Հաշված օրեր են մնացել Վրաստանի ու Աջարական ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի ընտրություններին, սակայն Վրաստանի ամենաերկար նախընտրական քարոզարշավը շարունակվում է ընթանալ ինչպես կուսակցության քարոզչական ակտիվ գործունեությամբ՝ ի ցույց դնելով ընտրություններին իր կուսակցական ցուցակները, այնպես էլ սկանդալներով ու նոր քրեական գործերով, այդ թվում նաև պետական հեղաշրջման հնարավոր փորձով:

Ավելի վաղ՝ օգոստոսի 28-ին, Վրաստանի ԿԸՀ-ն  ավարտեց ընտրություններին մասնակցող դաշինքների գրանցման գործընթացը: Ունեցած տվյալների համաձայն՝ սպասվելիք խորհրդարանական ընտրություններին գրանցվել է 45 քաղաքական կուսակցություն՝  հայտ ներկայացրած 64-ից: Ընդ որում՝ նրանցից 18-ը գրանցման մերժում են ստացել: Սակայն, ելնելով այն հանգամանքից, որ դրանց համարյա կեսը ԿԸՀ է դիմել ընտրական դաշինք ձևավորելու նպատակով, ստացվել է հետևյալ հարաբերակցությունը. 25 կուսակցություններ և 7 ընտրական դաշինքներ:

Թե ինչպիսին է այսօր Վրաստանի նախընտրական ներքաղաքական վիճակը, և ինչ կարելի է սպասել առաջիկա խորհրդարանական ընտրություններից, «Վրաստանն ու աշխարհը» վրացական հրատարակչությանը տված հարցազրույցում պատմեց վրացական ամենասթափ ու պրոֆեսիոնալ քաղաքագետներից մեկը՝ Ալեքսանդր Չաչիյան: Ստորև Dalma News-ի խմբագրությունը ներկայացնում է քաղաքագետի հետ հարցազրույցը՝ առանց կրճատումների:

Վաղուց է, ինչ Դուք վրացական մամուլում ելույթ չեք ունեցել Վրաստանում ներկա վիճակի քաղաքական վերլուծությամբ: Մինչդեռ Վրաստանում կարևոր քաղաքական գործընթացներ են իրականանում, և այդ գործընթացների հետ կապված լուրջ վերլուծությունների կարիքը կա: Առհասարակ, բարձր որակի վերլուծությունը Վրաստանում մեծ դեֆիցիտ ունի:

Քաղաքական վերլուծության տեսակետից, ցավոք, մեր երկիրը հետաքրքրություն չի առաջացնում:  Վերլուծության համար հետաքրքրություն են ներկայացնում այն երկրները, որոնք անցկացնում, կամ փորձում են անցկացնել ինքնուրույն քաղաքականություն՝ ելնելով իրենց ժողովրդի ազգային շահերից: Վրաստանը դրանց շարքերը չի համալրում: Բավական է հասկանալ Առաջավոր Ասիայում ու Հարավային Կովկասում ԱՄՆ-ի վարած քաղաքականության իրական էությունը, կարելի կլինի դուրս բերել Վրաստանի քաղաքական պահվածքի բանաձևը: Նույնիսկ Անդրկովկասում ոչ-ոք Վրաստանին ինքնուրույն խաղացող չի դիտարկում: Այդ պատճառով էլ ոչ համաշխարհային ԶԼՄ-ներում, ոչ էլ քաղաքական լուրջ կենտրոնների աշխատանքներում Վրաստանի հետ կապված վերլուծություն չկա: Ինչ վերաբերում է ինձ, ապա, դուք գիտեք, որ ես բավական շատ եմ գրել Վրաստանի ներքին ու արտաքին քաղաքականության հետ կապված թեմաներով, այդ թվում նաև ձեր թերթում: Հաստատապես կարող եմ ասել, որ նույնիսկ 5-10-15 տարվա վաղեմություն ունեցող այդ հոդվածներում տեղ գտած վերլուծությունը,  առաջարկները, խորհրդատվությունները ակտուալ են և այսօր:

Ո՞րն է քաղաքական նման լճացման պատճառը:

Պատճառը նրանում է, որ, չնայած պաշտոնապես 25 տարվա անկախությանը, Վրաստանում այդպես էլ չձևավորվեց ինքնուրույն քաղաքական դաս, որը կարողանար ուղղված լինել  բացառապես ազգային շահերին: Ավելին, չձևավորվեցին հաստատուն գաղափարախոսական հարթակ, քաղաքական ու տնտեսական այլընտրանքային հասկացություններ ունեցող քաղաքական կուսակցություններ, որոնցից ընտրողը կարողանար ընտրել իրենը:

Ըստ էության, ի՞նչ է այսօր լսում ընտրողը քաղաքական առաջնորդից:

«Ես արևմտամետ ուղղության կողմնակիցն եմ, ուզում եմ մուտք գործել ՆԱՏՕ, Եվրոմիություն, Ամերիկա ու ամերիկյան արժեքներ, և իմ տարբերությունը մնացածից այն է, որ ես իսկական կողմնակից եմ, անկեղծ սիրում եմ ու անկեղծորեն ուզում եմ: Դրա համար ես պետք է լինեմ վարչապետը, իմ կինը պիտի դառնա Պաշտպանության նախարար, հարազատս՝ ներքին գործերի նախարար, սիրուհիս՝ արտաքին գործերի նախարար և այլն»:

Նույնը նրանցից լսում է նաև ամերիկյան դեսպանը.

«Աջակցեք ինձ, ես ավելի արդյունավետ կերպով կարող եմ պաշտպանել ամերիկյան շահերը, քան գործող իշխանությունը»:

Բացի այդ՝ համատարած գործազրկության ու աղքատության պայմաններում քաղաքականությունն ամբողջապես՝ ընտրական գործընթացը, կուսակցությունների ստեղծումն ու տրոհումը, ոչ իշխանական կազմակերպությունների գործունեությունը դարձել են մանր բիզնեսի մի մաս, որտեղ գաղափարները, հասկացություններն ու երկրի զարգացմանն ուղղված ռազմավարական գործընթացները տեղ չունեն:

Այնուամենայնիվ հոկտեմբերի 8-ին կայանալու են խորհրդարանական ընտրությունները: Դուք շատ աջակիցներ ունեք Վրաստանում, Ձեր կարծիքը լսում են, Ձեզ վաստահում են: Ինքներդ որևէ նախապատվություն ունե՞ք:

Ես քաղաքական անձնական նախապատվություն չունեմ, ինչպես որ, ենթադրում եմ, չունի վրաց ընտրազանգվածի մեծ մասը: Սակայն գոյություն ունի նպատակահարմարության նկատառում, որով էլ հավանաբար կառաջնորդվեն մեր ընտրողները:

Հարցը նրանում է, որ, ինչպես նախորդ, այնպես էլ այս ընտրություններին, որպես հիմնական մրցակիցներ հանդես են գալիս «Վրացական երազանքն» ու «Ազգային շարժումը»:  «Վրացական երազանքը», ինչ խոսք, դա կուսակցություն չէ, ոչ մի իրական քաղաքականություն, տնտեսական ծրագրեր ու համապատասխան մտավոր ներուժ նա չունի, այն ավելի շուտ «շահերի ակումբ է»: Իսկ ընդհանուր շահն այսօր Միխայիլ Սահակաշվիլու «Ազգային շարժման» վերածնունդը թույլ չտալն է, և այդ հարցում նրանց կաջակցի ընտրողների մեծամասնությունը:

«Ազգային շարժման» քաղաքական հանցագործությունները ապահովեցին «Երազանքի» հաղթանակն անցած ընտրություններին, և չնայած «երազողների» գործունեության հետ կապված հիասթափությանը՝ այս անգամ էլ այն համոզիչ հաղթանակ կտանի «ազգայինների» նկատմամբ: Վրաստանի հասարակության մտածող հատվածը, իսկ դա մեծամասնությունն է, հասկանում է, որ «ազգայինները» դժբախտություն են, երկրի ամոթն ու անպատվությունը: անգամ ամերիկացիները, ովքեր ստեղծել ու իշխանության են բերել «ազգայիններին», այլևս չեն պնդում, որ նրանք մնան որպես լուրջ քաղաքական ուժ, և ներկայիս ընտրություններն էլ կհաստատեն դա: Ամերիկացիները  «ազգայինների» օգտին կեղծումներ չեն պահանջի, նաև այն պատճառով, որ դրա կարիքը չկա, չափազանց մեծ կլինի Իվանիշվիլու ու Սահակաշվիլու կողմնակիցների միջև ձեռք բերված խորհրդարանական մանդատների տարբերությունը:

Այլ հարց է, որ  «Ազգային շարժման»՝  քաղաքական ընդհատակ անցնելու հետ հասարակության ցուցաբերած աջակցությունը «Երազանքին» կսկսի անկում ապրել, և հաջորդ ընտրություններին այդ կուսակցությունն ու նրա ոչ պաշտոնական առաջնորդը ժողովրդի մոտ միայն հեգնանք կառաջացնեն…

Հասարակության մեջ տագնապ կա, որ «ազգայինները» պարտության հետ չեն համակերպվի ու կփորձեն ապակայունացնել վիճակը:

Դա նրանց ոճի մեջ է: Որովհետև «Ազգային շարժումը» գաղափարներ, հասկացություններ ու երկրի զարգացման ռազամավարություն ունեցող կուսակցություն չէ,  սակայն այն քաղտեխնոլոգիաների կուսակցություն է, այդ թվում, նաև քայքայիչ: Սակայն ուժի կիրառման միջոցով մասշտաբային ապակույանացման գնալ նրանք ի վիճակի են միայն այն դեպքում, եթե ամերիկացիները որոշեն կրկին «թեժ գիծ» ստեղծել Ռուսաստանի հարավային սահմաններին: «Ազգայիններն» առանց ամերիկացիների անմիջական օգնության ու համաձայնության մասշտաբային ապակայունացման չեն գնա: Այլ կարգի ծայրահեղություններ կլինեն՝ կռիվներ, ցույցեր, կեղծումների մեղադրանք և այլն, բայց ոչ ավելին:

Չե՞ն կարող արդյոք ամերիկացիները աջակցել «ազգայիններին»՝ Բիձինա Իվանիշվիլուն նրա իշխանության փխրունությունը ցույց տալու, նրան ինչ-որ ինքնուրույն արտաքին քաղաքական քայլերից ետ պահելու համար:

Դրա անհրաժեշտությունը չկա: Իվանիշվիլու ողջ ունեցվածքը Արևմուտքում է, ամերիկյան բանկերում, և դա լավագույն երաշխիքն է այն բանի, որ նա ոչ մի դեպքում ինքնուրույն ոչ մի քայլ չի իրականացնի: Աղքատ երկրի հարուստ ղեկավարը չի կարող քաղաքականապես ինքնուրույն լինել:

Կուսակցությունների շարքերում կան «երրորդ ուժի» դիրք  զբաղեցնելու փորձեր: Օրինակ Բուրչուլաձեն ձգտում էր դրան…

Այո, կան նման 10 կամ 20 կուսակցություններ, այդ թվում նաև Բուրչուլաձեի կուսակցությունը, Ալասանիայինը, Նաթելաշվիլունը, նաև «հանրապետականները», որոնք ասում են, որ իրենք «իսկական արևմտամետներ» են,  «իսկական ամերիկամետներ»: Նման քաղաքականների մասին մենք արդեն խոսեցինք: Որպեսզի կարողանան դառնալ «երրորդ ուժ», հարկավոր է լինել առաջին երկուսի այլընտրանքային տարբերակը: Իսկ այդ քաղաքական կուսակցությունները ոտնատակ են ընկնում մի քաղաքական դաշտում, որտեղ ամեն բան արդեն բաժանված է ու իրենց համար այդտեղ տեղ չկա:

Այլընտրանքային տեսակետներ հայտնեցին Բուրջանաձեն, Տոպաձեն, Մեչաուրին…

Նրանք «երրորդ ուժ» ձևավորելու ու խորհրդարան մտնելու հնարավորություն ունեին, եթե միայն միավորվեին: Չգիտեմ, թե ինչն է նրանց խանգարում՝ անձնական հավակնություննե՞րը, թե՞ «ընկերների խորհուրդները», բայց նրանք միայն քայքայում են այն ընտրազանգվածը, որը երկրի զարգացման այլընտրանքային տարբերակի մոդել է ուզում տեսնել: Եվ բացի այդ էլ, նրանք երկրի զարգացման հստակ ռազմավարություն էլ, իմ կարծիքով, չունեն: Հայտարարված նպատակներ կան, սակայն դրանց հասնելու մեթոդներն ու միջոցներն անհասկանալի են: Չնայած այդ ամենին՝ Բուրջանաձեն ունի այդ բարիերը հաղթահարելու հնարավորություն: Վրաստանում այսօր նրա ներկայիս, կրկնում եմ՝ ներկայիս քաղաքական հեռանկարի համար պարարտ հող կա: Եթե նա բավարար ձայներ չհավաքի, ուրեմն ժողովուրդը նրան չի ներել անցյալի քաղաքական պահվածքի համար, չի հավատացել նրա վերափոխմանը, նախորդ ժամանակահատվածի հետ համեմատած՝ 180 աստիճանի քաղաքական հեղաշրջման ցուցադրությանը:

Վերջին ժամանակներս ավելացել է «Հայրենասերների դաշինքի» կողմնակիցների թիվը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ հեռանկարներ ունի այդ կուսակցությունը:

Այդ կուսակցությունը նույնպես փորձում է ապացուցել ամերիկացիներին, որ իր վրա կարելի է հույս դնել: Կուսակցության՝ այլընտրանքային քաղաքական ուժ դառնալու հնարավորությունն այսօր տեսանելի չէ, բայց «Հայրենասերների դաշինքը» խորհրդարան մտնել կարող է: Ի տարբերություն ուրիշների՝ «Դաշինքը» վրաց հասարակության առաջ արժանիքներ ունի: Հենց նրանք էին, որ հրապարակելով «ազգայինների» հանցագործությունների տեսանյութերը, մեծ դեր խաղացին անցած ընտրություններին նրանց պարտության գործում: Կարծում եմ՝ առանց այդ սկանդալային կադրերի՝ «Վրացական երազանքը» ձայների համոզիչ մեծամասնություն ունենալ չէր կարող: Եվ Սագարեջոյում կայացած ընտրությունների ժամանակ էլ բացահայտելով մեքենայությունները, «Դաշինքը» ցույց տվեց, թե ինչպես է «Հանրապետական կուսակցությունը» «հարգում» օրենք ու ժողովրդավարական արժեքները: Բացի այդ՝ նրանք Թուրքիայի հետ ֆինանսա-տնտեսական ու մշակութային հարաբերությունների ընդարձակման հետ կապված հարցերով ճիշտ և ազգային ուղղվածություն ունեցող դիրքորոշում են բռնել: Եթե հաշվի առնենք, որ առաջիկա տարիներին մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու Թուրքիայի հետ հարաբերություններում, ապա նման մարդիկ անշուշտ անհրաժեշտ են խորհրդարանին: Աջարական «ազգայինների» առաջնորդն արդեն աջարացիներին թուրք ազգի մի հատվածն է անվանել, իսկ եթե «միասնական ազգը» պառակտված է, ապա նրա միավորման օրը պիտի գա…

Ստացվում է, որ ընտրություններից հետո երկրի կյանքում որակական փոփոխություններ չե՞ն ակնկալվում:

Երկրի հասարա-քաղաքական  ու տնտեսական կյանքում, արտաքին ու ներքին քաղաքականության մեջ որակական փոփոխություններ չեն լինելու: Չի բարելավվի նաև խորհրդարանական կորպուսի որակական կազմը: Չէ՞ որ դուք ծանոթ եք կուսակցական ցուցակներին: Այո, ամեն մի ցուցակում հասարակության երկու, երեք հեղինակավոր ներկայացուցիչ կա, ընդհանուր առմամբ դրանք բաղկացած են 10 լուրջ մարդկանցից, բայց այդ թիվը որոշումներ կայացնելու մեջ դեր չի խաղա: Անցած խորհրդարանում էլ տասնյակ խելացի մարդիկ կային, և ի՞նչ…

Այս ընտրությունների նշանակումը նրա համար չէ, որպեսզի ընտրվի բարձր որակավորում ու ազգային ուղղվածություն ունեցող խորհրդարան, որովհետև համընդհանուր արտաքին հսկողության պայմաններում անհայտությունից հայրենասեր քաղաքական ուժի ձևավորման հնարավորություն չկա: Իր հերթին՝ նրանց նշանակումն ու կարևորությունը նրանում է, որպեսզի վերջնականապես թաղվեն «Ազգային շարժման» հավակնություններն իշխանության նկատմամբ, որպեսզի ամերիկացիներին ցույց տրվի, որ «Ազգային շարժումը» Վրաստանում լուրջ քաղաքական ուժ իրենից չի ներկայացնում: Դրա համար քաղաքացիական պատասխանատվություն ունեցող անձիք պետք է ներկա լինեն ընտրություններին ու ամրապնդեն իրենց այդ դիրքորոշումը: Կարևոր չէ, թե ում կընտրեն նրանք, կարևորն այն է, որ ընտրությունների արդյունքների համաձայն ամերիկացիները դուրս գրեն «ազգայիններին»՝ վերջնականապես համոզվելով նրանց աջակցության անհեռանկարային լինելու մեջ:

Իհարկե նրանք մեկ այլ անվան տակ նոր «ազգայիններ» կստեղծեն (տասնյակ կուսակցություններ հերթ են կանգնել ու սպասում են իրենց ժամին), ու հաջորդ ընտրությունների համար կնախապատրաստեն նրանց որպես «Վրացական երազանքին» փոխարինողներ, բայց դրա վրա կվատնվի 2-3 տարի: Այդ ընթացքում հնարավոր է հայրենասիրական ուժերն էլ կարողանան համախմբվել. Աղետից առաջ մեր ազգի մոտ, որպես կանոն, աշխատում է ինքնապահպանման բնազդը…

Զրուցեց՝ Իրակլի Թոդուան