Այս տարվա սկզբից «Գրական Հայաստան» թերթը հնարավոր կլինի ձեռք բերել ռուսական այն խոշոր քաղաքների կրպակներից, որտեղ կան հայկական համայնքներ: Բազմամյա պատմություն ունեցող, տասնամյակներ շարունակ հայկական, ռուսական և այլազգի գրականությունը հանրությանը ներկայացնող ամսագրի համար սա հրաշալի հնարավորություն է նոր ընթերցողներ ձեռք բերելու համար:
«Գրական Հայաստանը» Հայաստանի Գրողների միության միակ ռուսալեզու հայկական գրական-գեղարվեստական հասարակական և քաղաքական ամսագիրն է, որը հրատարակվում է 1958թ-ից: 60-ականներին ամսագրում հրապարակվել են Մանդելշտամի, Ցվետաևայի, Բրյուսովի, Վոլոշինի և այլոց գործերը: Խորհրդային Միության փլուզումից հետո «Գրական Հայաստանի համար» դժվարին ժամանակներ եկան, սակայն ամսագիրը, կրճատելով հրատարակման ծավալները և լսարան կորցնելով, այնուամենայնիվ կարողացավ գոյատևել: Տարբեր տարիներին ամսագրի գլխավոր խմբագիրներ են եղել Գուրգեն Բորյանը, Գևորգ Էմինը, Կարեն Սիմոնյանը և այլոք: Մենք զրուցեցինք Ալբերտ Նալբանդյանի հետ, ով գլխավորում է ամսագրի խմբագրակազմը 1987թ-ից:
Պարոն Նալբանդյան, մեր օրերում տպագիր մամուլի համար բարդ ժամանկներ են, ինչպե՞ս են ամսագրի գործերը:
Ծավալուն ամսագրերը գոյատևում են, ինչպես կարողանում են: Ճիշտ է` արդեն երեք տարի է մենք հովանավոր ունենք և շատ շնորհակալ ենք նրան` «Շնորհ» ֆոնդը մեզ ֆինանսական աջակցություն է ցույց տալիս: Ինչպես նաև, արդեն մի քանի տարի շարունակ, Հայաստանի մշակույթի նախարարությունը սուբիսդավորում է ամսագրի որոշ ծախսեր, սակայն այդ միջոցներով մենք չենք կարող ողջ տարվա ընթացքում գոյատևել, բայց էլի բան է:
Որպեսզի ամսագիրը գնեն և կարդան, անհրաժեշտ է, որ դրա մասին իմանան: Ինչպե՞ս եք զբաղվում «Գրական Հայաստան» ամսագրի առաջխաղացմամբ:
Դա մեր ամենամեծ հարցն է: Խորհրդային միության ժամանակ մեր ամսագրին բաժանորդագրված էին մարդիկ ողջ Միության տարածքով, այն ժամանակ տպաքանակը 10 հազար էր, հիմա` 500: Պետերբուրգում կա մի ընկերություն, որը զբաղվում է «Գրական Հայաստանի» տարածմամբ: Ի դեպ, մեր մշտական ընթերցողներից մեկը Հովհաննես Թումանյանի թոռնուհին է` Սուրմա Արեգի Թումանյանը: Նրա ամուսինը մեզ նամակ էր գրել, որտեղ նշում էր` «որքան լավ է, որ «Գրական Հայաստանը» հնարավոր եղավ պահպանել, որքան լավ է, որ մենք հնարավորություն ունենք այն ստանալ, դա կենդանի կապ է Հայաստանի հետ, որը մենք շատ ենք սիրում և ուզում ենք միշտ զգալ դրա ներկայությունը»:
Ո՞վ կարող է դառնալ «Գրական Հայաստանի» հեղինակ:
Յուրաքանչյուր ցանկացող կարող է ուղարկել իր դեռ չհրատարակված գործերը: Մենք մանրամսն ընտրություն ենք կատարում, դրանցից լավագույնները տպագրվում են մեր ամսագրում: Մեզ շատ են գրում մեր կայքի միջոցով, իրենց ստեղծագործություններն են առաջարկում, դա ուրախալի է…
Դուք հոնորարներ վճարու՞մ եք ձեր հեղինակիներին:
2016թ-ի առաջին համարում տպագրեցինք Մհեր Մկրտչյանի «Հավերժական մոնոլգը»: Իհարկե պետք է վճարել թարգմանչին: Հոնորարները մեծ չեն, բայց կան:
«Գրական Հայաստանը» լույս է տեսնում ռուսերենով, նշանակում է` շատ կարևոր է թարգմանչի աշխատանքը, նա պետք է կարողանա պահպանել գլխավոր ասելիքը, բառը, և եթե կարելի է այդպես ասել, փոխանցել տեկստի «բույրը»:
Դա հավերժական վեճի թեմա է, թե ինչպես պետք է թարգմանել: Առավել բարդ է չափածոյի թարգմանությունը: Ժամանակին Սամուիլ Մարշակը կատարեց Թումանյանի «Շունն ու Կատուն» ստեղծագործության ազատ թարգմանությունը, որը շատ հաճախ էին հաղորդում համամիութենական ռադիոյով: Սա դեպք է, երբ թարգմանիչը հեռացել է օրիգինալից, բայց գործն ավելի վատը չի դարձրել:
Ստացվում է, որ չկա՞ թարգմանչի համար ունիվերսալ մոտեցում:
Մոտեցումն այսպիսին է` ոսկե միջինը: Լավագույն թարգմանությունն այն է, որը համապատասխանում է բնագրին և արված է գեղարվեստական բարձր մակարդակով: Թարգմանիչը պետք է անի գրեթե անհնարինը: Յուրաքանչյուր ստեղծագործություն ապրում է սեփական լեզվային տարածքում, այն ստեղծվել է այդ լեզվով: Իսկ այլ լեզուն արդեն ամբողջովին այլ փիլիսոփայություն է: Եվ այս երկուսը պետք է համատեղել: Եթե բանաստեղծությունների մեջ կարևորը ինտոնացիան գտնելն է, ապա թարգմանության մեջ կարևորն այդ ինտոնացիան պահպանելն է:
«Գրական Հայաստանին» հետաքրքի՞ր են այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են գրող և բանասեր Անդրեյ Աստվածատուրովը, ով հայկական արմատներ ունի, սակայն նրա գրքերում դժվար է հայկական որևէ բան գտնելը, կամ արձակագիր Վալերիյ Հայրապետյանը, ով անցած տարի դարձավ «Նացբեստ» մրցանակի ֆինալիստ:
Դա, իհարկե, հետաքրքիր է: Անձամբ ես միշտ փորձել եմ աջակցել այն հայերին, ովքեր ապրում են Հայաստանից դուրս: Եթե նրանք նման ձգտումներ ունեն, ապա թող գրեն և մենք կարող ենք համագործակցել:
Կարծում եմ` շատ կարևոր է պահպանել ամսագրի և գրողի, ամսագրի և ընթերցողի միջև այդ կապը, նոր հեղինակներ, նոր մարդիկ գրավել…
Այո, մեզ մոտ հաճախ են հանդիպումներ կազմակերպվում ընթեցողների և գրողների միջև, անց ենք կացնում շնորհանդեսներ և այլն: Հիմա Երևանում է Ռուսաստանում հայտնի հայազգի գրող և սցենարիստ Անուշ Վարդանյանը, նա եկել է Սանկտ Պետերբուգից և ցանկություն չունի ետ գնալու, վերջերս հանդիպում էր նրա հետ:
Այն որ կա «Գրական Հայաստանը» խոսու՞մ է այն մասին, որ կան երիտասարդ և հեռանկարային գրողներ:
Իհարկե, Հայաստանում շատ են տաղանդավոր հեղինակները, ինչպիսին է Լևոն Խեչոյանը, նա ամենահետաքրքիր հայ գրողներից մեկն է: Չնայած գրքի հանդեպ հետաքրքրությունը քիչ է, քանի որ կա համացանցը, գրքերի էլեկտորնային տարբերակները, որոնք, ցանկության դեպքում, շատ հեշտ է բեռնել` վերջին շրջանում զգացվում է, որ ինչ-որ բան փոխվում է և դեպի լավը:
Ինչպե՞ս է դա արտահայտվում:
Այն հետաքրքրությամբ, որը մենք տեսնում ենք մեր աշխատանքի նկատմամբ, այն զգալի մեծացել է: Թեև գրքերը մինչև հիմա էլ վատ են վաճառվում գրախանութներում, բայց այստեղ պետք է նշել, որ գրքերը հիմա շատ ավելի թանկ են, քան խորհրդային տարիներին: Մարդկանց համար դժվար է դրանք գնելը: Ես հիշում եմ ժամանակներ, երբ շատերը դեռ գիշերվանից հերթերում կանգնում էին, որպեսզի ձեռք բերեն ցանկալի հրատարակությունը:
Այսինքն, գրքերը նորաձև էին այն ժամանակ…
Ոչ այնքան նորաձևությունն էր հարցը, որքան կարդալու ձգտումը, մարդիկ հետաքրքրվում էին, տանը գրադարան ունենալը ստատիկ էր, քանի որ գիրքը գնահատվում էր:
Ի՞նչ պետք է տեղի ունենա Հայաստանում, որպեսզի մարդիկ ավելի շատ կարդան
Պետք է, որ մարդիկ ավելի լավ ապրեն, պետք է, որ Հայաստանի տնտեսությունը, վերջապես, դուրս գա լեթարգիական քնից: Երբ մինիմալ աշխատավարձը 55 հզ. դրամ է (մոտ 120$), մարդիկ էլ չեն կարող գրքերի մասին մտածել:
Ռուսաստանում այս առումով ավելի լավ վիճակ է: Գրականության տարվա շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ եղան, որոնք մոտիվացնում էին կարդալու: Օրինակ` «Գրքերի ծառուղիներ Միխայելովսկու ամորցի մոտ» (գրական զբոսայգի բաց երկնքի տակ, որտեղ վաճառվում էին գրքեր ինքնարժեքով և կազմակերպվում էին հանդիպումներ Ռուսաստանի հայտնի գրողների և մշակույթի գործիչների հետ), Հայաստանում կա՞ որևէ նման բան:
Մեզ մոտ կա այն, ինչը չկա Ռուսաստանում` գիրք նվիրելու օրը, որը բարի ավանդույթ է դարձել: Այն անցնում է փետրվարի 19-ին` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը: Այդ օրը մենք նվիրում ենք մեր ամսագիրը անցորդներին, շատերը զարմանում են, որ այն դեռ հրատարակվում է, բայց հաճույքով վերցնում են և տանում տուն: Բացի դա` ամեն տարի գրքեր ենք նվիրում զինվորական զորամասերին…
Զրուցեց Հասմիկ Վանցյանը