ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարդասիրական օգնությամբ առաջին երեք վագոնները հասցրեց Արցախ: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի ութ քաղաքներից տարածաշրջան է ուղարկվում 54 վագոն: Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ մնացած բեռների ժամանումը սպասվում է առաջիկա օրերին:

Նախ, սննդով վագոններ ուղարկելիս՝ ռուսական կողմը, ըստ ամենայնի, ելնում էր Արցախի բնակչության առաջնային կարիքներից: «Բեռների առաջին երեք վագոնները (ավելի քան 80 տոննա քաշով) տարածաշրջան են հասցվել երկաթուղով: Սրանք առաջին անհրաժեշտության ապրանքներն են», – ասվում է ՌԴ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

«Առաջին ալիքի» թղթակիցը, Մարտակերտում արված տեսանյութում, որտեղ արդեն սկսվել է մարդասիրական օգնություն բաժանումը, բացեց փակագծերը: Արկղերում պահածոներ են, մակարոնեղեն, ալյուր, ձավարեղեն, թեյ, շաքարավազ, կենցաղային քիմիական նյութեր: Ամեն ընտանիքի համար մեկ ծանր արկղ:

Մարդիկ սիրով ընդունում են օգնությունը՝ իրենց անկեղծ երախտագիտությունը հայտնելով ռուս խաղաղապահներին: Զարմանալի չէ. մարդիկ դեռ աշխատանք չունեն, և քաղաքի ոչ բոլոր խանութներն են գործում կամ գործում են ոչ ամբողջությամբ: Քիչ չեն հարկադրված տեղահանվածները, որոնք մնացել են անօթևան և անապահով, մասնավորապես` բազմազավակ ընտանիքները: Սննդի մարդասիրական փաթեթները առաջին հերթին հենց նրանց են տրամադրվում:

«Մարդիկ աստիճանաբար վերադառնում են: Ոչ բոլորը աշխատանք ունեն: Մեկը գյուղից է փախել, մեկը դիրքերում էր… Մի խոսքով, գրեթե բոլորը ինչ-որ բան կորցրել են: Նման աջակցություն, իհարկե, անհրաժեշտ է բոլորին», – տեսախցիկի առաջ պատմում է տեղի բնակիչներից մեկը:

Պատերազմի մեկնարկից առաջ Մարտակերտում ապրում էր 5500 մարդ, իսկ ռազմական գործողությունների ընթացքում մնացել էր մոտ 100-ը. կանայք, երեխաները տարհանվել էին: Մինչ օրս վերադարձել է մոտ 4000 մարդ: Շատերի տները ամբողջությամբ կամ մասամբ ավերված են:

Բնակարաններից մեկում տեսախցիկը ֆիքսում է փայտով վառվող վառարանը, որը հազիվ թե տաքացնում է տունը. սենյակներից մեկում, որը պետք է փակվեր, պատը քանդվել է… Իր երբեմնի բարեկեցիկ խանութում դրա տերը չգիտի ինչ անել, որտեղից սկսել, գրեթե ամեն ինչ ավերված է: Ստիպված կլինի զրոյից կառուցել և վաճառքի համար նախատեսված սնունդ գնել: Բայց նա չի հուսահատվում: Ասում է՝ թող դա լինի իր ներդրումը քաղաքի խաղաղ կյանքի վերականգնման կարևոր գործում:

Խաղաղ կյանքը իսկապես դանդաղ, բայց վերադառնում է: Մարտակերտի բնակիչները փորձում են չհուսահատվել: Տներն ու դպրոցները ջեռուցվում են վառարաններով, վառելափայտը կոտրատվում է հենց դպրոցի բակում, իսկ հացի փռերից արդեն հացի հոտ է տարածվում, ինչը նշանակում է, որ կյանքը շարունակվում է:

«Պատերազմից հետո ի՞նչ է լինելու: Մարդկանց մեջ դեռ վախ կա: Ուստի քիչ թե շատ հուսադրող է, որ ռուս խաղաղապահ ուժերն այժմ այստեղ են: Առնվազն հանգիստ կյանքի հույս կա», – ասում է «Առաջին ալիքի» զրուցակիցը:

Ասկերանի շրջանում հումանիտար օգնության բաժանումը պակաս տեպմերով չէ ընթանում. այստեղ ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել Խանաբադ գյուղ: Տեղի բնակիչները շարք են կանգնում, տարեց կանանց թույլ են տալիս առաջինը մոտենալ: Ծանր արկղերը վերջիններս հազիվ են պահում:

«Բերված մարդասիրական բեռի քաշը ընդհանուր 1200 տոննա է: Պլանավորված առաքումներ են իրականացվում: Բնակչության, հատկապես Արցախի կարիքավոր բնակիչներին օգնության տրամադրումը իրականացվում է ՌԴ նախագահի և կառավարության հանձնարարականների համաձայն», – հստակ հայտնում է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչը:

Երկաթուղային ճանապարհով Արցախ ուղարկված այլ վագոններում կան կենցաղային իրեր, շինանյութ, հրշեջ ավտոցիստեռններ և էլեկտրակայաններ: Էլեկտրակայանների ժամանումը շատ տեղին կլինի: Այժմ արդեն ամբողջությամբ վերականգնվել է էլեկտրամատակարարման համակարգը, ինչին ռազմական գործողություններից հետո կրկին աջակցեցին ռուս խաղաղապահները:

Այս տեղեկատվությունը դեկտեմբերի 17-ին տարածել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը.

«Խաղաղապահների օգնությամբ ամբողջությամբ վերականգնված է էլեկտրամատակարարման համակարգը: Դրա համար վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 18 կիլոմետր էլեկտրահաղորդման գծերի և 50 հենարանների վրա: Ավելի քան 12 հազար բնակչություն ունեցող 24 բնակավայրերում վերսկսվել է էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը»:

Ռուս խաղաղապահ բժիշկները ևս անգործ չեն մնացել: Որակյալ բժշկական օգնություն է տրամադրվում ինչպես Ստեփանակերտի ռուսական ռազմական դաշտային հիվանդանոցում, այնպես էլ Մարտակերտում, որտեղ ավարտվել է երկրորդ ռազմական հիվանդանոցի տեղակայումը: Երկրորդ «դաշտային բուժկետը» արդեն սկսում է բժշկական աջակցություն ցուցաբերել ռուս խաղաղապահներին և հարակից բնակավայրերի բնակիչներին: Բացի այդ, տեղի բնակիչներին օգնություն են տրամադրում նաև ռազմական բժիշկների շարժական բրիգադները: Ընդհանուր առմամբ, 558 մարդ արդեն ստացել է բժշկական օգնություն, այդ թվում՝ 67 երեխա:

Սակրավորները նույնպես հաջողությամբ շարունակում են իրենց դժվարին առաքելությունը: Հումանիտար ականազերծման կենտրոնի մասնագետները, որոնք Արցախ են ժամանել խաղաղապահ զորակազմի կազմում, չպայթած ականներից ու արկերից արդեն մաքրել են 195 հա տարածք և 60 կիլոմետր ճանապարհ: Ստուգվել է չպայթած զինամթերքի առկայությունը 405 շենքերում: Հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 6000 պայթյունավտանգ առարկա:

Օրերս Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ռուս գործընկերներին` նշելով, որ ՌԴ ԱԻՆ մարդասիրական գործունեությունը անգնահատելի է Արցախի և արցախցիների համար: Ռուսաստանի ԱԻՆ փրկարար ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայ գործընկերներին ներկայացրեց ռուսական արտադրության գերժամանակակից հատուկ ավտոմեքենա՝ հագեցած ինժեներասակրավորական սարքավորումներով: Այս և այլ հատուկ սարքավորումները, ինչպես նաև հեռակառավարվող ռոբոտները ավելի անվտանգ են դարձնում Լեռնային Ղարաբաղի տարածքների մաքրումը, որտեղ տեղի են ունեցել ռազմական գործողությունները:

Բացի այդ, ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ միասին շարունակվում են մահացածների մարմինների փոխանակումը և անհայտ կորածների որոնողական աշխատանքները: Սրանք ամենահրատապ հարցերն են: Արդեն ավելի քան 490 հեռախոսազանգ է ստացվել ռուսական խաղաղապահ զորակազմի շտաբում տեղակայված անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալների հավաքագրման թեժ գծով: Աշխատանքի արդյունավետությունը բարելավելու համար որոնողական խմբերի քանակը ավելացել է՝ երեքից հինգ:

Ինչ վերաբերում է Արցախի բնակիչների՝ իրենց տները վերադառնալուն, ապա մեկ օրվա ընթացքում (դեկտեմբերի 17-ին) 439 մարդ է վերադարձել: Ավտոբուսների երթևեկությունը Երևանից Ստեփանակերտ իրականցվում է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ: Ընդհանուր առմամբ, ավելի քան 40800 փախստականներ արդեն վերադարձել են իրենց մշտական բնակության վայրեր:

Ստեփանակերտի օդանավակայանի կառուցումը գուցե առանցքային նշանակություն կունենա Արցախը բնականոն կյանքին վերադարձնող միջոցառումների շարքում. «օր ու գիշեր» ռուս խաղաղապահների մասնակցությամբ աշխատանքներ են տարվում: Ինչպես հայտնի է, վերակառուցումից հետո օդանավակայանը տեխնիկապես արդեն պատրաստ էր շահագործման դեռևս 2012 թ., սակայն Բաքուն նախազգուշացրեց, որ դեպի Ստեփանակերտ թռիչքները կդիտարկի որպես օդային տարածքի խախտում: Այնպես որ, բացակայում էր կանոնավոր քաղաքացիական օդային հաղորդակցությունը:

«Որքան գիտեմ, Ռուսաստանը ապրանքներ է հասցնում Երևան, որտեղից դրանք մեքենաներով բերում են Ստեփանակերտ: Այժմ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ օդանավակայան է կառուցվում: Դա արվում է, որպեսզի Ռուսաստանից ինքնաթիռները կարողանան ուղղակիորեն թռչել Լեռնային Ղարաբաղ», – ԶԼՄ-ներին հայտնեց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը: Այնուամենայնիվ, նա դժվարացավ նշել Ստեփանակերտի օդանավակայանի բացման հստակ ժամկետներ. «Հստակ չեմ կարող ասել, բայց աշխատանքները շարունակվում են օր ու գիշեր»:

Ավելի վաղ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր Արցախում օդանավակայանի շուտափույթ բացման հնարավորության մասին: Ըստ նրա՝ օդային հաղորդակցության մեկնարկը կդառնա տարածաշրջանի տնտեսական վերականգնման կարևոր կողմերից մեկը հայ-ադրբեջանական ռազմական վերջին հակամարտության սրացումից հետո: Հարցին, թե էլ ինչպե՞ս կարող է Ռուսաստանը աջակցել Արցախի վերականգնմանը հետպատերազմյան շրջանում, Սարգսյանը պատասխանեց. «Մեզ միայն խաղաղություն է պետք: Խաղաղություն և կարգավիճակ: Այժմ մարդիկ գիտեն, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց ամեն դեպքում իրենք իրենց հարց են տալիս՝ ինչպիսի՞նն է լինելու տարածաշրջանի կարգավիճակը»:

Իրինա Գրիգորյան