Հունիսի 18-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել «Փոխենք աշխարհը`գունազարդելով այն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Նախաձեռնության հեղինակը եղել է «Մենք կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունը։

Ցուցահանդեսի լուսանկարների հեղինակները կազմակերպության ներառական խմբակի 11 անդամներն էին։ Նրանցից ամենաակտիվը Գոռ Ասատրյանն էր, ով ցուցահանդեսի ամեն մի դրվագ ֆիքսում էր իր ֆոտոխցիկում։

Գոռ Ասատրյանը լուսանկարելիս

Գոռի լուսանկարներում պատկերված են երեխաներ ու քաղաքային պատկերներ։ Գոռն ասաց, որ սիրում է քաղաքային նկարներ անել, սակայն ամեն ինչ կախված է թե այդ պահին ի՞նչ է ուզում նկարել։ Նա հավելեց, որ կոնկրետ ուղղություն չունի, նկարում է այն ամենը, ինչ մտքովն անցնում է։

Գոռի այս լուսանկարն իր ամենասիրելիներից մեկն է։ Լուսանկարը անելու գաղափարը շատ արագ է կայացրել։

«Դրսում ցուրտ էր ու ես էլ շտապում էի տուն գնալ, բայց այս երեխային տեսնելուց հետո հասկացա, որ շատ հետաքրքիր նկար կարող է ստացվել։ Երեխայի դեմքի արտահայտությունը շատ խոսուն էր, ես էլ փորձեցի նկարել ու կարծում եմ ստացվել է»,- պատմեց Գոռը։

Այս մեկն էլ նկարել է գարնանը՝ ցույցերի ժամանակ։ Նրա խոսքով այսլուսանկարը պատահական նկարների շարքից է։

«Ես չէի տեսել, որ մարդու ստվեր կա, միայն նկարելուց հետո տեսա, որ ստվեր կա։ Դա լուսանկարը արտահայտիչ ու դուրեկան դարձրեց»։

Ի դեպ, Գոռը լուսանկարչությամբ սկսել է զբաղվել 2 ամիս առաջ։ Ապագայում շարունակելու՞ է զբաղվել լուսանկարչությամբ, պատասխանեց՝ անպայման։

Ցուցահանդեսին ներկա էին նաև«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը։ Նարեկ Հարությունյանը շնորհավորեց ապագա լուսանկարիչներին և նշեց, որ արվեստում սահմանափակումներ չկան, արվեստը ճախրում է։

«Դուք իբրև լուսանկարիչներ ունեք մեծ ուժ։ Դուք ձեր ձեռքին զենք ունեք, շատ ուժեղ, այդ զենքով մարդկանց հոգիների և մտքերի վրա եք ազդում։ Լուսանկարելուց չկշտանաք։ Լուսանկարիչը տեսնում է այն, ինչը չեն տեսնում մյուսները»,- նշեց Նարեկ Հարությունյանը։

Ձախից 5-րդը՝ Նարեկ Հարությունյանը

Զարուհի Բաթոյանն էլ դիմելով ցուցահանդեսին ներկա հյուրերին և լուսանկարների հեղինակներին, ասաց, որ լուսանկարները տպավորիչ են և եթե հետագայում ցուցահանդես-վաճառք լինի, ապա նա անպայման գնորդներից մեկը կլինի։

Այս լուսանկարների հեղինակն էլ Ռուզաննա Ղազարյանն է։ Նրա խոսքով դասընթացներին մասնակցելու նպատակը եղել է լուսանկարչության մասին ունեցած իր գիտելիքները հարստացնելը։

Ռուզաննա Ղազարյան

«Նկարների միջոցով փոխանցել եմ  այն,  ինչ տեսել եմ։ Լուսանկարելու համար առանձնահատուկ բան պետք չէ, ուղղապի պետք է տեսնել»,- այսպես բնութագրեց լուսանկարչությունը  Ռուզաննան։

 

Ցուցահանդեսի լուսանկարները՝ ստորև

 

Հեղինակ՝ Արփինե Բաղդասարյան