Ո՞վ չի լսել փայլուն հանճարեղ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին, վարպետ, ով իր մտքերն արտահայտելու համար օգտագործել է ձեռքի տակ եղած ցանկացած առարկա և նյութ: Մաեստրոն, ումով հիանում էին Ֆելինին, Վայդան, Տարկովսկին… վերջինիս հետ նրանք ընկերներ էին, Փարաջանովը հիանում էր նրանով, իսկ ռուս կինոռեժիսորը նրան անվանում էր «զարմանալի, հմայիչ և նրբանկատ»: Տարկովսկու մահից հետո Փարաջանովը իր վերջին ֆիլմը կնվիրի նրա հիշատակին:
Թիֆլիսաբնակ հայ հնաքավաքի ընտանիքում ծնված ապագա կինոռեժիսորը (Սարգիս Հովսեփի Փարաջանյան), ով իր ժամանակից տասնյակ տարիներ առաջ էր անցել, մինչ այժմ համարվում է խորհրդային կինեմատոգրաֆիայի խորհրդանշական կերպարը: Նա բացահայտ քննադատում էր խորհրդային մշակութային քաղաքականությունը և համարվում էր այլախոհ: Արդյունքում՝ մի քանի դատվածություն՝ տարբեր հոդվածներով: Սակայն բանտերը գործնականում ոչինչ չփոխեցին. ծածկագրված ուղերձներ տողերի, նկարների, կոլաժների մեջ. արվեստը ինքնադրսևորման լավագույն օգնականն է:
Փարաջանովը գիտեր, թե ինչպես լեզու գտնել համաշխարհային մակարդակի բազմաթիվ հայտնիների հետ: Եվ դրանում նրան օգնում էին ոչ միայն ռեժիսուրան, այլև նորաձևության հանդեպ սերը. նա անձամբ իր ֆիլմերի համար զգեստներ էր պատրաստում, ընտրում էր գործվածքը և հիանալի կերպով զգում ցանկացած ֆակտուրա: Հենց դա էլ օգնեց նրանց մտերմանալ ֆրանսիացի հայտնի մոդելավորող Իվ Սեն Լորանի հետ: Նրանք անձամբ հանդիպել են միայն մեկ անգամ, Փարաջանովը Իվ Սեն Լորանին է նվիրել իր պատրաստած կոլաժներով ալբոմ: Ի տարբերություն վրացիների կողմից սիրված լեգենդի՝ Լորանը երբեք չի եղել Թբիլիսիում, սակայն դա չի խանգարել նրան գնահատել Փարաջանովի ֆիլմերը և աջակցության նամակներ ուղարկել ճամբարներ:
Փարաջանովի Երևանն ու Թբիլիսին
Եվ ուրեմն՝ Փարաջանովը Հայաստանի՞նն է, թե՞ Վրաստանինը: Այս վեճը շարունակվում է երկար տարիներ, իսկ հայերն ու վրացիները սիրում են վիճել լի սեղանի շուրջ: Բայց ճշմարտությունը մեկն է. չնայած կինոռեժիսորը երբեք չի ապրել Հայաստանում՝ բացառությամբ վերջին օրերի (1990 թ. հուլիսի 21-ին Սերգեյ Փարաջանովը մահացել է Երևանում, որտեղ ապրել է իր վերջին անավարտ «Խոստովանություն» ֆիլմի նկարահանումների ժամանակ), նրա ամբողջ գեղարվեստական ժառանգությունը` ինստալյացիաներ, կոլաժներ, գծանկարներ, տիկնիկներ և այլն, նա կտակել է իր նախնիների հայրենիքին: 1988 թվականին, կառավարության որոշմամբ, Երևանում բացվեց Փարաջանովի թանգարանը, որը, սակայն, իր առաջին այցելուներին ընդունեց միայն 1991 թվականին. Սպիտակի ավերիչ երկրաշարժը կանգնեցրեց շինարարությունը:
Բացի Փարաջանովի 600 աշխատանքներից, այստեղ ցուցադրված են նաև թբիլիսյան տան կահույքն ու անձնական իրերը, որոնք նրա կամքով Երևան են տեղափոխվել դեռևս կենդանության օրոք: Ցուցանմուշների մեծ մասի արժեքը (դրանք 1500-ից ավելի են) նրանում է, որ մաեստրոն դրանցից շատերը ստեղծել է բանտում, երբ խորհրդային համակարգի կողմից 15 տարով հեռացվել է կինոյից, որոնց մեծ մասն անցկացրել է բանտերում և խիստ ռեժիմի ճամբարներում:
Այնուամենայնիվ, Վրաստանը Փարաջանովի նկատմամբ ավելի շատ իրավունքներ ունի, քան նրա պատմական հայրենիքը, քանի որ նա այնտեղ է ապրել և աշխատել 1924-1999 թվականներին: Եվ այստեղ, վերջապես, հայտնվեց նրա անունը կրող փողոց. անցյալ շաբաթ Վրաստանի մայրաքաղաքի Սակրեբուլոն որոշեց վերանվանել Մթածմինդայի շրջանի Կոտե Մեսխի փողոցի նրբանցքը, որտեղ ապրել է ականավոր ռեժիսորը, Փարաջանովի անունով: Ի դեպ, Երևանն այս առումով Թբիլիսիից շատ առաջ չէ. չնայած Հայաստանի մայրաքաղաքում նրա անվան թանգարանը հայտնվել է շատ ավելի վաղ, սակայն նրա անունով փողոց է կոչվել միայն 2017 թվականին:
Թբիլիսիի կենդանի խորհրդանիշներից մեկը արտասովոր հանճարի մասին
Փարաջանովի մասին ամենալավը և խորը իր գրքում պատմել է նրա ընկերը՝ «Սերգեյ Փարաջանով. երկխոսության խրոնիկա» գիրք-լուսանկարների ալբոմի հեղինակ, վրացի լեգենդար լուսանկարիչ Յուրի Մեչիտովը: Նրան անվանում են Թբիլիսիի կենդանի լեգենդ և Վրաստանի հպարտություն: Հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ բոլոր նրանցից, ում լուսանկարել է իր ողջ կյանքում, Փարաջանովը մնում է ամենասիրելին: Իսկ այդ ցանկը ներառում է աշխարհահռչակ անուններ` Ռոբերտ դե Նիրո, Ռոբերտ Ստուրուա, Մայա Պլիսեցկայա, մայր Թերեզա, Ալեքսանդր Աբդուլով:
Ընկերոջ համար Փարաջանովը հիշվել է որպես ամենահրաշալին, տարբերվողը, խենթը՝ միշտ հագեցած տարբեր ստեղծագործական գաղափարներով… և մենք չենք վիճում այդ հատկանիշների հետ, քանի որ Սերգո Մեչիտովը նկարահանել է ավելի քան 10 տարի:
Փարաջանովի ամենահայտնի լուսանկարներից մեկն արվել է Մեչիտովի կողմից հենց այն փողոցում, որն այսուհետ կրելու է վարպետի անունը: Լուսանկարն արվել է 1981 թվականի մայիսի 15-ին.
«Առավոտյան ժամը 11-ին եկա Սերգեյի թեյ խմելու: «Լենֆիլմի» երկու աշխատակիցներ նրա տանն էին. զբաղվում էին «Նռան գույնը» ֆիլմով: Բոլորս միասին դուրս եկանք տանից և գնացինք Ցխինվալսկայա փողոց: Այսօր կարծում եմ, որ Փարաջանովը վաղուց է ունեցել այդ միտքը. «Ահա այստեղից բացվում է սուրբ Մթածմինդա լեռի լավագույն տեսարանը, և հիանալի կադր կստացվի», – ասաց վարպետը և ցույց տվեց այն վայրը, որտեղից պետք է նկարահանեի ապագա գլուխգործոցը: Սերգեյը հարմարեցրեց լուսավորությունը, իր համար տեղ գտավ և կարգադրեց նկարահանել: Ես պատրաստվեցի, և այդ պահին, անսպասելիորեն, Սերգեյը ցատկեց իր համար զարմանալի հեշտությամբ, այնուհետև ցատկեց երկրորդ անգամ, երրորդ… Հենց երրորդ դուբլն էր, որն ամենահաջողը ստացվեց: Փարաջանովն այն անվանեց «դարի կադր», նվիրեց իր բազմաթիվ կոլաժները դրան, իսկ ես այդ լուսանկարն անվանում եմ «սև ագռավի թռիչք», – հետագայում այդ օրն է հիշել լուսանկարիչը:
Ի դեպ, Թբիլիսիի հենց սրտում՝ զբոսաշրջիկների սիրելի Շարդենի փողոցում, տեղադրված է «թռչող» Փարաջանովի հուշարձանը՝ հենց այս լեգենդար լուսանկարի մոտիվներով: Եվ վստահաբար կարելի է ասել, որ յուրաքանչյուր ոք, ով եղել է Թբիլիսիում և ուսումնասիրել հին փողոցները, այս հուշարձանի ֆոնին լուսանկար ունի…
Սերգեյ Փարաջանովը մի քանի գլուխգործոց ֆիլմերի հեղինակ է, որոնք նրան համաշխարհային ճանաչում են բերել՝ «Մոռացված նախնիների ստվերները» (1964), «Նռան գույնը» («Սայաթ-Նովա», 1969), «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» (1984), «Աշուղ Ղարիբ» (1988). այս անունները ոսկե տառերով են գրված կինոյի պատմության մեջ:
Լինա Մակարյան