Անցած հանգստյան օրերին պաշտոնական այցով Ադրբեջան էր ժամանել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Ինչպես և նախապես հայտարարվել էր, Վենեսուելայի նախագահը մտադիր է շրջագայություններ իրականացնել նավթարդյունահանող երկրներով, ու լատինաամերիկյան հանրապետության առաջնորդի առաջին կանգառը Բաքուն էր:

Ադրբեջանն ու Վենեսուելան գրեթե ոչ մի ընդհանուր բան չունեն՝ ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ էլ որևէ այլ ոլորտում: Միակ բանը, որը կապում է այս երկու երկրներին, նավթն է: Եվ այդ գործոնն էլ անշուշտ վենեսուելական նախագահի՝ Բաքու կատարած այցի հիմնական պատճառն էր:

Ադրբեջան կատարած իր այցի շրջանակներում Մադուրոն առաջարկեց նավթի գնի կայունացման նոր բանաձևի մշակում՝ 10 տարվա կտրվածքով: «Մենք առաջիկա 10 տարվա կտրվածքով մեր բնական պաշարների գների կայունացման ապահովման ու նոր մեխանիզմների հստակեցման նոր բանաձևի վրա ենք աշխատում, եթե կայունություն լինի, կարելի կլինի նաև կանխատեսել արտադրության, շուկայի ու գների մակարդակը»,- նշեց նա:

venesuela1

Վենեսուելայի նախագահի խոսքերով՝ խոսքն առաջին հերթին գնում է նավթի շուկայի կարճաժամկետ՝ 6- ամսյա կայունացման մասին, իսկ հետո միայն տասնամյա կտրվածքով նավթային գների որոշման նոր մեխանիզմների ու նրանց կայունացման բանաձևերի մշակման մասին:

Մադուրոն ինքն էլ նշեց, որ հենց իր շրջագայության շրջանակներում է ծրագրում կնքել նավթի համաշխարհային գների կայունացման նոր համաձայնագրեր: «Այս ուղևորությունը նավթային շուկայի վերջնական կայունացման համաձայնագրերի կնքման գլխավոր նպատակ ունի, սա շատ կարևոր է մեր երկրի ու համաշխարհային տնտեսության ու  ֆինանսների համար»,- ասաց նա:

Այսօր արդեն ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ հենց Մադուրոն է ողջ աշխարհում ամենաշատն անհանգստանում նավթի ցածր գների մասին, քանի որ այդ գների անկումն ամբողջությամբ կաթվածահար է արել իր երկրի տնտեսությանը:

Մադուրոյի երկրի ներսում խիստ անկայուն վիճակ է, և պատկերավոր ասած՝ հողը փախչում է նախագահի ոտքերի տակից: Ընդդիմությունը հսկում է խորհրդարանն ու իմպիչմենտի գործընթացի փաստացի սկիզբը: Գործադուլները ցնցում են ազգային տնտեսության հիմքերը, իսկ բնակչության զգալի խմբեր գտնվում են սովահարության եզերքին: Այդ պատճառով էլ նրա քաղաքական գոյատևման համար ծայրահեղ անհրաժեշտ է արտաքին ասպարեզում ձեռք բերած հաջողությունը: Հենց դրանով է կարելի բացատրել Մադուրոյի երկարատև ուղևորությունը Կասպից ծովի շրջանի ու Պարսից ծոցի նավթարդյունահանող պետություններ, որի ընթացքում էլ վերջերս այցելեց Ադրբեջան:

Այսօր Մադուրոն անում է ամեն հնարավորը, որ հասնի նավթի միջազգային հանույթի կրճատմանն ու գների բարձրացմանը, որպեսզի կարողանա կանխել Վենեսուելային սպառնացող սովի ապստամբությունը: Դրա համար նա անդադար նոր գաղափարներ է առաջարկում, որոնցից որոշները իրենց աջակցությունն են ստանում այլ նավթային գերտերությունների շարքերում:

Մադուրոն չի փրկի նավթարդյունաբերողներին

Dalma News-ին մեկնաբանելով Վենեսուելայի նախագահի այցն Ադրբեջան, տնտեսագետ Ֆիկրետ Մամեդովը նշեց, որ այցի նպատակի վարկածները շատ են՝ «սկսած «խնդրեց օգնել ֆինանսով» մինչև «վերականգնել նավթի գործառնությունների փոխանակման համակարգը»: Ադրբեջանը, Բելոռուսն ու Վենեսուելան որոշ ժամանակ առաջ իրականացրին փոխանակման գործընթացներ: Մենք բելոռուսներին փոխանցեցինք այն նավթը, որը նա գնել էր Վենեսուելայից, իսկ վերջինս էլ մեզ նավթ փոխանցեց Արևմտյան կիսագնդում՝ մեր մատակարարման որոշ պայմանագրերի դիմաց: Հնարավոր է, իսկ ես հարում եմ այդ տարբերակին, որ Մադուրոն եվրոպական երկրներ մատակարարման ինչ-որ պայմանագիր ունի, և նավթի գների ներկա պայմաններում նա ցանկանում է ստանալ նավթարդյունաբերողների աջակցությունը, որոնք կարող են ապահովել նրան ավելի հարմար ու տնտեսապես գրավիչ լոգիստիկա»,- ասաց փորձագետը:

mamedov

Նրա խոսքերով՝ եթե այդ տարբերակը զարգացնենք, ապա Եվրոպայի ու Ասիայի գնորդների հետ պայմանագրերի առկայությունը, որոնք առավել շահավետ են՝ վաճառքի շուկաների կողքին գտնվող նավթի առկայության պայմաններում, Վենեսուելայի նավթագազային սեկտորում կատարվող ներդրումները դարձնում են ավելի գայթակղիչ: «Եվ շատ հնարավոր է, որ դիտարկվում է ազգային նավթային ընկերությունների մասնակի սեփականաշնորհման հարցը, եթե հաշվի առնենք, որ Մադուրոն կառավարել է դրանք այնքան «գրագետ», որ նավթարդյունահանողներն իրենց ձևը վաճառում են կերակրվելու դիմաց: Սակայն այն ամենից հետո, ինչ դուրս նետեց նավթային ընկերության ազգայնացման հետ Ուգո Չավեսը, ողջամիտ ներդրողները Վենեսուելա չեն մեկնում (այդտեղ նաև դրված է նավթի որակի հարցը՝ վենեսուելական նավթը շատ է ծանր):

Իսկ ահա ավելի պակաս ողջամիտները, պակաս շահագրգիռները ովքեր ունեն դրամական միջոցներ, որոնք պետք է լվացվեն և այլն, լիիրավորեն կարող են տրվել վենչուրային (ռիսկային) ծրագրերին: Եվ շատ ցավալի է, որ մենք էլ ենք այդ ցուցակում, թեպետ զարմանալի չէ: Տեղեկությունն այն մասին, որ Մադուրուն փորձում է պայմանավորվածություններ ձեռք բերել հանույթի սահմանափակումների մասին, իմ կարծիքով տրամաբանական հիմք չունի, քանի որ առաջին հերթին նա քաղաքական որևէ նշանակալի կշիռ չունի, իսկ երկրորդ՝ Ադրբեջանը արդյունահանում է իր հնարավորությունների գագաթնակետով, ու մեզ «այլևս մի հանեք» խնդրելն իմաստ չունի»,- շեշտում է վերլուծաբանը:

Խոսելով այն մասին, թե նավթի ամենամեծ պաշար ունեցող երկրի նախագահի տվյալ գործելակերպը որքանով կարող է կայունացնել նավթի գները, փորձագետն ասաց, որ քաղաքական բոլոր որոշումները ժամանակավոր բնույթ են կրում:

«Չնայած Վենեսուելայի նախագահի բոլոր ջանքերին՝ նավթի գներն անպայման անկում կապրեն: Իմ կարծիքով՝ մինչ այս տարվա վերջ նավթի մեկ բարրելի գինը կիջնի մինչև 20-25 դոլլարի»,- նշեց նա:

Վենեսուելայի դժվարությունները

Dalma News-ին տալով Նիկոլաս Մադուրոյի՝ Ադրբեջան կատարած այցի գնահատականը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի տնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ստանիսլավ Տկաչենկոն ասաց, որ եթե փորձես գտնել երկրագնդի վրա մի պետություն, որն ամենաշատն է տառապել արդեն երկու տարի ձգվող նավթի գների անկումից, ապա Վենեսուելան դժվար թե մրցակիցներ ունենա:

tkachenko

Նրա խոսքերով՝՝ լատինաամերիկյան այս պետության արտահանումը գրեթե ամբողջությամբ կախված է նավթից, ու նրանից ստացվող գումարները (որոնք հիմա ձգտում են զրոյի) լավագույն տարիներին կազմում էին երկրի պետական բյուջեի բոլոր հոդվածների ծախսերի կեսից ավելին:

«Այրվող թերթաքարի հեղափոխության» սկսվելուց և 2014 թ. աշնանը անմշակ նավթի գների կտրուկ անկումից հետո Վենեսուելայի տնտեսությունը, գործնականում գտնվեց ազատ անկման վիճակում: Նրա անկումն անցյալ տարի հասավ ՀՆԱ-ի 10 %-ից ավելիին, տվյալ տարում սպասվում է հետագա անկում՝ մինչև ՀՆԱ-ի 8 %-ը: Այդ երկրի բնակչությունը տառապում է գործազրկությունից, մթերքի ու արտադրական իրերի պակասից, արժեզրկումը խփում է բոլոր ռեկորդներն ու 2015-16 թթ. կհասնի 1000 տոկոսի ֆանտաստիկ ցուցանիշին»,- նշում է նա:

Փորձագետը նաև նշում է, որ Վենեսուելայի վիճակագրական տվյալները նման աղետալի սցենար չէին կանխատեսել, իսկ ընդամենը երեք տարի առաջ երկրագնդի բիզնես-հասարակությանը ցնցեցին այդ երկրի նավթի պահուստային պաշարների նոր տվյալները:

«Նրանց փորձագետները գնահատեցին 277 միլիարդ բարրել, որն էլ երկիրը դրեց աշխարհում առաջին տեղում՝ թույլ տալով շրջանցել նաև բազմամյա առաջնորդ Սաուդյան Արաբիային: Ճիշտ է, այդ նավթը տեղակայված է յուրացման համար դժվարհասանելի Օրինոկո գետի ավազանում: Իր կազմով (ծանր բիտումային խառնուրդ) այն խիստ տարբերվում է մրցակիցների ավելի թեթև նավթից, այդ պատճառով էլ այն հանելն ու միջազգային շուկայում վաճառելը դժվար է: Վենեսուելական նավթի հանույթի ինքնարժեքը գրեթե 50 տոկոսով ավելի բարձր է, քան ռուսականինը՝ արտադրական դժվարությունների ու հսկա հարկային բեռի հաշվով: Այդ պատճառով էլ, չնայած նավթի հսկայական պահուստային պաշարներին, Վենեսուելան այսօր միայն եզրափակում է աշխարհի խոշորագույն նավթարդյունահանողների տասնյակը»,- ասաց Տկաչենկոն:

Փորձագետի խոսքերով՝ Բաքուն Մադուրոյի համար աշխարհում իրեն ամենամոտ կանգնած գործընկերներից է: «Համաշխարհային շուկայում նավթի հանույթի սահմանափակման ու նրա գնի զգալի բարձրացման անհրաժեշտության հարցով երկու պետությունների դիրքորոշումները համընկնում են: Ավելին, չլինելով ՕՊԵԿ-ի անդամ, Ադրբեջանը պաշտոնապես հաստատեց կարտելի հետ զուգահեռաբար գործելու և տվյալ բնագավառում ՕՊԵԿ-ի անդամ երկրների հնարավոր միջոցների հետ իր հանույթը զուգահեռաբար սահմանափակելու պատրաստակամության մասին:

Նման միջոցների կիրառումը կենսականորեն կարևոր է Վենեսուելայի տնտեսության համար, և տվյալ ուղղությամբ առաջին քայլերն սպասվում են նոյեմբերի վերջին կայանալիք ՕՊԵԿ առաջնորդների հանդիպման ժամանակ: Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանի դիրքորոշումը կարևոր է Վենեսուելայի համար, նույնիսկ չնայած այն բանին, որ նավթի հանույթի մասշտաբով (նավթարդյունահանող երկրների երրորդ տասնյակի սկզբում ունեցած տեղով) Ադրբեջանը բոլորովին այլ քաշային կարգ է անցնում: Եվ հենց այդ պատճառով էլ այդ երկրի առաջնորդը երկրագնդի նավթային մայրաքաղաքներ ծրագրած իր ճակատագրական ուղևորության ամենասկզբում հենց Բաքու է այցելել»,- եզրափակեց վերլուծաբանը:

Հ.Գ.– Դժվար թե այսօր գտնվի մի փորձագետ, ով նավթի գների բարձրացումներ կանխատեսի առաջին երկու տարիների համար: Խնդիրը միայն նրանում չէ, որ այսօր շուկայում չափից դուրս շատ նավթ կա: Գները միշտ կարգավորում են շուկան՝ առաջարկի ու պահանջարկի հայտնի օրենքով: Նավթ կարող է լիենլ այնքան, որքան հնարավոր է, և գներն էլ կարող են լինել բարձր, եթե դրա պահանջարկը կա: Ողջ խնդիրը նրանում է, որ այսօր տնտեսական բնույթի խնդիրներ նկատվում են ոչ միայն էներգաարդյունահանող երկրներում, այլ նաև ներկրող երկրների մոտ, ինչն էլ խիստ իջեցնում է պահանջարկը:

Դժբախտությունը նրանում է, որ էներգաարդյունահանող երկրներն ավելի շատ են կախված գներից, քան արդյունաբերական երկրները: Դրա համար էլ նավթարդյունահանող պետությունների գլխավոր խնդիրը այսօր պետք է լինի ոչ թե իրենց ազգային արտարժույթի կուրսի կայունացման համար արհեստական մեթոդներով նավթի գների բարձրացումը, այլ սեփական արդյունաբերության մեջ կատարած ներդրումները:

Նիջաթ Գաջիև