Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, որի մեկնարկի տարելիցը Հայաստանում նշվեց սեպտեմբերի 27-ին՝ սգո միջոցառումներով, շատ բան է փոխվել ոչ միայն Հայաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլև Երևանի և Մոսկվայի երկկողմ հարաբերություններում: Հաշվի առնելով այն կարևոր դերը, որը Ռուսաստանը խաղաց հրադադարի հասնելու գործում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում խաղաղապահական ջանքերը, ժամանակն է հասկանալ, թե որքան ամուր է այս դաշինքը և ինչպես է հայ հասարակությունը դիտարկում հայ-ռուսական համագործակցության ապագան: Այդ նպատակով էր, որ ՄՀՄՊԻ Միջազգային հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, միջազգային գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն, պ.գ.դ. Նիկոլայ Սիլաևը մի քանի օրում հասցրեց շփվել ինչպես փորձագիտական ​​շրջանակների ներկայացուցիչների, այնպես էլ ուսանողների հետ՝ իրավիճակը հասկանալու համար: Իր հիմնական եզրակացություններով ռուս քաղաքագետը կիսվեց նաև Dalma News-ի հետ:  

Հայաստան-Ռուսաստան. շեշտադրումները փոխվեցին, միությունն ամրապնդվեց

Գրեթե մեկ տարի անց, երբ Մոսկվայի ջանքերով Ղարաբաղում պատերազմը կանգնեցվեց, կարելի է ասել, որ Ռուսաստանի դերի առանձնահատկությունն այն է, որ այսօր այն նույնիսկ ավելի ներգրավված է ղարաբաղյան հակամարտությունում, քան 44-օրյա պատերազմից առաջ էր: Այժմ Մոսկվան գործնականում մեծ ընտրություն չունի, քանի որ այն իրավիճակում, երբ առաջնային է ռուս խաղաղապահների անվտանգությունը, նա կարող է ստիպված լինել անհապաղ գործել, հակառակ դեպքում դա ծանր հարված կլինի Ռուսաստանի արտաքին քաղաքական կարգավիճակին: Եվ կարելի է հանգիստ ասել, որ Մոսկվայի համար Հայաստանի պարտության գինը կայանում է նրանում, որ նա այժմ անմիջականորեն ներգրավված է ղարաբաղյան հակամարտությունում:

Եվ այս համատեքստում Ռուսաստանի Դաշնության համար շատ կարևոր է, որ նրա դաշնակից Հայաստանը ուժեղ լինի թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ այլ առումներով: Խոսքը երկարաժամկետ գործընթացների մասին է, որոնց հիմքում հայ-ռուսական միությանն ուղղված այնպիսի բարձր պահանջներ են, որոնք նախկինում չեն դրվել:

Սակայն նույնիսկ այս դեպքում, Ռուսաստանը, անգամ պատերազմից հետո, որում պարտվեց նրա դաշնակիցը, կարողացավ պահպանել տարածաշրջանում առանցքային ռազմաքաղաքական ուժի իր դերը: Այս մի քանի օրերի ընթացքում Հայաստանում տեսա, որ հայ հասարակության վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ առավել քան դրական է, և մեծ պահանջարկ կա խորացնելու և ամրապնդելու Ռուսաստանի հետ միությունը: Այն զարգացնելու մեծ ներուժ կա՝ հաշվի առնելով նոր իրողություններն ու շեշտադրումները:

Ռուսաստան-Թուրքիա. ով ով է տարածաշրջանում

Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո փորձագետների գնահատականները կիսվեցին: Ոմանք կարծում էին, որ Ռուսաստանն ամրապնդվեց տարածաշրջանում, իսկ ոմանք՝ ընդհակառակը՝ արտաքին քաղաքական պարտություն կրեց, և Թուրքիան ձեռք բերեց նոր կարգավիճակ և ազդեցություն, ինչը չի կարող չնշանակել Մոսկվայի թուլացում: Այո, 2020 թվականի պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում նոր կարգեր հաստատվեցին, սակայն ոչ Ռուսաստանի հաշվին: Ընդհակառակը՝ Թուրքիայի մասնակցությունն այս պատերազմին, եթե իրավիճակին նայենք դիվանագիտության պրիզմայով, փորձ էր Ռուսաստանին առաջարկել երկուսով կառավարել տարածաշրջանը, ինչը նշանակում է Թուրքիայի դերը դարձնել առանցքայիններից մեկը: Այլ կերպ ասած` հավասարակշռել Թուրքիայի դերը Կովկասում:

Սակայն Ռուսաստանը այն երկիրը չէ, որի հետ կարելի է նման տոնով խոսել, և եթե ուշադիր նայեք, Թուրքիայի համար պատերազմի արդյունքները, լրատվամիջոցների առումով, տպավորիչ են, սակայն իրականում Թուրքիայի գրանցած հաղոջություններն այնքան էլ մեծ չեն:

Նախ՝ հակամարտության գոտում չկան թուրք խաղաղապահներ, և չնայած նա ցանկանում էր հասնել դրան, բայց Մինսկի խումբը պահպանեց ձևաչափը, և Թուրքիան, ինչպես նախկինում, դրանում ընդգրկված չէ: Բացի այդ, Էրդողանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են՝ չնայած Անկարայի ղեկավարության որոշ հակասական հայտարարություններին: Ամեն դեպքում, առավելությունները, որոնք Թուրքիան և անձամբ Էրդողանը ստանում են ռուս-թուրքական հարաբերություններից, բավականին մեծ են, ինչը նշանակում է, որ այդ հարաբերություններին մեծ նշանակություն է տրվում:

Նիկոլայ Սիլաև

Ինչու՞ է Մինսկի խումբը «դանդաղում»

Միամտություն կլիներ կարծել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է անտեսվել: Այլ կերպ ասած՝ առանց այնպիսի ուժերի աջակցության, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Այսօր ՄԽ շրջանակներում կարգավորման գործընթացը դանդաղել է, սակայն դա ընդհանուր առմամբ կապված չէ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների հետ, քանի որ, ինչպես հիշում ենք, համանախագահները պաշտպանեցին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների՝ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը: Գործընթացը, ամենայն հավանականությամբ, կդանդաղի, քանի որ երբ Ռուսաստանը և այլ երկրներ հայտարարեցին, որ ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում գոյություն չունի, դա միայն բարոյական կոչ չէր: Իսկ այն, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը դանդաղել է, մեկ այլ արտացոլումն է այն բանի, որ խնդիրը ռազմական լուծում չունի: Իսկ գործընկերների վրա ուժային ճնշում գործադրելու փորձն այստեղ չի աշխատում: Սակայն մենք դեռևս ականատես ենք լինում ուժային ճնշման տարրերի, ուստի տարօրինակ կլիներ ակնկալել տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման համաձայնություն, երբ ձեր գործընկերոջը համարում եք թշնամի, որը դեռ սպառնում է ոչնչացնել ձեզ: Հետևաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացման հարցում ձգձգումը միայն խոր անվստահության հետևանք է, որն է՛լ ավելի սրվեց Ղարաբաղում պատերազմից հետո:

Սպասե՞լ Ադրբեջանին ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի կազմում

Ինտեգրման վերաբերյալ որոշումները կայացնում են պետությունները, սա նրանց ընտրությունն է, և դա վերաբերում է նաև Ադրբեջանին: Ռուսաստանը շահագրգռված է հետխորհրդային տարածքի ինտեգրմամբ, սակայն դեռ տարիներ առաջ ի հայտ եկավ բազմամակարդակ ինտեգրման գաղափարը. ով ցանկանում է, ավելի արագ է ինտեգրվում, իսկ ով չի ցանկանում՝ ավելի դանդաղ: Սակայն պարզ է, որ այս հարցը չպետք է դիտարկել Մոսկվայի հետ սակարկելու համատեքստում, քանի որ Ռուսաստանը դա չի դիտարկում որպես զիջում կամ նվեր: Եվ եթե Բաքուն իր համար ձեռնտու համարի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ին, կարող է բանակցություններ սկսել այս հարցի շուրջ: Սա պետք է փոխշահավետ գործընթաց լինի, չնայած մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Բաքուն հաճախ փորձում ակնարկել, որ ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը Ռուսաստանին զիջում է: Կրկնում եմ՝ Մոսկվայի համար սա ո՛չ զիջում է, ո՛չ սակարկության հարց:

Լինա Մակարյան