Հոկտեմբերին Տավուշի մարզում կմեկնարկեն հայտնի գրող Նարինե Աբգարյանի պատմվածքի հիման վրա «Զուլալի» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները: Համառոտ նկարագրութան մեջ ասվում է, որ սա գիրք է «մարդկանց դառն ու ծիծաղելի աշխարհի մասին, որոնք ապրում են առանց ժամանակը նկատելու: Մարդիկ, ովքեր չեն վախենում թռչել և կարող են զվարճալի բան գտնել նույնիսկ ողբերգականի մեջ: Սա ծերերի և երեխաների աշխհարհն է, մեծերի աշխարհը և նրանց, ովքեր կորցրել են հավատը, բայց չեն հուսահատվել: Սա այն մարդկանց աշխարհն է, որոնք հավերժ խրվել են այն հարթությունում, որտեղ մի օր անպայման իրականանում են երազանքները»:

«Զուլալի» ֆիլմի ռեժիսոր-բեմադրիչ Հայկ Օրդյանը Dalma News հետ հարցազրույցում պատմեց, որ մեզ սպասվում է կատակերգութան տարրերով դրամա. ճիշտ այնպես, ինչպես մեր իրական կյանքում:

– Պարո՛ն Օրդյան, ինչպես առաջացավ «Զուլալի»-ի ստեղծման գաղափարը:

Գաղափարը ծագեց չորս տարի առաջ, երբ ես ներկա էի Նարինե Աբգարյանի գրքի շնորհանդեսին, իսկ հետո, երբ ես կարդացի այդ ժողովածուի բոլոր պատմվածքները, ես հասկացա, որ չեմ հրաժարվելու այդ գաղափարից: Բայց այստեղ ծագեց մի հարց՝ ինչպես համոզել հեղինակին, որ համաձայնի «Զուլալի»-ի էկրանավորմանը. Իրականում ես երկար եմ փնտրել նմանատիպ սյուժեներ, պատմվածնքներ, որոնք կարող էին ինձ հետաքրքրել, իսկ այս դեպքում հասկացա, որ վերջ՝ սա հենց այն է, ինչ պետք է: Ես անմիջապես այն զգացողությունն ունեցա, որ ես պետք է դա նկարահանեմ, քանի որ պատմության բոլոր հերոսները մանկուց ծանոթ էին ինձ, ես նրանց գրեթե անգիր գիտեմ, իսկ Նարինեն շատ պրոֆեսիոնալ և տաղանդավոր մատուցմամբ հավաքեց այդ բոլոր հերոսներին մեկ գրքում: «Զուլալին» ինձ համար շատ կարևոր պատմություն է՝ թե՛ սյուժեի, թե՛ հերոսների, թե՛ մթնոլորտի առումով. ամեն ինչ շատ հարազատ է և սիրելի, ուստի առանց մեկ րոպե կորցնելու ես սկսեցի «գրոհել» Նարինե Աբգարյանին, ով սկզբում դեմ էր էկրանավորմանը, քանի որ վախենում էր, որ անհնար կլինի նկարահանել այնպես, ինչպես գրված է: Բայց երբ ես ներկայացրեցի նրան, թե ինչպես եմ տեսնում ֆիլմը և ինչպես եմ ուզում նկարահանել այն, և որ ամենակարևորն է, որտեղ ուզում եմ նկարահանել այն, նա համաձայնվեց:

Հայկ Օրդյան

-Այսինքն՝ ինչպիսի՞ն է լինելու «Զուլալին» էկրանին: Այն լիովին համապատասխանելո՞ւ է գրքին, թե՝ որպես ռեժիսոր, գեղարվեստական շեղումներ թույլ կտաք բնագրից:

-Իհարկե, ապագա լիամետրաժ ֆիլմի հիմքը մեր տաղանդավոր հայրենակցի պատմվածքն է, և ես թողեցի ողջ դրամատուրգիան անփոփոխ՝ ճիշտ այնպես, ինչպես ընթերցողը հիշում է գրքից: Սակայն, ամեն դեպքում, ֆիլմում ավելացրել ենք որոշ պահեր:

Ֆիլմի սցենարիստը տաղանդավոր Աստղիկ Սիմոնյանն է, ով կարճ ժամանակում մեծ աշխատանք կատարեց: Ֆիլմի նկարահանումները տեղի կունենան Տավուշի մարզի Նավուր և Այգեձոր գյուղերում, քանի որ հենց այնտեղ է այն մթնոլորտը, որի մասին գրել է հեղինակը: Նարինե Աբգարյանը, ինչպես հայտնի է, Բերդ քաղաքից է (Տավուշի մարզ). ես ինքս էլ եմ արմատներով այնտեղից և գիտեմ, թե ինչպես կարելի է վերստեղծել այդ բավականին գունեղ մթնոլորտը մեծ էկրանին: Օրինակ՝ Նավուրում մենք շատ հարմար տուն գտանք Զուլալիի համար՝ շատ գունեղ, լավ ու գեղեցիկ, իսկ արտաքին բոլոր նկարահանումները տեղի կունենան Այգեձոր գյուղում:

Ֆիլմում կլինեն նաև մեր կողմից ստեղծված նոր դրվագներ, քանի որ պատմությունն ինքնին ընդամենը 50 էջ է, իսկ լիամետրաժ ֆիլմի համար մենք որոշակի փոփոխություններ կատարեցինք:

– Ե՞րբ սպասել ֆիլմի պրեմիերային:

– Նկարահանումները կսկսվեն հոկտեմբերին, իսկ ֆիլմը լույս կտեսնի 2020թ.-ի աշնանը:

-Նարինե Աբգարյանը ռուսաստանյան հեղինակ է, իսկ ֆիլմը նկարահանվելու է Հայաստանում: Իսկ ի՞նչ լեզվով:

-Ֆիլմը կլինի հայերեն, բայց անպայմանորեն ռուսերեն թարգմանությամբ, քանի որ մեր ռուս գործընկերները պետք է կազմակերպեն Ռուսաստանում «Զուլալի»-ի տարածումը: Այսպիսով, ռուս հանդիսատեսը կկարողանա դիտել այն, մեր գործընկեր. մեր գործընկեր կինոընկերութունը՝ «Большое кино»-ն, ստանձնել է հետթողարկման ողջ գործընթացը:

-Ո՞ր դերասաններին եք վստահել դերերը:

-Մենք բավականին լուրջ դերասան ունենք: Գլխավոր դերերում են Հերմինե Ստեփանյանը, որը ռուսաստանցի հեռուստադիտողներին հայտնի է նաև «Սպիտակ» ֆիլմում ունեցած դերակատարությամբ, վրացի հայտնի դերասան Միխայիլ Գոմիաշվիլին և հայ դերասանուհի Մարինե Պետրոսյանը: Իսկ փոքրիկ Նազարոսին մենք գտանք Բերդում`շատ տաղանդավոր երեխա Արտյոմ Մելիքյանին, և կարծում եմ, որ նա շատ պայծառ ու լուսավոր ապագա ունի կինոյում: Սա նրա առաջին դերն է, բայց ես վստահ եմ, որ վերջինը չէ:

Նարինե Աբգարյան

-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել ձեր նախագիծը կյանքի կոչելու ճանապարհին:

– Խնդիրները շատ էին, բայց ես չեմ ուզում խոսել այդ մասին: Սկզբում ես նյութի հետ կապված խնդիրներ ունեի, շատ երկար եմ աշխատել դրա վրա և փորձել եմ հասկանալ, թե ինչպես կարելի է նկարահանել այդ ամենը: Իհարկե, վերջում ես հասկացա դա, մանավանդ, որ մենք կողքից հավաքվել էր մասնագետների շատ լուրջ թիմ՝ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Հայաստանից: Եվ ես վստահ եմ, որ ամեն ինչ կստացվի այնպես, ինչպես որ ծրագրել էինք: Սա ստեղծագործական գործընթաց է, և այն միշտ էլ լի է խնդիրներով, բայց բոլորն էլ, փառք Աստծո, լուծելի են:

-Վերադառնալով Նարինե Աբգարյանին՝ ի վերջո, ինչպե՞ս կարողացաք համոզել նրան:

-Ա՜յ, չգիտեմ (ծիծաղում է): Հետագայում նա խոստովանեց, որ լրջագույն հանգամանք հանդիսացան իմ տավուշյան արմատները, քանի որ ես ամբողջութամբ զգում եմ պատմվածքի բոլոր նրբերանգներն ու նրբիմաստները: Թերևս հենց դա է կարևոր դեր խաղացել համոզման գործընթացում:

– Բայց արդյո՞ք նա ինչ-որ կերպ կմասնակցի նկարահանման գործընթացին:

– Մենք ակտիվ համագործակցեցինք նրա հետ սցենարը գրելու շրջանակներում. նա մասնակցեց երկխոսությունների ստեղծմանը, քանի որ մենք ուզում էինք դրանք ներկայացնել Տավուշի բարբառով, բայց նաև այնպես, որ հանդիսատեսը ևս կարողանա հասկանալ, թե ինչ է խոսվում: Եվ արդյունքը ոսկե միջինն էր` կիսով չափ Շամշադինի բարբառը (Բeրդ քաղաքի նախկին անվանումը, խմբ.), կիսով չափ՝ երևանյան բարբառը:

Իհարկե, մենք ժամանակ առ ժամանակ շփվում ենք Նարինեի հետ, համաձայնեցնում ենք որոշ դրվագներ կամ քննարկում որոշ հարցեր: Սկզբում մենք երկար ժամանակ քննարկում էինք հերոսներին, թե ինչպիսին են նրանք Նարինեի պատկերացմամաբ, որպեսզի ես կարողանայի հասկանալ, թե ինչպես է նա տեսնում այս ամենը: Ինձ համար շատ կարևոր է նրա կարծիքը՝ որպես հեղինակի: Բայց ես վստահ եմ, որ թե՛ մեր նկարահանող խումբը, թե՛ նա, որպես հեղինակ, և թե՛ հանդիսատեսը գոհ կլինեն «Զուլալի»-ի էկրանավորումից:

 

Լիա Խոջոյան