Արթուր Ջանիբեկյան

«Գազպրոմ-մեդիա զվարճալի հեռուստատեսության» և «ՏՆՏ-Հեռուստացանցի» գլխավոր տնօրեն, Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի պրոդյուսերությամբ Հայաստանի մասին տեսահոլովակ է նկարահանվել, որում ներգրավված են հայկական ծագում ունեցող Ռուսաստանի հայտնի գիտության, արվեստի և սպորտի գործիչները:

Ռուսաստանի կողքին կա երկիր, որտեղ միշտ ուրախ են ձեզ տեսնել: Երկիր, որը հեշտ է այցելել: Հայաստանն այն երկիրն է, որը պատրաստ է զարմացնել և հիացնել: Հայաստանը հրաշքների երկիր է:

Համացանցում դիտումների քանակով և տարածման արագությամբ «Հայաստան: Աստղերը մոտ են» տեսահոլովակը հավակնում է դառնալ Հայաստանի մասին պատմող ամենահայտնի հոլովակներից մեկը: Դրանով ակտիվորեն կիսվում են Ֆեյսբուք, ՎԿոնտակտե, Թվիթեր, Օդնոկլասսնիկիի օգտատերերը: Այս տեսահոլովակն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նաև Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը` շնորհակալություն հայտնելով Արթուր Ջանիբեկյանին և իր թիմին կատարած աշխատանքի համար:

Նշենք, որ տեսահոլովակում նկարահանվել են դերասան Արարատ Քեշյանը, դերասան և պրոդյուսեր Միխաիլ Գալուստյանը, երգչուհի Քրիստինա Սարգսյանը, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Տիգրան Քեոսայանը, սպորտային մեկնաբան Նոբել Առուստամյանը, դերասանուհի և պրոդյուսեր Նատալյա Եփրիկյանը, հեռուստահաղորդավարուհի Տանյա Գևորգյանը, Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտող, Ռուսաստանի և ԽՍՀՄ հերոս Արթուր Չիլինգարովը, կրկնակի օլինպիական չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը, շոումեն, պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը ու Ռուսաստանի և Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը:

Մշակույթ, ընկերություն, զարգացում, բնություն, սեր, սիրալիրություն, երջանկություն, ավանդույթներ, երաժշտություն, ժպիտներ, հյուրընկալություն. այս բոլոր հասկացություններով էլ տեսահոլովակի հեղինակները ասոցացնում են Հայաստանը և կոչ անում ռուս զբոսաշրջիկներին այցելել երկիր, որը պատմության արշալույսին եղել է քաղաքակրթության օրրաններից մեկը, որի խորքերում եռում է կյանքը, որտեղ վառ արևից ավելի մոտ են միայն բարձր լեռները: