Մարտի 20-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը սկսվել է առանձնազրույցով, այնուհետև շարունակվել երկու պատվիրակությունների մասնակցությամբ՝ ընդլայնված ձևաչափով։ ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների և քաղաքական երկխոսության օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է եղել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերին և հանգամանալից քննարկվել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։
Ինչպես նշվում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում, նախարար Միրզոյանն ընդգծել է, որ «Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև ամենաբարձր մակարդակով հնչող հռետորաբանությունը ուղղված են սրելու իրավիճակը տարածաշրջանում և հող նախապատրաստելու նոր ագրեսիայի համար։ Այս համատեքստում ընդգծվել է նման պահվածքը դատապարտելու, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից խուսափելու և եռակողմ հայտարարություններով ստանձնած բոլոր պարտավորությունների կատարման հրամայականը։ Միաժամանակ երկուստեք ընդգծվել է Լաչինի միջանցքի ռեժիմի վերականգնման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան։
Բացի այդ, ՀՀ արտգործնախարարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ գործողության անհրաժեշտությունը՝ ադրբեջանական կողմի սադրանքները կանխելու, խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի պահպանման և Լեռնային Ղարաբաղում անվտանգությունն ապահովելու նպատակով։
Արարատ Միրզոյանը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականությունը կանխելու համար միջազգային համապատասխան գործիքակազմի կիրառումն ու Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության ուղարկումը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին»։
Իր հերթին Սերգեյ Լավրովը նշել է, որ առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը։
«Մենք կասկած չունենք, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը մնում է բոլոր որոշումների իրականացման բանալին՝ ելնելով իրավիճակի կայունացում ապահովելու անհրաժեշտությունից թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական, թե՛ միջազգային-իրավական ոլորտներում։ Պատրաստ կլինենք, ինչպես նշված է եռակողմ հայտարարություններում, ցանկացած հնարավոր աջակցություն ցուցաբերել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և խաղաղության պայմանագրի չափանիշները համաձայնեցնելու հարցում», – հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը՝ միևնույն ժամանակ ընդգծելով երկրների ղեկավարների միջև շարունակվող ինտենսիվ քաղաքական երկխոսության կարևորությունը, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում անցկացվող միջոցառումներում։
Հանդիպման վերջում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը, որի ժամանակ նրանք պատասխանել են լրագրողների հարցերին։ Մասնավորապես, կրկին անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքին, որի շուրջ իրավիճակի կարգավորումը, Լավրովի խոսքով, առաջնահերթ խնդիրներից է։
Իր հերթին Միրզոյանն ընդգծել է, որ այսօրվա դրությամբ չկա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ կետ, որը Ադրբեջանը չի խախտել՝ հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտում, Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիա, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակում, ապօրինի պահվող հայ գերիներ, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ հայերի վերադարձի խոչընդոտում:
Ավելին, Ադրբեջանը տորպեդահարում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը՝ շարունակելով սադրանքները։ Նրա խոսքով, տարածաշրջանում իրավիճակը էլ ավելի է սրվում ամենաբարձր մակարդակով Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությամբ և շարունակվող ռազմական սադրանքներով ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ։
Այս կապակցությամբ նա ընդգծել է Հայաստանի դաշնակիցների և գործընկերների կողմից ակտիվ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները և դադարեցնի միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների խախտմամբ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պրակտիկան։
Դիվանագիտական արտահայտությունների փայլուն ոճաբանության հետևում կարելի էր տեսնել ահռելի աշխատանք, որը մշտապես իրականացվում է մեր երկրների միջև ամենաբարձր մակարդակով։ Այդ իսկ պատճառով ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև Արևմուտքի «դիվանագիտական արշավանքի» հարցը Հարավային Կովկասում։ Ռուս նախարարի խոսքով՝ ոչ թե պարզախես ցանկանում են վարկաբեկել Ռուսաստանի Դաշնությունը, այլ այդ մասին բացահայտ խոսում են ԱՄՆ-ը, ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն։
«Մեծ հաշվով նրանք փորձում են տապալել եռակողմ համաձայնությունները, վերահսկել գործընթացը՝ խարխլելով առանցքային սկզբունքները, որոնք նախատեսում են ՌԴ մասնակցությունը հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման, խաղաղության պայմանագրի ստորագրմանը դյուրացնելու հարցերում»,- նշել է նա՝ ընդգծելով, որ այժմ չի տեսնում Արևմուտքի հետ Հարավային Կովկասի, ինչպես նաև միջազգային տարածաշրջանային օրակարգի բազմաթիվ այլ հարցերի շուրջ ցանկացած տեսակի երկխոսություն զարգացնելու հնարավորություն կամ անհրաժեշտություն։
Լրագրողները չէին կարող չհետաքրքրվել նաև, թե ինչով է պայմանավորված պաշտոնական Երևանի՝ սահմանամերձ շրջաններում ՀԱՊԿ առաքելություն տեղակայումից հրաժարումը։ Հարցին ի պատասխան՝ Միրզոյանը բառացիորեն նշել է հետևյալը. «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ առաքելության վերաբերյալ Ձեր հարցին, ապա, հավանաբար, հարցը կամ հարցի ձևակերպումը, թերևս, ճիշտ չէ, քանի որ Հայաստանը երբեք չի հրաժարվել նման առաքելությունից։ Ավելին, նման որոշման նախագիծը սեղանին է և այս նախագծի շուրջ աշխատանքները շարունակվում են։ Հիշեցնեմ, որ այստեղ մեզ համար առանցքայինն այն էր, որ մեր տպավորությամբ ՀԱՊԿ-ն անուղղակիորեն կարծես ինքը չի ճանաչել ՀԱՊԿ պատասխանատվության հստակ գոտին: Մեր տեսանկյունից դա ինչ-որ չափով խնդրահարույց էր։ Բայց կրկնում եմ, որոշման նախագիծը դրված է սեղանին, աշխատանքները շարունակվում են»։
Ասուլիսի ավարտին Սերգեյ Լավրովը նշել է, որ ընթացիկ հանդիպմանը քննարկվել է նաև եռակողմ հանդիպման թեման։ Հայկական կողմը հաստատել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը։ «Կարծում եմ՝ մոտ ապագայում կտեսնենք, թե ինչ ժամկետներ են հարմար երեք նախարարներին», – նշել է Լավրովը։
Նատելլա Օհանյան