«Հանգի՜ստ, հանգի՜ստ, դատարկ բան է»,- այսպես էր ասում Աստրիդ Լինդգրենի հեքիաթի հերոսը՝ կոչ անելով տղային չանհանգստանալ մի այնպիսի անհեթեթության պատճառով, որպիսին էր ջարդված լուսամփոփը: Չեմ կարող ասել՝ արգենտինացիները ծանոթ են մեր հեռավոր մանկության հեքիաթների սքանչելի ու էքսցենտրիկ հերոսներին, թե ոչ, սակայն Կառլսոնի ոճը  արգենտինացիների ապրելաոճի տիպիկ բնութագիր է:
Buenos-Aires-Tango

Անվերջանալի թռիչքից հետո (A/rmenia օդակայանից մինչև B/uenos Aires –ի օդակայան թռիչքի տևողությունը 21 ժամ և ավել է), ոչ այդքան օդային ճանապարհորդությունից հոգնած, որքան անիմանալին տեսնելու գայթակղության սպասումով լի, վերջապես սահունորեն ընկղմվում ես տանգոյի մայրաքաղաքի խոնավ ու տապ մթնոլորտի մեջ:

Հետաքրքրասեր գիտակցությունդ ընկալում է երանգների, հոտերի, ձայների ու հնչյունների, տեսարանների, մի խոսքով, ամեն ինչի ամենաչնչին փոփոխությունն անգամ, որով բնորոշվում են մայրցամաքի ու նրա բնակիչների առանձնահատկությունները: Նույնիսկ ինտերնետ-միջավայրում ժամեր տևող տեղեկատվական փնտրտուքներից հագեցած՝ միևնույն է դեմ առ դեմ ես դուրս գալիս լրիվ անզեն մի իրականության: Ամեն բան իրական երագներ է ստանում, պատկերները կենդանանում են, սկսում շարժվել, խոսել, և դու ինքդ ես դառնում մի այնպիսի գործողության մի մասնիկ, որը բոլորովին վերջերս տեսել ես միայն էկրանին:

Բայրեսը կամ CABA-ն (Cuidad Autonoma de Buenos Aires- իսպ.) Լատինական Ամերիկայի ամենախոշոր քաղաքներից մեկն է՝ տեղակայված «Արծաթե գետի» (Rio-del-Plata) արևմտյան ափին: Ողջ քաղաքը բաժանված է պայմանական քառակուսիների, ու այդտեղ մոլորվելը, նույնիսկ առանց ինքնաշեն կողմնորոշվող սարքերի, պարզապես անհնար է: Մեծ, աղմկոտ ու ինքնատիպ այս մեգապոլիսը քո աչքերի առաջ է կանգնում իր ողջ հմայքով՝ չփորձելով անգամ ծածկել թերությունները կամ ընդգծել առավելությունները: Անթիվ կանաչ այգիները քաղաքացիների ու չափից դուրս մեծ հոգատարությունից երես առած ընտանի կենդանիների զբոսանքի ամենասիրելի վայրերն են, միխոսքով՝ բայրեսցիները շների սիրահարներ են: Առօրյա ձանձրույթից հոգնած՝ քաղաքի բնակիչները հունվարյան շոգ օրերին ձգվում են լայնատարած ծառերի հովին՝ իրենց հետ տանելով մի քանի պանչո (հոթ-դոգ) և մատե, և վայելում են հանգստյան օրերը: Սահունաքայլ, կենսասեր արգենտինացիները իրենց կյանքը չնչին մանրուքներով չեն բարդացնում, ու ի վիճակի են վայելել ամեն մի օրը՝ առանց հարմարավետությունների ու հարմարությունների հանդեպ մեծ պահանջների: Ակամա համեմատություն է ծագում՝ այդ ինչպե՞ս է անմեղ մի պիկնիկը դառնում ծախսատար, մի քանի օրվա պատրաստություն պահանջող միջոցառում:

Միջավայրի ու կյանքի ոճի նման կտրուկ փոփոխությունն առհասարակ գործում է ինչպես լակմուսի թուղթը. Մի ակնթարթում մակերևույթ են բարձրանում մենթալիտետի բոլոր այն առանձնահատկությունները, որոնք դու քեզպեսների մեջ ապրելով սովորաբար չես նկատում: Սա օգնում է ինքնաճանաչմանը, ինքդ քեզ այլ աչքերով տեսնելուն:

Միխոսքով, ի տարբերություն մեզ, արգենտինացիները կյանքին նայում են որպես տոնի, որը ժամանակ առ ժամանակ ընդհատվում է ծառայողական կարգավորված պարտականություններով: Նրանք աշխատում են, ավելի շուտ՝ վաստակում են, որպեսզի ամբողջությամբ օգտվեն կյանքի բարիքներից: Արգենտինացիները պայմանականությունների ետևից չեն ընկնում: Որպեսզի լինեն երջանիկ, նրանց միայն հարկավոր է լավ եղանակ, ածուխի վրա խորոված, հյութալի տավարի մսի մի կտոր, որով Արգենտինան հայտնի է միջազգային շուկայում, ու լավ մատե:

Permiso! Gracias! Hola! Buenas dias!… Բազմիցս կարող եք լսել մեգապոլիսի բարյացակամ բնակիչների ողջույնի խոսքերը: Բարյացակամությունն ու կենսասիրությունը, այլ խոսքով ասած՝ այսօր այդքան արդիական պոզիտիվ տրամադրվածությունը տեղի բնակիչների հետ ադապտացման ու հարմարավետ գոյակցության պարտադիր պայման է:

Նույնիսկ վատ եղանակին դուք դժվար մռայլ դեմքով անցորդի տեսնեք, ով եռանդուն կերպով կարտահայտի իր դժգոհությունը չստացված օրվա, տեղատարափ անձրևի, կեղտոտ շալվարի կամ կոշիկի, ծանր կյանքի կամ առհասարակ՝ անարդարության մասին: Ի դեպ, արգենտինացի նորաձևության սիրահարների սերը անհավանական բարձր պլատֆորմ ունեցող կոշիկների նկատմամբ բացատրվում է միայն ու միայն եղանակային պայմանների յուրահատկությամբ: Նման կոշիկների դերը գնահատելը բարդ է տեղատարափների ժամանակ, որոնք այնքան հաճախ են լինում  միջանկյալ սեզոններում: Էլեգանտ բալետկաները, մոկասինները կամ էսպադրիլները դժվար թե դիմանան փողոցներն ու նրբանցքները հեղեղող կեղտոտ այդ ջրերի հոսքին: Որպես կանոն՝ անձրևից հետո անգամ մետրոների շարժասանդուղքներն են շարքից դուրս գալիս ու օրեր շարունակ անգործ մնում, երբեմն նույնիսկ՝ ավելի երկար: Բայց անգամ այդ փաստը չի անհանգստացնում պաթոլոգիկ հանգստությամբ օժտված աղմկոտ քաղաքի բնակիչներին:

Tranquila (հանգստություն)- սա ամեն մի արգենտինացու անձնական համոզմունքն է: Մեզ՝ հայերիս համար սովորական ապրելաոճի ճիշտ հակառակ պատկերը: Չնայած անսահման զգայուն ու կրքոտ նրանց բնույթի մասին տարածված կարծիքի, լատինոամերիկացիները գերադասում են չշտապել ու չանհանգստանալ: Արգենտինացիները հենց սա են գնահատում ու սրան են ձգտում՝ վայելել ընթացքը, զգալ կյանքի համը՝ անշտապ ապրելով ամեն մի վայրկյանը: Սկզբում դա սարսափելի բարկացնում է: Մեծ ջանքեր են պահանջվում՝ անգամ խանութում հերթի ժամանակ քեզ զսպելու համար, որտեղ գանձապահը, սիրալիր զրույցի բռնվելով ամեն մի հաճախորդի հետ, առանց շտապելու անցկացնում է ապրանքները՝ բոլորովին չանհանգստանալով ղեկավարության խիստ նկատողությունից կամ սպասողների հավանական դժգոհություններից:

Նյարդային հայկական բնույթը մշտապես ենթարկվում է խիստ ստուգման: Երբ առջևում գտնվող բազմազավակ մայրը մանկահասակ երեխային ուղարկում է կաթի ետևից, որի մասին նա հանկարծակի հիշում է իր հերթը հասնելուն պես, իսկ երեխան էլ, բնականաբար փոքր ինչ «հապաղում է», ապա քեզանից բացի ուրիշ ոչ մեկը չնչին անհանգստություն կամ նյարդայնություն չի ցուցաբերում: Նայում ես շուրջդ՝ հույսով, որ որևէ մի միջամտության կհանդիպես, էմոցիանալ ինչ-որ աջակցություն, բայց ամեն ինչ ապարդյուն է՝ դու մենակ ես քո դժգոհության մեջ: Նման պահերի քեզ սկսում ես զգալ հիստերիկ մարդ, ու սարսափելի կարոտում ես տանդ ու հայրենական հերթերին:

Արգենտինացիներին հունից հանելը բարդ է, առհասարակ, նրանք միայն երկու դեպքում կարող են իրենց ձայնը բարձրացնել՝ հին ընկերոջը հանդիպելիս, կամ էլ ֆուտբոլային խաղի ժամանակ: Ֆուտբոլային երկրպագուների  բացականչություններն աճում են երկրաչափական պրոգրեսիայով, և դրանք ֆուտբոլային մեկնաբանի բացականչությունների հետ միասին պայթող ռումբի տպավորություն են թողնում:

Արգենտինական հանգստության առանձնահատկությունները նաև դաստիարակության մեջ են դրսևորվում: Արգենտինացի մայրը, ի տարբերություն հայ մայրիկի, երեխային երբեք կեղտոտված զգեստի, ճղված գուլպաների ու այլ հիմարությունների համար դիտողություն չի անի: Ավելին, նա նույնիսկ չի էլ նկատի, երբ երեխան ձեռքից ընկած կոնֆետն ու քաղցրաբլիթը վերցնի, կամ էլ բերանը տանի կոպեկը, ժետոնը, կրծի մետրոի ռեզինները: Նա ընկերուհու հետ իր հաղորդագրությունը կամ կարևոր խոսակցությունը նման մանրուքի պատճառով երբեք չի ընդհատի: Այսպիսին է ահա լատինոամերիկյան անխռովությունը: Միգուցե և հենց այս հատկանիշի շնորհիվ են արգենտինացիները կարողանում խուսափել ավելորդ լարվածությունից, ուժերի կամ էներգիայի վատնումից: Նրանք խնայում են իրենց, իրեն հանգստությունն ու առողջությունը և հարգանքով են վերաբերվում յուրաքանչյուրի ազատությանն ու ընտրության իրավունքին:

Տպավորություններով կիսվեց Մարիա Հակոբյանը