Վերջին տարիներին Երևանի տեսքը շատ է փոխվել, և հատկապես կենտրոնում այսօր դժվար է գտնել պատմություն ունեցող շենքեր. իսկ որոնք պահպանվել են, շարունակում են քանդվել մարդկանց կողմից կամ լքված լինելու պատճառով: Հաճախ կարող եք լսել Թբիլիսիի հետ համեմատություններ, սակայն Թբիլիսիում ոչ միայն չեն դիպչում հին շենքերին` դրանք ոչնչացնելու և ինչ-որ ժամանակակից, անդեմ շենքեր կառուցելու անզսպելի ցանկությամբ, այլ շեշտը դնում են հենց հնության վրա: Ահա թե ինչու հին Թբիլիսին ունի այդպիսի անկրկնելի, անմոռանալի կոլորիտ, իսկ շատ հյուրատներ և հյուրանոցներ տեղակայված են ժամանակի հետ ծռմռված տների և շինությունների մեջ:

Ժամանակին Հայաստանը հայտնի էր իր յուրահատուկ ճարտարապետական կառույցներով՝ երկրի դարպասները` «Զվարթնոց» օդանավակայանի շենքը երկար տարիներ լքված է, և իշխանությունները չեն կարողանում որոշում կայացնել դրա հետագա ճակատագրի վերաբերյալ, Երիտասարդական պալատի ճարտարապետական համալիրը, որը հայտնի է «Կուկուռուզնիկ» անունով, վերջնականապես քանդվեց 2010 թվականին, չնայած դրա մասին հիշողություներն ու ափսոսանքը դեռ կենդանի են. «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, որտեղ տողերիս հեղինակին բախտ է վիճակվել լինել շատ վաղուց, քանի որ արդեն երկու տասնամյակ է, ինչ այդ եզակի ամառային դահլիճը փակ է կամ երբեմն պայքարում է նրանց դեմ, ովքեր փորձում են «խլել» Երևանի սրտում գտնվող այդ հողակտորը: Կարելի է անվերջ թվարկել, սակայն դա ոչինչ չի փոխի. մեր մանկության, մեր պատանեկությունը Երևանը միայն մեր հիշողություններում է մնացել, չնայած երբեմնի վարդագույն քաղաքի փողոցներում դեռ կարելի է հանդիպել այնպիսի շինությունների և կառույցների, որոնք մի քանի տասնամյակների պատմություն ունեն, և որոնք խորհրդային ճարտարապետական դպրոցի վերջին մոհիկաններն են:

«Զվարթնոց»`տիեզերական քաղաք գիտական ֆանտաստիկայից

Ամենավիրավորականն այն է, որ մենք՝ հայերս, չենք գնահատում մեր ունեցածը: Մեր փոխարեն դա անում են ուրիշները: Օրինակ՝ մինչ հայ հասարակությունը պայքարում է հին «Զվարթնոց» օդանավակայանի շենքի քանդման դեմ, դրա մակետը որպես յուրօրինակ կառույց պարբերաբար ներկայացվում է տարբեր ճարտարապետական ցուցահանդեսներում, օրինակ՝ Ստամբուլում ացկացված «Սահմաններ անցնող արդիություններ» («Trespassing Modernities») ցուցահանդեսում: Եվ բազմաթիվ նման ցուցահանդեսներ են եղել աշխարհի տարբեր անկյուններում: «Զվարթնոց» օդանավակայանի №1 տերմինալի շենքը կառուցվել է 1959-1961 թվականներին և անմիջապես դարձել ԽՍՀՄ կարևոր նշանակության կառույցներից մեկը: Նույնիսկ ֆիլմ է նկարահանվել, որում մեր օդանավակայանը ներկայացվել է որպես տիեզերակայան («Путешествие Пана Кляксы», 1986թ.): Բայց այսօր դուրս է գալիս, որ լքված շենքը անօգուտ է և խանգարող…

Բրիտանական «Daily Mail» թերթը նույնպես գրել է «Զվարթնոցի» մասին. այն շենքը ներկայացրել է որպես «մոնոլիտ տիեզերական քաղաք գիտական ֆանտաստիկայից, որն իրականում խորհրդային պետության գոհարներից մեկն էր»: Կարծում եմ, որ Հայաստանի նոր կառավարությունը այս հին պատմական կառույցի պահպանման մասին որոշում կկայացանի, ընդ որում, այդ գործընթացը պետք է անհապաղ սկսել, քանի որ որքան երկար շենքը մնա այս վիճակում, այնքան այն փրկելու շանսերը կնվազեն: Սակայն առայժմ ոչինչ չի կանխագուշակում «Զվարթնոցի» ճակատագրում դրական փոփոխություն…

Լուսանկարը` Daily Mail

«Ռոսիան» խորը քուն էր մտել, և միայն Փարաջանովը մեկ պահ կյանք ներշնչեց

Վերջերս ռուսական РБК հրատարակությունը հրապարակեց խորհրդային մոդեռնիզմի 10 տպավորիչ շենքերի ցուցակ, որոնք արժե տեսնել, և երևանյան «Ռոսիա» կինոթատրոնի շենքը այդ ցուցակում պատվավոր տեղ էր զբաղեցնում: Բարեբախտաբար, շենքը պահպանվել է, սակայն, ցավոք, այն չի ծառայում իր նպատակին, և 2000-ականների սկզբից ի վեր վերածվել է տոնավաճառի: Ճիշտ է, այժմ շենքի մի մասը ծառայում է որպես առևտրային համալիր, սակայն դա չի փոխում էությունը` Երևանը կորցրել է ամենահզոր ճարտարապետական կառույցներից մեկը, որը կարող էր շարունակել գոյություն ունենալ նաև այսօր, ինչպես ի սկզբանե որոշված էր.

«1980-ականներին կինոթատրոնն ամենաընդարձակն էր Հայաստանում: Բացի այդ, այստեղ աշխատել են ցուցասրահներ, պարահրապարակներ և սրճարաններ: Շենքի երկու հատվածների կոր ձևը ծառայում էր ձայնի բնական ուժեղացմանը: Կինոթատրոնի երկու շենքերի միացման հատվածում ճարտարապետները նախագծել էին թափանցիկ առաստաղ, որի միջով հեռուստադիտողները երեկոյան սեանսներից հետո կարող էին հիանալ աստղազարդ երկնքով: Միության փլուզման ժամանակ կինոթատրոնը լքվեց. 1990-ականներին այստեղ առևտրի կրպակներ էին աշխատում, իսկ 2000-ականների կեսերին նախատեսվում էր քանդել «Ռոսիան»: 2010-ականների սկզբին շենքի մի մասը վերակառուցվեց՝ վերածվելով առևտրի կենտրոնի», – գրում է РБК-ն:

Մեզ մնում է միայն ավելացնել, որ քիչ հավանական է, որ «Ռոսիա» կինոթատրոնը երբևէ նույնը դառնա: Բայց հոյակապ շենքի խորքերում երբեմն կարելի է տեսնել անցյալի ստվերը` արդիականության քողի տակ: Անցյալ ամառ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ փակված «Ռոսիա» կինոթատրոնի մի մասը մի քանի օրով հասանելի դարձավ հայ հասարակության և մայրաքաղաքի հյուրերի համար «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում. հուլիսի 8-ին այստեղ տեղի ունեցավ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյակին նվիրված «Կինոյի տաճար» ցուցահանդեսի պաշտոնական բացումը։ Ցուցահանդեսին զուգահեռ` կազմակերպվեց Ռուբեն Գևորգյանցի վավերագրական ֆիլմի ցուցադրություն լեգենդար հայ ռեժիսորի կյանքի մասին: Փարաջանովը հենց ինքն է ցանկացած ցուցահանդեսի և ցուցադրության հաջողության բանալին, սակայն կազմակերպիչները մեկ զարկով երկու նապաստակ որսացին. նախ` թեկուզ ընդամենը հինգ օրով երևանցիներին վերադարձրին նրանց սիրելի կինոթատրոնը, և երկրորդ՝ այնպիսի մթնոլորտ ստեղծեցին, որին մեծ վարպետը հաստատ հավանությունը կտար` լքված կամարներ, կիսամութ սենյակներ, խոնավ և ծանր օդ, որը իր մեջ պահում է մոռացության տասնամյակների պատմությունը: Թե երբ այս շենքը կրկին կբացի իր դռները, այժմ մնում է միայն գուշակել…

Լուսանկարը` pikabu.ru

Արդյո՞ք մայրաքաղաքը կվերականգնի «Հին Երևանի» տեսքը

Հույս կա, որ մի օր Երևանին կվերադարձնեն իր հին տեսքին: 2010-ականների սկզբին, հասարակության դժգոհությունների ֆոնին, որ մայրաքաղաքը կործանվում է շինարարական բումի պատճառով, և փոշու տակ անցյալի ոչ մի հիշողություն չի մնա, քաղաքային իշխանությունները սկսեցին «Հին Երևան» նախագիծը, որով պետք է վերականգնեին 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը: Իշխանությունները այդ ժամանակ խոստացան, որ քանդված շենքերը կվերականգնվեն, քանի որ «յուրաքանչյուր աղյուս համարակալվելու և պահպանվելու է», օրինակ՝ «Սպայի տունը», «Աֆրիկյանների տունը» և այլ շենքեր, որոնք արդեն ջնջվում են հիշողությունից:

Բայց տարիներ անցան, և «Հին Երևան» նախագիծը, կարծես, մոռացության մատնվեց… ընդհուպ մինչև 2018թ. «թավշյա հեղափոխություն», երբ իշխանությունը փոխվեց, իսկ նորը սկսեց խոստումներ տալ: Նման խոստումներից մեկը տվել է Երևանի նոր գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը` խոստանալով, որ Երևանի ոչ մի պատմական հուշարձան կամ շենք չի ապամոնտաժվի «Հին Երևան» նախագծի շրջանակներում: Մեսչյանը, որն այդ ժամանակ արդեն հանդիպել էր «Հին Երևանի» գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանի հետ, նշեց, որ ծրագրի իրականացման ժամկետը կախված է ֆինանսավորումից, բայց այն նախատեսվում է ավարտել հինգ տարում: Միևնույն ժամանակ հայտարարվեց, որ ոչ բոլոր շենքերը կարող են վերակառուցվել, քանի որ, մեծ մասամբ, խոսքը գնում էր ոչ թե ապամոնտաժման, այլ բարբարոսական ավերման մասին.

«Բարեբախտաբար, կան շենքեր, որոնք ապամոնտաժվել են խնամքով և զգուշությամբ, օրինակ` «Աֆրիկյանների տունը», որը կարելի է 100%-ով վերականգնել: Ցավոք, ոչ բոլոր հին շենքերն է հնարավոր նման կերպ վերականգնել», – ասաց Մեսչյանը:

“Հին Երևան” նախագիժը

Այսպիսով, քաղաքային նոր իշխանությունները չեն բացառում, որ «Հին Երևանը», այնուամենայնիվ, կդառնա սիրելի մայրաքաղաքի մաս, բայց երբ և ինչ շենքեր փոքր տարածքում իրենց տեղը կգտնեն, առայժմ հայտնի չէ:

 

Լինա Մակարյան