Dalma News-ը ներկայացնում է լայնածավալ հարցարույց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ:
– Պարոն Ալթունյան, որպես նախարար և որպես քաղաքացի, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում առողջապահական ոլորտի վիճակը և բժշկական սպասարկման մակարդակը:
– Բավականին բարդ հարց է: Օբյեկտիվ գնահատական տալու համար, պետք է անդրադառնալ թվերին: Ինչ ունենք մենք այսօրվա դրությամբ՝ 1,5% ՀՆԱ-ից` ուղղված առողջապահական ոլորտին, մինչդեռ միջազգային փորձագետների գնահատականներով, ոլորտի իրական ծախսերը կազմում են ՀՆԱ-յի 3-3,5%-ը: Այսինքն, ՀՆԱ-յի մնացած 1,5-2%-ը՝ ոլորտի ընդհանուր ծախսերի մոտ 53%-ը, հոգում են հենց հիվանդները: Ընդ որում՝ այդ միջոցների միայն մի մասն է արտացոլվում, այսպես կոչված, «սպիտակ հաշվապահության» մեջ (մոտ՝ 30-35 մլրդ դրամը), մնացած մասը՝ մոտ 100-110 մլրդ դրամը, մնում է ստվերում: Ստեղծված իրավիճակում մենք բախվում ենք միջոցների ոչ արդյունավետ ծախսի հետ, քանի որ չկա այդ գործընթացի անհրաժեշտ վերահսկողությունը: Արդյունքում տուժում է բուժսպասարկման որակը: Այնուամենայնիվ, չնայած այս պատկերին, ըստ տարբեր միջազգային ցուցանիշների, Հայաստանը զբաղեցնում է բավականին լավ դիրքեր: Այսպիսով, ըստ կյանքի միջին տևողության ցուցանիշի, Հայաստանը գտնվում է ԱՊՀ երկրների առաջին հնգյակում և բավականին լավ տեղ է զբաղեցնում համաշխարհային վարկանիշում: Նույն պատկերն է տիրում նաև առողջ կյանքի սպասվող տեւողության ցուցանիշների հարցում: Մանկական և մայրական մահացության ցուցանիշներով ԱՊՀ երկրների շարքում մենք միջին դիրքերում ենք, սակայն միտումը գնում է դեպի այս ցուցանիշի բարձրացման: Մահճակալների թվով մեկ անձի համար մենք հետ չենք մնում եվրոպական երկրներից: Իսկ ստացիոնար բուժկենտրոնների թվով նույնիսկ առաջ ենք նրանցից, ինչը խոսում է ադմինիստրատիվ միջոցների ոչ արդյունավետ ծախսման մասին: Ցուցանիշները, կարծես թե, վատը չեն: Սակայն այս ֆոնին այն ժամանակ, երբ Եվրոպայում հիվանդների դիմելիությունը բուժկենտրոններ ամսական կտրվածքով կազմում է 8-12 անգամ, Հայաստանում այս ցուցանիշը ապահովագրված հիվանդների համար կազմում է 8 անգամ, առանց ապահովագրության հիվանդների համար` 6 անգամ, սոցիալապես անապահովների համար` 2-2.5 անգամ: Սա լավ չէ, եւ խոսում է այն մասին, որ անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել բուժսպասարկման հավասարաչափ հասանելիության ապահովման վրա՝ բնակչության բոլոր շերտերի համար:
– Դուք նշեցիք ոլորտում «ստվերի» բավականին բարձր ցուցանիշի մասին: Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում այդ խնդրի հաղթահարման ուղղությամբ:
– Միջոցները դուրս բերել ստվերից շատ հեշտ է… Առաջին հերթին, բոլորը պետք է մոռանան «անվճար բժշկություն» հասկացությունը: Առողջապահությունը տնտեսության վճարովի և բավականին թանկարժեք ոլորտ է, որը մեծ ծախսեր է պահանջում` որակյալ և գերժամանակակից տեխնիկա, արդյունավետ դեղորայք ձեռք բերելու համար: Այս առումով մեր ազգը մաքսիմալիստական է՝ ուզում է ընդունել լավագույն դեղորայքը, սկրինինգներ անցնել ամենաժամանակակից և թանկարժեք սարքավորումներով, սակայն չի ցանկանում վճարել դրա համար: Մինչդեռ գնագոյացման 70%-ն այս ոլորտում փոփոխվում է համաշխարհային ցուցանիշների հետ մեկտեղ: Իսկ ցածր գներով ապահովում են միայն այն 30%-ին, որոնք մնում են խորհրդային ժամանակներից մնացած հին տեխնիկայի և բուժաշխատողների աշխատավարձերի հաշվին: Եվ հենց սրանով է պայմանավորված այն, ինչը շատերը համարում է առողջապահության ոլորտի «կաշառակերություն»: Սակայն ինքս այդպես չեմ կարծում՝ սա «կաշառակերություն» չէ, այլ համակարգի ինքնապահպանման փորձ: Հակառակ դեպքում, մենք այսօր չէինք ունենա ո՛չ բուժքույրեր, ո՛չ սանիտարներ, և ո՛չ էլ, առավել ևս, որակավորված մասնագետներ: Այնպես որ, հասարակությունը պետք է գիտակցի, որ որակյալ բուժսպասարկում ստանալու համար անհրաժեշտ է վճարել:
– Բայց ի՞նչ անել, եթե հասարակությունը կամ դրա մեծամասնությունը վճարունակ չէ:
– Ձեզ հետ համաձայն չեմ: Նայեք գլամուրային մոլերի հերթերին, երեկոյան մարդաշատ նորաձեւ ռեստորաններին, թանկարժեք ավտոպարկին, և դուք կհասկանաք, որ քիչ վճարունակ է Հայաստանի բնակչության միայն 30%-ը: Սակայն վճարունակ հասարակության նշանակալի հատվածը պարզապես չի ցանկանում վճարել բուժծառայությունների համար: Առողջապահության նախարարությունը ամեն տարի բոլոր ճիշտ և սուտ տարբերակներով ստիպված է դուրս գրել հազարավոր ուղեգրեր` պետպատվերի շրջանակներում բուժվելու համար: Սակայն հավատացեք ինձ, հնարավոր չէ միայն ցանկությամբ դադարեցնել այս գործընթացը:
– Դուք նշեցիք խնդիրները, իսկ ինչպիսի՞ք են դրանց լուծման ուղիները:
– Գոյություն ունեն մի քանի ուղիներ: Առաջին հերթին, հրապարակել բուժծառայությունների իրական արժեքը: Ներկայումս մենք աշխատում ենք գնագոյացման համապատասխան բանաձևերի մշակման վրա: Այնուհետև մենք պետք է գիտակցենք, թե այդ գումարի որ մասը կարող է վճարել պետությունը, իսկ որը` ինքը հիվանդը: Միևնույն ժամանակ, մենք պետք է քայլեր մշակենք սոցիալապես անապահով շերտերի շահերի պաշտպանության համար:
– Պարոն Ալթունյան, ինչպե՞ս եք Դուք սահմանում «սոցիալապես անապահով շերտ» հասկացությունը: Մարդ, ով ստանում է 200 հազար (մոտ 400 դոլար) աշխատավարձ, դասվո՞ւմ է այդ կատեգորիային, թե՞ համարվում է ապահովված:
– Ես հիմնվում եմ սոցիալական ծառայությունների հետազոտությունների վրա: Ըստ պաշտոնական տվյալների, սոցիալապես անապահով են երկրի բնակչության 25-30%-ը: Իհարկե, հիանալի կլիներ, եթե պետությունը հարստանար այնքան, որ ամբողջությամբ իր վրա վերցներ քաղաքացիների բուժսպասարկման ծախսերը: Սակայն դա կլինի այն ժամանակ, երբ ոլորտին ուղղվի ոչ թե ՀՆԱ-յի 1,5%-ը և նույնիսկ ոչ թե 4%-ը, ինչպես Ռուսաստանում, այլ 12-15%-ը, ինչպես Եվրոպայի բազմաթիվ երկրներում է: Իհարկե, 12%-ի մենք չենք հավակնում, սակայն, կարծում եմ, որ Հայաստանի պայմաններում բավականին ռեալ է հասնել այս ոլորտի ֆինանսավորմանը 4-4,5%-ով, և սա հնարավորություն կտա մեզ վրա վերցնել ծախսերի զգալի մասը: Սակայն սա հնարավոր կլինի միայն ՀՆԱ-յի կրկնապատկման դեպքում:
– Առողջապահության նախարարի պաշտոնում Ձեր գտնվելու ընթացքում ո՞րն եք համարում այս ոլորտի ամենամեծ ձեռքբերումը: Կարող եք անհամեստ լինել՝ այս հարցին պատասխանելիս…
– Նախարարական պաշտոնում իմ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ հնարավորություն եմ տալիս հասարակական կարծիքի արտահայտման, և յուրաքանչյուրը խոսում է իմ մասին այն, ինչ մտածում է (ժպտում է): Սրանից առավել մեծ պատրաստակամությամբ օգտվում են ԶԼՄ ներկայացուցիչները և բլոգերները, որոնք հաճախ են մարզում իրենց սրամտությունն իմ հաշվին: Չեմ կարող ասել, թե այն ինձ տխրեցնում է կամ նվազեցնում իմ աշխատունակությունը, սակայն այնպիսի պայմաններում, երբ շատ ծանր աշխատանքի համար ստանում ես բավականին ցածր աշխատավարձ, իհարկե, սպասում ես, ամեն դեպքում, ավելիին…
– Եվ հատկապես ի՞նչ:
– Դե, համենայնդեպս, ոչ այն, ինչ ստանում ես:
– Ձեր ձեռքբերումների թվում Դուք, բացի նախատրամադրվածությանը դեպի ժողովրդավարություն, կարող էիք նշել նաև Ձեր կեղմից նախաձեռնված մի շարք բարեփոխումների մասին, որոնք, սակայն, ոչ միանշանակ գնահատական ստացան հասարակության կողմից: Անդրադառնանք ծրագրին` ուղղված մարդկային պապիլոմա վիրուսի դեմ պարտադիր պատվաստման: Ինչպե՞ս է իրականացվում այս ծրագիրը:
– Գիտեք, բարդ է: Սակայն, միանշանակ է, որ դեռևս պատվաստման այլընտրանք չկա, և քանի դեռ առկա է անվճար պատվաստանյութը, նախարարությունը չի հրաժարվի ծրագրից: Հարցը կվերանայվի միայն այն ժամանակ, երբ անվճար պատվաստանյութը վերջանա, և հարց կդրվի նոր քանակի գնման մասին: Ինչ վերաբերում է հանրության բացասական աղմուկին, ապա այն պայմանավորված է տեղեկատվության պակասով, որակավորված մասնագետները չեն կարող հաղթել ոչ գիտակներին, քանի որ, ինչպես ցույց է տալիս պատմությունը, նրանց ձայնը միշտ ավելի բարձր է հնչում, և նրանք միշտ խոսում են ավելի մատչելի լեզվով: Սակայն ամենօրյա գրաֆիկով նախարարությունն աշխատանքներ է տանում բնակչությանը իրազեկելու ուղղությամբ: Մեր բժիշկները զրուցում են յուրաքանչյուր ծնողի հետ, ում երեխան պետք է պատվաստում ստանա:
– Երկրորդ բարեփոխումը, որը Դուք նախաձեռնել եք, նույնպես բուռն հասարակական բանավեճ առաջացրեց, խոսքը ծխելու դեմ պայքարի և համապատասխան օրինագծի մշակման մասին է: Այս կապակցությամբ ծխողների մի մեծ բանակ կռվի ելավ Ձեր դեմ: Կցանկանայինք պարզել, արդյոք մտադիր եք, չնայած բացասական հասարակական արձագանքի, շարունակել առաջ տանել այս նախաձեռնությունը:
– Այստեղ չեմ համաձայնի ձեզ հետ՝ մեր դեմ ծխողները չեն կռվի ելել: Նրանք, ինչպես ծխել են, այնպես էլ կարող են շարունակել ծխել: Գնային քաղաքականությունը մեր հակածխախոտային պայքարի շրջանակներում չի փոփոխվել, իսկ եթե ծխախոտային ապրանքների գները մեծացել են, ապա այն կապված է ԵԱՏՄ-ին միանալու հետ: Մեր դեմ կռվի դուրս եկան ծխախոտային ապրանքների արտադրողները և ներմուծողները, որոնք գիտակցում են, որ այս նախաձեռնությունը կբերի ծխախոտային արտադրանքի օգտագործման կրճատմանը 20-30, իսկ ցանկալի է նաև 50%,-ով իսկ սա հսկայական գումարներ են: Հիմա բոլորը գոռում են, որ այն կխփի երկրի տնտեսությանը: Սակայն ոչ ոք չի խոսում այն մասին, որ այդ փողերը մուտք չեն գործում մեր երկիր արտասահմանից, ընդհակառակը, դրանք դուրս են գալիս երկրից՝ արտասահմանյան ծխախոտի հերթական քանակությունը գնելու ժամանակ, կամ էլ, ծխախոտի ծխի պես բաց են թողնվում օդ:
– Վախենալու չէ՞ պայքարել «ծխախոտային հսկաների» դեմ:
– Եթե մի փոքր ավելի խելացի լինեի, հնարավոր է վախենալու լիներ (ժպտում է):
– Իսկ Դուք վստա՞հ եք, որ քրեականացման մեթոդներն իսկապես կբերեն ծխողների թվի կրճատմանը:
– Այստեղ մենք հեծանիվ չենք հորինում,այլ տեղայնացնում ենք միջազգային հաջող փորձը:
– Եվ ամենաաղմկահարույց բարեփոխման մասին` անցումը դեպի դեղորայքի վաճառքի դեղատոմսային ձևի, որի բոլոր անհարմարությունները ինքս զգացի ինձ վրա, որպես սպառող…
– Դե, սկսենք նրանից, որ, ցավոք, այս դրական բարեփոխումը ես չեմ կարող վերագրել իմ հաշվին: Համապատասխան օրենքն ընդունվել է դեռևս 2016 թվականին՝ մինչ իմ գալը նախարարի պաշտոնի, կառավարության արձանագրությունը, որը հաստատում էր օրենքի կիրառումը, ևս ընդունվել է 2016 թվականին: Այնպես որ, այս դրական գործը արվել է ինձնից առաջ: Իսկ իմ գործն էր, համաձայնվելով այս բոլոր արձանագրությունների հետ՝ այս գործը հասցնել ավարտին: Կարող եմ ասել, որ այս նորմի կիրառումից ի վեր առանձնապես օբյեկտիվ մեծ խնդիրներ մեր կողմից դեռևս չեն արձանագրվել:
– Պարոն Ալթունյան, իսկ առողջապահության ոլորտում էլ ինչպիսի՞ նորարարությունների սպասենք:
– Որևէ առանձնահատուկ նորարարությունների սպասել պետք չէ, ներկայումս մենք աշխատում ենք կլինիկական արձանագրությունների համակարգի ներմուծման վրա: Աշխատանքը նախատեսված է 5 տարիների համար: Անցյալ տարվա ընթացքում արդեն արվել է աշխատանքի 1/5 մասը: Մինչ տարվա կես ամբողջ կատարած աշխատանքը թվայնացվելու է և ներմուծվելու է էլեկտրոնային առողջապահության համակարգի մեջ: Ինչ վերաբերում է բուն էլեկտրոնային առողջապահության համակարգին, ապա դրա ներդրմանն ուղղված աշխատանքները նույնպես բավականին ակտիվ են ընթանում: Մենք պատրաստվում ենք բուժհաստատությունների համար ձեռք բերել բավականին մեծ քանակությամբ տեխնիկա, որոնք աշխատում են պետպատվերի համակարգով: Ծրագրի ամենադժվար հատվածը բուժանձնակազմի թրեյնինգներն են: Մենք մտածում ենք, որ այն կտևի 1-1,5 տարի: Եվ արդեն 1,5-2 տարի հետո համակարգը ամբողջությամբ կկիրառվի:
– Իսկ ի՞նչ կտա այն Հայաստանին:
-Այս ծրագրի ներդրման արդյունքում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կունենա միասնական բազա՝ իր առողջության վիճակի և անցած բուժումների մասին: Այն հնարավորություն կտա հետագայում, անհրաժեշտության դեպքում առավել արդյունավետ կերպով կազմակերպել իր բուժումը: Բացի այդ, տեխնիկական առումով քաղաքացիների համար այն կհեշտացնի բուժսպասարկման մատչելիությունը, կպաշտպանի նրա անձնական տվյալները, թույլ կտա երկրին առավել արդյունավետ կերպով կազմակերպել առողջապահական քաղաքականությունը:
– Անդրադառնանք ինտեգրացիոն խնդիրներին և միջազգային համագործակցությանը… Առողջապահության համակարգի վրա ինչպե՞ս արտացոլվեց Հայաստանի միանալը Եվրասիական տնտեսական միությանը, որքա՞ն սերտ է համագործակցում հանրապետությունը անդամ- երկրների հետ:
– Մենք բավականին սերտ համագործակցում ենք և՛ ռուսաստանյան, և՛ բելառուս գործընկերների հետ: Ռուսական կողմից անցկացվում են ամենամյա բժշկական ֆորումներ: Սպասում ենք 2025 թվականին դեղորայքային միջոցների միասնական շուկայի անցման, ինչը կբերի միության տարածքում դեղորայքների գների նվազմանը: Շատ արդյունավետ ենք համագործակցում Վրաստանի հետ, չնայած, որ այն ԵԱՏՄ անդամ չէ:
– Եվ վերջին հարցը, օրերս ԶԼՄ-ներում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ մոտակա ժամանակներում փակվելու է «Արմենիկում» բժշկական կենտրոնը, այդպե՞ս է, և եթե՝ այո, ապա ո՞րն է նման որոշման պատճառը:
– Դեռևս չեմ կարող ասել՝ կենտրոնը կփակվի, թե՝ ոչ, այդ հարցը ուսումնասիրում է հատուկ աշխատանքային խումբը: Կենտրոնում ամեն տարի բուժում են անցնում մոտ 100 հիվանդ: Նրանց բուժման ամենամսյա ծախսերը կազմում են 15 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, կենտրոնի ապահովման համար ամեն տարի տրամադրվում է 180 մլն դրամ: Մենք մտադրված ենք կրկնակի ավելացնել միջոցները հիվանդների բուժման համար՝ ծախսերի ռացիոնալացման միջոցով: Հնարավոր է՝ հիվանդների բուժումը իրականացվի այլ բուժկենտրոններում: Իսկ հնարավոր է, որ որևէ փոփոխություններ տեղի չունենան, եթե պարզվի, որ օպտիմալացման արդյունքն աննշան է լինելու: Սակայն եթե պարզվի, որ մեզ կհաջողվի ավելացնել ֆինանսավորումը հիվանդների բուժման համար, ավելի շատ միջոցներ ուղղել «Արմենիկում» դեղամիջոցի արտադրությանը, կրճատելով ծախսերը կենտրոնի շենքի և ադմինիստրատիվ ապարատի ապահովման հաշվին, վստահ եղեք, մենք կգնանք այդ քայլին:
Ինչ վերաբերում է մեր մոտեցմանը «Արմենիկում» դեղամիջոցին, ապա այն որևէ փոփոխությունների չի ենթարկվել: Մենք, ինչպես և նախկինում, այն համարում ենք ոչ միայն արդյունավետ միջոց ՄԻԱՎ/ՁԻԱՀ դեմ, այլև բազմաթիվ այլ հիվանդությունների: Ավելին, մենք այժմ անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դրա սպառումը ավելանա, իսկ արտադրությունը պահպանվի: Եթե մեզ հաջողվի լրացուցիչ միջոցներ գտնել` «Արմենիկում» կենտրոնի ծախսերի օպտիմալացման հաշվին, ապա դրանք կուղղվեն դեղամիջոցի մինչկլինիկական և կլինիկական փորձարկումների իրականացմանը` դրա միջազգային ճանաչումը ապահովելու նպատակով: