Ինչպես հայտնի է, վերջերս Երևանում կայացավ ՀԱՊԿ գագաթնաժողովը, սակայն գագաթնաժողովի արդյունքներով ՀԱՊԿ-ի կողմից ադրբեջանական ագրեսիայի հետ կապված օգնություն ցուցաբերելու Հայաստանի խնդրանքին առնչվող հռչակագիր և փաստաթուղթ այդպես էլ չստորագրվեցին։ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել այս փաստաթղթերը՝ որոշումը հիմնավորելով նրանով, որ ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնություն տրամադրելու վերջնական փաստաթուղթը չի պարունակում կոնկրետ ու հստակ դիրքորոշում, որը կդատապարտի ադրբեջանական ագրեսիան։

Անմիջապես նշենք, որ եթե այս փաստաթղթերը ստորագրվեին, ապա հայ-ադրբեջանական սահման կուղարկվեր ՀԱՊԿ դիտորդական խումբ, որը կտեղակայվեր այնտեղ և կարձանագրեր խախտումները։ ՀԱՊԿ երկրները պատրաստ էին երևանյան գագաթնաժողովում հենց նման որոշում ստորագրել, սակայն ևս մեկ անգամ նշենք, որ փաստաթղթերը չի ստորագրել հենց Հայաստանի վարչապետը։

Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը նմանատիպ հայտարարություն է ստորագրել Պրահայում, որի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին այժմ տեղակայվել են ԵՄ դիտորդներ, ովքեր հետևում են իրավիճակին, սակայն որ մի կերպ չեն ազդում Բաքվի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի իր սադրանքները։

Գրեթե ամենօրյա ռեժիմով ադրբեջանական զինուժը գնդակոծում է հայկական դիրքերը, և նրանց ոչ մի կերպ չեն մտահոգում սահմանին տեղակայված եվրոպական դիտորդական խմբերը։

Ի դեպ, երբ Արցախում Բաքվի կողմից երբեմն սադրիչ գործողություններ են լինում, անմիջապես մեղադրանքներ են հնչում ռուս խաղաղապահների հասցեին, որոնց Հայաստանի տարբեր արևմտամետ հասարակական-քաղաքական ուժեր մեղադրում են անգործության մեջ, սակայն այժմ նրանք լռում են, երբ ադրբեջանցիները արևմտյան դիտորդների աչքի առաջ ամեն օր ռմբակոծում են հայկական տարածքը։

Միանգամայն պարզ է, որ ՀԱՊԿ-ից դիտորդների հայտնվելը սահմանին լիովին բխում է Հայաստանի շահերից, սակայն Փաշինյանը հրաժարվեց ստորագրել նման փաստաթուղթ, ինչը ակնհայտորեն հակասում է հայկական շահերին։ Փաշինյանի նման որոշումը բացարձակապես բխում է Բաքվի և Անկարայի շահերից, որոնք շահագրգռված չեն տարածաշրջանում ՀԱՊԿ դիտորդներ տեսնելով։

ՀԱՊԿ-ը կազմակերպություն է, որի լոկոմոտիվը Ռուսաստանն է։ Անկեղծ լինենք ու ասենք, որ ՀԱՊԿ-ը ռուսակենտրոն կառույց է, և հենց այս գործոնն էր Հայաստանի՝ կազմակերպությունում գտնվելու հիմնական շարժառիթը առաջին իսկ օրերից։ Հայաստանի համար կարևոր է, ելնելով իր անվտանգային խնդիրներից, գտնվել այնտեղ, որտեղ Ռուսաստանը առանցքային դերակատարում ունի։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հենց նա դադարեցրեց էսկալացիան այս տարվա սեպտեմբերի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին բացահայտ հայտարարել է նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապը։

Ակնհայտ է նաև, որ ՀԱՊԿ յուրաքանչյուր երկիր ունի իր շահերը։ Այո, ՀԱՊԿ որոշ երկրներ լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, ուստի սա պետք է ընդունել որպես իրականություն և ելնել նրանից, ինչ կա։ Այս առումով և՛ Փաշինյանը, և՛ բոլորը քաջ գիտակցում են, որ ընթացող իրադարձություններին ՀԱՊԿ-ի կողմից կտրուկ հակաադրբեջանական արձագանք չի կարող լինել։ Ահա այստեղ է թաքնված շահագրգիռ ուժերի հիմնական դիտավորությունը:

Այսօր Արևմուտքը, Թուրքիան և Ադրբեջանը շահագրգռված են ՀԱՊԿ-ի վարկաբեկմամբ։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին՝ որպես Հայաստանի դաշնակցի, ապա հարկ է հիշեցնել, որ Ղարաբաղում 44-օրյա պատերազմը միայն Մոսկվայի անմիջական միջնորդությամբ է կասեցվել։ Արյունահեղությունը դադարեցնելու անհաջող փորձեր արվեցին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից։

Այսօր Ղարաբաղում որոշակի կայունություն պահպանվում է միայն այնտեղ ներկա ռուս խաղաղապահների շնորհիվ։

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ կայացել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներ։ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է օգնել Երևանին և Բաքվին խաղաղություն հաստատել տարածաշրջանում, սակայն արել և անում է ամեն ինչ, որպեսզի Ղարաբաղում լարված իրավիճակը չվերաճի լայնամասշտաբ արյունահեղության։

Վերոնշյալ ձևաչափով հարցը սկսեց ակտիվորեն թափ հավաքել, սակայն նորից գտնվեցին որոշակի արտաքին ուժեր, որոնք որոշեցին, որ անհրաժեշտ է այլընտրանքային հարթակ ստեղծել՝ իբր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերը լուծելու համար։

Ակնհայտ է, որ ստեղծված «բրյուսելյան ձևաչափը», որը համակարգում է նաև ԱՄՆ-ը, նպատակ ունի Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանային գործընթացներից և շարունակել նրա մեկուսացման քաղաքականությունը։

Այսպես կոչված «բրյուսելյան ձևաչափի» ի հայտ գալուց հետո, ինչպես Ղարաբաղում, այնպես էլ ողջ տարածաշրջանում իրավիճակն ավելի սրվեց, իսկ Ղարաբաղում շատ ավելի շատ բախումներ եղան։ Տեսնում ենք, որ այսօր նմանատիպ իրավիճակ է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, երբ եվրոպացի դիտորդների այնտեղ հայտնվելուց հետո իրավիճակն ավելի սրվեց, և Բաքուն սկսեց անընդհատ սադրանքների դիմել։

Շատ կցանկանայինք հավատալ, որ Հայաստանի իշխանությունները միամտորեն հավատում են, որ Արևմուտքը կօգնի Հայաստանին դուրս գալ ստեղծված իրավիճակից, քանի որ 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմը հիանալի ցույց տվեց, որ Արևմուտքը, բացի առասպելական հայտարարություններից, իրական որևէ ազդեցություն չունեցավ կոնֆլիկտի վրա։

Ստացվում է, որ Փաշինյանը պատրաստ է եվրոպացի դիտորդներին թողնել սահման, իսկ ՀԱՊԿ-ը թող առայժմ սպասի:

Աշոտ Սարգսյան, քաղաքագետ