Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-րդ տարեդարձի առթիվ Դերբենդի (Դաղստան) հայկական գերեզմանատանը կոթող է կանգնեցվել ի հիշատակ երբեմնի հսկայական երկրի պաշտպանության համար Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված և անհայտ կորած զինվորների` զինվորագրված բազմազգ և բազմակրոն Դերբենդից:
Թշնամու նկատմամբ համատեղ ուժերով տարած Մեծ հաղթանակը այս անգամ ևս համախմբեց մարդկանց ազնիվ ու վեհ գործի համար. հայկական ոչ մեծ քաղաքային համայնքը, ներառյալ դերբենդցիները, միավորելով ուժերը այլ ազգերի ներկայացուցիչների հետ, զինվորների հիշատակին հուշարձան կանգնեցրեց: Սոճու խիտ ծառերի միջով անցնող սալապատ ծառուղին եզրափակվում է «Հավերժ հիշատակ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին» մակագրությամբ մարմարե սև կոթողով:
Նրանք գնացին, որ այլևս չվերադառնան…
1941 թվականի պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի բնակչությունը այդ ժամանակ կազմում էր 1 միլիոն 300 հազար: Միայն Խորհրդային Հայաստանից ռազմաճակատ մեկնեց 300 հազար հայ: Ընդհանուր առմամբ մեր հայրենակիցներից 600 հազարը մասնակցել են 1941-1945թթ. ֆաշիզմի դեմ պայքարին` 300 հազար հայ ռազմաճակատ մեկնեց Հայաստանից, 200 հազարը՝ Խորհրդային Միության այլ հանրապետություններից, ևս 100 հազարը՝ սփյուռքից: Դժբախտաբար, մոտ 300 հազար հայ զոհվեց հիտլերյան ռեժիմի դեմ պայքարում:
Չվերադարձածների թվում շատ էին Դաղստանի հայերը, ի հիշատակ որոնց էլ Դերբենդում հուշարձան տեղադրվեց: Մարտադաշտից չի վերադարձել Արցախի Քեմրակուճ գյուղից Սուրեն Լևոնի Օհանյանը (14.04.1912-13.01.1943): Օհանյանը Կարմիր բանակ է զորակոչվել 1941թ. հուլիսի սկզբին Դերբենդի զինկոմիսարիատի կողմից. Դերբենդում ապրում էր երկու տարեկան հասակից: 1941թ. աշնանը կատաղի մարտերից մեկում որովայնի հատվածում ծանր վիրավորվելուց հետո շարունակեց մարտնչել և նշանակվեց առանձին հրաձգային բրիգադի ականանետային վաշտի հրամանատար: Օհանյանը մասնակցել է Կովկասի պաշտպանության համար մղվող կատաղի մարտերին: Դժբախտաբար, Սուրեն Օհանյանը հերոսաբար զոհվեց 1943 թվականի հունվարի 13-ին Կրասնոդարի երկրամասի Շապսուգսկայա գյուղի մոտակայքում տեղի ունեցած մարտերում:
«Լեյտենանտ Ս.Լ. Օհանյանը, անցնելով մարտիկի և ազգի զավակի արժանի ճանապարհ, ամփոփված է եղբայրական գերեզմանում: 1945թ. Օհանյանը հետմահու պարգևատրվել է «Կովկասի պաշտպանության համար» մեդալով: Պարգևը շնորհվեց Օհանյանի կնոջը», – վկայում են արխիվային նյութերը:
Հեռավոր 1941 թվականին մարտերից մեկում զոհվեց նաև Վիկտոր Սուրենի Իսագուլյանցը (ծնված 1919թ.): Դերբենդի ունևոր հայկական ընտանիքից երիտասարդը՝ Վիկտորը, դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվեց Ն.Է. Բաումանի անվան Մոսկվայի մեխանիկա-մեքենաշինական ինստիտուտ: Հայրենասիրական ոգով դաստիարակված և կրթական հաստատության «Քաջություն, կամք, աշխատանք և համառություն» նշանաբանը կիսելով` 1941թ. հուլիսին Իսագուլյանցը կամավոր մեկնեց ռազմաճակատ՝ միանալով ժողովրդական աշխարհազորին:
Ռազմաճակատ ուղարկելու համար մայրաքաղաքում նման երիտասարդներից ընդամենը հինգ օրվա ընթացքում ձևավորվեց 12 հրաձգային դիվիզիա: 1941թ. աշնանը սարսափելի կորուստներ կրելով՝ աշխարհազորը թույլ չտվեց թշնամուն ներխուժել Մոսկվա: Ամենադժվար օրերին կամավորները փրկեցին մայրաքաղաքը իրենց կյանքի գնով: Ավագ սերժանտ Վիկտոր Սուրենի Իսագուլյանցը նրանցից մեկն էր: ՌԴ Պաշտպանության նախարարության Կենտրոնական արխիվի շարքային և սերժանտական կազմի անվանական ցուցակում նշված է, որ Վ.Ս. Իսագուլյանցը անհայտ կորել է 1941թ. նոյեմբերին:
Հայերը Դաղստանում
Համաձայն վերջին մարդահամարի տվյալների (2010 թ.), Դաղստանում այժմ ապրում է 5.5-6 հազար հայ: Դաղստանի հասարակության էթնիկ պատկերի առավել ուշագրավ փոփոխությունները, մասնավորապես` հայ բնակչության աճը տեղի ունեցան 18-րդ դարում: Պատմական արխիվների համաձայն` այս գործընթացին հիմնականում նպաստել է ռուսական իշխանությունների վերաբնակեցման քաղաքականությունը Անդրկովկասից դեպի Դաղստանի մերձկասպյան շրջաններ տեղափոխվողների նկատմամբ:
Այս շրջաններում հայերի զանգվածային վերաբնակեցման համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեցին 1722-1723թթ. Պետրոս I-ի Կասպիական արշավանքից հետո, որի արդյունքում 1723թ. ստորագրվեց ռուս-իրանական համաձայնագիր: Ըստ համաձայնագրի` Ռուսաստանին էին անցնում Դերբենդը, Բաքուն, Շիրվանի շրջանները, Գիլանը, Մազանդարանը, Աստրաբադը, Կասպից ծովի արևմտյան և հարավային ափամերձ տարածքը:
Պետրոս I-ի նպատակաուղղված վերաբնակեցման քաղաքականության արդյունքում Դերբենդում ձևավորվեց հայկական մեծ համայնք: Դրա վկայությունն են բազմաթիվ պատմամշակութային հուշարձանները: Օրինակ` Դերբենդի հայկական գերեզմանատունը ողջ սփյուռքի առավել ուշագրավ գերեզմանատներից մեկն է:
Հայկական ճարտարապետության ուսումնասիրության հիմնադրամի նախագահ, ճարտարապետական հուշարձանների մասնագետ Սամվել Կարապետյանը (ցավոք, վախճանվել է 2020թ. փետրվարին – հեղ.) ժամանակին հայտնել է, որ Դերբենտի հայկական գերեզմանատունը կարելի է համեմատել միայն Երևանի Կոմիտասի անվան պանթեոնի հետ: Պատմական արժեքի մասին խոսել ընդհանրապես պետք չէ. Սուրբ Փրկիչ եկեղեցին կառուցվել է 1860 թվականին, չնայած իր նպատակին քիչ է ծառայել:
Ի դեպ, եկեղեցու նախագծի հեղինակը հայտնի հայ գրող Գաբրիել Սունդուկյանն էր, որը 1850-ականներին աքսորված էր Դերբենդ: Եկեղեցին մեկուկես դարում շատ բան էր տեսել. այն վերականգնեցին 1970-ականների վերջին: Այսօր եկեղեցին ներառված է Դերբենդի պետական պատմաճարտարապետական և գեղարվեստական արգելոց-թանգարանի կազմում:
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակից 75 տարի անց Դերբենդում հայտնվեց ևս մեկ հուշարձան, որը ոչ միայն հավերժացրեց մարտերում ընկած հայ հերոսների հիշատակը, այլ նաև հայերի ներկայությունը Դաղստանում:
Լինա Մակարյան