Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանում ակտիվ կերպով տարածվում են լուրերն այն մասին, որ կառավարությունը մտադիր է արգելել աջղեկ մեքենաների կիրառությունը: Այդ մասին առաջին անգամ խոսվեց մի քանի ամիս առաջ, սակայն Ճանապարհային ոստիկանության մամլո- ծառայությունում չհաստատեցին որևէ օրենսդրական նախագծի առկայության մասին, որը արգելում է նրանց կիրառումը: Թեպետ չթաքցրին էլ, որ այդ ուղղությամբ մտածում են՝ «ելնելով անվտանգությունից»: Իբր թե աջակողմյան ղեկ ունեցող մեքենաները ավելի հաճախ են դառնում ճանապարհային պատահարների մասնակից, չնայած այն հանգամանքին, որ հստակ վիճակագրություն այդ ուղղությամբ չի անցկացվել:
Եվ ահա, հոկտեմբերի սկզբներին, արդեն խորհրդարանում Տրանսպորտի նախարարը հայտարարեց, որ լուրերն անհիմն չեն ու կառավարությունում արդեն զբաղվում են «աջղեկ մեքենաների» արգելքի օրենքի նախագծի մշակման ուղղությամբ: Նրա խոսքերով՝ աջ ղեկ ունեցող մեքենաների սեփականատերերին, եթե օրենքն ընդունվի, ղեկը փոխելու կամ մեքենան վաճառելու ժամանակ կտրամադրվի: Նման վարկած, ի դեպ, նախարարը բարձրաձայնել է բազմիցս, խորհուրդ տալով մեքենայի սեփականատերերին վաճառքի հետ կապված խնդիրների դեպքում (իսկ ո՞վ կգնի աջղեկ մեքենա՝ արգելքի դեպքում) մեքենան տեղափոխել այնպիսի երկրներ, որտեղ դրանց պահանջարկը կա: Մեքենավարների բարձրացրած դժգոհությունն այն մասին, որ ղեկի դիրքի փոփոխությունը ոչ միայն վտանգավոր է, այլ նաև ծախսատար, բախվեց կառավարության անտարբերության պատին:
Հիշեցնենք, որ շատ մեքենավարներ Ճապոնիայից Հայաստան մեքենա տեղափոխելիս դիմում են վարպետների՝ ղեկը փոխելու համար: Այս գործողությունը այդքան էլ էժան չէ՝ 500-1000 $, սակայն դրա հետ միաժամանակ ոչ մի վարպետ չի երաշխավորում հետագա կիրառման անվտանգությունը: Ի դեպ, նման բան իրականացնել խորհուրդ չեն տալիս հենց արտադրողները: Բացի այդ, կան այնպիսի մոդելներ, որոնց դեպքում մեխանիզմը թույլ չի տալիս ղեկի փոփոխություն կատարել: Եվ քանի դեռ ենթադրյալ արգելքի սահմանի հետ կապված որևէ առանձնահատուկ բան չկա, շատերը հարց են բարձրացնում՝ իսկ ի՞նչ է լինելու այս մեքենաների հետ: Եվ իհարկե, ամենագլխավոր հարցը՝ պատրա՞ստ է արդյոք պետությունը փոխհատուցել ավտոմեքենավարներին այս ծախսատար գործընթացի համար: Պատասխանը ինքնին ակնհայտ է:
2000-ականներից սկսած մասսայականորեն սկսեցին Հայաստան ներկրվել ավտոմեքենաներ՝ Ճապոնիայից: Ինչպես Dalma News–ին հայտնեցին Ճանապարհային ոստիկանությունում, Հայաստանում աջակողմյան ղեկ ունեցող մեքենաներ հաշվվում են շուրջ 30 հազար: Նրանց պահանջարկը բացատրվում է նրանով, որ դա առաջին հերթին էժան է, քանի որ ցանկացածը կարող է մեքենա պատվիրել ճապոնական աճուրդներում՝ բավական ցածր գներով, դիմավորել այն Վրաստանի նավահանգիստներից մեկում, և անցնելով համապատասխան գործընթացները հայրենիքում՝ դառնալ մեքենայի սեփականատեր: Այսինքն ընդամենը 2000$-ով կարելի է դառնալ մեքենայի սեփականատեր, կամ զբաղվել առքուվաճառքով: Ի դեպ, վերջինով զբաղվում են շատերը: Իսկ տարեց տարի վատացող տնտեսական իրավիճակի կողքին շատերի համար ավտոմոբիլային բիզնեսը դառնում է եկամտի միակ աղբյուրը: Այլ կերպ ասած՝ այս ոլորտում մենատիրություն չկա:
Ո՞ւմ միլիոններին են խոչընդոտում ճապոնական մեքենաները
Մենատիրություն չկա, ինչպես որ չկա ավտոմոբիլային արդյունաբերություն, այսինքն էժան ճապոնական մեքենաների ներմուծումը կարող էր խանգարել միայն նրանց, ովքեր այդ բիզնեսով են զբաղվում ավելի լրջորեն ու ավելի լուրջ կապիտալներով: Նրանց մեջ բազմաթիվ են քաղաքական գործիչները, օլիգարխները, ովքեր մենատեր են հանդիսանում այլ ոլորտներում: Օրինակ՝ ավտոմեքենաների ներմուծմամբ ամենախոշոր ընկերություններից մեկը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: «Մուլտի Մոթորս» ընկերությունը զբաղվում է «Hyunday» ընկերության և գերմանական «Opel» ընկերության մեքենաների ներկրմամբ: Բացի այդ, «Արմենիա Լադա» ընկերության սեփականատիրոջ ողբերգական մահից հետո նրա որդիները Գագիկ Ծառուկյանին զիջեցին ռուսական «Լադա» ընկերության պաշտոնական ներկայացուցչի իրավունքը: Միխոսքով, «Մուլտի Մոթորս»-ում իր բաժինն ունի նաև Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր Արմեն Աբրահամյանը:
«Kia motors Armenia» ընկերությունը պատկանում է «Գլենդել Հիլզ»-ի սեփականատեր Վահե Յակուբյանին, սակայն ընկերության իրական սեփականատերը, ինչպես որ նշում են մի շարք հայկական ԶԼՄ-ներ, Հայաստանի նախագահի եղբար Սաշիկ Սարգսյանն է: Իսկ «Մեգամոթորս» ընկերությունը, որը հանդիսանում է «Mitsubishi»-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, պատկանում է Ֆինանսների նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին:
Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել, սակայն կարևորն այն է, որ թերևս հենց այս անունների մեջ կարելի է գտնել այն շարժառիթը, որն էլ բացատրում է, թե ճապոնական հայտնի մեքենաները ում ճանապարհին են խոչընդոտ հանդիսանում ու խանգարում բազմապատկել առանց այդ էլ բազմամիլիոն կարողությունը:
Ո՞ւմ է կառավարությունը «կանաչ քարտ» տալիս նոր բիզնեսի համար
Նախագծի իրականացման դեպքում բնակչության դժգոհությունների ու լուրջ սոցիալական բողոքի բարձրացման ռիսկի ֆոնին Հայաստանի կառավարությունը վերջերս բավական հետաքրքիր որոշում ընդունեց ներկրված էլեկտրական մեքենաները հարկերից ու պետական վճարներից ազատելու մեխանիզմների մշակման մասին: Ինչպես նշեց վարչապետ Կարեն Կարապետյանը, գործող կարգավորումներին համապատասխան, էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներկրման ու Հայաստանի տարածքում դրանց կիրառման դեպքում գանձվում են մի շարք հարկեր,սակայն այն հաշվով, որ էլեկտրամեքենաները էկոլոգիապես մաքուր տրանսպորտ են ու անհրաժեշտ է խթանել նրանց ներկրումը, և հանձնարարված է հասկանալ, թե ինչպես ու երբ հնարավոր կլինի ազատել տվյալ մեքենաները ներմուծման հարկերից: Ընդ որում, ինչպես հատուկ նշեց Կարապետյանը, հարկ կլինի նաև Եվրասիական տնտեսական միության կարգավորումները հաշվի առնել:
Սոցիալական կայքերում անմիջապես այս գործընթացների միջև փոխադարձ կապ գտան ու նույնիսկ «ախտորոշեցին»՝ կառավարությունը «թույլ է տալիս» իր յուրայիններից մեկին զբաղվել նոր բիզնեսով, միևնույն ժամանակ արգելափակելով էժան մեքենաների հոսքը, քանի որ նրանց ներկրումը չարգելելու դեպքում իրական չի լինի ստիպել սպառողին, ում աշխատավարձը արդեն մի քանի տարի շարունակ ինդեքսավորված չէ, մեքենա գնել սալոններից անգամ վարկով, կամ հույս դնել էժան էլեկտրամեքենաների ներկրման վրա:
Աջ ղեկ, ԵԱՏՄ
Դեռևս 2011 թվականին Մաքսային միության հանձնախումբը ընդունեց միասնական տեխնիկական կարգավորումը «Անվադողային տրանսպորտային միջոցների անվտանգության մասին», որը սկսեց միության երկրներում գործել 2012թ թվականի հունիս ամսից: Փաստաթուղթը հատկապես արգելում է Ռուսաստանում հաշվառել M2, M3 կատեգորիայի աջղեկ տրանսպորտային միջոցները, այսինքն ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, այն դեպքում, երբ թեթև թափքով ավտոմեքենաները (M1 կատեգորիա) այդ արգելքի տակ չեն ընկնում: Արդեն 5 տարի է կանոնակարգը փոփոխության չի ենթարկվում, Ռուսաստանում աջղեկ մեքենաներ թույլատրվում են, իսկ Սիբիրում ու Հեռավոր Արևելքում այդ մեքենաները մեծամասնություն են կազմում (ինչն էլ բացատրվում է Ճապոնիայի հետ ունեցած մերձեցմամբ): Միևնույն ժամանակ 2017 թվականի սկզբին ի հայտ եկավ միջնորդություն՝ Ռուսաստանում աջղեկ ավտոմեքենաների կիրառումից հրաժարվելու պահանջով, սակայն դրանով հարցը փակվեց: Բելոռուսիայի ու Ղազախստանի համար ավելի կոշտ կանոններ են գործում, այդտեղ չի կարելի է գրանցել աջղեկ տրանսպորտային միջոցները՝ անկախ կատեգորիայից: 2015 թվականից ուժի մեջ մտավ նաև Ղազախստանում աջղեկ ավտոմեքենաների ներկրման ու դրանց գրանցման արգելքը:
Սակայն, նախևառաջ այս բոլոր երկրներում նախկինում ներկրված աջղեկ ավտոմեքենաների կիրառման արգելք չկա, ու բազմաթիվ ռուսաստանցիներ, օրինակ, ճապոնական օգտագործված ավտոմեքենաներով ժամանում են Երևան: Եվ առավել ևս ԵԱՏՄ երկրների ոչ մի կառավարություն դեռևս օրենսդրական մակարդակով չի ստիպել ավտոմեքենայի սեփականատերերին փոխել ղեկի դիրքը կամ խորհուրդ տալ այդ նույն սեփականատերերին վաճառել իր մեքենան այն երկրներում, որտեղ այդ արգելքը չի գործում:
Կառավարությունը ժամանակավոր զինադադա՞ր է հայտարարել
Հարցը դեռևս մնում է բաց, սակայն սոցիալական ցանցերում շարունակվում են բուռն քննարկումները: Բայց, դատելով ամենից, Հայաստանի կառավարությունը որոշել է ամեն ինչ չհասցնել այն աստիճանի, որ դժգոհ մասսան դուրս ժայթքի փողոց, քանի որ որոշ սեփականատերեր հայտարարել են, որ նման արգելքի դեպքում կփակեն փողոցներն ու միտինգ կանեն կառավարության շենքի առաջ: Տրանսպորտի նախարարը նախօրեին ելույթ ունեցավ նոր հայտարարությամբ, որի ժամանակ հերթական անգամ նշեց, որ դեռևս ոչ մի որոշում չկա, դրա հետ մեկտեղ ավելացնելով, որ «վերջում ընդունվելու է այնպիսի որոշում, որը չի հարվածի ոչ մեկի շահերին ու դրանից ոչ-ոք չի տուժի»:
Հարցին, թե պատրա՞ստ է արդյոք կառավարությունը փոխհատուցել ղեկի փոխման հետ կապված սեփականատերերի ծախսերը, Վահան Մարտիրոսյանը նշեց. «Խոսք չի գնում փոխհատուցման մասին, քանի որ աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների կիրառման արգելք չի լինի: Այս հարցում կլինեն որոշ փոփոխություններ, սակայն ավտոմեքենաների սեփականատերերը կարող են վստահ լինել, որ իրենց մեքենաներն իրենք շարունակելու են վարել»: Այսպիսով, նախարարի խոսքերից կարելի է ենթադրել, որ Հայաստանի իշխանությունները արգելում են աջ ղեկ ունեցող մեքենաների ներկրումը, որն ինչ-որ կերպ համապատասխանում է տրամաբանությանը:
Մնում է միայն ավելացնել, որ «Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն՝ աջակողմյան ղեկ ունեցող մեքենաների արգելք հանրապետությունում արդեն գործում է, սակայն այն բացառապես վերաբերում է տաքսիների լիցենզավորմանը: Այսինքն տաքսիստը չի կարող ստանալ աջղեկ մեքենայի լիցենզիա: Բայց հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում բավական տարածված են օնլայն-տաքսի ծառայությունները, ապա հանրապետության փողոցներում աջղեկ մեքենաներով շրջող տաքսիստների կարելի է հանդիպել մշտապես:
Պատրաստեց Լիա Խոջոյանը