Հինդուիզմի ու Բուդդիզմի տարբեր ուղղությունների հիման վրա մշակված բազմաթիվ հոգեկան, ֆիզիկական ու հոգևոր գործելակերպերի համակարգը, որը հայտնի է ՅՈԳԱ անունով, մեծ տարածում ունի ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, որտեղ, ի դեպ, նրա հանդեպ հետաքրքրությունը տարեց տարի ավելի է աճում:
2009 թվականին հիմնադրվեց Հայաստանի Յոգայի ֆեդերացիան, որը սկսեց զարգանալ միանգամից երկու հիմնական ուղղություններով՝ առաջինը սիրողական բնույթի պարապմունքներն են, որոնք թույլ են տալիս մարդկանց կարգավորել իրենց ֆիզիկազգացմունքային վիճակը, ֆիզիկական կառուցվածքն ու առողջացնել մարմինը: Իսկ երկրորդը զբաղվում է պրոֆեսիոնալ մարզիչների նախապատրաստմամբ: Ֆեդերացիան նաև զբաղվում է Յոգայի հետ կապված ինֆորմացիայի տարածմամբ, կազմակերպում է տարբեր միջոցառումներ, այդ թվում նաև բացօթյա դասընթացներ՝ բոլոր ցանկացողների համար:
Թե որքանով է Յոգան յուրացվում աշխարհում, որի մասին, ի դեպ, պետք է իմանա դրանով զբաղվող ցանկացած մարդ, մենք որոշեցինք իմանալ Հայաստանի Յոգայի ֆեդերացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանից:
Հակոբ, Յոգան, որպես այդպիսին, ի հայտ է եկել հին Հնդկաստանում, իսկ այսօր այն տարածված է աշխարհով: Ինչպե՞ս է այն յուրացվում:
Իհարկե եթե կետ առ կետ կրկնենք այն, ինչն ընդունված է եղել հնագույն ժամանակներում արևադարձային Հնդկաստանում (խոսքը Հաթհա-Յոգայի մասին է) դժվար կլինի, բնականաբար, հատկապես մեգապոլիսների ու մեծ քաղաքների պայմաններում: Եվ եթե ուսումնասիրենք Հայաստանի, Հնդկաստանի կամ աշխարհի մեկ այլ վայրում գտնվող յոգերին, ապա տեխնիկայի տեսանկյունից նրանք նման են միմյանց: Տարբերություններ կարող են ծագել միայն առողջության տեսանկյունից:
Մենք, Հայկական ֆեդերացիայի մարզիչներս, կիրառում ենք այնպիսի դիրքեր ու շնչառական այնպիսի վարժություններ, որոնք առավելագույնս համապատասխանում են մեր երկրի պահանջներին: Բացի այդ՝ մենք դրանք փոքր-ինչ հարմարեցրել ենք Հայաստանյան պայմաններին: Օրինակ, կան դիրքեր, որոնք անգնահատելի են վահանագեղձի ֆունկցիայի ու ամբողջ էնդոկրին համակարգի համար: Ինչպես հայտնի է, Հայաստանի բնակչության շրջանում շատ տարածված են հենց այս օրգանի հետ կապված հիվանդությունները, որն իհարկե կապված է ինչպես աշխարհագրական դիրքի, այնպես էլ ազգային սննդի առանձնահատկություններով պայմանավորված յոդի պակասի հետ: Յոգայում կան այնպիսի դիրքեր, որոնք թույլ են տալիս հեշտությամբ կերակուրից սինթեզել յոդը:
Սակայն աշխարհի ցանկացած երկրում Յոգայով զբաղվող սկսնակի համար մուտքը դեպի Յոգայի աշխարհ սկսվում է միևնույն տեխնիկայից: Դա, կարելի է ասել, Յոգայի Այբբենարանն է, ու ընդհանուր է բոլորի համար:
Հայ հասարակության մեջ Յոգայի հետ կապված ամենամեծ մոլորությունը ո՞րն է:
Ամենամեծ մոլորությունն այն է, որ որոշ մարդիկ դա աղանդ կամ ֆակիրիզմ են համարում (ծիծաղում է):
Ինքներդ ինչպե՞ս սկսեցիք զբաղվել Յոգայով:
Ամեն ինչ սկսվեց մի փոքր գրքից, որն իմ ձեռքն ընկավ 2000 թվականին: Մասնագիտությամբ հոգեբան եմ, ու ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչ կարող է անել մարդը ինքնաճանաչման, ինքնավերահսկման համար: Այդ փնտրտուքներն էլ ինձ դեպի Յոգա ուղեկցեցին:
Յոգան կիրառական փիլիսոփայություն է, որտեղ ամեն քայլ դեպի ինքնաճանաչում ու ինքնավերահսկում է տանում: Գործնական պարապմունքները որքան էլ երկար են տևում, միևնույն է, դրանք մեզ չեն բավականացնում: Մենք պետք է ապրենք մեր ու մեզ շրջապատող աշխարհի հետ ներդաշնակ, և այս գործում Յոգան շատ հզոր գործիք կարող է հանդիսանալ:
Յոգայով զբաղվելու որոշում ընդունած մարդն ի՞նչ պետք է իմանա:
Կա Յոգա հատուկ սկսնակների համար: Ես աշխատել եմ տարբեր ֆիթնես-կենտրոններում և իմ անձնական փորձից կարող եմ ասել, որ ամեն պատահական մարդ Յոգայով չի զբաղվում, դա գիտակցված ընտրություն է, մարդիկ այստեղ են գալիս արդեն որոշակիորեն ինֆորմացված: Յոգայի իմաստը ոչ միայն ֆիզիկական վարժությունների Յոգան է, այլ նաև ինքնաճանաչման ու ներդաշնակության որոնումը: Նա, ով Յոգայի մեջ խորանալու որոշում է կայացնում, պետք է կարողանա մեդիտացիա անել՝ հետևելով սուտրայում գրված Յոգայի որոշակի կանոնների: Դա մեզ օգնում է փոխելու մեր հոգեբանությունն ու հասնելու ինքնաճանաչման: Այնպես որ Յոգայով զբաղվել ցանկացող մարդկանց ես խորհուրդ եմ տալիս կարդալ սկսնակների համար մի քանի գիրք, որից հետո այցելել ընդհանուր տեխնիկայով Յոգայի դասընթաց: Դա ցանկացածին է հասանելի: Իսկ դրանից հետո նրանք արդեն կկարողանան հասկանալ, թե ինչպիսի օրենքների պետք է հետևել:
Ի՞նչ օրենքների մասին է խոսքը:
Նախ խիստ արգելված է կողմնակի անձանց ներկայությունը պարապմունքներին: Երբ ինձ այդ մասին խնդրում են, ես միշտ մերժում եմ: Ուզո՞ւմ եք մասնակցել, զգեստափոխվեք, գետնին փռեք ձեր գորգն ու մարզվեք: Երկրորդ երկաթյա օրենքը՝ արգելվում է պարապմունքներին բերել բջջային հեռախոս, քանի որ այն նույնպես մեր գիտակցականի համար արտաքին խափանիչ է: Երրորդ, եթե մարդն արդեն սկսել է մարզումները, ապա նա դրանք պետք է ավարտին հասցնի: Դասընթացը կարող է կիսատ մնալ միայն ծայրահեղ դեպքերում: Չորրորդ օրենքն այն է, որ դասընթացի համար անհրաժեշտ ուղեցույցը մենք տալիս ենք անմիջապես դասից առաջ:
Մենք երբեք մարդկանց չենք ստիպում իրենց կամքին հակառակ ինչ-որ բան անել: Երբ դու ստիպում ես մարդուն գնալ իր կամքին հակառակ, կամ անել այն, ինչ անում ես դու, դրանով որոշակի բռնություն ես կիրառում նրա հանդեպ, այլ կերպ ասած՝ «սպանում» ես նրան: Մարդն ամեն ինչի պիտի կարողանա հասնել ինքնուրույն, իր բարի կամքով: Օրինակ՝ ինձ ոչ-ոք չի ստիպել հրաժարվել միս օգտագործելուց, պարզապես ես ինքս զգացի, որ իմ օրգանիզմը դա չի ուզում: Բայց եթե սրանից 10 տարի անց, կամ թեկուզ վաղը ես ցանկանամ միս ուտել, ես այն կուտեմ:
Ցանկացած մարդու օրգանիզմ պետք է պատրաստ լինի այս կամ այն ուտելիքից հրաժարվելուն: Յոգայի կանոններում նաև խորհուրդ չի տրվում անցնել քաղցրի, կծվի, թթուի ու աղի օգտագործման չափը: Օրինակ՝ մեկ գդալը կարող է շատ օգտակար լինել, իսկ ահա 10 գդալը՝ չափազանց վնասակար, մենք պետք է իմանանք մեր չափը:
Տեխնիկայի շնորհիվ պարապմունքն սկսելուց առաջ մենք կարող ենք մեր բացասական էներգիան թողնել սրահի պատերից դուրս: Մեր ամենասիրած աֆորիզմը հետևյալն է. «Յոգա՝ նշանակում է՝ կատարիր ու կճանաչես», այսինքն սա այն պրակտիկան է, որի շնորհիվ մենք վերահսկում ենք մեր մտքերը, կոփում ենք ուշադրությունը, զարգացնում ենք երևակայությունը, հանգստացնում ենք մեր մարմինը՝ ազատվելով բացասական էներգիայից: Նույնիսկ 15 օր Յոգայով զբաղվող մարդն է զգում հսկայական տարբերություն:
Շաբաթվա մեջ քանի՞ օր է պետք զբաղվել Յոգայով:
Յոգայով պետք է զբաղվել ամեն օր, սակայն, եթե դրա հնարավորությունը չկա, ապա գոնե օրումեջ: Սկսնակների համար պարապմունքները պետք է տևեն 40 րոպեից մինչև մեկ ժամ, ամեն բան կախված է տեխնիկայից: Լավագույն ժամանակը առավոտյան արևածագն ու երեկոյան արևամուտն է:
Եթե մարդը ողջ գիշեր չի քնում, ուրեմն նա Յոգայով զբաղվելու իրավունք չունի: Նախ նա պետք է իր բնությունը վերականգնի: Ցերեկը կարելի է քնել ուզածի չափ, սակայն դա չի չեզոքացնում գիշերվա անքնության բացասական հետևանքները: Գիշերվա խորը քնին ոչինչ չի կարող փոխարինել: Չէ՞ որ մեզանից յուրաքանչյուրի մեջ գոյություն ունի լուսնի ու արևի էներգիա, և եթե մենք դրանք ոչ ճիշտ ժամի ենք ակտիվացնում, դա բերում է օրգանիզմի անհավասարակշռության, ինչն էլ կհանգեցնի էնդոկրին համակարգի գործունեության խախտմանը: Այո, ինձ հաճախ են ասում, թե, օրինակ, իմ տատիկը ողջ կյանքում գիշերը չի քնել, բայց ապրել է 100 տարի: Ամեն բան շատ պարզ է, ուղղակի օրգանիզմը հարմարվում է մեր կյանքի ոճին: Բնականաբար Յոգան խորհուրդ է տալիս արթնանալ արևի առաջին ճառագայթների հետ ու քնել մայրամուտին, բայց ժամանակակից մեգապոլիսներում շատ բարդ է կյանքի նման ռիթմը պահպանելը, դրա համար էլ հիմնական շեշտը պետք է դրվի գիշերային 8-ժամյա խորի քնի վրա: Սակայն, եթե ինչ-ինչ պատճառներով դուք շատ ուշ եք քնում, ապա չքնած վիճակը կարելի է փոխհատուցել օրվա կերակրի ռացիոնում որոշ մթերքների օգտագործմամբ, ինչի մասին, սակայն, մենք պատմում ենք դասընթացներին:
Իսկ սնվելու հետ կապված հիմնական կանոնները որո՞նք են:
Ըստ Յոգայի հիմնական օրենքների՝ օրգանիզմը պետք է սնունդ ստանա ամեն 4 ժամը մեկ անգամ, իսկ ժամը 6-ից հետո թույլատրելի է թեթև ուտելիք՝ յոգուրտներ, մածուն, մրգեր: Եթե դատարկ ստոմոքսին միրգ եք ուտում, ապա դա տոքսիններ չի առաջացնի: Անսահմանափակ քանակի միրգ կարելի է օգտագործել նաև առավոտյան՝ պարապմունքներից հետո՝ համատեղելով այն կաթնաշոռի հետ:
Իդեալական նախաշաճն է՝ յուղը (կարելի է նաև զեյթունի բուսական), մեղրը, քունջութը: Առհասարակ, առավոտյան կարելի է ուտել որքան ուզում ես, ցերեկը՝ չափավոր: Եվ ճաշի ժամանակ հարկավոր է ուտել այնքան, որ լրիվ հագեցվածության վիճակ չառաջանա: Պետք չէ նաև մոռանալ, որ հագեցվածության ազդակներն ուղեղ են հասնում ուտել սկսելուց 20 րոպե անց միայն: Այնպես որ ցանկալի է ուտելուց 30 րոպե առաջ ջուր խմել, իսկ ուտելու ընթացքում ջուր չի կարելի ընդհանրապես:
Մեզ պետք է ուղեկցի մեր բնությունը, ես խոսում եմ մարդու ներքին բնության մասին, չէ՞ որ մենք նրա մի մասնիկն ենք: Օրգանիզմի վերակառուցման ողջ գործընթացը պետք է լինի աստիճանաբար ու սահուն: Եթե, օրինակ, որոշում եք սահմանափակել մսի օգտագործումը, կամ առհասարակ հրաժարվել, ապա դա հարկավոր է անել աստիճանաբար: Կարևոր է նաև երեխաներին ճիշտ կերակրելն ու նրանց կաթնային մթերքներ շատ տալը: Ես նույնիսկ խորհուրդ եմ տալիս երեխաներին չզրկել մսի օգտագործումից, երեխան ինքը պետք է զգա, որ այլևս չի ուզում: Եվ խոսքն այստեղ իհարկե «ֆասթֆուդի» մասին չէ:
Ամռանը՝ Յոգայի միջազգային օրվա տոնակատարության ժամանակ, բաց դասի ընթացքում ես նկատեցի հաշմանդամի սայլակներին նստած մարդկանց: Այսինքն Յոգայով կարո՞ղ են զբաղվել բոլորը:
Յոգան բոլորի համար է, բայց կան որոշակի դիրքեր, որոնք հակացուցված են հաշմանդամություն ունեցող մարդկանց: Ընդհանրապես ընդունված է, որ խմբում լինեն 3 և ավելի մարդ, սակայն լինում են նաև մեծ խմբեր՝ մինչև 40 մարդ, այդ ժամանակ մենք արդեն աշխատում ենք օգնականների հետ: Նույնը նաև հղի կանանց է վերաբերվում: Յոգայում կան որոշակի թեքություններ, որոնք հենց այս կատեգորիայի համար են: Ամեն բան կախված է հղիության ժամկետից: Մասնագետներն են որոշում, թե հատկապես ինչ դիրքեր են համապատասխանում հղի կանանց:
Այսօր Երևանում Յոգայի կենտրոնները բազմաթիվ են: Ֆեդերացիան ինչ-որ կերպ հետևո՞ւմ է արտոնագրերի տրամադրմանն ու մնացած գործընթացներին:
Այո, անշուշտ: Հենց ֆեդերացիան է արտոնագիր տրամադրում: Սակայն ցավոք այսօր Հայաստանում այդքան էլ շատ մարդ չի զբաղվում Յոգայով: ԱՄՆ-ում օրինակ շատ տարածված է ողջ ընտանիքով Յոգայով զբաղվելը: Մենք նման ավանդույթ չունենք: Կիրառական այդ մեծ փիլիսոփայությամբ մեր հանրապետությունում զբաղվում է ընդամենը 3-4 հազար մարդ:
Զրուցեց՝ Արմինե Ահարոնյանը
Լուսանկարները՝ Maram-ի