Ռուս աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովի համերգը նշանակալից իրադարձություն դարձավ Հայաստանի մշակութային կյանքում, քանի որ մեծ հաջողություն ունեցավ ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում։ Պատճառը ականավոր երաժշտի կարգավիճակը կամ բազմաթիվ կոչումներն ու մրցանակները չէին։ Գլխավորը, որ իր հետ բերեց Վլադիմիր Թեոդորովիչը, ջերմությունն ու սերն էր մեր երկրի հանդեպ։ Ընդ որում, իր իսկ խոստովանությամբ, սա փոխադարձ զգացմունք է, որը զգում է իր հանդեպ յուրաքանչյուր այցելության ժամանակ։
Դեռևս երևանյան հանդիպումների նախօրեին մաեստրոն ուղերձ էր հղել հայ ժողովրդին, որտեղ ասվում էր. «Հայաստանը վաղուց ինձ համար դարձել է հարազատ տուն։ Ես բազմիցս եկել եմ «Մոսկվայի վիրտուոզների» և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար և դիրիժոր։ Իմ ընտանիքը միշտ ձեր կողքին է եղել թե՛ վշտի, թե՛ ուրախության մեջ։ Վերջին տարիներին Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում: Հայ ժողովրդի ցավը արտացոլվում է է նաև իմ սրտում: Հետևաբար, ինձ համար կարևոր է աջակցել ձեզ այն ամենով, ինչով կարող եմ: Երեք համերգ կտանք՝ երկուսը Երևանում, մեկը՝ ինձ համար խորհրդանշական Գյումրի քաղաքում»։
Ի դեպ, 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո Սպիվակովը առաջիններից էր, որ ժամանեց Հայաստան, իսկ հաջորդ տարվա մարտին վիրավոր Լենինականում առաջին համերգը տվեց։ Ըստ տեղի բնակիչների հիշողությունների՝ դա ավելի շուտ ռեքֆիեմ էր՝ նվիրված հանգուցյալների հիշատակին և աղետի դեմ պայքարում հարգանքի տուրք լենինականցիներին։
Իր ընթացիկ այցի ընթացքում Վլադիմիր Սպիվակովը ավանդաբար հանդես եկավ մշակութային մայրաքաղաքում՝ բարեգործական համերգով, որտեղ, դիմելով հանդիսատեսին, հայերեն լեզվով «երջանկություն և սիրով լի տարիներ» մաղթեց բոլորին:
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ՌԴ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարեց հատվածներ Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից, «Կարապի լիճ» և «Շչելկունչիկ» բալետներից, ինչպես նաև Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար Խաչատրյանի սյուիտը։
Երևանում Սպիվակովը այցելեց «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն, որտեղ օգնություն են ցուցաբերում ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված հայ զինծառայողներին։ Նա զրուցեց 44-օրյա պատերազմի հերոսների հետ, իսկ ավելի ուշ լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ տպավորված է իր տեսածով՝ բարեգործական կացարանը «լույսի շող» անվանելով։
Նույն օրը երեկոյան Սպիվակովը բարեգործական համերգով ելույթ ունեցավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում և բեմին «Զինվորի տան» նախկին հիվանդների հետ պարեց հայկական «Քոչարին», ինչը հուզիչ էր ու վեհ։ Նայելով նրանց՝ դժվար էր պատկերացնել, որ երիտասարդ հերոսները ծանր վիրավորվելուց հետո չեն հանձնվել և, ի հեճուկս ճակատագրի, նորից սովորել են քայլել և նույնիսկ պարել… պրոթեզներով։
«Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի», – հանդիսատեսի ծափահարությունների ներքո տղաներին մաղթեց երաժիշտը։ Հատկանշական է, որ համերգի ողջ հասույթը, ինչպես հայտարարվել էր, փոխանցվեց վերականգնողական կենտրոնի կարիքների համար։
Բացի այդ,Երևանի ֆիլհարմոնիկում մեկնարկեց «Armenia 301» սոցիալական և մարդասիրական նոր նախագիծը։ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր և «Զինվորի տան» համահիմնադիր Արմեն Մուրադյանը կարծում է, որ սա ավելին է, քան «գեղեցիկ քայլը»։
«Պատահական չէ, որ հենց այս բարեգործական համերգով ենք տալիս «Զինվորի տան» «Armenia 301» ծրագրի մեկնարկը։ Հայ զինվորի կողքին կանգնելը, նման բարեգործական գործին աջակցելը նշանակում է ոչ միայն հայ ժողովրդի մեծ բարեկամը, այլև իսկապես մեծ հումանիստ լինել։ Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում մաեստրո Սպիվակովին, ով իր գործունեությամբ երկար տարիներ աջակցում է հայ ժողովրդին», – ընդգծեց նա՝ միաժամանակ նշելով, որ «Զինվորի տունը» հրավիրում է բոլոր հայերին և հայ ժողովրդի ընկերներին համախմբվել Սարյանի «Հայաստան» կտավի շուրջ՝ համատեղ «ստեղծելու» կտավի կրկնօրինակը՝ դրանով իսկ դառնալով Հայրենիքի պաշտպանների բարգավաճ ապագայի մասնակիցը։
Որպես մեծածավալ նախագծի խորհրդանիշ ընտրվել է հենց այս կտավը, որում, ըստ նկարչի մտադրության, դրվել է հայրենիքի հետ սերտ կապի գաղափարը, առանց որի մարդը չի կարող գտնել ինքն իրեն։
Նկարչի թոռնուհին՝ Ռուզան Սարյանը, նույնպես հուզված է արձագանքել՝ սոցցանցի իր էջում գրելով.
«Հուզիչ էր տեսնել Մարտիրոս Սարյանի նկարը բարության և հույսի նման շրջանակի մեջ։ Ազգը միավորելու հիանալի գաղափար։ Հիանալի համերգ: Բրավո: Մաեստրո Սպիվակովն այսօր ապրող ամենաիմաստուն, բարի և տաղանդավոր մարդկանցից է։ Հպարտ ենք ու երջանիկ, որ նման ընկեր ունենք»։
Իսկ Հայաստանից մաեստրոն իր հետ փոքրիկ ջութակ տարավ, որը նվեր էր ստացել վերականգնողական կենտրոնում։ Երաժշտական այդ գործիքը յուրահատուկ է, քանի որ ձուլվել է վիրահատությունների ժամանակ վիրավոր զինվորներից հանված արկերի բեկորներից՝ «Զինվորի տան» արհեստանոցներում։ Այսօր դժվար է հիշել, թե առաջինը ով է առաջարկել այն նվիրել մեծ երաժշտին և հայության անշահախնդիր ընկերոջը, սակայն որոշումը կայացրել են բոլորով՝ և՛ հիվանդները, և՛ բուժանձնակազմը. Սպիվակովին իր բարեգործությունների համար երախտագիտություն հայտնելու ցանկությունը մեծ էր։ Երկաթե ջութակի վրա, իհարկե, հնարավոր չէ նվագել, սակայն ինչպես ասում են «Զինվորի տանը», մետաղյա ջութակի մեջ ողջ հայ ժողովրդի անսահման երախտագիտությունն է հնչում։
Նատելլա Օհանյան