Մարտի սկզբին Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Գրողների համաշխարհային օրվան նվիրված համերգ։
Մասնաճյուղի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր պոեզիայի երեկո։ Ուսանողները հոգացել էին, որպեսզի մեկ դահլիճում հավաքվեին պոեզիայի սիրահարներն ու գիտակները։
Բակալավրիատի ու մագիստրատուրայի տաղանդավոր ուսանողներն ասմունքեցին ռուսական և հայկական պոեզիայի դասականների և ժամանակակիցների բանաստեղծություններ, ինչպես նաև հանդես եկան երաժշտական համարներով։
Միջոցառման մասնակիցները ունկնդրեցին 20-րդ դարի մեծ բանաստեղծների ստեղծագործությունները։ Նշենք, որ ուսանողներն արեցին ամեն բան, որպեսզի հանդիսատեսը հայտնվի ջերմ մթնոլորտում՝ բեմը զարդարված էր մոմերով, հատակին դրված էին գրքեր ու ծածկոց, անկյունում երևում էին նոտաներով թերթիկներ։ Նույնիսկ մռայլ եղանակը նրանց օգտին էր՝ ռոմանտիկ տրամադրություն էր ստեղծում հանդիսատեսի համար։
Երեկոյի իսկական զարդերը ոչ միայն բանաստեղծություններն ու երգերը, այլ նաև պարն էր հայկական ավանդական երաժշտության ներքո։
ՄՊՀ Երևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Սոֆիա Գասպարյանը նշեց, որ երեկոն հաջողված էր ոչ միայն կազմակերպչական տեսանկյունից, այլև ստացվեց հուզել ունկնդիրներին.
«Այս միջոցառման մեջ ամենակարևորը հանդիսատեսին փոխանցելն է այն բոլոր ապրումներն ու հույզերը, որոնք ուսանողներն իրենց մեջ «կրում են»: Նրանց դա հաջողվեց, ուստի կարծում եմ, որ ամեն բան ստացվեց։ Մենք նախանձելի թիմ ունենք, որտեղ բոլորը գիտեն, թե ինչ խնդիրներ են դրված և ինչպես է պետք կատարել աշխատանքը։ Շատ գոհ եմ կայացած համերգով։ Գեղեցիկ էր, հուզիչ և, որ ամենակարևորն է՝ անկեղծ»,- հավելեց Սոֆիան:
Այն միտքը, որ հնարավոր է պոեզիայի երեկո կազմակերպել, ի հայտ եկավ անցյալ տարի։ Համալսարանում տաղանդները շատ են, պոեզիայի սիրահարները ևս։ Ուստի ուսանողները սիրով օգտվեցին առիթից և ևս մեկ անգամ ելույթ ունեցան բեմում:
Սոֆիա Գասպարյանը հուսով է, որ հաջորդ տարի նույն օրը հնարավոր կլինի կազմակերպել պոեզիայի հերթական երեկո։ Նա կիսվեց լավ լուրով. «Գուցե հաջորդ ամիս երաժշտական երեկո կազմակերպվի»։
Երևանում Ռուսական տան գիտական, կրթական և երիտասարդական ծրագրերի համակարգողի օգնական Դիանա Բադալյանը համերգի տպավորության տակ էր։
«Նախ կցանկանայի նշել, թե որքան հաճելի է այն փաստը, որ ուսանողները ավանդույթ են դարձրել ամեն տարի Պոեզիայի օրը նշելը։ Երեկոյի տպավորություններն ամենավառն են։ Աներևակայելի ուրախ եմ երեկոն անցկացնելու նման մթնոլորտում՝ վայելելով տաղանդավոր մարդկանց ելույթները։ Անհնար էր չհուզվել։ Ինձ շատ հուզեց Բոգդանովա Ելիզավետայի կատարումը։ Նա ընթերցեց Մալվինա Մատրոսովայի «Հայրիկ, ես քեզ սիրում եմ» ստեղծագործությունը: Ստեղծագործությունն ու դրա ասմունքն ինձ ստիպեցին ապրել նույնիսկ այն պահերը, որոնք դեռ չէին եղել իմ կյանքում։ Եվ, իհարկե, Սոնա Գալդունցի կատարումը, ով երկար տարիներ մեզ հնարավորություն է տալիս վայելել իր բնատուր տաղանդը։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ուսանողներին, երեկոյի կազմակերպիչներին հրավերի և պոեզիայի ու ստեղծագործության աշխարհ սուզվելու հնարավորության համար»,- ասաց նա։
Իսկ ահա «Միջազգային հարաբերություններ» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Պողոսբեկյան Դիանան ամեն անգամ հանդիսատեսին ուրախացնում է երաժշտական գործիքի վիրտուոզ տիրապետմամբ։ Հետաքրքիր է, որ նա նույնիսկ երաժշտական դպրոց չի ավարտել, միայն դասեր է ստացել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում աշխատող ուսուցչից։
Ուսանողն հենց այնպես չէր ընտրել Ռիչարդ Կլայդերմանի «A comme amour»-ը: Վստահեցնում է, որ այն ոգեշնչում է և հուզում:
«Իմ կարծիքով՝ այն հիանալի կերպով համապատասխանում է երեկոյի քնարական ու բանաստեղծական մթնոլորտին։ Ինձ համար շատ կարևոր է մասնակցել նման միջոցառումներին, քանի որ դա աշխուժության և անհավատալի էներգիայի լիցք է հաղորդում։ Ես մեծ հաճույք եմ ստանում թիմում աշխատելուց, Մոսկվայի պետական համալսարանի ուսանողների, հատկապես մեր հիասքանչ ուսանողական խորհրդի հետ։ Ինչ վերաբերում է մեկնաբանություններին ու տպավորություններին, դրանք կարող են բացառապես դրական լինել։ Շնորհակալ եմ մեր ուսանողներին հիանալի երեկոյի համար», – խոստովանել է Դիանան։
Միջոցառման վարող Դիանա Մկրտչյանը համերգը եզրափակեց մի հրաշալի արտահայտությամբ. «Դե ինչ, մի՛ մոռացեք երկխոսել հոգու հետ։ Եվ հիշեք, որ ավելի վեր միայն սերն է»։