, կան մի շարք խոչընդոտներ, այդ թվում մեծ է կոռուպցիայի գործոնը:

  • Հայ-թուրքական հարաբերություններ

Այս պահին ես շատ քիչ հեռանկարներ եմ տեսնում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար: Այս տեսանկյունից՝ արձանագրությունները ակնհայտորեն չիրականացվեցին: Ես կարծում եմ, որ դրանք սխալ էին, և դրանց հեղինակները ցանկանում էին միանգամից շատ բանի հասնել:

Միանգամից բոլոր խնդիրները լուծելու փորձերի փոխարեն ես կառաջարկեի մեկ հեշտ քայլ՝ առաջ բերել լիարժեք դիվանագիտական հարաբերություններ: Այդ քայլը կապահովի հուսալի կապ և կողմերից ոչ մեկի համար զիջում չի հանդիսանա: Ես այդ առաջարկությունն արել եմ երկու երկրների արտաքին գործերի նախարարներին:

  • Բողոքի ակցիաները Երևանում

Ռուսաստանյան և ուկրաինական ԶԼՄ-ները փորձում էին «մայդանի» պիտակ փակցնել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ Երևանում կայացած բողոքի ակցիաներին: Նրանցից յուրաքանչյուրն այդպես վարվելու իր պատճառներն ուներ: Կարծում եմ՝ բողոքի ցույցերին մասնակցող հայերին հաջողվեց հերքել այդ մեղադրանքները: