Բազմադարյա պատմություն ունեցող Վրաստանի արդի մայրաքաղաք Թբիլիսին պատրաստվում է Որակի միջազգային չափանիշ (ISO) կազմակերպության ստուգումներին, որի արդյունքներով քաղաքը կարող է արժանանալ SMART CITY («Խելացի քաղաք») տիտղոսին: Այդ մասին Թբիլիսիի քաղաքապետարանի և Քաղաքային տվյալների համաշխարհային խորհրդի (World Council on City Data — WCCD) միջև համաձայնությունը ձեռք է բերվել «Քաղաքի զարգացման ժամանակակից մոտեցումները» թեմայով Տեղական տնտեսական զարգացման միջազգային 9-րդ ֆորումի շրջանակներում, որն անց կացվեց 2016 թվականի դեկտեմբերի կեսին The Biltmore Hotel Tbilisi հյուրանոցում:
SMART CITY («Խելացի քաղաք»)- Սա այն քաղաքն է, որտեղ ժամանակակից տեխնոլոգիաներն օգտագործվում են կյանքի որակը բարձրացնելու համար: Smart city տեխնոլոգիաներն ընդգրկվում են համապատասխան կառույցներ, որպեսզի բարձրացնեն մատուցվող ծառայությունների որակը, իջեցնեն գինը, նվազեցնեն ռեսուրսների օգտագործումը, և բարելավեն կոմմունիկացիաներն ու բնակիչների հետ փոխհասկացվածությունը:
Թբիլիսիի քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումը ընդգրկեց շուրջ 800 մասնակից՝ Կովկասյան տարածաշրջանից, Եվրոպայից, Ասիայից ու Ամերիկայից, որոնք ներկայացնում էին տեղական ինքնակառավարման, ոչ կառավարական ու քաղաքացիական սեկտորները: Այս միջոցառումն իրականացվում է 2007 թվականից սկսած, և կարողացել է դառնալ մունիցիպալիտետների զարգացման հետ կապված հարցերի քննարկման յուրահատուկ տարածաշրջանային հարթակ: Վերջին ֆորումը տևեց մի քանի օր և միավորեց 12 թեմատիկ նիստեր, որոնց թվում էին նաև «Խելացի քաղաքներ», «Կանաչ քաղաքներ», «Հասարակական տրանսպորտ», «Տուրիզմ», «Էլեկտրոնային կառավարում», «էներգոարդյունավետություն» և այլ թեմաներ: Ֆորումը վերահսկում էին 13 մոդերատորներ, ելույթ ունեցավ շուրջ 100 բանախոս, որոնցից 52-ը ժամանել էին արտասահմանից:
Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարի տեղակալ Քեթեվան Բոչորիշվիլու խոսքերով ֆորումի հիմնական թեման ժամանակակից քաղաքների զարգացման ուղիներն էին: Ֆորումին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին նաև մի շարք միջազգային փորձագետներ, որոնք կիսվեցին տրանսպորտի ու շրջակա միջավայրի պահպանության ոլորտում «խելացի քաղաքների» զարգացման իրենց փորձով:
«Ֆորումը ինքնակառավարման նորամուծությունների, տեղական տնտեսական զարգացման ու իննովացիաների ակտիվ քննարկումների հնարավորություն է տալիս: Այս տարի քննարկվեց ինքնակառավարման էլեկտրոնային համակարգը, տուրիզմն ու տեղական տնտեսության զարգացման համար հասանելի ինքնակառավարման գործիքները»,- հայտնեց Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան:
Քաղաք՝ առանց գլխավոր ճարտարապետի…
Ֆորումի շրջանակներում քաղաքապետարանի ներկայացուցիչները արտասահմանցի իրենց կոլեգաների հետ քննարկեցին Թբիլիսիի գլխավոր հատակագիծը, ինչպես նաև «ապագայի քաղաք» կոնցեպցիան: Բացի այդ՝ հյուրերին ներկայացվեցին տեղական նորամուծությունները:
Կազմակերպիչների խոսքերով՝ իրականացված այդ ֆորումը դարձավ «նոր տիպի» քաղաքների զարգացմանը նպաստող մարտահրավերների ինքնատիպ պատասխանը:
Արդեն տարի և ավել է, ինչ «Վրաստան- Սիթի ինստիտուտը» աշխատում է Թբիլիսիի վերափոխված հողօգտագործման գլխավոր հատակագծի վրա, որի անհրաժեշտությունն առաջացավ ավտոմոբիլային կոլլափսի ու քաոսային շինարարությունների արդյունքում: Քաղաքի կանաչ ծածկը հայտնվեց ոչնչացման վտանգի տակ, աև հենց այդ պատճառով էլ շրջակա միջավայրի պահպանություն ու բացասական ազդեցություններից զերծ մնալն այդքան կարևոր է: Այս կոնտեքստում գոյություն ունի դրա վիճակի համակարգված գնահատականի և դրան զուգահեռ՝ իրավիճակի մոնիթորինգի ու վերլուծության համակարգի ստեղծման անհրաժեշտություն:
«Խելացի քաղաքը» ենթադրում է ճանապարհների ազատություն և քաղաքը տուրիզմի ու մշտական բնակության տեսանկյունից առավելագույն գայթակղիչ միջավայրի վերածում:
Թբիլիսյան սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) անդամ և Վրաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Շալվա Օգբաիձեն Dalma News-ին հայտնեց, որ ինքը ակտիվ մասնակցում է տարբեր թբիլիսյան տնտեսական ֆորումների և ծանոթանում է արտասահմանյան կոլեգաների փորձին ու խորհրդատվություններին: Նրա խոսքերով՝ «Խելացի քաղաք» կոնցեպցիան ենթադրում է քաղաքի զարգացում, սակայն ոչ նրա ֆլորայի հաշվին: Օգբաիձեն բարձր գնահատեց ֆորումի կազմակերպումը և այն անվանեց Տորոնտոյում, Սիեթլում, Սան- Ֆրանցիսկոյում գործող այն ինստիտուտների մաստեր-կլասսը, որոնք զբաղվում են այնպիսի մարտահրավերների կարգավորմամբ, ինչպիսիք են ճանապարհային խցանումները, ճանապարհների ընդարձակումները փողոցների հաշվին, շրջակա միջավայրի սպառումը, ավտոկայանատեղիների նախագծումը:
Մեր զրուցակցի կարծիքով՝ թբիլիսյան լուսարձակներն այլևս չեն կարողանում կարգավորել խցանումները, և ժամանակի հետ իրավիճակն ավելի է բարդանալու, քանի որ երկրի բնակչության կեսը բնակվում է մայրաքաղաքում: Ճանապարհային անվտանգության տեսանկյունից քաղաքն ունի կարգավորիչների հաստիքի վերականգնման կարիք: Կարգավորիչները մարդիկ են, որոնք օպերատիվ կերպով կկարգավորեն խցանումները առավել ծանրաբեռնված հատվածներում:
Ֆորումի ինդոնեզացի մասնակիցը պատմեց, թե ինչպես է հնարավոր ազատել ճանապարհն այնտեղ, որտեղ դա չեն կարողանում անել նույնիսկ ժամանակակից սենսորային լուսարձակները: Ինդոնեզիայի իշխանությունները բարձր ճշգրտության սարքավորումները փոխարինել են տասնյակ կարգավորիչների հետ, որոնց օգնությամբ հնարավոր է եղել վերացնել խցանումները:
Շալվա Օգբաիձեն սխալ է համարում կարգավորիչներից հրաժարումը և նրանց ֆունկցիաների հանձնումն առանց այդ էլ ծանրաբեռնված պահակախմբին: Ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահը գտնում է, որ Վրաստանի ՆԳՆ-ի պայմաններում անհրաժեշտ է ստեղծել հատուկ կարգավորիչների մի խումբ:
«Թուրքիայի ավտոբուսներում գոյություն ունի wi-fi: Բացի այդ՝ սրճարաններում, որտեղ առավոտյան մարդիկ սուրճ են խմում, գոյություն ունի ցուցատախտակ, որտեղ ցույց է տրվում, թե քանի րոպե անց որ համարի ավտոբուսը կժամանի: Դա, անշուշտ, խնայում է ժամանակը: Ֆրանսիայում գոյություն ունեն քաղաքային հեծանիվներ, որոնցով ընդամենը 1 եվրոյով կարելի է հասնել աշխատանքի վայր: Եվրոպան ամեն կերպ ջանք է թափում գործի գցել երկտեղանի էլեկտրոմոբիլներ, որոնք քաղաքացիների կողմից նույն կերպ պետք է կիրառվեն»,- նշում է Շալվա Օգբաիձեն:
Փորձագետը դժգոհ է քաղաքապետարանի գործողություններից և գտնում է որ եթե այն արդյունավետ աշխատեր, քաղաքացիները կգերադասեին օգտվել քաղաքային տրանսպորտից՝ նույնիսկ սեփական մեքենայի առկայության դեպքում:
«Մենք ապրում ենք մի քաղաքում, որտեղ գլխավոր ճարտարապետ գոյություն չունի: Էլ ինչի՞ մասին է խոսքը… Ո՞ւմ պետք է բողոքենք Ասաթիանի-8 փողոցի վրա կառուցվող 116 մետր բարձրություն ունեցող շինության համար: Մենք գիտակցված որոշումների լուրջ պակաս ունենք»,- իր խոսքը եզրափակեց Օգբաիձեն:
Թբիլիսիին սպասվող փոփոխությունները…
Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Իրակլի Լեկվինաձեի խոսքերով՝ վրացական մայրաքաղաքի վերափոխման ապագա ծրագրերի հետ կապված ընթանում են հանդիպումներ Ասիական զարգացման բանկի (ADB), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ավստրիայի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչների հետ:
Նրա խոսքերով՝ ընթացիկ տարվանից սկսած՝ Թբիլիսին կանցնի հասարակական տրանսպորտի ուղևորավճարի նոր համակարգի. Հնարավոր կդառնա վճարում անել ցանկացած բանկային քարտի միջոցով, և սա ինչպես քաղաքացիների, այնպես էլ տուրիստների համար: Համակարգը հնարավորություն կտա վերլուծել, թե ինչպիսի երթուղիներ և երբ են ծանրաբեռնված լինելու, որտեղ է անհրաժեշտ ուղարկել լրացուցիչ ռեսուրսները, և այդպես շարունակ: Թբիլիսիի քաղաքապետարանը հայտնում է, որ անց է կացնում երթուղային համակարգի հետազոտություններ՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի օգնությամբ:
Միջոցառման ընթացքում Թբիլիսիի կառավարությունը ներկայացրեց նաև իր «կանաչ նախաձեռնությունը», և առաջարկեց աջակցել կանաչ ծրագրերին նաև այլ երկրների քաղաքներում: Սրա հիման վրա Թբիլիսիի և կանադական միջազգային կազմակերպության միջև ստորագրվեց համաձայնագիր, համաձայն որի 2017 թվականին վրացական մայրաքաղաքը կստանա որակի վկայական, որը ներառելու է 12 կրիտերիայի 100 ցուցանիշ: Բացի այդ՝ ընթացիկ տարվանից սկսած՝ քաղաքային կառավարությունը Ասիական զարգացման բանկի հետ համատեղ կսկսի ուսումնական ծրագրեր նրանց համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները տրանսպորտի ու ուրբանիզացման զարգացման ոլորտում: Հենց այս ծրագրի հիման վրա էլ կկազմվի թբիլիսյան մետրոյի զարգացման ներդրումային պլանը:
Ըստ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ կնքած համաձայնագրի՝ գալիք տարում Թբիլիսին պետք է ունենա «կանաչ քաղաք» ծրագրի գործողությունների պլանը, այլ կերպ ասած՝ պատկերացնի, թե ինչպիսին պետք է լինի ինքը՝քաղաքը, 2030 թվականին: Ինչ վերաբերում է «խելացի քաղաք» կոնցեպցիային, ապա այս ծրագիրն իր մեջ ներառելու է նոր տեխնոլոգիաների կիրառում, որոնք հեշտացնելու են քաղաքի բնակիչների կյանքը:
Առաջին քայլերն արդեն արված են, սակայն ամեն բան հարկավոր է համակարգել: Հենց այդ պատճառով էլ դիտարկվում է «կանաչ ծրագիրը»՝ մթնոլորտն աղտոտող տրանսպորտային միջոցների նվազեցում, հանգստի գոտիների ավելացում, էներգոարդյունավետության բարձրացում և այլն:
Շ. Կարչավա