Քչերին է հավանաբար հայտնի, որ աշխարհի ամենափոքր թանգարաններից մեկը, որը զբաղեցնում է 6 քառակուսի մետր տարածք, կրում է վրաց անվանի նկարիչ-պրիմիտիվիստ Նիկալա (Նիկո) Փիրոսմանու անունը:
Այս մինի-թանգարանը գտնվում է Թբիլիսիի պատմական նահանգում՝ Չուգուրեթիում, Փիրոսմանու անվան փողոցի N 29 բնակելի շենքի աստիճանների տակ: Եղած տվյալների համաձայն՝ այստեղ 19-րդ դարի ավարտին ու 20-րդ դարի սկզբին իր վերջին երկու տարիներն է անցկացրել վրաց այս զարմանալի նկարիչը: Հենց այս հանգամանքը դարձավ ահա այս փոքրիկ սենյակում 1982 թվականին Նիկո Փիրոսմանու անունը կրող Թբիլիսյան պետական թանգարանի մասնաճյուղի ստեղծման պատճառ:
Աստիճանների տակ գտնվող այս թանգարանը հիմնել է Անզոր Մազգարաշվիլին, ով էլ երկար տարիներ ղեկավարել է թանգարանը: Այսօր այն ղեկավարում է Կախաջա Նիաշվիլին, իսկ շինությունը վերջերս է ռեստավրացվել: Այնուամենայնիվ սենյակը, որում առաջ ապրում էր նկարիչը թողեցին անձեռնմխելի ու պահպանեցին նրա նախկին տեսքը: Արդյունքում անցկացված վերականգնողական աշխատանքների շնորհիվ շինությունում հայտնվեց գեղեցիկ սրահ, որտեղ այցելուներին ծանոթացնում են արվեստի հետ ու պատմում նրանց հրաշալի այդ մարդու կյանքի մասին:
Չնայած իր փոքր չափերին՝ թանգարանը այցելուների պակաս չի զգում, քանի որ այստեղ ամեն օր բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում: Ծանր վիճակում է գտնվում հենց Փիրոսմանու փողոցը, որի բնակիչներն արդեն վաղուց սպասում են կապիտալ-վերականգնողական աշխատանքների մեկնարկին: Երկրի իշխանությունները հայտնում են, որ այս փողոցի խնդիրները ներառված են 2017թ. Թբիլիսյան բյուջեի ծրագրերում, իսկ վերականգնողական աշխատանքները պետք է սկսվեն մոտ ժամանակներս: Նախատեսվում է թանգարանի կարգավիճակ տրամադրել ամբողջ փողոցին, ու այն կհայտարարվի որպես հետիոտային փողոց:
Նկարիչ – պրիմիտիվիստի ստեղծագործական կյանքը
Նկարիչը, ում կտավներն այսօր վաճառվում են միլիոնների դիմաց, չուներ նկարչական կրթություն: Գեղանկարչություն նա սովորել է՝ ուսումնասիրելով Թբիլիսիի շրջակայքում գտնվող եկեղեցիների ու վանքերի որմնանկարները: Նկարում էր նա թղթին, ներկում՝ պատերին, հաճախ ինքն էր ներկերը պատրաստում, ու չէր կորցնում հույսը, որ մի օր ինքն էլ սեփական արվեստանոց կունենա:
«Եթե ես թեկուզ 100 ռուբլի ունենայի, կհագնվեի, կվարձակալեի սենյակ և կնկարեի ու կնկարեի»,- հաճախ էր կրկնում Նիկալան:
Նիկալա (Նիկո) Փիրոսմանին ծնվել է 1862 թվականի մայիսի 5-ին Կախեթիի շրջանի Միրզաանի գյուղում: Նրա հայրը՝ Ասլան Փիրոսմանիշվիլին հայտնի այգեգործ էր, ու ընտանիքը, որտեղ մեծանում էր երեք երեխա, ոչ մի բանի կարիք չուներ: Սակայն երջանիկ մանկությունը երկար չտևեց: 8 տարեկան հասակում նկարիչը կորցնում է ծնողներին: Գրեթե միաժամանակ նրանք հիվանդանում ու հեռանում են կյանքից: Որբացած Մարիամը, Նիկոն ու Պեպուցան ոչ-ոքի հարկավոր չէին: Լավ կյանքի փնտրտուքներով՝ նրանք մեկնում են Թբիլիսի ու ընդունվում աշխատանքի, որպես վարձու աշխատողներ: Շուտով հիվանդությունը կյանքից հեռացնում է նաև ավագ քրոջը՝ Մարիամին:
Երիտասարդ Նիկոն շատ էր ուզում սովորել, սակայն ստիպված էր աշխատել, որպեսզի կարողանար գոյատևել: Ընկերները նրան օգնեցին մի փոքր գումար հավաքել, վարձակալել մի տարածք՝ դուքան, ու կաթնային մթերքների վաճառքով զբաղվել: Խանութի ծեփը թափած պատերը նա անձամբ ներկեց՝ նկարելով դրանց վրա կարմիր, սև ու սպիտակ կովեր: Այդ որմնանկարչությունը բավական մեծ հաջողություն ամրագրեց: Ու չնայած այն բանին, որ առևտուրը լավ էր ընթանում, Նիկոի համար գլխավորը մնում էր գեղանկարչությունը:
19-20-րդ դարի սահմանագծին, երբ երկիրը ապրում էր անցյալի հետ բաժանման ու նոր դարաշրջան մուտք գործելու շրջանը, Փիրոսմանին իր ստեղծագործությամբ հատուկ ներդրում ունեցավ վրաց մշակույթի մեջ: Նկարիչ-պրիմիտիվիստի ստեղծագործության մեջ միաժամանակ ներկա էին վրաց գեղանկարչական պայմանականությունն ու արևմտյան ռեալիզմը, որը երկու տարբեր ուղղությունների ինքնատիպ մի խաչմերուկ ստեղծեց գեղանկարչական արվեստում:
Իր նկարչական աշխարհը Փիրոսմանին ստեղծեց հատուկ, իրեն հայտնի պատկերավորման մեթոդների, ու ամենակարևորը՝ ոճի անհատականության շնորհիվ:
«Վրացական մշակույթի ինքնատիպության տեսանկյունից անչափելի է Փիրոսմանաշվիլու նշանակությունը, որպես «նոր գեղանկարչության հիմնադիր», ու նրա գեղանկարչական ոճի ազատությունը հետազոտողների կողմից անդադար ուսումնասիրության առարկա է»,- գրում է ռուս գիտնական Էրաստ Կուզնեցովը:
Փիրոսմանու արվեստում հատուկ տեղ են զբաղեցնում իր ժամանակակիցների դիմանկարները՝ հասարակ մարդիկ, առևտրականներ, արհեստավորներ: Նկարիչը թատերական արվեստի մեծ գնահատող ու երկրպագու էր, ու հաճախ էր թատրոն այցելում: Նա կուլմինացիոն փոքր տեսարաններ էր պատկերում իր դիտած ներկայացումներից՝ ստեղծելով Թամարա թագուհու, Շոթա Ռուսթավելու, ինչպես նաև Իրակլի II թագավորի մի քանի տարբերակի դիմանկարներ:
Արվեստաբաններին նկարչի կյանքից այսպիսի մի հատված է հայտնի. Մի լուսանկարիչ լուսանկարել է Փիրոսմանու աշխատանքներից թագավոր Իրակլի II-ի դիմանկարը (որին իր ժամանակակիցներն անվանում էին «Պատարա կախի»՝ փոքրիկ կախեթցի՝ իր փոքր հասակի համար): Ու քանի որ այդ իրադարձությունը 1895 թվականին էր՝ Կրցանյան ճակատամարտի 100-ամյա հոբելյանի նախաշեմին (Կրցանյան ճակատամարտը Քարթլի-Կախեթինյան թագավորության ու պարսկական բանակների միջև էր, 1795թ. սեպտեմբերի 8-11), լուսանկարիչը դիմանկարի 1000 օրինակ է արել ու անվճար բաժանել դրանք ողջ Վրաստանով մեկ:
Քաղաքային լեգենդները
Նկարչի ստեղծագործական ժառանգությունը ուսումնասիրելով՝ մի շարք հետազոտողներ իրենց առջև նպատակ են դրել բացահայտելու՝ ովքե՞ր են այն մարդիկ, որոնք հին Թբիլիսիում են ապրել 19-20-րդ դարերի սահմանին, ու որոնք անմահացել են Փիրոսմանու հայտնի կտավներում:
Կա այսպիսի մի վարկած, որ նկարչի պատկերած դռնապանն իրական մարդ է՝ Ռաշիդ Ալմոևը, ով դռնապան էր աշխատում նավթային մագնատ եղբայրներ Միրզոևների մոտ, որոնք Թբիլիսիում գտնվող Չոր կամրջից ոչ հեռու տեղակայված տան ու գրանդ հյուրանոցի տերերն էին:
«Սա բոլորին հայտնի, երկար միրուքով, ափսեի մեծություն ունեցող մեդալիոնով Միրզոևների դռնապան եզդի Ռաշիդ Ալմոևն է»,- հիշում էր կաշվեգործի երիտասարդ աշակերտ Վասո Չաչանիձեն:
Ծանր այն ժամանակներում բնակելի տան աստիճանների տակ ապրում էին դռնապանները, որոնք իրենց տարածքի մաքրման պարտականությունները համատեղում էին պահակի ֆունկցիայի հետ: Ելնելով այս հանգամանքից, կարելի է ենթադրել, որ դռնապան Ալմոևն ու նկարչի կտավների ու որմնանկարների մնացած հերոսներն ամեն դեպքում կարող էին լինել անձեր, որոնք ծանոթ էին Նիկո Փիրոսմանու հետ: Բացի այդ նա դուքանների մշտական հաճախորդ էր ու ինքն էլ վերջին տարիներին ապրում էր թբիլիսյան տներից մեկի աստիճանների տակ:
Քաղաքային ամենահայտնի լեգենդը Նիկո Փիրոսմանու և ֆրանսուհի պարուհի Մարգարիտայի սիրո մասին լեգենդն է: Ո՞վ էր հիշելու այս պարուհու մասին, եթե չլիներ նկարիչն ու «Միլիոն ալ վարդերի» պատմությունը: Դժվար թե այն ժամանակ Մարգարիտան իմանար, որ իրեն հավերժ փառք բերելու է ոչ թե իր պարարվեստը, այլ վրաց աղքատ ինքնուսույց- նկարչի սերը:
Նիկոյի կյանքի միակ սերը ճայթեց կայծակի պես ու մադմուազել Մարգարիտան նվաճեց նկարչի սիրտը: Այդ զգացմունքով ոգեշնչված՝ նկարիչը պատրաստ էր ամեն իչ զոհել հանուն իր երկրպագության առարկայի: Սակայն դերասանուհին մերժեց նկարչին:
Թբիլիսիում պատրաստվում են դժբախտ այդ սիրուն նվիրված հուշարձան կանգնեցնել: Քանդակագործ Իրակլի Ռեվազիշվիլին պատրաստվում է հուշարձան կերտել ու այն կանգնեցնել Մուշտաիդ այգում, որտեղ ժամանակին Նիկալան ծանոթացել է Մարգարիտայի հետ: Ինչպես հայտնում է Dalma News-ին քանդակի համահեղինակ Իրակլի Բիթաձեն՝ ֆրանսուհի դերասանուհին այն ժամանակ բավական հայտնի երգչուհի ու պարուհի էր: Եվ Նիկալան նույնպես «ամուր կանգնած էր իր ոտքերին», նա կարողանում էր գումար վաստակել, իսկ իր ճաշակի ու հագնվել կարողանալու շնորհիվ նրան նույնիսկ «կոմս» էին անվանում:
Իսկ հեղինակավոր ռեստորանի շենքը, որտեղ մեկ դար առաջ ելույթ ունեցավ ֆրանսուհի պարուհին, մինչև այսօր էլ զբոսաշրջիկների մոտ մեծ համբավ ունի:
«Հենց այստեղ է վարդերի փնջով այցելել Նիկալա Փիրոսմանին, իսկ նրա ետևից մի քանի սայլակներ են եկել՝ մինչև վերջ լցված դերասանուհու սիրելի ծաղիկներով: Սա իրական պատմություն է, ու այն պետք է հիշել»,- գտնում է Բիթաձեն:
Լեգենդար այս նկարչին նվիրված բազմաթիվ հուշարձանները կան, սակայն դրանցից ոչ մեկը չի արտահայտում նրա կյանքի այս կարևոր իրադարձությունը:
Փիրոսմանու կյանքը գունավոր ու վառ էր, միևնույն ժամանակ՝ ողբերգական: Բայց նրա կյանքում եղել է նաև ժամանակ, երբ նկարիչը ոչ մի բանի կարիք չուներ ու իսկապես երջանիկ էր: 186 սմ բարձրությամբ հուշարձանը կկանգնեցվի ռեստորանի շինության առաջ (դրա վերականգնումից հետո), կանգնեցվելու է հենց հողին, ոչ թե պատվանդանին, որպեսզի ցանկացողները կարողանան անկաշկանդորեն մոտենալ նրան:
Նոր կյանքի սկիզբը
Դժբախտ սիրո ապրումների ցավը հետք թողեց նկարչի վրա: Ավարտվեց նրա անհոգ կյանքն ու սկսվեց զրկանքներով լին: Նրա եկամտի միակ աղբյուրը մնաց դուքանների պատերի որմնանկարչությունը: Դուքանատերերը կոպեկներ էին վճարում, իսկ ինքը ստիպված էր աշխատել մութ ու ցուրտ շինություններում: Աշխատավարձը երբեմն նույնիսկ ներկերի համար բավարար չէր լինում:
1918 թվականի գարնանը ուժասպառ նկարչին տեղափոխում են Թբիլիսիի Արամյանցի հիվանդանոց, որտեղ օրուկես անց նա մահանում է: Հուղարկավորության վայրը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ նրան հանձնել են Թբիլիսիի Պետրո-Պավլովյան գերեզմանատան հողին: Մահից հետո Փիրոսմանու համար սկսվեց «նոր կյանք», երբ նրա կտավները նկուղներից տեղափոխվեցին ցուցասրահներ: Այսպես, նկարիչը, ում անձնական կյանքը չէր ստացվել, իսկ արվեստանոց ունենալու համեստ ցանկությունը մնացել էր անկատար, ահա այդ նկարիչն այսօր Վրաստանի այցեքարտն է գեղարվեստի համաշխարհային հասարակության գործիչների շրջանում:
Շ. Կարչավա