Ամառվա կեսին Երևանում գտնվող Ռուս-հայկական  համալսարան այցելեց «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության հիմնադիր ու գլխավոր տնօրեն, ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնացավառում միջազգային կարևորություն ունեցող ներդրման համար Հայաստանի նախագահի մրցանակին արժանացած, կիբեռանվտանգության ոլորտում համաշխարհային հռչակ վայելով փորձագետներից մեկը՝ Եվգենի Կասպերսկին:

Այդ օրերին ՌՀՀ ռեկտոր Ա.Ռ. Դարբինյանն ու Ե.Վ.Կասպերսկին ստորագրեցին կարևոր մի հուշագիր՝ Հայաստանում առաջին «Կասպերսկու մագիստրատուրա» ստեղծելու մասին, և նոր ուսումնական տարվանից սկսած՝ ՌՀՀ-ում արդեն գործում է «Տեղեկատվական պաշտպանության մաթեմատիկական ու ծրագրային ապահովումը» յուրահատուկ համատեղ մագիստրոսական ծրագիրը: Ըստ համաձայնագրի՝ փոխհամագործակցության ընթացքում կողմերը իրականացնելու են տեղեկատվական անվտանգության ոլորտի կրթական իննովացիոն ծրագրեր՝ Ռուս-հայկական համալսարանի հիմքի վրա, ինչպես նաև առաջ են քաշելու արդյունավետ ծրագրեր ու կիբեռանվտանգության կուրսեր:

«Ծրագրի բացումը մի շարք զարգացած հայ ուսանողներին մագիստրատուրա ընդունվելու ու հենց սկզբնաղբյուրներից որակյալ գիտելիքներ ստանալու հնարավորություն կտա»,- ասաց Ա.Ռ.Դարբինյանը: Ռեկտորի խոսքերով՝ կիբեռավտանգությունը ժամանակակից աշխարհի հիմնական տենդենցների համատեքստում,  իսկ մասնավորապես՝ Հայաստանի ինֆորմացիոն տարածքում, ունի էական ու ակտուալ կարևոր նշանակություն:

13769448_1115065978548665_7759573210768431085_n_146913151980

Իր հերթին՝ Կասպերսկին նշեց, որ կիբեռավտանգության ոլորտի առանցքային խնդիրներից մեկն էլ բարձր որակավորում ունեցող մասնագետների պակասն է: «Այդ իսկ պատճառով էլ մենք մեծ նշանակություն ենք տալիս նման կրթական ծրագրերի աջակցությանը: Լիահույս ենք, որ նոր մագիստրոսական ծրագրի շրջանավարտները ձեռնամուխ կլինեն աշխարհը տարբեր կիբեռսպառնալիքներից փրկելու ակտիվ գործընթաց իրականացնելուն»:

ՌՀՀ Գիտական խորհրդի որոշմամբ՝ Եվգենի Կասպերսկուն շնորհվեց «Ռուս-հայկական համալսարանի պատվավոր դոկտորի տիտղոսը: «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրենն ու հիմնադիրը այդ կոչմանն արժանացավ IT-ոլորտի զարգացման մեջ կատարած նշանակալի ներդրման, կիբեռսպառնալիքի նկատմամբ ինֆորմացիոն արդյունավետ պաշտպանական համակարգի ստեղծման, կրթական գործունեություն իրականացման ու ՌՀՀ հետ սերտ համագործակցության համար:

Մենք դիմեցինք «Կասպերսկու լաբորատորիա» շատերին՝ դիմորդներին ու նրանց ծնողներին, ուսանողներին ու ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին հետաքրքրող հարցերի պարզաբանման խնդրանքով: Մեր հարցերին սիրով համաձայնեց պատասխանել «Կասպերսկու լաբորատորիայի» կրթական նախաձեռնություններ վարչության պետի տեղակալ Նատալիա Օբելեցը:

«Կիբեռանվտանգություն» հասկացողության մեջ, համառոտ ասված, ի՞նչ է ներառվում:

Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում: Վերջին 30 տարիների ընթացքում համակարգչային տեխնոլոգիաները արմատապես փոխեցին ողջ աշխարհը: Համակարգիչները ղեկավարում են բանկային օպերացիաները, տրանսպորտային շարժը, արդյունաբերական օբյեկտները, այժմ դժվար է կյանքի մի այնպիսի ոլորտ նշել, որը այս կամ այն կերպ համակարգչացված չէ: Եվ այդ բոլոր խելացի մեքենաներն իրենց հերթին ղեկավարվում են սոֆթով, ծրագրային ապահովմամբ, որը կիբեռհարձակումների կողմից խոցելի է: Կիբեռանվտանգություն ասվածն իր մեջ ներառում է միջոցների, քայլերի, կիբեռտարածության, կազմակերպությունների ու օգտատերերի ռեսուրսների անվտանգության ապահովման ռազմավարական մի հավաքածու:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում կրթության մակարդակը՝ տվյալ ոլորտում: Արդյո՞ք կան կիբեռանվտանգության լիարժեք կադրերի նախապատրաստման պայմաններ:

Ավանդաբար Հայաստանում ուժեղ է զարգացած մաթեմատիկական կրթությունը, ինչը, մեր կարծիքով, հանդիսանում է կիբեռանվտանգության հմուտ կադրեր պատրաստելու  հնարավորության գլխավոր գործոններից մեկը: Մյուս գործոնը՝ հասարակության ու պետության գիտակցումն է՝ առաջին հերթին հեղինակավոր համալսարանների ինֆորմացիոն անվտանգության կրթական ծրագրերի հիման վրա նման կադրերի նախապատրաստման մեկնարկի անհրաժեշտությունը: Եվ տեղեկատվական պաշտպանության ՌՀՀ և «Կասպերսկու լաբորատորիայի» համատեղ մագիստրոսական ծրագիրը այս ուղղությամբ տարվող աշխատանքների ամենակարևոր օրինակներից է:

Խնդրեմ, մանրամասն պատմեք ՌՀՀ մագիստրոսական ծրագրի, ընդունելության չափանիշների, հիմնական դասավանդվող առարկաների, գիտելիքների գնահատման մեթոդների, ուսման ընթացքում գործնական աշխատանքների մասին: Ինչո՞ւ հետխորհրդային բոլոր հանրապետություններից ընտրությունը կանգ առավ հենց Հայաստանի վրա:

Հայաստանի համալսարանների հետ մենք արդեն վաղուց արդյունավետ համագործակցություն ենք իրականացնում՝ Կասպերսկու Ակադեմիայի՝ Cybersecurity for the Next Generatiorn, Secuity Startup Challenge միջազգային ծրագրերի շրջանակներում: Մագիստրոսական ծրագիրը կոչվում է «Ինֆորմացիայի պաշտպանության մաթեմատիկական ու ծրագրային ապահովում»՝  նախատեսված 2 տարվա համար: Տվյալ ծրագրի շրջանակներում «Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետները կիսամյակային չորս հագեցված դասընթացներ կանցկացնեն՝ «Տեղեկատվական անվտանգության ներածություն», «Տեղեկատվության պաշտպանությունը վնասակար ծրագրային ապահովումից», «Ալգորիթմներ ու տեղեկատվության պաշտպանություն», «Տեղեկատվության գաղտնագրման պաշտպանություն»:

Ամեն մի առարկայի համար նախատեսված են մեծ թվով գործնական հանձնարարություններ ու քննություններ: Մագիստրոսական ծրագրի մնացած առարկաները կանցկացվեն ՌՀՀ-ի պրոֆեսորա-դասախոսական կազմի կողմից: Ծրագրի եզրափակիչ՝ չորրորդ կիսամյակում մագիստրոսներին սպասվում է պրակտիկա, որը նրանք պետք է անցնեն «Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետների  ղեկավարությամբ:

Ո՞ւմ համար են նախատեսված կիբեռանվտանգության եռամսյա ու վեցամսյա կուրսերը, նվազագույն ի՞նչ պահանջներ պետք է կարողանան բավարարել նրանք, ովքեր կցանկանան այդ կուրսերն անցնել:

Կուրսերի հետ կապված մանրամասները մենք ՌՀՀ-ի հետ դեռ չենք քննարկել: Տվյալ կրթական ձևաչափի հետ կապված պահանջներ հասկացություն գոյություն ունի, բայց հստակեցման մասին խոսելը դեռ վաղ է:

Հատուկ տաղանդ ունեցող շրջանավարտները կունենա՞ն արդյոք հնարավորություն անմիջապես «Կասպերսկու լաբորատորիա» աշխատանքի անցնելու, և եթե այո, ապա ինչպիսի՞ պահանջներ պետք է կարողանան բավարարել պոտենցիալ թեկնածուները:

Իհարկե հնարավոր է: Պահանջները կախված են շրջանավարտների ընտրած  մասնագիտություններից: «Կասպերսկու լաբորատորիան» միջազգային խոշոր ընկերություն է: Մենք աճում ու զարգանում ենք, և մեր դռները միշտ բաց են, այդ թվում նաև աշխարհը կիբեռսպառնալիքից պաշտպանելու գործին իրենց կյանքը նվիրելու ցանկություն ունեցող տաղանդավոր երիտասարդության առաջ:

Պատրաստեց Ռուբեն Գյուլմիսարյանը